Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.06.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ3/0100/01/17 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ3/0100/01/17

ՍԴ3/0100/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի ապրիլի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Նարեկ Գագիկի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի դատավճռով Նարեկ Գագիկի Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 3 (երեք) տարի ժամկետով։

Ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցվելու պահից` 2017 թվականի հուլիսի 22-ից։

Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին:

2. 2017 թվականի հոկտեմբերի 13-ին դատապարտյալ Ն.Օհանյանը դիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` իր նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի դատավճռով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին։

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ դատապարտյալի դիմումը մերժվել

3. Դատապարտյալ Ն.Օհանյանի պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը` դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին, բեկանել։ Ն.Օհանյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված` 1 (տարի) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակի չկրած մասը` 1 (մեկ) տարի 25 (քսանհինգ) օր ժամկետը, փոխարինվել է հանրային աշխատանքներով` 1170 (հազար հարյուր յոթանասուն) ժամ ժամկետով` ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց։

4. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2017 թվականի հոկտեմբերի 13-ին դատապարտյալ Ն.Օհանյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` իր նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի դատավճռով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 70)։

5.1. Առաջին ատյանի դատարանը, մերժելով նշված միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Ղ]եկավարվելով օրինականության, հիմնավորվածության և արդարացիության հատկանիշներով, որոնց լույսի ներքո բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկելով դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները և նրա նկատմամբ հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը, գտնում է, որ դատապարտյալի դիմումը ենթական է մերժման (…)» (քրեական գործ, հատոր 2, թերթ 98)։

6. Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել է և դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը փոխարինել հանրային աշխատանքներով` արձանագրելով հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, (…) գտնում է, որ դատապարտյալի ուղղման նպատակին հնարավոր է հասնել որպես որոշակի ժամկետով ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ` հանրային աշխատանքներ նշանակելու միջոցով։

(…)

Վերաքննիչ դատարանը (…) գտնում է, որ դատապարտյալ Նարեկ Օհանյանի նկատմամբ որպես որոշակի ժամկետով ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ պետք է նշանակել հանրային աշխատանքներ` չկրած ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակների իրականացման տեսանկյունից դատապարտյալ Նարեկ Օհանյանի կողմից հանրային աշխատանքների ձևով պատիժ կրելն ավելի հիմնավոր է սոցիալական արդարության, պատժի ենթարկված անձի ուղղման և հանցագործությունների կանխման տեսանկյունից։

Նարեկ Օհանյանն ազատազրկման ձևով նշանակված պատժից փաստացի կրել է 5 (հինգ) ամիս 5 (հինգ) օր, հետևաբար նրա չկրած մասը կազմում է 1 (մեկ) տարի 25 (քսանհինգ) օր, որը պետք է փոխարինել ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ` հանրային աշխատանքներով` 1170 (հազար հարյուր յոթանասուն) ժամ տևողությամբ (…)» (տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթ 144)։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը Ն.Օհանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ որոշում կայացնելիս գնահատականի չի արժանացրել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, մեղքի ձևը, որը դրսևորվել է հանցավոր ինքնավստահությամբ։

Ըստ բողոքաբերի` ակնհայտ է, որ Ն.Օհանյանը կատարել է երթևեկության կանոնների կոպիտ խախտում, գիտակցել է իր կողմից կատարած արարքի հետևանքները, այդ հետևանքների նկատմամբ դրսևորել է անտարբեր վերաբերմունք, ինչպես նաև հանցավոր արարքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, ինչն ինքնին համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։ Ուստի, նման պայմաններում նվազ խիստ տեսակի պատիժը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, և քրեաիրավական ներգործությունը նշված դեպքում պետք է լինի համաչափ, ինչը կիրառվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։

Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը Ն.Օհանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ հարցը քննարկելիս պատշաճ չի գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները և դրանք չի վերլուծել համակցության մեջ։ Ուստի, Ն.Օհանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն կարող համարվել հիմնավորված և պատճառաբանված, և նման դեպքում պատժի նպատակների իրականացման գործընթացը մնում է անկատար։

Ըստ բողոքաբերի` բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, 77-րդ և 48-րդ հոդվածների պահանջները. հիշյալ որոշման մեջ կատարված եզրահանգումները հակասում են Արմեն Ղազարյանի և Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին։

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը վերացնել և նրան ուղարկել ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը կրելու։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը Վերաքննիչ դատարանի կողմից հանրային աշխատանքներով փոխարինելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտն օրինական կազմով կայացված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

9.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելը։

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտեր են համարվում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը։

Մեջբերված իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի այն որոշումը, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ՝ պատժատեսակի և պատժաչափի որոշում), ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս (տե՛ս Արսեն Արծրունու վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը)։

10.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը լուծելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցի (ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որն օրենքի ուժով (ex lege) վերապահված է գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը։ Այլ կերպ՝ այդպիսի միջնորդությունը քննության առնելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող` մասնավորապես պատժատեսակին և պատժաչափին առնչվող հարցեր (տե'ս նաև` Գարեգին Ղազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման 11.1-րդ կետը)։ Հետևաբար ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննարկման արդյունքում կայացված դատական ակտը նույնպես համարվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(…) 4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է (…)»։

11.1. Ելնելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը քննության առնելու մասին կայացվող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը ենթակա են իրականացման նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար։ Այլ կերպ՝ քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 387-րդ հոդվածով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները (տե'ս Գարեգին Ղազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման 15.1-րդ կետը)։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննության է առել և միանձնյա կազմով որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը` դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին, բեկանելու և Ն.Օհանյանի նկատմամբ դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 1 (տարի) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակի չկրած մասը` 1 (մեկ) տարի 25 (քսանհինգ) օր ժամկետը 1170 (հազար հարյուր յոթանասուն) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

13. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ պետք է կիրառվեին, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ վերաքննիչ բողոքը քննության է առնվել և որոշում է կայացվել դատավորի կողմից միանձնյա` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայությունը (այդ առումով մանրամասն տե՛ս Է.Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշման 12-րդ կետը)։

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ն.Օհանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելն իրավաչափ չէ։

15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու հիմք են։ Ուստի Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 7-րդ կետերում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

  Ո Ր Ո Շ Ե Ց

  1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Դատապարտյալ Նարեկ Գագիկի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան