Համարը 
N 520-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում 19.04.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 520-Լ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առաջարկել մինչև 2022 թվականի մայիսի 20-ը համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 520-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում աջակցության տրամադրման գործընթացը մեկնարկում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը (այսուհետ՝ ծրագրի իրականացման կարգ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց հետո և տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:

2. Բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը ծրագրի համաձայն սուբսիդավորվում է վարկի գործողության ողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան 7 տարի:

3. Ծրագրի մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ՝ շահառուներ).

2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ), որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

4. Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ֆինանսական կառույցներից ներգրավել են վարկային միջոցներ:

5. Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը ցուցաբերվում է բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով:

6. Ծրագրի իմաստով՝

1) բնակարան (բնակելի տուն) է դիտարկվում գոյություն ունեցող (բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքի բնակարանը կամ անհատական բնակելի տունը.

2) էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝

ա. բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,

բ. բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը.

3) էներգաարդյունավետության չափանիշները սահմանվելու են ծրագրի իրականացման կարգով։

7. Ծրագրի շրջանակներում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.

1) վարկի սահմանաչափը կազմում է՝

ա. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ 1 քառ. մետրի հաշվարկով 70.0 հազ. դրամ, բայց ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,

բ. անհատական բնակելի տների համար՝ 1 քառ. մետրի հաշվարկով 100 հազ. դրամ, բայց ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը.

2) վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով, առավելագույնը 84 ամիս ժամկետով:

8. Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով՝

1) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0% տոկոսադրույքով.

2) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով.

3) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3% տոկոսադրույքով.

4) Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5% տոկոսադրույքով:

9. Վարկի սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ, իսկ վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով:

10. Շահառուի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում շահառուի համար որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն չի կարող սահմանվել կամ կիրառվել:

11. Վարկի տույժերը և տուգանքները ֆինանսավորման ենթակա չեն:

12. Վարկավորման վերաբերյալ որոշումը կայացնում են և ռիսկերը կրում են ֆինանսական կառույցները՝ հաշվի առնելով շահառուների վարկունակության և ռիսկերի գնահատման իրենց ներքին ընթացակարգերը:

13. Վարկի գործողության ընթացքում աջակցության ցուցաբերումը դադարում է՝

1) վարկի ամբողջական մարման դեպքում.

2) շահառուների կողմից ծրագրի իրականացման կարգով սահմանված պահանջների խախտման դեպքում:

14. Շահառուներին, աջակցության դադարեցման հիմքերին, ինչպես նաև աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի վերադարձին, ծրագրի մշտադիտարկմանը, ֆինանսական կառույցների կողմից նախարարություն ներկայացվող հաշվետվություններին վերաբերող պահանջները սահմանվում են ծրագրի իրականացման կարգով։

15. Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

16. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը՝ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական կառույցների կողմից ներկայացված հաշվետվությունները։

17. Նախարարությունը կիսամյակային պարբերականությամբ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ