Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.13
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
24.12.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Որոշումն ընդգրկված է « ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի նախադեպային որոշումների շտեմարանի ցանկում:


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0065/01/17 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0065/01/17

ԱՎԴ/0065/01/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

Մ. Պապոյան

Ռ. Բարսեղյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ' դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

    Ս. Օհանյանի
   
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ` դատախազ  Գ. ԽԱՉԻԿՅԱՆԻ

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Գևորգի Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 35100516 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Արտակ Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի օգոստոսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով Արտակ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` բժշկական գործունեության իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով։

3. Մեղադրող Գ.Խաչիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը բեկանել է և փոփոխել, ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գևորգյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

5. 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Գևորգյանի դիմումը, որով վերջինս խնդրել է իր նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) և ազատել նշանակված պատժից1:

6. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ չի առարկում Արտակ Գևորգյանի նկատմամբ համաներման կիրառմանը2:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, 2006թ. ապրիլի 3-ից թիվ 143 հրամանով աշխատանքի ընդունվելով «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ 2011թ. ապրիլի 1-ի թիվ 49 հրամանով ընդգրկված լինելով ընկերության շտապ օգնության ֆելդշերական բրիգադի կազմում` որպես բժիշկ, 2016թ. նոյեմբերի 3-ին, ըստ սահմանված գրաֆիկի, շտապ օգնության մասում հերթապահություն իրականացնելիս շտապ օգնության կանչով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` դրանց նկատմամբ առաջացրել է Գրիգոր Գրիգորյանի մահը (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ գործն ըստ էության քննելիս հաշվի չեն առնվել պատժի նշանակման արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով որոշման պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ ինքը բնութագրվում է դրական, 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է քրոնիկական մի շարք հիվանդություններով: Ըստ բողոքաբերի, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվեր:

 9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Սակայն, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները4` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։

10.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով], որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(…)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (…) 13-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

(…) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել՝

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

Ներմուծեք նկարագրությունը_2064712. Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]ամաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես՝ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (…) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով՝ հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (…)»5:

12.1 Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։ Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` որպես բժիշկ, ընդգրկված լինելով «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության շտապ օգնության ֆելդշերական բրիգադի կազմում, 2016 թվականի նոյեմբերի 3-ին, ըստ սահմանված գրաֆիկի, շտապ օգնության մասում հերթապահություն իրականացնելիս շտապ օգնության կանչով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով առաջացել է Գրիգոր Գրիգորյանի մահը6:

Առաջին ատյանի դատարանն Ա.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել7։

Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` վերացնելով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը8:

Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Գևորգյանի դիմումը` իր նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու խնդրանքով9, ինչպես նաև այդ կապակցությամբ իր համաձայնությունը հայտնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի դիմումը10:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) ամբաստանյալ Ա.Գևորգյանը մեղադրվում է 2016 թվականի նոյեմբերի 3-ին կատարված հանցագործության մեջ,

բ) ամբաստանյալ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվում է անզգուշությամբ կատարված հանցագործություն, որի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով,

գ) ամբաստանյալ Ա.Գևորգյանը համաձայնություն է հայտնել իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը,

դ) առկա է տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի համաձայնությունը ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը։

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Գևորգյանը մեղադրվում է անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ժամկետով ազատազրկումը, ամբաստանյալը և տուժողի իրավահաջորդը համաձայն են և չեն առարկում Համաներման մասին օրենքի կիրառմանը։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

16. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման։

17. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ամբաստանյալ Ա.Գևորգյանի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Արտակ Գևորգի Գևորգյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշումը բեկանել:

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա Արտակ Գևորգի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել  և քրեական գործի վարույթը կարճել:

3.  Արտակ Գևորգի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1   Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 91:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 103:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 179:

4 Տե'ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։

5 Տե'ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը։

6 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան