Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.8
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.06.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0189/01/17 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0189/01/17

ԵԿԴ/0189/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

Մ. Պապոյան

Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 
մասնակցությամբ` դատախազ

Ա. Արամյանի

պաշտպան

Ա. Քալաշյանի

2018 թվականի հունիսի 15-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում քննության առնելով Սամվել Անդրանիկի Բաբայանի, Արմեն Նշանի Պողոսյանի և Սանասար Անդրանիկի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի, ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունիսի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58207414 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործի վարույթը կասեցվել է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

1.2. 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 58213816 քրեական գործը:

Նույն թվականի սեպտեմբերի 21-ին ձերբակալվել են Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումներով Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

1.3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի 17-ի որոշումներով բավարարվել է Հրաչյա Մայիլյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարներով և հեռախոսով կայանալիք խոսակցությունները 2-ական ամիս ժամկետով գաղտնալսելու մասին ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի միջնորդությունը:

1.4. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

2017 թվականի մարտի 22-ին թիվ 58207414 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ (թիվ 58204317)` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

Նույն օրը ձերբակալվել են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը և Սամվել Բաբայանը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 24-ի որոշումներով Ս.Գաբրիելյանը, Ա.Պողոսյանը և Ս.Բաբայանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշումներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Ավանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 30-ի որոշմամբ թիվ 58207414 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

2017 թվականի մարտի 31-ին Հ.Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ թիվ 58213816 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի որոշումներով մեղադրյալներ Ս.Գաբրիելյանի, Ա.Պողոսյանի և Ս.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի հունիսի 7-ին Ս.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Հրաչյա Մայիլյանի նկատմամբ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով:

2017 թվականի հունիսի 9-ին Հ.Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հ.Մայիլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ա.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 12-ին Կ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Անդրանիկ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Դ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Ժ.Զաքարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ս.Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս.Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 16-ին թիվ 58204317 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Ս.Բաբայանի, Ս.Գաբրիելյանի, Ա.Պողոսյանի, Կ.Քոչարյանի, Ա.Քոչարյանի, Ժ.Զաքարյանի և Դ.Հարությունյանի վերաբերյալ թիվ 58209617 քրեական գործը:

2017 թվականի հուլիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Արմեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Սանասար Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով:

Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով համապատասխանաբար 3 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` Ս.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ա.Պողոսյանի, Ս.Գաբրիելյանի և Ս.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ժ.Զաքարյանը, Ա.Քոչարյանը, Դ.Հարությունյանը և Կ.Քոչարյանը:

3. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի, ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանը, ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վարույթ են ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և դրանք ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին» Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի 17-ի նույնաբովանդակ որոշումների համաձայն` «ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հրաչյա Սարգսի Մայիլյանը (...) ներգրավված է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման գործընթացում:

(...) Հ.Մայիլյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով խոսակցությունները կարող են պարունակել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռքբերմանը, քանզի առկա են հանցագործության հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասով (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 141, 143):

5.1. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրության համաձայն` «(...) Հայտնում ենք, որ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության «Դրամանենգության և հատուկ պաշտպանվող փաստաթղթերի վարչության» փորձագետ պարոն Մալիկ Ալիբեկովիչը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական Կենտրոնական բանկի 3 տարբեր նախագահների ստորագրություններ, հետևաբար դրանք տարբեր ժամանակներում են գողացվել:

Միաժամանակ հայտնում է, որ դիմել է երեք տարբեր մարմինների` Եվրոպոլին. Իտալիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին` վերջիններիս մոտեցումներին ծանոթանալու նպատակով:

Եվրոպոլից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների տվյալները մուտքագրվել են Եվրոպոլի համապատասխան տվյալների պահոց, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել (...):

Իտալիայի իրավասու մարմիններին է փոխանցվել X09178737887 սերիա-համարի 50 եվրո արժողության թղթադրամը: Վերջիններս տեղեկացնում են, որ նախնական փորձաքննությամբ պարզվել է, որ թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է հաստատել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և վ/ն թղթադրամի վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության նպատակով տեղադրված ներկերին: Ակնհայտ է, որ թղթադրամի վրա ներկերի մաքրման փորձը քիմիական նյութերի միջոցով փոխում է վերջինիս ֆիզիկական բնութագիրը, գույնը, հոլոգրամը, բաղադրությունը և փայլը: Լամպի լույսի տակ թղթադրամի վրա հստակ երևում են պաշտպանիչ մանրաթելերը: Այս բոլորը հաշվի առնելով Իտալիայի իրավասու մարմինները հաստատում են, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից:

(...)

Ձեր նախորդ գրության մեջ ներկայացված հարցադրումներին Մալիկ Ալիբեկովիչից ստացվել են հետևյալ պատասխանները:

Այն փաստը, որ թղթադրամների վրա առկա են բանկոմատներում անվտանգության նպատակով կիրառվող ներկանյութեր, հաստատում է, որ այդ բանկոմատները հանցագործների կողմից հարձակման են ենթարկվել: Նաև հնարավոր է, որ թղթադրամները ներկոտվեն բանկոմատների տեղափոխման ընթացքում առաջ եկած տեխնիկական կամ մարդկային գործոնի կողմից որևէ խնդիր առաջանալու դեպքում: Այս դեպքերում թղթադրամները կարող են փոխանակել Ազգային կենտրոնական բանկերում միայն իրավասու մարմինների կողմից` որոշակի տոկոսային պահումով:

Եթե թղթադրամը պատահաբար ներկոտվել է, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող «ներքին գողությունն» է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունն այսպիսով ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն գործելաոճի միջոցով:

Երբեմն կոնտեյներները խնամքով չեն տեղադրվում բանկոմատների մեջ, ուստի հնարավոր է, որ դրանք սխալ գործարկվեն: Նման դեպքերում ընկերություններին հնարավորություն է տրվում փոխանակել պատահաբար վնասված թղթադրամները (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 231-232):

6. Ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատական նիստում միջնորդել է` «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ նյութերը` դրանք հետազոտելու համար» (տե´ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 119-120):

6.1. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի` «Դատաքննությունը լրացնելու վերաբերյալ հարուցված միջնորդությունը քննարկելու մասին» որոշման համաձայն` «(...) [Ս]ույն գործով որպես մեղադրյալ հարցաքննված Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում դրված նյութերը վարչական շրջանների նույն դատարանից պահանջելու և գործին կցելու վերաբերյալ [պաշտպանության կողմի միջնորդությունը] բավարարել» (տե´ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 125-126):

6.2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի` 2017 թվականի նոյեմբերի 6-ի գրության համաձայն` «[Նույն դատարանի] 27.01.2017թ. որոշմամբ բավարարվել է (...) Հրաչյա Սարգսի Մայիլյանի կողմից օգտագործվող (...) բջջային հեռախոսահամարներով կայանալիք խոսակցությունները 2 ամիս ժամանակով գաղտնալսելու մասին: Նշված որոշումն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծվել է: (...) Ինչ վերաբերում է պահանջված այլ տեղեկատվությանը, ապա դրանք չեն կարող տրամադրվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն» (տե´ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 5):

6.3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով արձանագրվել է. «(…) Ս.Գաբրիելյանը, Ա.Պողոսյանը և այլ անձինք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, խմբի կազմում կամ ավելի ուշ ընդգրկվելով նույն խմբում, Ս.Բաբայանի դրդմամբ ապօրինի ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք, այսինքն` Ս.Գաբրիելյանը և Ա.Պողոսյանը կատարել են հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Բաբայանը` հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի այդ, Ս.Բաբայանը, տեղեկացված լինելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր մտերիմ Տիգրան Հովհաննիսյանի ծանոթները հնարավորություն ունեն տրամադրելու ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված` հափշտակված, սակայն ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագրծվող հատուկ նյութով ներկոտված եվրոյի թղթադրամների խմբաքանակ` վճարելով դրա անվանական արժեքի 52 տոկոսը, մտադրվել է նշված գույքը ձեռք բերել և տեղափոխել ՀՀ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով խեղաթյուրելով դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը` որպես հնամաշ թղթադրամներ Հայաստանի Հանրապետության տարածքում դնել օրինական շրջանառության մեջ (…):

(…)

Այսպիսով, Ս.Բաբայանը կատարել է նաև հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ (…) վերջինիս օժանդակած Կարեն Քոչարյանը, Դավիթ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը և Ժորա Զաքարյանը` հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

6.4. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է նաև հետևյալը. «(...) Անդրադառնալով պաշտպանական կողմի վիճարկումներին, դրա հիմքում դրված «Ներքին դիտում» և «Հեռախոսային խոսակցությունների լսում և ձայնագրառում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների` որպես ապացույց անթույլատրելիության և օգտագործման անհնարինության վերաբերյալ պնդումներին /նաև միջնորդությանը/ (…)` [Առաջին ատյանի դատարանը] փաստում է, որ դրանց մի մասն անհիմն է, իսկ մյուս մասի քննարկումն ու լուծումը դուրս է գործն ըստ էության լուծող դատարանի լիազորությունների սահմաններից, քանի որ`

- գործի նյութերում առկա և դատաքննությամբ հետազոտվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ վերոնշյալ [օպերատիվ-հետախուզական] միջոցառումներն իրականացվել են [Առաջին ատյանի դատարանի] թույլտվությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հրաչյա Մայիլյանի նկատմամբ, հետևաբար` չպարզված աղբյուրից կամ դատավարական կարգի խախտմամբ վերոնշյալ ապացույցները ձեռք բերելու վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումները փաստական հիմք չունեն, վերացական դատողություններ են, տվյալ [օպերատիվ-հետախուզական] միջոցառումներ իրականացրած հետաքննության մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների գործողությունները պաշտպանական կողմը կարող էր այդ փաստաթղթերն իրենց հասու դառնալու պահից վիճարկել դատախազական հսկողության, ապա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, իսկ նշված [օպերատիվ-հետախուզական] միջոցառումների իրականացումը թույլատրած դատարանի որոշումները` վերաքննության կարգով, քանի որ այդ [օպերատիվ-հետախուզական] միջոցառումների արդյունքներն անմիջականորեն վերաբերելի էին ինչպես Սամվել Բաբայանին, այնպես էլ սույն գործով մյուս ամբաստանյալներին /առնչվում էին նրանց շահերին/ (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

6.5. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրությունն Առաջին ատյանի դատարանի դատավճռում մեջբերվել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ-ում հայտնաբերված և ստուգման համար նրանց ներկայացված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական Կենտրոնական Բանկի 3 տարբեր նախագահների ստորագրությունները, հետևաբար` դրանք «գողացվել են տարբեր ժամանակներում»: Իտալիայի իրավասու մարմիններին փոխանցված X սերիայի 09178737887 համարի 50 եվրո արժողությամբ թղթադրամի նախնական փորձաքննությամբ հաստատվել է, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից, թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է պնդել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և դրա վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության նպատակով տեղադրված ներկերին: Թղթադրամների վրա բանկոմատներում անվտանգության նպատակով կիրառվող ներկանյութերի առկայությունը փաստում է, որ այդ բանկոմատները հանցագործների կողմից հարձակման են ենթարկվել: Եթե թղթադրամը պատահաբար է ներկոտվել, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող «ներքին գողությունն» է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: «Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունը ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն եղանակով» (տե´ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի, ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու և ամբաստանյալներին արդարացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի» (տե´ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 1-147):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանը գտել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, վկայակոչելով սույն գործի նյութերը, նշել է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանը կամովին հրաժարվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելուց, որպիսի հանգամանքն անտեսվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից:

8.1. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Վ.Կիրակոսյանը խնդրել է ամբաստանյալ Ա.Պողոսյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ:

9. Ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական ու չհիմնավորված դատական ակտ: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատաքննությամբ հետազոտված ապացույցներին, դրանք պատճառաբանված չեն, իսկ եղած պատճառաբանությունները ենթադրական դատողություններ են: Բողոք բերած անձի համոզմամբ Ս.Բաբայանի մեղավորությունը դատաքննության արդյունքներով չի հաստատվել, չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի չեն մեկնաբանվել, և Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք ոչնչով չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքները:

Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ԵԷԴ/0058/01/10, թիվ ԵԿԴ/0252/01/13, թիվ ԳԴ/0002/01/14, թիվ ՎԲ-46/07 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքներին և եզրահանգել, որ Ս.Բաբայանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, դրանում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից և չեն հաստատվում հավաստի, փոխկապակցված ու բավարար ապացույցներով:

9.1. Վերոգրյալին զուգահեռ բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալու Հ.Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու համար հիմք ծառայած նյութերին, որոնց օրինականությունը, ըստ բողոքաբերի, կասկածելի է: Մասնավորապես, հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հ.Մայիլյանի նկատմամբ իրականացվել են դատարանի թույլտվությամբ, և որ պաշտպանության կողմը կարող էր իրեն հասու դառնալու պահից դրանք վիճարկել: Բողոք բերած անձը գտել է, որ սույն գործի նախաքննության ընթացքում Հ.Մայիլյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասին որևէ տվյալ