Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.12.21/65.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
26.10.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
26.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾ ՎԲ-195/07-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 

 

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավճիռ

Գործ ՎԲ-195/07

կայացրած դատարանի կազմը

Նախագահող դատավոր՝ Ռ. Ափինյան

Դատավորներ` Հ. Տեր-Ադամյան, Ժ. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

26 հոկտեմբերի 2007 թ.

 ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Հ. Ասատրյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ դատախազ՝

Գ. Ջհանգիրյանի

տուժողի և քաղհայցվորի ներկայացուցիչ՝

Լ. Սահակյան

 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Հրաչի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Գագիկ Հրաչի Ազատյանը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կարգով նախորդ դատավճռով նշանակված պատժից մասնակիորեն` 3 ամիս ազատազրկումը գումարելով, Գ.Ազատյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպանը և քաղհայցվորի ներկայացուցիչը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, պաշտպանի, տուժողի և քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի բողոքների հիման վրա վերստին քննելով գործը, 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի դատավճիռը թողել է անփոփոխ, վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 

 

2. Գործի փաստական հանգամանքները. 

 

Գագիկ Ազատյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Ախթալայի լեռնահարստացման համակարգի վերականգնման և գունավոր մետաղների խտանյութի արտադրության կազմակերպման նպատակով 2000 թվականի մարտի 1-ին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ և «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի միջև կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Դրա համաձայն` վերջինիս կողմից ներդրված գումարներով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում 2000 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Գագիկ Ազատյանն իրականացրել է կոմբինատի վերակառուցման և վերականգնման աշխատանքներ: Կանխիկ գումարով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն, գործով դատապարտյալ Գ.Ազատյանի հրամանով ստեղծվել է գնման հանձնաժողով: Նշված ծրագրի իրականացման ընթացքում Գ.Ազատյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ներդրված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձեռք բերված ապրանքանյութական արժեքների իրական գները գնման հանձնաժողովից թաքցնելով, հանձնարարել է հանձնաժողովի նախագահին իր կողմից ներկայացված և ձեռք բերվածից ավել նշված գների ցուցակով կազմել շուկայից ձեռքբերման միակողմանի գնման ակտեր և այդ միջոցով յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 9.155.500 ՀՀ դրամ: 

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ վճռաբեկ բողոքի` Գագիկ Ազատյանի հարազատները նրա կողմից հանցագործությամբ «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիային պատճառված 9.155.400 ՀՀ դրամի չափով նյութական վնասն ամբողջությամբ վերականգնել են, ներկայացնելով վճարման վերաբերյալ բանկային համապատասխան անդորրագիր, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն, հանդիսանում է պատիժը մեղմացնող հանգամանք: Բացի այդ, Գագիկ Ազատյանը ֆիզիկապես վատառողջ է, 3-րդ կարգի հաշմանդամ է:

Գագիկ Ազատյանի վերաբերյալ քրեական գործով բողոքի քննարկումը և բավարարումը էական նշանակություն կունենա պատիժ նշանակելիս հաշվի առնել հափշտակության վերաբերյալ գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցված լինելը:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Գագիկ Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները, Գագիկ Ազատյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել` նրան ազատելով կալանքից: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավճիռ կայացնելիս դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաջորդականությամբ լուծելով այն հարցերը, թե ենթակա՞ է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար և ի՞նչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ, պետք է լուծի նաև այն հարցը, թե ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Նշանակված պատիժը կրելու պարտականությունից ազատելու հնարավորություն է նախատեսում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված` պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի այն դրույթները, որոնք վերաբերում են պատժին և պատժի նպատակներին: Նշված դրույթներն են, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածները, որոնք սահմանում են պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Նշված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով գործի հանգամանքները` կատարած հանցագործության առանձնահատկությունները, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները միայն դատարանը կարող է հանգել որոշակի հետևության, թե հանցանք կատարած անձի կողմից պատիժը կրելն անհրաժեշտ պայման է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին հասնելու համար, թե ոչ:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է և այդ խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192 որոշմամբ:

Սույն գործով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով լուծելով այն հարցերը, թե ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար և ի՞նչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ, հանգել են ճիշտ հետևության` Գագիկ Ազատյանի նկատմամբ ընտրված պատժատեսակի և պատժաչափի հարցում: Սակայն դատարանները, անտեսելով լուծման ենթակա նաև այն հարցը, թե ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, քննարկման առարկա չեն դարձրել նշանակված պատիժը Գագիկ Ազատյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցը:

Ըստ գործի տվյալների` Գագիկ Ազատյանը նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, 3-րդ կարգի հաշմանդամ է, համաձայն թիվ 0401002 վճարման հանձնարարականի հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը: Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները գործի նյութերում բացակայում են:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ սույն գործի փաստական տվյալները հնարավորություն են տալիս դատարանին գալ այն համոզման, որ տվյալ գործով դատապարտյալ Գագիկ Ազատյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Նշված նկատառումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները Գագիկ Ազատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու մասով պետք է փոփոխել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Այսպիսով, դատարանները թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն հիմք է հանդիսանում Գագիկ Ազատյանի նկատմամբ կայացված դատավճիռները բեկանելու և փոփոխելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին որպես պատճառված վնասի հատուցում մուծված ՀՀ դրամ գումարը պետք է փոխանցել «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի հաշվին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Գագիկ Հրաչի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները բեկանել և փոփոխել. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Գագիկ Հրաչի Ազատյանին անհապաղ ազատել ազատազրկման ձևով պատժի կրումից:

ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին մուծված 9.155.400 (ինը միլիոն մեկ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի հաշվին` որպես պատճառված վնասի հատուցում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան