Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.03.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Որոշումն ընդգրկված է «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի նախադեպային որոշումների շտեմարանի ցանկում:


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-241(ՎԴ) ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3368

Քաղաքացիական գործ թիվ 3-241 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Հիմնադրամի հայցի ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Հիմնադրամը պահանջել է Արմեն Գրիգորյանից և Կարապետ Վարդանյանից համապարտությամբ բռնագանձել 7210,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Արմեն Գրիգորյանի և Հռիփսիկ Վարդանյանի կողմից գրավ դրված և անձնական գույքի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ, 411-րդ, 879-րդ և 881-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Փոխառության պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է, որ պայմանագրի կետանցի դեպքում փոխառուն փոխատուին վճարում է տույժ` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ թե պակասեցրել է տուժանքի գումարը՝ պարզաբանելով այդ գումարի անհամաչափությունը, այլ առանց հիմնավորումների, հաշվարկված տույժի ամբողջ գումարն ընդհանրապես չի բռնագանձել պատասխանողներից:

Վերաքննիչ դատարանը, խախտելով վերոնշյալ դատավարական նորմերը, պատասխանողներից չի պահանջել իրենց կողմից նշված գումարի չափը հիմնավորող մանրամասն հաշվարկ, իսկ հայցվորի ներկայացրած գրավոր մանրամասն հաշվարկը հիմք չի ընդունել: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու Հիմնադրամի պահանջին և այդ գումարի բռնագանձման հարցը չի լուծել, որը պարտավոր էր, քանի որ այդպիսի պահանջ Հիմանդրամը ներկայացրել էր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 11.11.2005 թվականին կնքված նպատակային փոխառության թիվ 119/05 պայմանագրով Հիմնադրամն Արմեն Գրիգորյանին տրամադրել է 8.000 (ութ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ամսական 1,84 տոկոս տոկոսադրույքով, մինչև 14.05.2007 թվականը մարելու պայմանով:

Որպես պարտավորության տարաժամկետ կատարման ապահովման միջոց պայմանագրի Հավելված 1-ում նշված մարման գրաֆիկով նախատեսված վճարումներից որևէ մեկի չկատարման դեպքում պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով:

2) Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության պարտավորությունը լրիվ և ժամանակին չի կատարվել:

3) Հիմնադրամի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ փոխատվությունների համակարգչային ծրագրում տեղի է ունեցել խափանում, որի պատճառով համակարգչում սխալ տվյալներ են ֆիքսվել: Մասնավորապես, 22.09.2006 թվականի գումարը (260.40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) լիովին չի բավարարել տվյալ պահին կուտակված տույժերը մարելու համար, որոնք կազմել են 286,60 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Համակարգչային ծրագիրը ցույց է տվել 42,09 ԱՄՆ դոլար տույժ՝ 286,60 ԱՄՆ դոլարի փոխարեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապoրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք oգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի oրվանից մինչև պարտավորության դադարման oրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Ներմուծեք նկարագրությունը_21052Նույն օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը որոշելու համար բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

արդյո՞ք Արմեն Գրիգորյանը կարող էր կամ պարտավոր էր գիտակցել փոխառության պայմանագրով նախատեսված պարտավորության կատարման կետանցի հետևանքով լրացուցիչ պարտավորություն առաջանալու հանգամանքը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով Հիմնադրամի կողմից տուժանքի գումարն իրականում եղածից այլ է ցույց տրվել, եկել է այն եզրահանգման, որ տուժանքի պարտավորության առաջացման հարցում Արմեն Գրիգորյանի մեղքը բացակայում է:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ տվյալ դեպքում վճռում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանը չէր կարող և տվյալ պայմաններում պարտավոր չէր գիտակցել, որ իր կողմից կնքված փոխառության պայմանագրով նախատեսված գումարի վճարման կետանցի դեպքում իր նկատմամբ հաշվարկվելու է լրացուցիչ պարտավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալը չի կարող Արմեն Գրիգորյանի մեղքը բացառող հանգամանք հանդիսանալ, քանի որ վերջինս կարող էր և պարտավոր էր գիտակցել, որ փոխառության պայմանագրով իր պարտավորությունների կետանցի դեպքում ապօրինի պահվող գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա են հաշվեգրման տոկոսներ:

Ինչ վերաբերում է փոխառության պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տույժի բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Ներմուծեք նկարագրությունը_21052ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն oրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն oրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու oրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տույժ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է: Հետևաբար, Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության գումարի վճարման կետանցի դեպքում այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական oրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ:

Այսպիսով, վերոնշյալը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռի հայցապահանջի մերժման մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան