Համարը 
N 490-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.01.16/3(1456) Հոդ.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2018
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 490-Ն

 

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝

1. Սահմանել վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները և թեստային առաջադրանքների քանակը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. դեկտեմբերի 28-ի

N 490-Ն որոշման

 

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը (այսուհետ՝ թեստ) կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, ինչպես նաև թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունների և քանակի հետ կապված հարաբերությունները։

2. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ):

3. Թեստային առաջադրանքները կազմում և թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգ է մուտքագրում քաղաքացիական ծառայության գրասենյակը:

4. Թեստը ձևավորվում է թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգում նախօրոք զետեղված և կոդավորված թեստային առաջադրանքներից՝ պատահական ընտրությամբ:

5. Թեստը ձևավորվում է թեստավորումը սկսելուց առաջ՝ բոլոր մասնակիցների համար տեսանելի էկրանի վրա:

6. Թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգը, պատահականության սկզբունքով, ընտրում և միասնականացնում է թեստային առաջադրանքները և կազմում ամբողջական թեստը:

7. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստային առաջադրանքներն ունեն հետևյալ ձևերը՝

1) ճիշտ պատասխանի ընտրություն, երբ թեստավորվողին առաջարկվում է հարց՝ ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, և որոնցից թեստավորվողն ընտրում է պատասխանի իր տարբերակը.

2) այլընտրանքային ընտրություն, երբ թեստավորվողը հարցին պատասխանում է «այո» կամ «ոչ».

3) համապատասխանության որոշում, երբ թեստավորվողին առաջարկվում է գտնել երկու ցանկերի տարբերակների համապատասխանությունը.

4) բազմակի ընտրություն, երբ թեստավորվողին առաջարկվում է ներկայացված ցանկից ընտրել ճիշտ պատասխանները.

5) հաջորդականության որոշում, երբ թեստավորվողը համապատասխան հաջորդականությամբ դասավորում է ցանկում առաջադրված տարբերակները:

8. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ.

4) հայերենի իմացություն.

5) հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն.

6) տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն:

9. Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից՝ հետևյալ չափաքանակով՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 առաջադրանք.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ 5 առաջադրանք.

3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ՝ 5 առաջադրանք.

4) հայերենի իմացություն` 10 առաջադրանք.

5) հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն՝ 5 առաջադրանք.

6) տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն՝ 15 առաջադրանք:

10. Յուրաքանչյուր թեստային առաջադրանք գնահատվում է 0-ից առավելագույնը 1 միավոր՝ ելնելով թեստային առաջադրանքի ձևից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան