Համարը 
N 2066-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 12.14.20-12.27.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.12.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2066-Ն

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2066-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնելու կանոնները:

2. Մրցույթ անցկացնելու առնչությամբ առաջացող հարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ սույն կարգով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն գնումների մասին օրենսդրությամբ սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4. Պետության տիրապետությանը հանձնված գույքը (այսուհետ՝ գույք) հավատարմագրային կառավարման է հանձնվում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից սույն կարգին համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթները բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր անձանց համար:

6. Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու համար մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով:

7. Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված գործառույթներն իրականացնում են մրցութային հանձնաժողովները, որոնք ձևավորվում են Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից:

8. Մրցույթի մասին հայտարարությունը մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ պարտադիր տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և տեղեկագրում:

9. Մրցույթի մասին հայտարարության մեջ և հրավերում գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված տեղեկություններից բացի նշվում են՝

1) գույքի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ գույքի տեսակը, գտնվելու վայրը, սեփականատերը.

2) հավատարմագրային կառավարման ծրագրին ներկայացվող պահանջները.

3) գույքին առնչվող դատական գործերի վերաբերյալ տեղեկություններ:

10. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող հավատարմագրային կառավարման ծրագիրը պետք է ներառի՝

1) առաջարկություններ գույքի կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների, դրանց կատարման ժամկետների, պահանջվող ֆինանսական միջոցների և աղբյուրների վերաբերյալ.

2) տեղեկություններ անձի տեխնիկական և մասնագիտական ապահովվածության մասին.

3) առաջարկություններ հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի վերաբերյալ.

4) մրցույթի այլ պայմանների վերաբերյալ առաջարկություններ:

11. Անցկացվող մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերը բացվում, գնահատվում և արդյունքներն ամփոփվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից:

13. Մինչև պայմանագիր կնքելը Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր պաշտոնական ինտերնետային կայքում և տեղեկագրում օրենքով սահմանված ժամկետում հրապարակում է պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը:

14. Հայաստանի Հանրապետության դատախազությունը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելուն ուղղված գործողություններ:

15. Պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր պաշտոնական ինտերնետային կայքում և տեղեկագրում օրենքով սահմանված ժամկետում հրապարակում է կնքված պայմանագրի մասին հայտարարություն:

16. Օրենքով նախատեսված հիմքերից մեկով մրցույթը չկայանալու դեպքում գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու նոր մրցույթ անցկացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2066-Ն որոշման

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

[պայմանագրի կնքման ամսաթիվ]

 

[պայմանագրի կնքման վայր]

 

1. Սույն պայմանագիրը կնքվել է հետևյալ կողմերի միջև`

1.1. Կառավարման հիմնադիր՝ Հայաստանի Հանրապետություն, ի դեմս Հայաստանի Հանրապետության դատախազության, և

1.2. Հավատարմագրային կառավարիչ՝ [կառավարչի տվյալները]

հետևյալի մասին՝

 

I. Պայմանագրի առարկան

 

2. Կառավարման հիմնադրի տիրապետությանն է անցել սույն պայմանագրի 1-ին հավելվածում նկարագրված գույքը (այսուհետ՝ գույք), որի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում։

3. Սույն պայմանագրի 2-րդ կետում նկարագրված նպատակով կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարչին է հանձնում գույքը, իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ի շահ կառավարման հիմնադրի իրականացնել այդ գույքի կառավարումը՝ համաձայն սույն պայմանագրի 2-րդ հավելվածում նկարագրված կառավարման ծրագրի։

 

II. Կառավարման ժամկետները

 

4. Սույն պայմանագրով գույքը հավատարմագրային կառավարման է հանձնվում [հավատարմագրային կառավարման ժամկետը]։

5. Կառավարման հիմնադիրը կարող է ցանկացած պահի հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին [օրերի քանակը] օր առաջ ծանուցելով հավատարմագրային կառավարչին, եթե վերացել է սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված նպատակը։

6. Պայմանագիրը դադարելու դեպքում հավատարմագրային կառավարիչը [օրերի քանակը] օրվա ընթացքում հավատարմագրային կառավարման հանձնված գույքը հանձնման-ընդունման արձանագրությամբ փոխանցում է կառավարման հիմնադրին:

 

III. Գույքի հանձնումը

 

7. Սույն պայմանագրի կնքման պահից [օրերի քանակը] օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը գույքը հանձնում է հավատարմագրային կառավարչին։

8. Գույքի հանձնումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությամբ, որում նշվում են արձանագրության կազմման ամսաթիվը, գույքի գտնվելու վայրը, կազմը և վիճակը հանձնման պահին։

 

IV. Գույքի կառավարումը

 

9. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնել գույքի կառավարման առնչությամբ այնպիսի գործողություններ, որոնք բխում են սույն պայմանագրի 2-րդ հավելվածում նկարագրված կառավարման ծրագրից։ [դրամական արժեքը] գերազանցող արժեքով գործարքները հավատարմագրային կառավարչի կողմից կնքվում են կառավարման հիմնադրի նախնական գրավոր համաձայնությամբ։

10. Գույքի կառավարման ընթացքում ստացված շահույթը ենթակա է տնօրինման սույն պայմանագրի 2-րդ հավելվածում նկարագրված կառավարման ծրագրի կանոններով, իսկ այդպիսի կանոնների բացակայության դեպքում՝ կառավարման հիմնադրի հետ համաձայնեցված եղանակով։

11. Կառավարման հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը:

12. Հավատարմագրային կառավարիչը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 5-ը կառավարման հիմնադրին ներկայացնում է գույքի կառավարման ուղղությամբ իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

13. Եթե կառավարման հիմնադիրը [ժամանակահատվածի տևողությունը] ընթացքում չի ընդունում ներկայացված հաշվետվությունը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և նշված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարչին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ծառայությունների ընդունման փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը։

14. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է չհրապարակել կամ այլ կերպ երրորդ անձանց չփոխանցել գույքի կառավարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները, որոնք երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք, առկա չէ դրանք օրինական հիմքերով ազատորեն ստանալու հնարավորություն, և գույքի վերաբերյալ տեղեկություններ ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

 

V. Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը

 

15. Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը և իրականացված ծախսերի փոխհատուցումն իրականացվում են [ժամանակահատվածի տևողությունը] կտրվածքով՝ հավատարմագրային կառավարչի կողմից ներկայացված հաշիվապրանքագրի հիման վրա։

16. Հավատարմագրային կառավարչի վարձատրության և կառավարման համար անհրաժեշտ ծախսերի (մասին՝ պայմանագրի գին) չափը սահմանվում է սույն պայմանագրի 2-րդ հավելվածում նկարագրված կառավարման ծրագրով։

17. Կառավարման հիմնադրի կողմից ենթակա են փոխհատուցման հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված այն ծախսերը, որոնք նախատեսված են սույն պայմանագրի 2-րդ հավելվածում նկարագրված կառավարման ծրագրով կամ նախապես համաձայնեցվել են կառավարման հիմնադրի հետ։

18. Կառավարման հիմնադրի կողմից վարձատրության վճարումը և կրած ծախսերի փոխհատուցումն իրականացվում են հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո [ժամկետի տևողությունը] ընթացքում՝ պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովելով տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը։

19. Սույն պայմանագրի 5-րդ կետով նախատեսված դեպքում կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարչին վճարվում է մինչև պայմանագրի դադարումն իրականացված գործողությունների վարձատրությունը և կրած ծախսերի փոխհատուցումը, ինչպես նաև [ժամանակահատվածի տևողությունը] համար նախատեսված վարձատրությանը համարժեք գումար։

 

VI. Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը

 

20. Հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում՝ եթե պարտավորությունների խախտումը տեղի է ունեցել հավատարմագրային կառավարչի գործակալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում։ Ընդ որում, պայմանագրի կատարման ընթացքում հավատարմագրային կառավարչի գործակալի փոփոխման դեպքում հավատարմագրային կառավարիչը գրավոր տեղեկացնում է կառավարման հիմնադրին՝ տրամադրելով գործակալության պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

21. Համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ կառավարման հիմնադրի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։

22. Հավատարմագրային կառավարիչը, ի ապահովումն պատճառված վնասների հատուցման, որոնք կարող են առաջանալ սույն պայմանագրի ոչ պատշաճ կատարմամբ, ներկայացնում է [ապահովման միջոցը], որը կցվում է սույն պայմանագրին՝ որպես 3-րդ հավելված։

23. Հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կիրառվում է տուգանք պայմանագրի ընդհանուր գնի 0.5 տոկոսի չափով։ Տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն կառավարման հիմնադրի կողմից պայմանագրի արդյունքը չընդունելու դեպքում: Եթե պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը։ Եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ։

24. Հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ պայմանագրի չկատարված մասի գնի 0.05 տոկոսի չափով:

 

VII. Պայմանագրի փոփոխումը և լուծումը

 

25. Սույն պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել՝ նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ։

26. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, հավատարմագրային կառավարիչը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո կառավարման հիմնադիրը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, կառավարման հիմնադիրը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով հավատարմագրային կառավարչի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով կառավարման հիմնադրի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է: Սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում հսկողություն և (կամ) վերահսկողություն իրականացնող մարմինները, իսկ մյուս դեպքերում կառավարման հիմնադիրն այդ մասին ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս և հավատարմագրային կառավարչին ներկայացնելով հիմքերը։

27. Հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը կառավարման հիմնադիրը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Հավատարմագրային կառավարիչը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև հավատարմագրային կառավարչի էլեկտրոնային փոստին:

28. Եթե պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա հետագա ծառայությունների մատուցումն իրականացվում է համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա կառավարման հիմնադրի կողմից համաձայնագիր կնքվում է, եթե հավատարմագրային կառավարչի կողմից տուժանքի ձևով ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումները` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում են բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով՝ հաշվի առնելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Ընդ որում, հավատարմագրային կառավարիչը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովումների փոխարինման դեպքում նաև նոր ապահովումները կառավարման հիմնադրին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում պայմանագիրը կառավարման հիմնադրի կողմից միակողմանիորեն լուծվում է։

 

VIII. Այլ պայմաններ

 

29. Սույն պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով։ Սույն պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

30. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը։

31. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել կառավարման հիմնադրին։

32. Սույն պայմանագրով նախատեսված ծանուցումներն ուղարկվում են սույն պայմանագրի 9-րդ բաժնում նախատեսված հասցեներով։

33. Սույն պայմանագրով նախատեսված հավատարմագրային կառավարման ժամկետը լրանալուց առաջ մեկ ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկից պայմանագրի դադարեցման վերաբերյալ ծանուցում չստացվելու դեպքում հավատարմագրային կառավարման ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով։

34. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, [օրինակների քանակը] օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

 

IX. Կողմերի գտնվելու վայրը, բանկային տվյալները և ստորագրությունները

 

 Կառավարման հիմնադիր

 

[Կառավարման հիմնադրի տվյալներ]

 

 

__________________________

Հավատարմագրային կառավարիչ

 

 [Հավատարմագրային կառավարչի

տվյալներ]

 

__________________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: