Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.11.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾ ՎԲ-150/07-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով

ՎԲ-150/07

վերաքննիչ դատարանի դատավճիռ

կայացրած դատարանի կազմը

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ` Կ. Ղազարյան, Մ. Պետրոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար

Ա. Աբրահամյանի

դատախազ

Ա. Եղիազարյանի

տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Ա. Պետրոսյանի

քաղաքացիական պատասխանողներ

Ա. Մկրտչյանի

 

Ա. Խաչատրյանի

 

2007 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ զինվորական դատախազ Ա.Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը Ավետիս Իոսիֆի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 6-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Նախաքննության մարմինը 2006 թվականի նոյեմբերի 3-ին Ավետիս Իոսիֆի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2006 թվականի նոյեմբերի 27-ին ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով Ավետիս Իոսիֆի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, տրանսպորտի միջոց վարելու իրավունքի զրկումով՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Միաժամանակ որոշվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ պաշտպանության նախարարություններից համապարտությամբ հօգուտ տուժողի իրավահաջորդ Էդգար Վարդանի Զոհրաբյանի բռնագանձել 1.446.000 ՀՀ դրամ, որից 803.000 ՀՀ դրամ հանցագործության հետևանքով ավտոմեքենային պատճառված նյութական վնասը վերականգնելու և 643.000 ՀՀ դրամ հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցման գումար:

Տուժողի իրավահաջորդ Էդգար Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի ապրիլի 6-ի դատավճռով Ավետիս Մկրտչյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով փոփոխել է. որոշվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ պաշտպանության նախարարություններից համապարտությամբ հօգուտ տուժողի իրավահաջորդ Էդգար Վարդանի Զոհրաբյանի բռնագանձել 4.232.925 ՀՀ դրամ, որից՝ 803.000 ՀՀ դրամը որպես հանցագործության հետևանքով ավտոմեքենային հասցրած նյութական վնասի հատուցում, 643.000 ՀՀ դրամը՝ որպես հուղարկավորության, 295.925 ՀՀ դրամը՝ որպես յոթերորդ օրվա, 346.000 ՀՀ դրամը՝ որպես քառասուներորդ օրվա արարողությունների հետ կապված ծախսերի հատուցում, 925.000 ՀՀ դրամը որպես գերեզմանի կառուցապատման և 1.220.000 ՀՀ դրամը՝ որպես գերեզմանաքարի տեղադրման ծախսերի հատուցում:

Դատավճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 6-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազ Ա. Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Ավետիս Մկրտչյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 90453 զորամասի շարքային զինծառայող, վարորդ, 2006 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 730-ի սահմաններում, իրեն ամրակցված «Ուրալ-4320» մակնիշի ՊՆ 1868 Տ զինհամարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում թույլ է տվել ՃԵԿ-ի 1.2 և 1.3 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և ընդհարվել Էդվին Վարդանի Զոհրաբյանի կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի 12 ՏՕ 319 պետհամարանիշի ավտոմեքենային: Վթարից հետո Էդվին Զոհրաբյանը տեղափոխվել է Միքայելյանի անվան ԲԿ, որտեղ մահացել է: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է 803.000 ՀՀ դրամի վնաս:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի մահվան հետ կապված վնասի հատուցման համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը, իսկ հուղարկավորությունից հետո հոգեհանգստի, յոթերորդ, քառասուներորդ օրվա, տարվա արարողությունների կազմակերպման համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցման պարտականությունը նշված հոդվածի պահանջից չի բխում:

Բացի այդ, վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իրավաբանական անձ չէ և նրա տնօրինության տակ գտնվող ողջ գույքը, այդ թվում նաև տրանսպորտային միջոցները, տնօրինվում են Հայաստանի Հանրապետության անունից, ուստի նա չէր կարող դատարանում հանդես գալ որպես պատշաճ պատասխանող:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ նշված օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա: «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1460-Ն որոշման 2-րդ բաժնի 8-րդ կետի «ժդ» ենթակետի համաձայն՝ պետական մարմինների ապօրինի գործողություններով քաղաքացիներին պատճառված վնասի հատուցման պահանջով ընդդեմ պետության ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նշված նախարարությունը: Ուստի, բողոքի հեղինակը գտնում է, որ կոնկրետ դեպքում հանցագործությամբ պատճառված նյութական վնասը դատավճռով ենթակա էր բռնագանձման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, այլ ոչ թե համապարտությամբ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Գտնելով, որ վերաքննիչ դատարանի 06.04.2007 թվականի դատավճռով խախտվել է դատավարության մասնակցի, ի դեմս քաղաքացիական պատասխանող, ՀՀ պաշտպանության նախարարության լիազորված անձ Ա.Մկրտչյանի նյութական իրավունքը և նկատի ունենալով, որ վճռաբեկ դատարանի կողմից սույն քրեական գործով կայացվելիք դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, բողոքի հեղինակը խնդրել է Ավետիս Իոսիֆի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով: Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացիական հայցը հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

Փաստորեն, քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան է կազմում հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասը, որի հարուցման մասին պահանջը հայցվորը ներկայացնում է մեղադրյալին կամ նրա գործողությունների համար պատասխանատվություն կրող անձին: Քաղաքացիական հայցի առարկայի որոշման համար անհրաժեշտ է, որպեսզի վնասն անմիջականորեն հանցագործությամբ պատճառված լինի:

Գործի նյութերով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ թիվ 90453 զորամասի շարքային զինծառայող, վարորդ, սույն գործով դատապարտյալ Ավետիս Մկրտչյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ՀՀ ՊՆ 1868 Տ զինհամարանիշի ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ՃԵԿ-ի 1.2 և 1.3 կետերի պահանջներին հակասող գործողություններ և ընդհարվել է տուժող Էդվին Զոհրաբյանի կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Էդվին Զոհրաբյանը մահացել է, իսկ ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության թիվ 800-ապ տեղեկանքի համաձայն՝ վթարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի 12 ՏՕ 319 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է 803.000 ՀՀ դրամ նյութական վնաս: Ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված 803.000 ՀՀ դրամ գույքային վնասը հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս է, որը քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկա է, անառարկելիորեն ընդունվել է դատավարության մասնակիցների կողմից և իրավացիորեն բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածը, որը վերաբերում է հուղարկավորության ծախսերի հատուցմանը, սահմանում է, որ տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերն այն անձին, ով այդ ծախսերը կատարել է: Այս հոդվածը կարգավորում է այն դեպքերը, երբ անձի մահը վրա է հասել վնաս պատճառելու հետևանքով: Հուղարկավորության ծախսերի հատուցումը պետք է լինի այն չափով, ինչ չափով ապացուցված է, որ այդ ծախսերն արվել են փաստացի և անհրաժեշտաբար ու ողջամիտ են իրենց ծավալով:

2006 թվականի փետրվարի 27-ին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Նշված օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ շարադրված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, հուղարկավորությունը բնորոշվում է որպես «մարդու մահից հետո նրա մարմինը հողին հանձնելու կամ դիակիզելու արարողություն»: «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածում նշված հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի շարքն է դասում անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, դիահերձումը, դագաղի հատկացումը, մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխումը գերեզմանատուն, հուղարկավորումը, մետաղե ցուցատախտակի տեղադրումը: Հուղարկավորության հետ կապված ծախսերը պետք է լինեն ողջամիտ ըստ արժեքի և անհրաժեշտ ըստ նպատակահարմարության. դագաղի արժեքը, դիահերձարանի ծառայությունները, դագաղը գերեզման հասցնելը, գերեզման փորելը, թաղման ծիսակարգի ծախսերը (հուղարկավորման կարգը, արարողությունը եկեղեցում, հոգեհացը):

Ինչպես երևում է գործի նյութերից, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերից, հուղարկավորության և հոգեհացի արարողության համար կատարվել են 643.000 ՀՀ դրամի ծախսեր, որոնք հաշվարկվել են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ամբողջությամբ ընդգրկել են միայն հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը, որոնք արվել են փաստացի և անհրաժեշտաբար ու ողջամիտ են իրենց ծավալով և անառարկելիորեն ընդունվել են դատավարության մասնակիցների կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությամբ անմիջականորեն պատճառված 803.000 ՀՀ դրամ գույքային վնասի և հուղարկավորության հետ կապված 643.000 ՀՀ դրամ անհրաժեշտ ծախսերի մասով քաղաքացիական հայցի բավարարումը առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից հիմնավորված և պատճառաբանված է, քանի որ բխում է 2006 թվականի փետրվարի 27-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքից և լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ, 60-րդ, 158-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1087-րդ հոդվածների պահանջներին:

Ինչ վերաբերում է յոթերորդ, քառասուներորդ օրվա արարողությունների, գերեզմանի կառուցապատման և գերեզմանաքարի տեղադրման հետ կապված ծախսերին, ապա դրանք հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս չեն, դուրս են 2006 թվականի փետրվարի 27-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածով սահմանված հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերից: Այդպիսի հայցերը ներկայացվում, ապահովվում, ապացուցվում, քննվում և լուծվում են ընդհանուր հիմունքներով՝ քաղաքացիական դատավարության կարգով: Պալատը գտնում է, որ վերը նշված պատճառաբանությամբ այդ մասով քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Ընդ որում, նույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին որպես քաղաքացիական պատասխանող ներգրավելուն և նրանցից հօգուտ տուժողի իրավահաջորդի 4.232.925 ՀՀ դրամ համապարտությամբ բռնագանձելուն, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Ինչպես երևում է գործի նյութերից, դատապարտյալ Ավետիս Մկրտչյանը հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 90453 զորամասի շարքային զինծառայող, վարորդ և ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարել է իրեն ամրակցված ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանման թիվ 90453 զորամասի «Ուրալ-430» մակնիշի ՊՆ 1868 Տ զինհամարանիշի ավտոմեքենայով: ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գույքը, այդ թվում նաև տրանսպորտային միջոցները, պետության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Պետական սեփականության օբյեկտների որոշակի մասը բացառիկ սեփականության իրավունքով պատկանում է միայն Հայաստանի Հանրապետությանը: Դրանց շարքն են դասվում նաև զինված ուժերի ունեցվածքը, պաշտպանական կառույցները և այլն, որոնք սեփականության իրավունքով չեն կարող պատկանել ոչ միայն քաղաքացիներին, այլև իրավաբանական անձանց և համայնքներին:

Պետությունը՝ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, պատասխանատու է իր և իր մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց անօրինական գործողություններով այլ սուբյեկտներին պատճառած վնասի համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)՝ ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտը հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Նույն օրենսգրքի 1065-րդ հոդվածը սահմանում է, որ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա: «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշման 2-րդ բաժնի 8-րդ կետի «ժդ» ենթակետի համաձայն՝ պետական մարմինների ապօրինի գործողություններով քաղաքացիներին պատճառված վնասի հատուցման պահանջով ընդդեմ պետության ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նշված նախարարությունը:

Վերը շարադրվածից հետևում է, որ սույն գործով պատասխանող է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վնասը հատուցվելու է ոչ թե ՀՀ պաշտպանության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, այլ Հայաստանի Հանրապետության կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել մասնակիորեն:

Ավետիս Իոսիֆի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանել և փոփոխել. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ տուժողի իրավահաջորդ Էդգար Վարդանի Զոհրաբյանի բռնագանձել 1 միլիոն 446 հազար ՀՀ դրամ, որից 803 հազար ՀՀ դրամը՝ որպես հանցագործության հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում, իսկ 643 հազար ՀՀ դրամը՝ հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Քաղաքացիական հայցի մնացած մասը թողնել առանց քննության:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան