Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.247
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
20.09.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
20.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ3/0099/01/10 ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 

Գործ թիվ ՍԴ3/0099/01/10

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

                        Դատավորներ՝ Ե. Դարբինյան

                                           Գ. Ավետիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ`
դատախազ`

Ա. Ապրեսյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին                                                ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ դատապարտյալ Զադե Այլազի Իբրահիմյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 91252610 քրեական գործը:

2010 թվականի ապրիլի 27-ին Զադե Այլազի Իբրահիմյանը ձերբակալվել է:

2010 թվականի ապրիլի 30-ին Զ.Իբրահիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի նոյեմբերի 11-ին Զ.Իբրահիմյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի նոյեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ 

 

2. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 14-ին կայացրած դատավճռով Զ.Իբրահիմյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ և պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկում՝ 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում՝ 6 /վեց/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 /տասը/ տարի ժամկետով:

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ ամբաստանյալ Զ.Իբրահիմյանի, պաշտպան Գ.Շիրինյանի և մեղադրող Կ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել են, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Շիրինյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2018 թվականի հուլիսի 23-ին դատապարտյալ Զ.Իբրահիմյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի օգոստոսի 2-ին որոշել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման վարույթ և դատապարտյալ Զ.Իբրահիմյանի վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

  

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

6. Զ.Իբրահիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելիս Առաջին ատյանի դատարանը դատավճռով հաստատված է համարվել հետևյալը. «[Զ.Իբրահիմյանը,] հանդիսանալով թիվ 59703 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային, 2010թ. ապրիլի 17-ին և 18-ին թիվ 102 մարտական դիրքի դիտակետում մարտական հերթապահություն իրականացնելիս, խախտելով ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է նույն դիրքի դիտակետը` առանց հսկողության թողնելով այն ու գնացել նշված դիրքի գետնատնակ` դրանով իսկ ՀՀ անվտանգությանն էական վնաս պատճառելու սպառնալիք ստեղծել» 1 :

7. Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի փետրվարի 1-ին:

7.1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

          

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ իր վերաբերյալ կայացված դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասն օրենսդրի կողմից փոփոխության է ենթարկվել, որի հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի    365-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքը դադարել է լինել հանրորեն վտանգավոր: Այդ առնչությամբ որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը՝ Զ.Իբրահիմյանը Վճռաբեկ դատարանին խնդրել է նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման վարույթ հարուցել, և այն վերանայել, բեկանել ու փոփոխել իր վերաբերյալ կայացված դատական ակտը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով իրեն 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու առնչությամբ:

 

  Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմք է:

10. Մինչ 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-34-Ն օրենքով կատարված փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը շարադրված էր հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2013 թվականի ապրիլին 30-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի 18-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածում կատարված փոփոխություններով նույն հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: 

 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածն ամրագրում է. «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածը նախատեսում է. 

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում 2 բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում»:

Մեջբերված նորմերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ, արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հատուկ քրեադատավարական կարգի բացակայության պայմաններում, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու, ինչպես նաև անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք» 3 :

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

ա) Առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճռով Զ.Իբրահիմյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլ հանցավոր արարքների, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով թիվ 59703 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային՝ 2010 թվականի ապրիլի 17-ին և 18-ին թիվ 102 մարտական դիրքի դիտակետում մարտական հերթապահություն իրականացնելիս խախտելով ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է նույն դիրքի դիտակետը` առանց հսկողության թողնելով այն ու գնացել նշված դիրքի գետնատնակ` դրանով իսկ ՀՀ անվտանգությանն էական վնաս պատճառելու սպառնալիք ստեղծել4 :

ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի համար նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Զ.Իբրահիմյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 տարի ժամկետով 5 :

բ) Զ.Իբրահիմյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի փետրվարի 1-ին 6 :

գ) 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում, և հիշյալ օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ քրեական պատասխանատվություն սահմանելով Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել: Մինչդեռ 2010 թվականի ապրիլ ամսին, այսինքն՝ Զ.Իբրահիմյանի կողմից սույն որոշման 6-րդ կետում նկարագրված արարքը կատարելու ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանել Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը (1) վնաս է պատճառել կամ (2) այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել7 :

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով Զ.Իբրահիմյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այնպիսի արարքի համար, որը 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում դադարել է հանցավոր լինել, քանի որ կատարված փոփոխություններից հետո քրեական պատասխանատվություն է նախատեսվել միայն վնաս պատճառելու, այլ ոչ թե նաև վնաս պատճառելու սպառնալիք ստեղծելու համար:

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմք է:

14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման արդյունքում սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերը պետք է բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել Զ.Իբրահիմյանի անմեղությունը և նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելիս Առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից մասնակի գումարման ենթակա պատժաչափը, և այդ հանգամանքը հօգուտ դատապարտյալի մեկնաբանելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զ.Իբրահիմյանի նկատմամբ նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցության կանոններով նշանակված 8 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ,    3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ և 426.9-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Զադե Այլազի Իբրահիմյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը վերանայել:

2. Զադե Այլազի Իբրահիմյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել Զադե Այլազի Իբրահիմյանի անմեղությունը և նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:          

3. Զադե Այլազի Իբրահիմյանի նկատմամբ նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցության կանոններով նշանակված 8 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը: Պատժի սկիզբը հաշվել 2010 թվականի ապրիլի 27-ից։ Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

ա. պողոսՅԱՆ

Ս. Օհանյան



1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 140:
2 Մանրամասն տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴՈ-1359 որոշումը:
3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը: