Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.251
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
20.09.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
20.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ2/0008/12/17 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ2/0008/12/17

Գործ թիվ ԿԴ2/0008/12/17

Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ`  
  դատախազ`

Ա. Բրուտյանի

  դատապարտյալ`

Ա. Մարտիրոսյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 26-ի դատավճռով Անուշ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), և նրա նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

Նույն դատավճռով վերացվել է Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով ԼՂՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցությամբ նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը, և դատավճիռների համակցությամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2015 թվականի նոյեմբերի 19-ից:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 26-ի դատավճռով ԼՂՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ։

3. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի միջնորդության քննության արդյունքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով ազատազրկումը, փոխարինել է 2200 ժամ հանրային աշխատանքներով:

4. Դատախազ Ա.Բրուտյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 21-ին բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 25-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը գտնում է, որ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի մնացած մասը հնարավոր է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հանրային աշխատանքներով:

(...) Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում առկա իրավակարգավորումը խոչընդոտ չէ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար: Դատարանի գնահատմամբ քննարկվող իրավանորմի այն կարգավորումը, որ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, վերաբերում է նույն հոդվածի 3-րդ մասի կիրառությամբ ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքերին: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի գործադրման դեպքում այդ արգելքը կիրառելի չէ, հակառակ դեպքում քննարկվող ինստիտուտն ամբողջությամբ կիմաստազրկվի և ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը պրակտիկայում կբացառվի:

(...)

Ուստի, Դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 26-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը` 2 տարի 2 ամիս 25 օր ազատազրկումը, պետք է փոխարինել 2200 ժամ հանրային աշխատանքներով: (...)» 1 :

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Հարկ է (...) արձանագրել, որ օրենսդիրը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման ձևով նշանակված պատժի մեկ երրորդը կրած դատապարտյալի պատժի չկրած մասն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու որևէ սահմանափակում չի նախատեսել, որը կարող էր պայմանավորված լինել նշանակված պատժի կամ դրա չկրած մասի չափով: Հետևապես հիմքեր չկան չհամաձայնելու Առաջին ատյանի դատարանի` (...) մեկնաբանությանն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, միայն այն պատճառով, որ դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետը և (կամ) դրա չկրած մասը երկու տարուց ավելի է, խոչընդոտ չի հանդիսանում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման ձևով նշանակված պատժի մեկ երրորդը կրած դատապարտյալի պատժի չկրած մասն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար: Հակառակ դեպքում` քննարկվող ինստիտուտն ամբողջությամբ կիմաստազրկվի և ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը կբացառվի:

(...) [Վերը] ներկայացված դիրքորոշման լույսի ներքո [բողոքի հեղինակի մեկնաբանություններն ու դատողությունները] Վերաքննիչ դատարանի համար անընդունելի են և հիմնազուրկ։

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակահարմարության հարցում հանգել է իրավաչափ ու գործի փաստական տվյալներից բխող հիմնավոր հետևության (...)» 2 :

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ, 54-րդ և 77-րդ հոդվածները, ինչի արդյունքում դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով` հանրային աշխատանքներով:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ չի ուսումնասիրվել և գնահատվել դատապարտյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, վերջիններիս հետ համակցության մեջ` դատապարտյալի անձը, պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագիծը և այդ պայմաններում` Ա.Մարտիրոսյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության բարձր աստիճանը:

8.1. Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածին` բողոքաբերը փաստարկել է, որ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու և այդպիսի հանցագործության համար առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում: Ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման ձևով պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել հանրային աշխատանքներով, եթե դատապարտյալի պատժի չկրած մասը չի գերազանցում երկու տարի ժամկետը, մինչդեռ սույն գործով Ա.Մարտիրոսյանի պատժի չկրած մասը կազմել է 2 տարի 2 ամիս 25 օր:

Արդյունքում բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը, դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը փոխարինելով ավելի մեղմ պատժատեսակով` հանրային աշխատանքներով, և հանրային աշխատանքների չափ սահմանելով 2200 ժամ, թույլ է տվել դատական սխալ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, և նրան ուղարկել պատժի չկրած մասը կրելու:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկա ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով ազատազրկումը, հանրային աշխատանքներով փոխարինելու մասին ստորադաս դատարանների հետևությունը։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով (…) :

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:

3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը բավարարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված պահանջներին»։

Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ա.Մկրտչյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավազորությունը սահմանելիս օրենսդիրն օգտագործել է «կարող է» ձևակերպումը՝ այդպիսով դատարանին հնարավորություն տալով դատական հայեցողության ընդհանուր հատկանիշների հիման վրա ընտրություն կատարել ազատազրկման ձևով անձի նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ չփոխարինելու վերաբերյալ որոշումների միջև, ինչպես նաև ընտրել այն պատժատեսակն ու պատժաչափը, որով պետք է փոխարինվի ազատազրկման ձևով նշանակված պատիժը

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասն ընդհանուր չափորոշիչ է սահմանում՝ դատարանին հնարավորություն տալով կոնկրետ դեպքում իր հայեցողության շրջանակներում պատժաչափ ընտրել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր պատժատեսակի համար նախատեսված սահմաններում։ ՀՀ քրեական օրենսգրքում ընդհանուր չափորոշիչի առկայությունը ենթադրում է, որ դատարանը, սահմանափակված լինելով դատական հայեցողության օրինականության, հիմնավորվածության և արդարացիության հատկանիշներով, ինչպես նաև կոնկրետ պատժատեսակի համար ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում նախատեսված նվազագույն և առավելագույն չափերով ու կիրառման պայմաններով, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի, թե ինչ պատժաչափ պետք է սահմանվի այն անձի նկատմամբ, ում պատժի չկրած մասը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով» 3 :

13. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը հնարավորություն է տալիս որոշակի պայմանների առկայության դեպքում դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասը փոխարինել դատապարտյալի իրավունքների ավելի մեղմ սահմանափակում նախատեսող պատժատեսակով։ Տվյալ ինստիտուտը պատժից ազատելու ինքնուրույն տեսակ է, որի գործադրման համար անհրաժեշտ է դատարանի համոզվածությունն առ այն, որ դատապարտյալն ուղղվելու համար իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված մնացած մասը կրելու կարիք չունի, և այն կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով պատժի կրման ընթացքում վերջինիս դրսևորած պատշաճ վարքագիծը, իսկ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու ցածր հավանականությունը գնահատելիս` ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքները:

Ընդ որում, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե առկա են հետևյալ հիմնական պայմանները`

ա) անձն ազատազրկման է դատապարտվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար,

բ) դատապարտյալը փաստացի կրել է պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը։

Ինչ վերաբերում է այն պատժատեսակին և պատժաչափին, որով կարող է փոխարինվել ազատազրկման չկրած մասը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ընտրել ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածում նախատեսված` ազատազրկումից մեղմ ցանկացած պատժատեսակ` յուրաքանչյուրի համար օրենսգրքով նախատեսված նվազագույն և առավելագույն չափերի սահմաններում։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

2.1. Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։ (…)»։

Մեջբերված նորմից երևում է, որ հանրային աշխատանքները հանդես են գալիս որպես ազատազրկում պատժատեսակին այլընտրանք և կարող են նշանակվել այն դեպքում, երբ անձը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվում է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոհիշյալ իրավակարգավորումը, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու պայմանը չի կարող խոչընդոտ լինել ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կարգով դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելուն այն դեպքերում, երբ նշանակված պատժի մեկ երրորդը փաստացի կրած լինելու դեպքում պատժի չկրած մասը երկու տարուց ավել է կազմում:

Այսպես` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, ինչպես նշվել է սույն որոշման 13-րդ կետում, պատժից ազատելու ինքնուրույն տեսակ է և ունի ինքնավար բնույթ, որի գործադրման համար, ի թիվս այլոց, անհրաժեշտ է դատապարտյալի կողմից նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդի կրում, իսկ հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի հիշյալ պայմանի խստացման` որոշ դեպքերում վտանգելով քննարկվող ինստիտուտի գործնական կիրառման հնարավորությունը: Oրինակ` եթե միջին ծանրության հանցագործության համար անձը դատապարտվում է հինգ տարի ժամկետով ազատազրկման, ապա վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կպահանջվի կրել ավելին, քան պատժի մեկ երրորդն է, քանի որ դեռևս չկրած պատժի չափը կգերազանցի երկու տարի ժամկետով ազատազրկումը։ Արդյունքում կստացվի, որ ազատազրկման մեկ երրորդը կրած դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը չի կարող փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակ հանդիսացող հանրային աշխատանքներով, ինչը չի բխում քննարկվող ինստիտուտի էությունից:

15. Ընդհանրացնելով սույն որոշման 13-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու հանգամանքն անձի նկատմամբ հանրային աշխատանքներ պատժատեսակը նշանակելու պարտադիր նախապայման է: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված կարգով պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելիս տվյալ նախապայմանը չի կարող գործել` հաշվի առնելով, որ պատժից ազատելու վերոնշյալ տեսակի գործադրման հիմքերն օրենքով հստակ ամրագրված են: Այլ կերպ` եթե անձը կրել է իր նկատմամբ նշանակված ազատազրկման ոչ պակաս, քան մեկ երրորդը, ապա դատարանը կարող է օրենքով սահմանված կարգով այն փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով, այդ թվում` հանրային աշխատանքներով` որպես ելակետ ընդունելով տվյալ պատժատեսակի նվազագույն և առավելագույն չափերը, այն է` երկու հարյուր յոթանասունից մինչև երկու հազար երկու հարյուր ժամը։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանն իր նկատմամբ նշանակված չորս տարի ժամկետով ազատազրկումը կրել է 2015 թվականի նոյեմբերի 19-ից 4 ։

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի մնացած մասը` 2 տարի 2 ամիս 25 օրը, հնարավոր է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հանրային աշխատանքներով` 2200 ժամ տևողությամբ, քանի որ հանրային աշխատանքների նշանակման պարտադիր պայման հանդիսացող` առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու պահանջն այս դեպքում կիրառելի չէ5:

Վերաքննիչ դատարանն իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակահարմարության հարցում հանգել է իրավաչափ ու գործի փաստական տվյալներից բխող հիմնավոր հետևության6:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական գնահատման ենթարկելով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները, հանգել են իրավաչափ հետևության առ այն, որ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի մնացած մասը` 2 տարի 2 ամիս 25 օրը, հնարավոր է փոխարինել հանրային աշխատանքներով:

Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի են առել այն, որ Ա.Մարտիրոսյանը`

ա) ոչ մեծ ծանրության հանցանքների կատարման համար հանցագործությունների համակցությամբ դատապարտվել է 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման,

բ) նշանակված պատիժը սկսել է կրել 2015 թվականի նոյեմբերի 19-ից,

գ) ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի միջնորդության քննության ընթացքում` 2017 օգոստոսի դրությամբ, արդեն իսկ կրել է իր նկատմամբ նշանակված պատժի մեկ երրորդը։  

Վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանն իրավունք է ունեցել օգտվելու իր նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով, այդ թվում` հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ 2017 թվականի օգոստոսի դրությամբ Ա.Մարտիրոսյանի` ազատազրկման ձևով պատժի չկրած ժամկետը գերազանցել է երկու տարի ժամկետով ազատազրկումը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ելնելով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի ինքնավար բնույթից` այն չի կարող արգելք լինել դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով ազատազրկումը, հանրային աշխատանքներով փոխարինելու մասին ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ է։

18. Միևնույն ժամանակ անդրադառնալով ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակահարմարության վերաբերյալ բողոքաբերի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, գործի նյութերում առկա բոլոր հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հանգել են հիմնավոր հետևության։

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական իրավունքի խախտումներ, հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց  

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Անուշ Սուրենի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

 

___________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 22-30:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 96-106:

3 Տե՛ս Արմեն Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0031/12/13 որոշման 12-րդ, 15-րդ կետերը:

4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը: