Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.02.06/8(1461) Հոդ.86
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.08.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0170/01/16 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0170/01/16

ԵԱՔԴ/0170/01/16

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
                  Դատավորներ՝ Ա. Ազարյան
                                            Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ` ամբաստանյալ

Ա. Բերակչյանի

2018 թվականի օգոստոսի 1-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Գուրգենի Բերակչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Բերակչյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 09119616 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ Սերգեյ Բերակչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի սեպտեմբերի 9-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռով ամբաստանյալ Սերգեյ Բերակչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով: Ս.Բերակչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Ս.Բերակչյանի և նրա պաշտպան Հ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Բերակչյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալի բողոքը վերադարձվել է, և սահմանվել է 3-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ս.Բերակչյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Բերակչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2016 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գայանե Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Այսինքն, Ա.Բերակչյանին մեղսագրվում է արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով» 1 :

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) [Վ]երլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ [Առաջին ատյանի դատարանն] ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, հետևաբար նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի (…)»2:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(…) [Վ]երլուծության ու գնահատման ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած յուրաքանչյուր ապացույց` վերաբերելիության, թույլատրելիության,   իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ [Վերաքննիչ դատարանը] հանգում է հետևության, որ սույն գործով հաստատված է հետևյալը` Սերգեյ Բերակչյանը 2016 թվականի հուլիսի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գ.Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 18-րդ, 23-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը, վերլուծելով ապացույցների գնահատման և դրանց բավարարության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և եզրահանգել, որ ստորադաս դատարաններն ապացույցների գնահատման ընթացքում չեն պահպանել ինչպես քրեադատավարական օրենսդրությամբ, այնպես էլ հիշյալ նախադեպային որոշմամբ սահմանված չափանիշները՝ իր մեղավորության վերաբերյալ գալով սխալ եզրահանգման:

Բացի այդ, բողոքի հեղինակը շեշտել է, որ ստորադաս դատարաններն առավել նշանակություն են տվել տուժող Գ.Քալաշյանի, վերջինիս հետ բարեկամական կապերի մեջ գտնվող, սույն գործով վկա Ն.Խլղաթյանի ու անչափահաս վկա Հ.Քալաշյանի ցուցմունքներին և անտեսել են իր և վկա Պ.Աբրահամյանի ցուցմունքները՝ դրանք համարելով ոչ արժանահավատ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, ինչպես նաև վերացնել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ս.Բերակչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բարձրացված հարցին պատասխանելու նպատակով անհրաժեշտ է վերլուծության ենթարկել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմի առանձնահատկությունները, ինչպես նաև նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջները:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Նշված հանցակազմի առանձնահատկությունների առնչությամբ Վճռաբեկ դատարանն   իրավական    դիրքորոշում   է   արտահայտել   այն   մասին, որ. (...) Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է ակտիվ գործողություններով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում: (...) ]անցակազմի պարտադիր հատկանիշներից են սպառնալիքի կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել, իսկ իրական լինելը` երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: (…) [Թ]եև սպառնալիքի իրական լինելը հավաստելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարևոր է, սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է: (...) Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն: (...)»4:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:»

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է, և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը (…)»5:

Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման, ինչպես նաև հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացման միջոց` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [Մեղադրանքի ձևակերպման մեջ], բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ:

(…)Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման (…)»6:

13. Վերահաստատելով Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների (անգործության) մանրակրկիտ նկարագրությունը, այդ թվում` հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի իրականացումը:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպումը պետք է ներառի նշված քրեաիրավական նորմով նախատեսված, հանրորեն վտանգավոր և քրեորեն պատժելի արարքի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Այլ խոսքով` արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքներով պետք է հաստատվի ոչ միայն սպառնալիքի առկայության փաստը, այլև բացահայտվի սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` թե հանցանք կատարած անձն ինչպես է իրականացրել տուժողի մոտ տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում ձևավորելու իր հանցավոր մտադրությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝  սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված փաստական հանգամանքները պարզելու և մեղադրանքի ձևակերպման մեջ արտացոլելու, հնարավոր չէ արարքը որակել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու հանցակազմով:

14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգեյ Բերակչյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և առաջադրված մեղադրանքը շարադրվել է հետևյալ կերպ. «2016 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գայանե Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»7:

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը, ամբաստանյալ Ս.Բերակչյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանքի ձևակերպման մեջ չի ներառել կատարված արարքի քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի բոլոր պարտադիր հատկանիշները և հնարավորություն տային փաստելու դրանց առկայությունը: Մեղադրանքի կողմը սահմանափակվել է կատարած արարքի ընդհանրական նկարագրությամբ, այն է` խոհանոցային դանակով Գ.Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»:

Մեղադրանքի վերոշարադրյալ ձևակերպումը չի բացահայտում սպանության սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը բացառում է հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշի` սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ պատշաճ իրավական գնահատական տալու հնարավորությունը:

Մինչդեռ թե´ Առաջին ատյանի դատարանը,  թե´ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերով արձանագրել են, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի8:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Բերակչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ մեղավոր ճանաչելիս պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանին առաջադրված մեղադրանքում չեն ներառվել հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները:

Այսպես` ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ սույն գործով առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե մեղսագրված արարքն ինչումն է արտահայտվել, պարզ չէ, թե ինչպես է ամբաստանյալն իրականացրել իր հանցավոր մտադրությունը, այսինքն` ինչպիսի ձև և բովանդակություն է ունեցել մեղսագրված արարքի պարտադիր հատկանիշ հանդիսացող` սպանության սպառնալիքը, հետևաբար հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշի` սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ պատշաճ իրավական գնահատական տալու հնարավորությունը բացակայում է: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը՝ տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ, իր հերթին,  անհնար է դարձրել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննության անցկացումը:

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերգեյ Բերակչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սպանության սպառնալիքի հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում ամբաստանյալ Ս.Բերակչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանն առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջների համատեքստում համարժեք իրավական գնահատական չեն տվել մեղադրանքում ձևակերպված` հանրորեն վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությանը: Արդյունքում ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

17. Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ Ս.Բերակչյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի   5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ս.Բերակչյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի    137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանի նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն անհրաժեշտ է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանին ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 180-187։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 366-368։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-59։

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի` Վլադիկ Խաչատրյանի գործով թիվ ԿԴ1/0025/01/01 որոշման 17-20-րդ կետերը:

5 Տե՛ս Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ կետը:

6 Տե՛ս նույն որոշման 21-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

 

Նախագահող`

  Լ. Թադևոսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան