Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.03.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-192 (ՎԴ) ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2112/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-192 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Տ. Սահակյան

                   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ընդդեմ Հենրիկ Սիմոնյանի՝ պահանջի իրավունքի զիջման պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պահանջել է անվավեր ճանաչել «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանի և քաղաքացի Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.04.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.06.2007 թվականի վճռով հայցը մերժել է:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանը Ընկերության պահանջի իրավունքը զիջել է Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանին, որը նույն ֆիզիկական անձն է, այսինքն՝ ներկայացուցիչը ներկայացվողի անունից գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը 26.10.2006 թվականի թիվ 3-2091/ՏԴ որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը խախտված լինելու հանգամանքի կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը և հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Պահանջի իրավունքի զիջման 20.09.2005 թվականի պայմանագրով Հենրիկ Սիմոնյանը որպես Ընկերության լուծարային հանձնաժողովի ներկայացուցիչ հանդես չի եկել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.       

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Ընկերության լուծարային հանձնաժողովն (ի դեմս հանձնաժողովի նախագահ Հ.Սիմոնյանի) Ընկերության պահանջի իրավունքը 20.09.2005 թվականի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ. Սիմոնյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.  

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշմամբ անդրադարձել է Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Սիմոնյանի և Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պայմանագրին (տես՝ Հենրիկ Սիմոնյան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկ՝ 5.215.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2091/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Հ.Սիմոնյանը Ընկերության պահանջի իրավունքը 20.09.2005 թվականի պայմանագրով զիջել է Ընկերության բաժնետեր Հ.Սիմոնյանին, որը նույն անձն է, գտել է, որ տվյալ դեպքում առկա է դեպք, երբ ներկայացուցիչը ներկայացվողի անունից գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքին հակասող գործարքներն անվավեր են, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է, կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության լուծարային հանձնաժողովի և Ընկերության բաժնետեր Հենրիկ Սիմոնյանի միջև 20.09.2005 թվականին կնքված պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը անվավեր է:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել 20.09.2005 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան