Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
12.06.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
12.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0234/01/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0234/01/10

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով Թամո Քալաշյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` Թ.Քալաշյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 (ինը) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` նշանակված պատժին` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը, գումարելով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` առանց գույքի բռնագրավման 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատժից` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը` Թ.Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով, գույքի բռնագրավումով` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, սակայն ոչ ավելի քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափը։

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2009թ. դեկտեմբերի 20-ից։

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին, Մոստաֆա Հասսանի Ադվաին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը, Արսեն Ֆրեդիկի Մելքոնյանը և Արթուր Բախտիբեկի Եղիազարյանը:

2. Ամբաստանյալ Թ.Քալաշյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի և ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ բողոքները մերժվել են` Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

3. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Թ.Քալաշյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի և ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

4. Դատապարտյալ Թամո Քալաշյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Թամո Քալաշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ  «(…) [նա], գործի քննությամբ չպարզված աղբյուրից, իրացնելու նպատակով ձեռք բերած թմրամիջոցի ընդհանուր 1260գ քանակությունից առանձնապես խոշոր չափերի «ափիոն» և քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերած և պահած խոշոր չափերի «մարիխուանա» տեսակների թմրամիջոցները ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հարկադրական բուժման մեջ գտնվող, Հակոբ Հրայրի Հովհաննիսյանին ապօրինի իրացնելու վերաբերյալ հեռախոսակապի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Որից հետո 2009թ. հոկտեմբերին Թամո Քալաշյանը այցելել է նշված կենտրոն, որտեղ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի` 60 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց` յուրաքանչյուր գրամը 12.000 ՀՀ դրամով, և խոշոր չափերի` 6.05 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

«Ափիոն» տեսակի թմրամիջոցի մնացած առանձնապես խոշոր չափերի` 1 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցը 2009թ. հոկտեմբեր ամսվա վերջերին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ապօրինի իրացրել է Խդր Մամոյի Բրոյանին` հետագայում վերջինիս կողմից այլ անձանց իրացնելու և ստացված եկամուտից 5.000 ԱՄՆ դոլար գումարը Թամո Քալաշյանին հանձնելու պայմանով:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Թամո Քալաշյանը հեռախոսակապի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ամբաստանյալ Արսեն Մելքոնյանի հետ, ապա նույն ժամանակահատվածում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ, պարբերաբար` 6-7 անգամ, հանդիպել է վերջինիս, որտեղ 1 գրամը 10.000 ՀՀ դրամով, մաս-մաս, յուրաքանչյուր անգամ 20-30 գրամ քաշով Արսեն Մելքոնյանին, ապօրինի իրացրել է ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի` 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց: (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Թամո Քալաշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում՝ անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության  72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել՝ ավելի քան 10.0 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանվել՝ ավելի քան 12.5 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, խոշոր չափ՝ 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թամո Քալաշյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի ընդհանուր` 1260 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով խոշոր չափի` 6.05 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար5:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Թ.Քալաշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Թ.Քալաշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 6.05 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Թ.Քալաշյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Թ.Քալաշյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Թ.Քալաշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Թամո Քալաշյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու  մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը:

Թ.Քալաշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` hաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Թ.Քալաշյանի անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ Թ.Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝  2  (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Թ.Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ՝ նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, որը չի կարող գերազանցել հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի՝ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար)  ՀՀ դրամ գումարի չափը: Պատժի սկիզբը հաշվել՝  2009 թվականի դեկտեմբերի 20-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ  թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Թամո Ֆայզոյի Քալաշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ` Թամո Ֆայզոյի Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը` մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Թամո Ֆայզոյի Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, որը չի կարող գերազանցել հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափը։

Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի դեկտեմբերի 20-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 40-41:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան