Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Միջազգային պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367
Ընդունման վայրը 
Հռոմ
Ընդունող մարմինը 
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.11.1950
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

(4-ը նոյեմբերի, 1950 թ., Հռոմ)

Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,

կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,

համակված վճռականությամբ՝ որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 11. Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը

Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:

ԲԱԺԻՆ I1

Իրավունքներ ԵՎ ազատություններ

Հոդված 21. Կյանքի իրավունք

1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով  նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

Հոդված 32. Խոշտանգումների արգելում

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 41. Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:

2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝

ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,

բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,

գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,

դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

Հոդված 51. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Հոդված 63. Արդար դատաքննության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի  կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր  ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։

Հոդված 74. Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա

1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական  հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական  հանցագործության կատարման պահին։

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է  քրեական հանցագործություն:

Հոդված 81. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Հոդված 91. Մտքի, խղճի և կրոնի ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։

Հոդված 101. Արտահայտվելու ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

Հոդված 115. Հավաքների և միավորման ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

Հոդված 121. Ամուսնության իրավունք

Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 131. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք

Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Հոդված 141. Խտրականության արգելում

Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Հոդված 151. Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում

1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:

2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:

Հոդված 161. Օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակում

10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներում ոչինչ չի կարող խոչընդոտել Բարձր պայմանավորվող կողմերին` սահմանափակումներ նախատեսելու օտարերկրացիների քաղաքական գործունեության համար:

Հոդված 176. Իրավունքների չարաշահման արգելում

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան  նախատեսված է Կոնվենցիայով:

Հոդված 181 Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները

Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:

ԲԱԺԻՆ II7

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոդված 19. Դատարանի հիմնումը

Սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետև` Դատարան): Այն գործում է մշտական հիմունքով:

Հոդված 20. Դատավորների թիվը

Դատարանի դատավորների թիվը հավասար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին:

Հոդված 21. Դատավորներին ներկայացվող պահանջները

1. Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։

2. Դատավորները Դատարանի աշխատանքին մասնակցում են անձամբ։

3. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ. սույն կետի դրույթների կիրառման առնչությամբ ծագող հարցերը լուծում է Դատարանը։

Հոդված 22. Դատավորների ընտրությունները

1. Խորհրդարանական վեհաժողովն ընտրում է յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի դատավորին Բարձր պայմանավորվող կողմի առաջադրած երեք թեկնածուների ցուցակից` քվեների մեծամասնությամբ։

2. Նույն ընթացակարգը կիրառվում է նոր Բարձր պայմանավորվող կողմի միանալու դեպքում Դատարանի կազմը, ինչպես և առաջացող թափուր տեղերը համալրելիս։

Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը

1. Դատավորներն ընտրվում են վեց տարի ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։ Սակայն առաջին ընտրության ժամանակ ընտրված դատավորների կեսի պաշտոնավարության ժամկետը  երեք տարի է։

2.  Դատավորները, որոնց պաշտոնավարության ժամկետը պետք է լրանա առաջին երեք տարվա ավարտին, որոշվում են իրենց ընտրվելուց անմիջապես հետո` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող վիճակահանությամբ։

3. Յուրաքանչյուր երեք տարին մեկ Դատարանի կազմի, ըստ հնարավորին, կիսով չափ նորացումն ապահովելու նպատակով Խորհրդարանական վեհաժողովը կարող է մինչև ցանկացած հաջորդ ընտրություններն անցկացնելը որոշում ընդունել, որ մեկ կամ մի քանի ընտրվող դատավորների պաշտոնավարության ժամկետը կամ ժամկետները լինեն այլ, քան վեց տարին է, բայց ամեն դեպքում ոչ ավելի, քան ինը և ոչ պակաս, քան երեք տարի։

4. Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնավարության մեկից ավելի ժամկետի, և Խորհրդարանական վեհաժողովը կիրառում է նախորդ կետի դրույթները, պաշտոնավարության ժամկետը որոշում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը՝ ընտրություններից անմիջապես հետո անցկացվող վիճակահանությամբ։

5. Այն դատավորը, որն ընտրվել է պաշտոնավարության ժամկետը դեռևս չլրացած դատավորին փոխարինելու համար, այդ պաշտոնն զբաղեցնում է նախորդ դատավորի լիազորությունների ժամկետից մնացած ժամանակահատվածում։

6. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին։

7. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, փոխարինվելուց հետո շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։

Հոդված 24. Պաշտոնից հեռացնելը

Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ նա այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

Հոդված 25. Գրասենյակը և իրավական հարցերով քարտուղարները

Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով։ Դատարանն օգտվում է իրավական հարցերով քարտուղարների ծառայություններից։

Հոդված 26. Դատարանի լիագումար նիստերը

Լիագումար նիստերում Դատարանը՝

ա. ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ. ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով,

գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե. ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ։

Հոդված 27. Կոմիտեները, Պալատները և Մեծ պալատը

1. Իրեն հանձնված գործերը քննելու համար Դատարանը նիստեր գումարում է երեք դատավորից կազմված կոմիտեներում, յոթ դատավորից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորից կազմված Մեծ պալատում։ Դատարանի Պալատները որոշակի ժամկետով կազմում են կոմիտեներ։

2. Շահագրգիռ մասնակից պետությունից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է.  նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե նա չի կարող մասնակցել նիստին, այդ պետությունը նշանակում է որևէ այլ անձի, որը հանդես է գալիս որպես դատավոր։

3. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին, բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ մասնակից կողմի դատավորի:

Հոդված 28. Կոմիտեների հայտարարությունները գանգատի անընդունելիության մասին

Կոմիտեն միաձայն որոշմամբ կարող է անընդունելի հայտարարել 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման: Այդ որոշումը վերջնական է:

Հոդված 29. Պալատների որոշումները գանգատի ընդունելիության մասին և ըստ էության

1. Եթե 28-րդ հոդվածին համապատասխան որոշում չի ընդունվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:

2. Պալատը որոշում է կայացնում 33-րդ հոդվածին համապատասխան պետության ներկայացրած գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:

3. Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:

Հոդված 30. Ընդդատության զիջումը Մեծ պալատին

Եթե Պալատի քննության ներքո գտնվող գործը հանգեցնում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն առնչվող լուրջ հարցի, կամ եթե Պալատի քննության ներքո գտնվող հարցի լուծումը կարող է հակասել Դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանը, Պալատը կարող է, մինչև իր որոշումը կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում:

Հոդված 31. Մեծ պալատի լիազորությունները

Մեծ պալատը՝

ա. քննության է առնում 33-րդ կամ 34-րդ հոդվածներին համապատասխան ներկայացված գանգատները, եթե Պալատը 30-րդ հոդվածի դրույթների հիման վրա զիջել է ընդդատությունը, կամ եթե գործը նրան է հանձնվել 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,

բ. քննության է առնում խորհրդատվական եզրակացություններ տալու մասին 47-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներկայացված խնդրանքները:

Հոդված 32. Դատարանի իրավազորությունը

1. Դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում:

2. Դատարանի իրավազորության շուրջ եղած վեճի դեպքում հարցը լուծում է Դատարանը:

Հոդված 33. Միջպետական գործեր

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ:

Հոդված 34. Անհատական գանգատները

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Հոդված 35. Ընդունելիության պայմանները

1. Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:

2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն՝

ա. անանուն է կամ, 

բ. ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:

3. Դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում:

Հոդված 36. Երրորդ կողմի մասնակցությունը

1. Պալատի կամ Մեծ պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործի կապակցությամբ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որի քաղաքացին է դիմողը, իրավունք ունի ներկայացնելու գրավոր դիտողություններ և մասնակցելու լսումներին:

2. Ելնելով արդարադատությունը պատշաճ կերպով իրականացնելու շահերից` Դատարանի նախագահը կարող է ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի, որը գործի կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ անձի, որը դիմող չէ, հրավիրել` ներկայացնելու գրավոր դիտողություններ կամ մասնակցելու լսումներին:

Հոդված 37. Գանգատը ցուցակից հանելը 

1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա:

Հոդված 38. Գործի քննությունը և բարեկամական կարգավորման ընթացակարգը

1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա՝

ա. նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները,

բ. իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով։

2. 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան իրականացվող քննությունը խորհրդապահական է։

Հոդված 39. Բարեկամական կարգավորում ձեռք բերելը

Բարեկամական կարգավորման դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։

Հոդված 40. Դռնբաց լսումները և փաստաթղթերի մատչելիությունը

1. Լսումները դռնբաց են, եթե Դատարանը բացառիկ հանգամանքներում այլ որոշում չի ընդունում։

2. Քարտուղարությանն ի պահ հանձնված փաստաթղթերը մատչելի են հանրությանը, եթե Դատարանի նախագահը այլ որոշում չի ընդունում։

Հոդված 41. Արդարացի բավարարումը

Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

Հոդված 42. Պալատների վճիռները

Պալատների վճիռները վերջնական են դառնում 44-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան։

Հոդված 43. Գործի հանձնումը Մեծ պալատին

1. Պալատի` վճիռ կայացնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում գործի ցանկացած կողմ բացառիկ դեպքերում կարող է պահանջել, որ գործը հանձնվի Մեծ պալատին։

2. Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբն ընդունում է պահանջը, եթե գործն արծարծում է այնպիսի լուրջ հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ՝ ընդհանուր կարևորության այլ լուրջ հարց։

3. Եթե հանձնախումբն ընդունում է պահանջը, ապա Մեծ պալատը գործը լուծում է՝ վճիռ կայացնելով։

Հոդված 44. Վերջնական վճիռները

1. Մեծ պալատի վճիռը վերջնական է։

2. Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե՝

ա. կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ

բ. վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ

գ. Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը։

3. Վերջնական վճիռը ենթակա է հրապարակման։

Հոդված 45. Վճիռների և որոշումների պատճառաբանումը

1. Ինչպես վճիռները, այնպես էլ գանգատների ընդունելիության կամ անընդունելիության մասին որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե վճիռը ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Հոդված 47. Խորհրդատվական եզրակացությունները

1. Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի առնչությամբ:

2. Նման եզրակացությունները չպետք է շոշափեն այն հարցերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի I բաժնում և նրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների կամ ազատությունների բովանդակությանը կամ ընդգրկմանը, կամ` ցանկացած այլ հարց, որը Դատարանը կամ Նախարարների կոմիտեն կարող էին քննարկել ցանկացած այնպիսի լսումների արդյունքում, որոնք կարող էին տեղի ունենալ Կոնվենցիային համապատասխան:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացություն խնդրելու մասին Նախարարների կոմիտեի որոշումն  ընդունվում է կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների քվեների մեծամասնությամբ:

Հոդված 48. Դատարանի խորհրդատվական իրավազորությունը

Դատարանը որոշում է, թե արդյոք խորհրդատվական եզրակացության համար Նախարարների կոմիտեի ներկայացրած խնդրանքը 47-րդ հոդվածով սահմանված իր իրավասության շրջանակում է:

Հոդված 49. Խորհրդատվական եզրակացությունների պատճառաբանությունը

1. Դատարանի խորհրդատվական եզրակացությունները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե խորհրդատվական եզրակացությունն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացությունն ուղարկվում է Նախարարների կոմիտե:

Հոդված 50. Դատարանի պահպանման ծախսերը

Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

Հոդված 51. Դատավորների արտոնություններն ու անձեռնմխելիությունը

Դատավորներն իրենց գործառույթները կատարելու ընթացքում օգտվում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից։

Բաժին III8 9

Այլ դրույթներ

Հոդված 521. Գլխավոր քարտուղարի պահանջները

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, ի պատասխան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջի, ներկայացնում է պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով իր ներպետական իրավունքն ապահովում է Կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը։

Հոդված 531. Մարդու առկա իրավունքների երաշխավորումը

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մարդու այն իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակում կամ շեղում, որոնք կարող են երաշխավորվել ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությամբ կամ նրա մասնակցությամբ որևէ այլ համաձայնագրով:

Հոդված 541. Նախարարների կոմիտեի լիազորությունները

Սույն Կոնվենցիայում ոչինչ ի վնաս չէ Նախարարների կոմիտեի լիազորություններին, որոնք նրան վերապահված են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությամբ:

Հոդված 551. Վեճերի կարգավորման այլ միջոցներից հրաժարվելը

Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ, բացառությամբ հատուկ համաձայնագրի, իրենք չեն օգտվի իրենց միջև գործող պայմանագրերից, կոնվենցիաներից կամ հռչակագրերից՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճը գանգատի միջոցով կարգավորման այլ միջոցների ներկայացնելու նպատակով, քան նրանք, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:

Հոդված 5610. Տարածքային կիրառումը

1.11 Ցանկացած պետություն վավերացնելիս կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

2. Կոնվենցիայի գործողությունը ծանուցագրի մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա տարածվում է այդ ծանուցագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 30-րդ օրվանից:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները հիշյալ տարածքներում կիրառվում են՝ պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները:

4.2 Ցանկացած պետություն, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություն է արել, հետագայում ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է այդ հայտարարությունը, հայտարարել, որ ինքը ճանաչում է անհատներից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից գանգատներ ստանալու Դատարանի իրավասությունը, ինչպես դա նախատեսված է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հոդված 571. Վերապահումները

1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրն ի պահ հանձնելիս կարող է վերապահում անել Կոնվենցիայի ցանկացած դրույթի վերաբերյալ` այն առումով, որ այդ ժամանակ իր տարածքում գործող այս կամ այն օրենքը չի համապատասխանում այդ դրույթին: Սույն հոդվածը ընդհանուր բնույթի վերապահումներ չի թույլատրում:

2. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ցանկացած վերապահում պետք է բովանդակի համապատասխան օրենքի հակիրճ շարադրանքը:

Հոդված 581. Չեղյալ հայտարարումը

1. Բարձր պայմանավորվող կողմը կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել Կոնվենցիային մասնակից դառնալու պահից սկսած հինգ տարի անց միայն և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելու պահից սկսած վեց ամիսը լրանալուց հետո. Գլխավոր քարտուղարն այդ մասին իրազեկ է պահում մյուս Բարձր պայմանավորվող կողմերին:

2. Չեղյալ հայտարարելը համապատասխան Բարձր պայմանավորվող կողմին չի ազատում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից ցանկացած գործողության կապակցությամբ, որը կարող էր այդ պարտավորությունների խախտում լինել և նրա կողմից կատարվել մինչև չեղյալ հայտարարման  ուժի մեջ մտնելու ժամկետը:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց, նույն պայմաններով դադարում է սույն Կոնվենցիային մասնակից լինելուց:

4.12 Կոնվենցիան կարող է, նախորդ կետերի դրույթներին համապատասխան, չեղյալ հայտարարվել ցանկացած տարածքի նկատմամբ, որի վրա տարածվում է նրա գործողությունը 56-րդ հոդվածի դրույթների համաձայն:

Հոդված 5913. Ստորագրումը և վավերացումը

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո:

3. Կոնվենցիան ստորագրած այն պետությունների համար, որոնք Կոնվենցիան վավերացնելու են հետագայում, վերջինս ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերն ի պահ հանձնելու ամսաթվից:

4. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին ծանուցում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վավերացրած Բարձր պայմանավորվող կողմերի և բոլոր այն վավերագրերը ի պահ հանձնվելու մասին, որոնք կարող են ստացվել հետագայում:

Կնքված է Հռոմում 1950 թ. նոյեմբերի 4-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն,  երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:

_________________

* Կոնվենցիայի տեքստը փոփոխված է համաձայն 1970 թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտած 3-րդ Արձանագրության, 1971 թ. դեկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած 5-րդ Արձանագրության և 1990 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած 8-րդ Արձանագրության, որը ընդգրկում է նաև 2-րդ Արձանագրության տեքստը, դրույթները, որը 1970 թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտնելուց հետո նրա 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն է: Բոլոր դրույթները, որոնք լրացվել կամ փոփոխվել են այս Արձանագրություններով, փոխարինված են 1998 թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած 11-րդ Արձանագրությամբ: Վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել 1994 թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած 9-րդ Արձանագրությունը և 10-րդ Արձանագրությունը կորցնում է իր նպատակը:

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

2  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

3  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

4  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

5  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

6  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

7  Նոր Բաժին II` 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

8  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

9  Սույն Բաժնի հոդվածները վերահամարակալվել են 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

10 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

11 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

12 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

13 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

(20-ը մարտի, 1952թ., Փարիզ)

Սույն Արձանագրությունը ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են,  քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում արդեն ընդգրկվածները,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1 Սեփականության պաշտպանություն

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։

Հոդված 2 Կրթության իրավունք

Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը։

Հոդված 3 Ազատ ընտրությունների իրավունք

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ՝ ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս։

Հոդված 41 Տարածքային կիրառումը

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն՝ նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություն հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին։
Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։

Հոդված 5 Հարաբերությունը Կոնվենցիային

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար։

Հոդված 6 Ստորագրումը և վավերացումը

Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման  համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո։ Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից։

Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին։

Կատարված է Փարիզում 1952թ. մարտի 20-ին` մեկ օրինակով,  անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում։ Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր կառավարության։

_______________

Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ

1 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Թ Ի Վ  4

Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ որոշ այնպիսի իրավունքների ԵՎ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի ԵՎ նրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

(16-ը սեպտեմբերի, 1963 թ., Ստրասբուրգ)

Սույն Արձանագրությունն ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում և նրան կից՝ 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված թիվ 1 արձանագրության 1-3-րդ հոդվածներում արդեն ընգրկվածները,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1 Պարտքի համար ազատազրկման արգելումը

Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:

Հոդված 2 Տեղաշարժի ազատությունը

1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք։

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ  սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

Հոդված 3 Քաղաքացիների արտաքսման արգելումը

1. Ոչ մեկին չի կարելի անհատապես կամ կոլեկտիվ կերպով արտաքսել այն պետության տարածքից, որի քաղաքացին է նա:

2. Ոչ մեկին չի կարելի զրկել այն պետության տարածք մուտք գործելու իրավունքից, որի քաղաքացին է նա:

Հոդված 4 Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելումը

Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է:

Հոդված 5 Տարածքային կիրառումը

1. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է սույն Արձանագրությունը ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն՝ նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։

2. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա  հայտարարություններ հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին։

3.1 Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։

4. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է  այդ պետության կողմից այն վավերացվելու կամ ընդունվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է սույն հոդվածին համապատասխան այդ պետության հայտարարության ուժով, 2-րդ և 3-րդ հոդվածների նպատակների համար համարվում է ինքնուրույն տարածք:

5.2 Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-4-րդ բոլոր կամ ցանկացած հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։

Հոդված 61 Հարաբերությունը Կոնվենցիային

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

Հոդված 7 Ստորագրումը և վավերացումը

1. Սույն Արձանագրությունը բաց է  Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:

2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1963 թ. սեպտեմբերի 16-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:

__________________

Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:

1 Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Թ Ի Վ  7

Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

(22-ը նոյեմբերի, 1984 թ., Ստրասբուրգ)

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը,

լի վճռականությամբ՝ ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) միջոցով,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1 Օտարերկրացիների արտաքսմանը վերաբերող ընթացակարգային երաշխիքները

1. Որևէ պետության տարածքում  օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման: Նա պետք է հնարավորություն ունենա՝

ա. փաստարկներ ներկայացնելու իր արտաքսման դեմ,

բ. վերանայել տալու իր գործը, և

գ. այդ նպատակով ներկայացվելու իրավասու մարմնի կամ այդ մարմնի նշանակած մեկ կամ մի քանի անձանց առջև:

2. Օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով:

Հոդված 2 Քրեական գործերով գանգատարկման իրավունքը

1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ, կամ երբ տվյալ անձը դատվել է ամենաբարձր ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտված է եղել այդ անձի արդարացման դեմ վճռաբեկ գանգատի քննարկումից հետո:

Հոդված 3 Փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում

Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ  նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

Հոդված 4 Կրկին անգամ չդատվելու և չպատժվելու իրավունքը

1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա։

3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա։

Հոդված 5 Հավասարությունն ամուսինների միջև

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինները հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում։ Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում  ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար։

Հոդված 6 Տարածքային կիրառումը

1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ իր վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց վրա տարածվում է սույն Արձանագրության գործողությունը, և նշել այն ծավալը, որով տվյալ պետությունը պարտավորվում է սույն Արձանագրության դրույթները կիրառել այդ տարածքի կամ տարածքների նկատմամբ։

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ, ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության  կիրառումը տարածել  հայտարարության մեջ նշված  որևէ այլ տարածքի վրա։ Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն  ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որն սկսվում է նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո։

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած  հայտարարություն, որը  վերաբերում է նրանում նշված այս կամ այն  տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել կամ փոփոխվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։ Չեղյալ հայտարարումը կամ փոփոխվելն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որն սկսվում է նման ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետը լրանալուց հետո։

4.1 Սույն  հոդվածի համապատասխան արված հայտարարությունը դիտվում է  որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։

5. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու, ընդունվելու կամ հաստատվելու ուժով, և ցանկացած  տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության` սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով, 1-ին հոդվածում պետության տարածքը վկայակոչելու նպատակով կարող են դիտվել որպես առանձին տարածքներ։

6.2 Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից՝ սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։

Հոդված 7 Հարաբերությունը Կոնվենցիային

Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար։

Հոդված 8 Ստորագրումը և վավերացումը

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու։ Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։

Հոդված 9 Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն  երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետություն, 8-րդ հոդվածի համապատասխան, իրենց համաձայնությունն են հայտնում սույն Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ։

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից։

Հոդված 10 Ավանդապահի գործառույթները

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ծանուցում է՝

ա. ցանկացած ստորագրման մասին, հավանության արժանացման,

բ. վավերագիրը, ընդունման կամ  փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ. 6-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին։

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը։

Կատարված է Ստրասբուրգում 1984 թ. նոյեմբերի 22-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության։

________________

Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:

1 Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն: