Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համաձայնագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Ալմաթի
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվը 
02.02.2018
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվը 
02.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,

ձգտելով իրականացնել համաձայնեցված, համակարգված քաղաքականություն նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում,

ցանկանալով ապահովել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ապրանքների օրինական շրջանառությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխումը, համաձայնեցին հետևյալի մասին.

   

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

նույնականացման միջոցների միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը ներառում է Միությունում ապրանքների դրոշմավորման համար օգտագործվող նույնականացման միջոցների նկարագիրը, տեղեկություններ՝ դրանց բնութագրերի, նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմի ու կառուցվածքի վերաբերյալ.

անդամ պետության իրավասու (լիազորված) մարմիններ՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմիններ, որոնք, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված են ապահովելու անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությանն ուղղված գործունեության հսկողությունը և (կամ) միջգերատեսչական համակարգումը, որոնց առնչությամբ ընդունվել է որոշում՝ նույնականացման միջոցներով դրանց դրոշմավորման վերաբերյալ, և (կամ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի աշխատանքները և (կամ) դրա աշխատանքների ապահովմանն ուղղված գործունեության համակարգումը.

հսկիչ (նույնականացման) նշան՝ խիստ հաշվետվության ձևաթուղթ (փաստաթուղթ)՝ կեղծումից պաշտպանության տարրերով (միջոցներով) (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը պարունակում է նույնականացման միջոց և նախատեսված է ապրանքների դրոշմավորման համար.

դրոշմավորված ապրանքներ՝ ապրանքներ, որոնց վրա սահմանված պահանջների պահպանմամբ զետեղված են նույնականացման միջոցներ, և որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները (այդ թվում՝ դրանց վրա զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների վերաբերյալ տեղեկությունները) ներառված են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի մեջ.

նյութական կրիչ՝ հսկիչ (նույնականացման) նշան կամ ցանկացած նյութից օբյեկտ, որը պարունակում է կամ չի պարունակում կեղծումից պաշտպանության տարրեր (միջոցներ) և նախատեսված է նույնականացման միջոցի զետեղման, պահպանության և փոխանցման համար.

ապրանքների շրջանառություն՝ Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը, պահպանելը, փոխադրելը, ստանալը և փոխանցելը, այդ թվում՝ դրանք ձեռք բերելն ու իրացնելը (վաճառելը) անդամ պետությունների տարածքներում.

մեծածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ նմանատիպ օգտագործման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդներ՝ այն ապրանքները, որոնց մասով ընդունվել է որոշում՝ դրոշմավորում սահմանելու վերաբերյալ, և որոնք դրոշմավորում սահմանելու օրվա դրությամբ գտնվում են այդպիսի ապրանքների արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման տակ.

մանրածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային նպատակներով և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

նույնականացման միջոց՝ պայմանանշանների մեքենաընթեռնելի եզակի հաջորդականություն, որը ներկայացված է ստվերագծային ծածկագրի ձևով կամ ձայնագրված է ռադիոհաճախական պիտակի վրա կամ ներկայացված է ավտոմատ նույնականացման այլ միջոցի (տեխնոլոգիայի) օգտագործմամբ.

անդրսահմանային առևտուր՝ մեծածախ առևտուր, որն իրականացվում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների փոխադարձ առևտրի շրջանակներում.

թողարկողներ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ և (կամ) կազմակերպություններ, որոնք իրականացնում են նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների պատրաստում և (կամ) վերարտադրում և (կամ) իրացում (վաճառք):

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

Հոդված 2

1. Սույն համաձայնագրով սահմանվում է Միության շրջանակներում նույնականացման միասնականացված միջոցներով ապրանքների դրոշմավորման կարգը (այսուհետ՝ ապրանքների դրոշմավորում):

2. Սույն համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր), որոնք իրականացնում են այն ապրանքների արտադրությունը և (կամ) շրջանառությունը, որոնց առնչությամբ ընդունվել է որոշում՝ դրոշմավորում սահմանելու վերաբերյալ, այդ թվում՝ թողարկողների վրա:

Հոդված 3

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհուրդ) որոշմամբ Միության շրջանակներում կարող է սահմանվել ապրանքների դրոշմավորում:

2. Հանձնաժողովի խորհուրդն ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ որոշումն ընդունում է անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացված առաջարկների (հիմնավորմամբ), ապրանքների դրոշմավորում սահմանելու նպատակահարմարության վերլուծության (ներառյալ՝ անդամ պետության՝ դրոշմավորում սահմանելուց ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, այդպիսի ապրանքների հիմնական սպառողներին կամ սպառողների խմբերին նշելը), բիզնես վարելու պայմանների վրա դրոշմավորում սահմանելու ազդեցության վերաբերյալ տեղեկատվության (ներառյալ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հնարավոր ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ապրանքի գնի և նույնականացման միջոցի արժեքի հարաբերակցությունը), այդպիսի ապրանքների դրոշմավորման տեխնիկական հնարավորության առկայության, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասով գործող՝ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության այլ համակարգերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

3. Ապրանքները դրոշմավորվում են դրանց և (կամ) դրանց փաթեթվածքների վրա նույնականացման միջոցներ կամ նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչներ զետեղելու եղանակով:

4. Ապրանքների, դրանց փաթեթվածքի կամ կեղծումից պաշտպանության տարր (միջոց) չպարունակող նյութական կրիչի վրա նույնականացման միջոցների զետեղման եղանակով ապրանքների դրոշմավորումը թույլատրվում է միայն նույնականացման ապօրինի միջոցներով դրոշմավորված ապրանքներն օրինական շրջանառության մեջ գտնվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելու դեպքում:

5. Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունները մուտքագրվում են նույնականացման միջոցների միասնական ռեեստր, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից՝ էլեկտրոնային եղանակով: Նույնականացման միջոցների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ։

Հոդված 4

Ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից՝

արգելվում են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների պահպանությունը, փոխադրումը, ձեռքբերումն ու իրացումը (վաճառքը) անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային հսկողության գոտիներում մաքսային հսկողության ներքո գտնվող այդպիսի ապրանքները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու նպատակով ձեռքբերման կամ իրացման (վաճառքի), դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքները սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան սահմանված պահեստային տարածքներ փոխադրման, այդ տարածքներում նշված ապրանքների պահպանության դեպքերի, ինչպես նաև բացառությամբ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված ապրանքների: Թույլատրվում են ապրանքների չդրոշմավորված մնացորդների պահպանությունը, փոխադրումը, ձեռքբերումն ու իրացումը (վաճառքը) այն դեպքերում, երբ ապրանքների մնացորդների դրոշմավորում նախատեսված չէ.

Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նախքան այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նախքան այդ ապրանքներն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ բացառությամբ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված ապրանքների: Ապրանքների դրոշմավորումը կարող է իրականացվել սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան սահմանված պահեստային տարածքներում ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո, եթե այդպիսի դրոշմավորման հնարավորությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

թույլատրվում է ապրանքների դրոշմավորումը Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

ապրանքների դրոշմավորումը դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվում է նախքան դրանք փոխադրելը և (կամ) իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ իրացման (վաճառքի) վայրում դրանք ներկայացնելը, իրացման (վաճառքի) վայրում դրանց նմուշները ցուցադրելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը՝ բացառությամբ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված ապրանքների: Դրոշմավորումն իրականացվում է դրանց արտադրության, փաթեթավորման (վերափաթեթավորման) և պահպանության վայրերում:

Հոդված 5

  

1. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելիս Հանձնաժողովի խորհուրդը սահմանում է այդ ապրանքների ցանկը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան նշելով դրանց ծածկագրերը, և միաժամանակ որոշում է՝

ա) նույնականացման միջոցները, դրանց բնութագրերը, վերարտադրման կարգը, ինչպես նաև այն տեղեկատվության կազմն ու կառուցվածքը, որը պետք է ներառված լինի նույնականացման միջոցներում՝ նույնականացման միջոցների միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների հիման վրա (դրանց առկայության դեպքում).

բ) ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու դրոշմավորման կարգը.

գ) դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափը, կազմն ու կառուցվածքը, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.

դ) անդամ պետություններում ապրանքների մնացորդները դրոշմավորելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ ապրանքների մնացորդների դրոշմավորում սահմանելու ժամկետները և ապրանքների մնացորդների դրոշմավորմանը ներկայացվող մյուս պահանջները կամ այդպիսի անհրաժեշտության բացակայությունը.

ե) դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք ներառված են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, ի թիվս այլնի, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

2. Հանձնաժողովի խորհրդի կողմից կոնկրետ ապրանքների կամ ապրանքների խմբերի նկատմամբ կարող են ավելացվել կամ չեղարկվել սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի երեքից յոթերորդ պարբերություններում նշված գործողությունները (շրջանառության փուլերը), որոնց իրականացման դեպքում դրոշմավորված ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ առաջանում է պարտականություն այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին այդ ապրանքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մասով, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են:

3. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան այդ որոշման պաշտոնական հրապարակումից հետո 90 օրացուցային օրը լրանալուց հետո։

4. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում անդամ պետությունները Հանձնաժողովին տեղեկացնում են իրենց իրավասու (լիազորված) մարմինների մասին:

5. Միության շրջանակներում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրոշմավորվող ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից այդ անդամ պետություններն ապահովում են իրենց տարածքներում այդ ապրանքների դրոշմավորումը՝ սույն համաձայնագրով նախատեսված պահանջներին և Հանձնաժողովի՝ դրան համապատասխան ընդունված ակտերին համապատասխան:

Հոդված 6

  

1. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում, սակայն ապրանքների դրոշմավորում սահմանելու օրը վրա հասնելուց ոչ ուշ անդամ պետությունները՝

ա) սահմանում են նույնականացման միջոցների հաշվառման կարգը և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների իրացման ու հաշվառման կարգը.

բ) ձևավորում են թողարկողների ռեեստրները (անհրաժեշտության դեպքում).

գ) սահմանում են (անհրաժեշտության դեպքում) այն պահեստային տարածքներին ներկայացվող պահանջները, որոնցում դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է դրոշմավորել ապրանքները՝ դրանք «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո, և (կամ) սահմանում են (անհրաժեշտության դեպքում) այդ պահեստային տարածքների ցանկը.

դ) սահմանում են դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և թողարկողների կողմից (անհրաժեշտության դեպքում) իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ տեղեկությունները փոխանցելու ժամկետները՝ ի լրումն Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված պահանջների.

ե) սահմանում են (անհրաժեշտության դեպքում) դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման կարգը՝ ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունելու դեպքում.

զ) ի լրումն սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի երրորդից յոթերորդ պարբերություններում նշված գործողությունների (շրջանառության փուլերի)՝ սահմանում են (անհրաժեշտության դեպքում) այնպիսի գործողություններ (շրջանառության փուլեր), որոնց իրականացման դեպքում դրոշմավորված ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ պարտականություն է առաջանում իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մասով, ինչպես նաև սահմանում են այդ տեղեկությունների ձևաչափին, կազմին, կառուցվածքին ու փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան.

է) սահմանում են (անհրաժեշտության դեպքում) դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ այն տեղեկությունների լրացուցիչ կազմը, որոնց հասանելիության տրամադրումը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց ապահովվում է անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Հանձնաժողովի կողմից, ի թիվս այլնի, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով.

ը) սահմանում են ապրանքների դրոշմավորմանը ներկայացվող այլ պահանջներ ու պայմաններ, որոնք չեն հակասում սույն համաձայնագրի դրույթներին և Հանձնաժողովի՝ դրան համապատասխան ընդունված ակտերին:

Հոդված 7

  

1. Անդամ պետությունները Հանձնաժողովին ծանուցում են իրենց տարածքներում այն ապրանքների դրոշմավորում սահմանելու մտադրությունների առկայության մասին, որոնք Միության շրջանակներում ենթակա չեն դրոշմավորման, ինչպես նաև ներկայացնում են տեղեկություններ այդպիսի ապրանքների և հնարավորության դեպքում՝ նույնականացման միջոցների վերաբերյալ, ապրանքների վրա դրանց զետեղման եղանակների և ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթվի վերաբերյալ:

2. Հանձնաժողովը մեկ կամ մի քանի անդամ պետություններից սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս անդամ պետություններին և հարցը ներառում է Հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ծանուցումն ուղարկելու օրվանից երեք ամսվա ընթացքում Հանձնաժողովի խորհրդի կողմից չի ընդունվում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ որոշումը՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, անդամ պետություններն իրենց տարածքում կարող են կիրառել ապրանքների դրոշմավորում՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում ապրանքների դրոշմավորման վրա, որը անդամ պետությունների կողմից, իրենց օրենսդրությանը համապատասխան, կիրառվում է իրենց տարածքում՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ։

4. Միևնույն ապրանքների առնչությամբ դրոշմավորում սահմանելու՝ երկու և ավելի անդամ պետությունների մտադրությունների, ինչպես նաև դրոշմավորում սահմանելիս սույն համաձայնագրի դրույթներով ղեկավարվելու և իրավասու (լիազորված) մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու մտադրության առկայության դեպքում անդամ պետությունները Հանձնաժողովին կարող են ուղարկել հարցում՝ այդպիսի փոխգործակցություն իրականացնելու համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգն օգտագործելու մասին: Հանձնաժողովի կոլեգիան անհրաժեշտության դեպքում ընդունում է համապատասխան որոշումներ:

Հոդված 8

Ապրանքների դրոշմավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում՝

Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու նպատակով մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վրա.

մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների վրա՝ դրանց փոխադրման ժամանակ.

Միության մարմինների ակտերի, ինչպես նաև անդամ պետությունների՝ ստանդարտացման բնագավառում նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով փորձարկումների անցկացման համար նախատեսված՝ ապրանքների անհրաժեշտ քանակությամբ փորձանմուշների ու նմուշների վրա՝ դրանց պահպանության ու փոխադրման ժամանակ.

միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ ու ցուցանմուշներ ներմուծվող ապրանքների վրա, որոնք նախատեսված չեն իրացման (վաճառքի) համար.

անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) և միջազգային տեխնիկական օգնություն հանդիսացող ապրանքների վրա.

մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների վրա՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում, և դրանց՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող պահպանության ու փոխադրման ժամանակ.

ապրանքների վրա՝ անմաքս առևտրի խանութներում դրանց իրացման (վաճառքի) ժամանակ.

մաքսային հսկողության գոտիներում մաքսային հսկողության ներքո, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պահվող ապրանքների վրա.

ապրանքների վրա՝ տվյալ ապրանքներն արտադրողների կողմից դրանց պահպանության ու օգտագործման ժամանակ.

ապրանքների վրա՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից՝ այդ ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ստացված ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից դրանց պահպանության ժամանակ, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախքան այդ ապրանքներն իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք իրացման (վաճառքի) վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ իրացման (վաճառքի) վայրում դրանց մասին տեղեկություններ տրամադրելը.

բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամտի վերածված ապրանքների վրա և այնպիսի ապրանքների վրա, որոնց վրա բռնագանձում տարածելն իրականացվում է չկատարված այն պարտավորությունների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետության հարկային և մաքսային օրենսդրությամբ՝ դրանց ձեռքբերման, պահպանության, փոխադրման, իրացման (վաճառքի) և օգտագործման ժամանակ, ինչպես նաև ոչնչացման ենթակա ապրանքների վրա՝ դրանց պահպանության ու փոխադրման ժամանակ.

որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքների վրա՝ դրանց պահպանության, փոխադրման և օգտագործման ժամանակ.

դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց առընթեր՝ պետությունների ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների վրա՝ դրանց պահպանության, փոխադրման և օգտագործման ժամանակ.

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող և նրանց կողմից անձնական օգտագործման համար ձեռք բերված ապրանքների վրա՝ դրանց պատասխանատու պահպանության և դրանց իրացման (վաճառքի) հետ չկապված այլ ծառայությունների մատուցման ժամանակ.

միջազգային չվերթներ իրականացնող օդային, ծովային և գետային նավերով, ինչպես նաև միջազգային չվերթներ իրականացնող և անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս կազմավորվող գնացքների վագոն-ռեստորաններում, կուպե-բուֆետներում, կուպե-բարերում Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վրա՝ դրանց պահպանության, փոխադրման, իրացման (վաճառքի) և օգտագործման ժամանակ:

 

Հոդված 9

Ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից՝

նույնականացման միջոցների կամ նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների պատրաստում և (կամ) վերարտադրում և (կամ) իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին իրացում (վաճառք) իրականացնող թողարկողներն էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում գրանցված (հավատարմագրված) են այդ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ նույնականացման միջոցների և (կամ) նյութական կրիչների պատրաստման և (կամ) վերարտադրման և (կամ) իրացման (վաճառքի) մասին.

Միության մաքսային տարածք այն ապրանքների ներմուծում և (կամ) արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց առնչությամբ որոշում է ընդունվել դրոշմավորում սահմանելու վերաբերյալ, այդ ապրանքները սահմանված կարգով դրոշմավորում են նույնականացման միջոցներով և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում գրանցված (հավատարմագրված) են այդ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների մասին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, սակայն նախքան այդ ապրանքներն իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք իրացման (վաճառքի) վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ իրացման (վաճառքի) վայրում դրանց մասին տեղեկություններ տրամադրելը.

դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված (հավատարմագրված) են, այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա սահմանված կարգով զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների մասին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, սակայն նախքան այդ ապրանքներն իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք իրացման (վաճառքի) վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ իրացման (վաճառքի) վայրում դրանց մասին տեղեկություններ ներկայացնելը.

այն դեպքում, երբ նախատեսված է դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորում, այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքների մնացորդները սահմանված կարգով դրոշմավորում են նույնականացման միջոցներով և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչներով և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված (հավատարմագրված) են, զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների մասին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, սակայն նախքան այդ ապրանքներն իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք իրացման (վաճառքի) վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ իրացման (վաճառքի) վայրում դրանց մասին տեղեկություններ ներկայացնելը.

գնորդների կողմից վերադարձված, դրոշմավորման ենթակա ապրանքների առևտուր և (կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքներն իրացման (վաճառքի) համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք իրացման (վաճառքի) վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ իրացման (վաճառքի) վայրում դրանց մասին տեղեկություններ ներկայացնելը, սահմանված կարգով դրոշմավորում են այդ ապրանքները նույնականացման միջոցներով և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչներով և զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված (հավատարմագրված) են.

դրոշմավորված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված նույնականացման միջոցների և (կամ) նույնականացման միջոցներ պարունակող նյութական կրիչների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված (հավատարմագրված) են, եթե այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված (հավատարմագրված) են։

Հոդված 10

  

1. Անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններն անդամ պետությունների իրավապահ և (կամ) հսկողություն իրականացնող այլ մարմինների հետ համատեղ ապահովում են դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

2. Սույն համաձայնագրի կատարման նկատմամբ մոնիթորինգ և հսկողություն, անդրսահմանային առևտրի ժամանակ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրելու նպատակով ապահովվում է տեղեկատվական փոխգործակցություն անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի շրջանակներում:

3. Անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն ապահովվում է ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի փոխգործակցության միջոցով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ:

4. Դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ պատասխանատվություն են նախատեսում սույն համաձայնագրով սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

  

Հոդված 11

  

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից դրա դրույթները տարածվում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303 10 901 0 — 4303 10 906 0 և 4303 10 908 0 ստորաենթադիրքեր) ապրանքային դիրքի համաձայն հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման վրա։

2. Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303 10 901 0 — 4303 10 906 0 և 4303 10 908 0 ստորաենթադիրքեր) ապրանքային դիրքը կարգավորող՝ Հանձնաժողովի որոշումները, որոնք գործում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և կիրառվում են սույն համաձայնագրին չհակասող մասով:

3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է հետևյալ միջազգային պայմանագրերի գործողությունը՝

««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագիր.

««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրություն՝ ստորագրված 2016 թվականի նոյեմբերի 23-ին:

Հոդված 12

  

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

Հոդված 13

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

Հոդված 14

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

  

Հոդված 15

  

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Կատարված է Ալմաթի քաղաքում 2018 թվականի փետրվարի 2–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

   

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝