Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.08.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԲ-135/07 ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քրեական և զինվորական գործերով
վերաքննիչ դատարանի դատավճիռ
կայացրած դատարանի կազմը

ՎԲ-135/07

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան
Դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ս. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

30 օգոստոսի 2007 թ.

 

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

 

դատախազ՝

Ա. Աշրաֆյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Մարտիկ Հակոբի Բոլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ և 215-րդ հոդվածի 2-րդ մասերով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 6-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Նախաքննության մարմինը 2006 թվականի հունիսի 20-ին Մարտիկ Հակոբի Բոլյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ, 215-րդ հոդվածի 2-րդ մասերով, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2006 թվականի սեպտեմբերի 28-ին ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Մարտիկ Հակոբի Բոլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ, 215-րդ հոդվածի 2-րդ մասերով և դատապարտվել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ հօգուտ ՀՀ-ի բռնագրավելով 250.000 ՀՀ դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական նշանակվել է ազատազրկում 9 (ինը) տարի ժամկետով՝ հօգուտ ՀՀ-ի բռնագրավելով 250.000 ՀՀ դրամ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ա.Վարդանյանը, Վ.Գևորգյանը, Ա. Դավթյանը, Վ.Առաքելյանը, Ս.Խաչատրյանը և Ա.Կարապետյանը:

Մ.Բոլյանի պաշտպան Կ.Քամալյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի մարտի 6-ի դատավճռով Մ. Բոլյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը փոփոխել է. Մարտիկ Հակոբի Բոլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ, 215-րդ հոդվածի 2-րդ մասերով և դատապարտել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական նշանակվել է ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 6-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Մարտիկ Բոլյանը 2006 թվականի մայիս ամսվա վերջին Ագարակ քաղաքի Մեղրու մաքսակետի տարածքում պարսիկ բեռնատարի վարորդից 200 ԱՄՆ դոլարով գնել է 100 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց և նույն օրը, պայմանավորվածության համաձայն, տվել է Սաշա Խաչատրյանին:

2006 թվականի հունիս ամսին Մ.Բոլյանը մեկնել է ԻԻՀ Ջուլֆա քաղաք, որտեղ իր ծանոթ Ջաֆարից Ս.Խաչատրյանի խնդրանքով և նրա տված 600 ԱՄՆ դոլարով գնել է 300 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ջուլֆա քաղաքում Մարտիկ Բոլյանը հանդիպել է իր փեսա Ալեքսան Կարապետյանին, որը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար նրան տվել է ևս 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Սոխի պարկում թաքցրած 500 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը Մ.Բոլյանը ԻԻՀ-ից Մեղրու մաքսակետով՝ թաքցնելով մաքսային հսկողությունից 2006 թվականի հունիս ամսվա սկզբին տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Ագարակ քաղաքում 300 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը նա հանձնել է Սաշա Խաչատրյանին, իսկ 200 գրամը պահել է իրենց տանը:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննությունների ընթացքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մ.Բոլյանը կրկին անգամ ԻԻՀ-ում ապօրինի ձեռք է բերել և իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որից 200 գրամը հայտնաբերվել է նրա բնակարանի թաքստոցից:

Մ.Բոլյանի կողմից թմրամիջոցի իրացմամբ զբաղվելու հանգամանքը հիմնավորվել է ինչպես նրա տան թաքստոցից հայտնաբերված առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի առկայությամբ, այնպես էլ թմրամիջոցը տեղափոխելու և Ս.Խաչատրյանին հանձնելու փաստով: Մինչդեռ վերաքննիչ դատարանը, ճիշտ չգնահատելով վերոհիշյալ հանգամանքներն ու գործի մյուս նյութերը, Մ.Բոլյանի կատարած արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է սխալ եզրակացության:

Գտնելով, որ վերաքննիչ դատարանի կողմից Մարտիկ Բոլյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով վերաորակելը ճիշտ չէ, բողոքի հեղինակը խնդրել է Մարտիկ Հակոբի Բոլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 6-ի դատավճիռը բեկանել և օրինական ուժ տալ նրա նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Բնակչության առողջության պահպանումն ու ամրապնդումը հասարակության կյանքի անբաժանելի պահանջն է: Բնակչության առողջության իրավական պաշտպանության հիմքը ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածում ամրագրված այն դրույթն է, որի համաձայն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Բնակչության առողջության իրավական պաշտպանության ձևերից մեկն էլ քրեաիրավական պաշտպանությունն է, որն իրականացվում է մարդկանց առողջությանը վնաս պատճառող կամ այն վտանգի տակ դնող որոշակի արարքների համար քրեական պատասխանատվություն սահմանելով:

Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, իրացնելու, ինչպես նաև հաշվառելու, բաց թողնելու և գործածելու ապօրինությունը որոշվում է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը ոչ միայն ներպետական, այլև միջազգային խնդիր է, որով էլ պայմանավորված էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կոնվենցիաների ընդունումը. ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիան, ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիան, ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից իր բնույթով և հանրության համար վտանգավորության աստիճանով առանձնանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով սահմանված՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը: Այս հանցագործության հասարակական վտանգավորությունը նրանում է, որ թմրամիջոցների և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառությունը հանգեցնում է դրանց անկառավարելի տարածմանն ու չարաշահմանը և լրջորեն ազդում է բնակչության առողջական վիճակի, սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վրա, բացասաբար անդրադառնում տնտեսության, քաղաքականության և իրավակարգի վրա:

Նշված հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսել իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար: Այս հանցագործության անմիջական օբյեկտը բնակչության առողջության անվտանգությունն է: Միաժամանակ քննարկվող արարքները կարող են ոտնձգել նաև ուրիշ օբյեկտների դեմ, վնաս պատճառել այլ հասարակական հարաբերությունների, ինչպես, օրինակ, թմրամիջոցների և հոգեներգործուն միջոցների շրջանառության սահմանված կարգը, հասարակական անվտանգությունը, պետական ձեռնարկությունների և հիմնարկների կանոնավոր գործունեությունը և այլն:

Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով՝ գործողությամբ: Այն արտահայտվում է իրացման նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելով, վերամշակելով, ձեռք բերելով, պահելով, փոխադրելով, առաքելով կամ դրանք ապօրինի իրացնելով:

Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշված ապօրինի գործողությունները թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի հետ և ցանկանում է դրանք կատարել: Ընդ որում, օրենսդիրը շարժառիթն ու նպատակը չի դասում պարտադիր հատկանիշների շարքը: Այստեղ պարտադիր է ինչպես իրացման նպատակի առկայությունը, այնպես էլ ապօրինի իրացումը:

Իրացման նպատակի տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութերի տարածման ցանկացած եղանակ, այդ թվում նաև նախնական պատվերով: Իրացման նպատակի մասին կարող է վկայել ինչպես ձեռք բերողի (ստացողի, սպառողի) հետ համապատասխան պայմանավորվածության առկայությունը, այնպես էլ գործի մյուս հանգամանքները. թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը դրանք չգործածող անձի կողմից, զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը և այլն: Ընդ որում, հանցավորից առգրավված թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնըստինքյան դրանք իրացնելու անվիճելի ապացույց չէ. դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ:

Ապօրինի իրացումը թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի ցանկացած եղանակով օտարումն է: Ապօրինի իրացման տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի՝ հատուցմամբ կամ անհատույց այլ անձանց հանձնելու, փոխանցելու ցանկացած եղանակ՝ վաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխատվություն, պարտքի մարում, ուրիշի ներարկում և այլն: Իրացման առանձնահատկությունն այն է, որ նշված գործողությունների հետևանքով թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրանում է մեկ այլ անձ, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ձեռք բերող, ստացող կամ գնորդ, սպառող: Ապօրինի իրացումը համարվում է ավարտված, երբ մեկ այլ անձ տիրանում է թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին: Մեկ ուրիշ անձին փոխանցելու եղանակը կարող է տարբեր լինել, սակայն դա արարքի որակման համար նշանակություն չունի: Ապօրինի իրացման հանցակազմի համար նշանակություն չունի, թե թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրացած անձն ինչպես է այն տնօրինելու, դրա հետ վարվելու:

Գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինը Մարտիկ Բոլյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ և 266-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ապօրինի իրացնելու համար:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մ. Բոլյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել վերը նշված հոդվածներով:

Մինչդեռ վերաքննիչ դատարանը գտել է, որ Մ. Բոլյանի գործողություններում առկա են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն դրանք իրացման նպատակ չեն ունեցել: Վերաքննիչ դատարանը դա հիմնավորել է այն բանով, որ Մ. Բոլյանը թմրամիջոցներ ձեռք է բերել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ գործով մյուս դատապարտյալ Սաշա Խաչատրյանի խնդրանքով և նախաձեռնությամբ, որ թմրամիջոց ձեռք բերելու համար Մ. Բոլյանին նախապես գումար է տրամադրել և հայտնել նրան, որ այն անհրաժեշտ է անձնական օգտագործման համար, քանի որ տառապում է ստամոքսի խոցով: Իրանում ապօրինի ձեռք բերելով թմրամիջոցը՝ Մ. Բոլյանն այն պահել է իր ավտոմեքենայում, փոխադրել և հանձնել է Ս. Խաչատրյանին՝ առանց օգուտ ստանալու: Նույն ձևով նա փոխադրել է նաև իր փեսա Ա. Կարապետյանի տված թմրամիջոցը:

Ելնելով վերոգրյալից՝ վերաքննիչ դատարանը Մ. Բոլյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը) և 215-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների մաքսանենգություն):

Սակայն վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման վրա:

Որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելիս սույն գործով դատապարտյալ Սաշա Խաչատրյանը ցուցմունքներ է տվել, որ երբ իր ընկեր Արմեն Վարդանյանի համար թմրամիջոց ձեռք բերելու խնդրանքով դիմել է որպես վարորդ հաճախակի Իրան մեկնող ընկերոջը՝ Մարտիկ Բոլյանին, նա համաձայնել է և ասելով, որ իր մոտ փող չկա, պահանջել է 100 ԱՄՆ դոլար: Այդ գումարը վերցնելուց մեկ շաբաթ անց Մ. Բոլյանը բերել է 100 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց և պահանջել ու ստացել է ևս 100 ԱՄՆ դոլար: Երկրորդ անգամ Մ. Բոլյանը նախապես վերցրել է 600 ԱՄՆ դոլար, որի դիմաց Իրանից բերել է 300 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (հ. 1, գ/թ 35-37, 69-71): Սաշա Խաչատրյանը նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել Արմեն Վարդանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ (հ.2, գ/թ 44-48), ինչպես նաև առաջին ատյանի (հ. 2, գ/թ 228-232) և վերաքննիչ դատարաններում:

Որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելիս Մարտիկ Բոլյանը ցուցմունքներ է տվել, որ մայիսի վերջին Սաշիկ Խաչատրյանի խնդրանքով՝ վերջինիս տված 200 ԱՄՆ դոլարով Ագարակի մաքսակետում պարսիկ բեռնատարի վարորդից գնել է 100 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց և հանձնել Սաշային: Հունիսի սկզբին Սաշա Խաչատրյանի խնդրանքով, նախապես նրանից վերցրած 600 ԱՄՆ դոլարով, Իրանում իր ծանոթից գնել է 300 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, թաքցրել է սոխի պարկի մեջ, անցել է մաքսակետով, բերել է Հայաստան և տվել Սաշային (հ. 1, գ/թ 29-31, 64-65): Մ. Բոլյանը նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև առաջին ատյանի (հ. 2, գ/թ 224-227) և վերաքննիչ դատարաններում:

Ըստ փորձագետի 2006 թվականի հունիսի 23-ի եզրակացության՝ հետազոտման պահին՝ 19.06.2006 թվականին, Մարտիկ Բոլյանից վերցրած մեզի փորձանմուշում կանաբիսի և ափիոնի խմբերի թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել (հ. 1, գ/թ 109):

Այսպիսով՝ գործի նյութերով հիմնավորվել է, որ

1. Առկա է Մ. Բոլյանի նախնական պայմանավորվածությունը թմրամիջոց գնող, սպառող Սաշա Խաչատրյանի հետ՝ վերջինիս համար Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու մասին: Ընդ որում, Մ. Բոլյանը նրանից պահանջել է դրա համար նախապես իրեն գումար տալ:

2. Նախնական պատվերով Ս. Խաչատրյանին թմրամիջոցով ապահովելու համար Մ. Բոլյանը ԻԻՀ-ում ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել և մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել «ափիոն» տեսակի թմրամիջոց:

3. Երկու դեպքում էլ թմրամիջոցը՝ «ափիոնը», եղել է առանձնապես խոշոր չափերի (100 գրամ և 300 գրամ):

4. Թմրամիջոց ապօրինի ձեռք բերող, պահող և փոխադրող Մ. Բոլյանը թմրամիջոց չի գործածում:

5. Մ. Բոլյանի գործողությունների հետևանքով թմրամիջոցին տիրացել է մեկ այլ անձ՝ Սաշա Խաչատրյանը:

Վերը շարադրվածը վկայում է, որ Մ. Բոլյանը իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել և ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, այսինքն՝ կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փաստարկների առկայության պայմաններում անհիմն են վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Մ. Բոլյանի գործողություններում բացակայում են թմրամիջոցի իրացման նպատակն ու ապօրինի իրացումը, քանի որ նա թմրամիջոց է ձեռք բերել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ գործով մյուս դատապարտյալ Ս. Խաչատրյանի խնդրանքով ու նախաձեռնությամբ, վերջինիս կողմից նախապես տրամադրված գումարով, և Մ. Բոլյանը դա արել է առանց որևէ օգուտ ստանալու:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հանգել է ճիշտ հետևության: Իսկ վերաքննիչ դատարանը, Մ. Բոլյանի արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման: Դա ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել է առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ կատարած անձի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելու:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են:

Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի դատավճռում նշված՝ Մ. Բոլյանի արարքի վերաորակման մասին բոլոր փաստարկները և հաստատվում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա բեկանել Մ. Բոլյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատավճիռը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ անհիմն, չարդարացված բարելավվել է դատապարտյալի վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել: Բեկանել Մարտիկ Հակոբի Բոլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 6-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռին:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան