Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.06.18/38(628)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
23.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-317(ՎԴ)-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 4230-2007

Քաղաքացիական գործ թիվ 3-317(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան  

Դատավորներ՝ Ա. Խառատյան

               Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ Թամրազյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Նատալյա Թամրազյանի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Նատալյա Թամրազյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել Տավուշի մարզի Թեղուտ գյուղում գտնվող 2.200 քմ մակերեսով հողամասը և դրանով ծանրաբեռնված շինությունը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը դրանց նկատմամբ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 04.09.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչիկ Թամրազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 103-րդ հոդվածի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով ամրագրվել են պետության կամ համայնքի հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքն այն անձանց, ովքեր ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավաբանական ձևակերպման օգտվում են այդ հողերից:

Մինչդեռ սույն գործով չի հաստատվել Նատալյա Թամրազյանի կողմից վեճի առարկա հողամասից անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ օգտվելու հանգամանքը: Ավելին, հաստատվել է, որ նշված հողամասն օգտագործվել է Հրաչիկ Թամրազյանի կողմից:

Գույքը տիրազուրկ ճանաչելու գործերի վարույթը հատուկ վարույթի գործ է, իսկ հատուկ վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն ընդդեմ այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում:

Սույն գործով վիճելի է, թե ով է տիրապետում նշված հողամասը, այսինքն՝ սույն գործով չի ապացուցվել նշված հողամասը միայն դիմումատուի կողմից տիրապետվելու փաստը, ինչպես նաև այն, թե այդ հողամասը դիմումատուի, թե Հրաչիկ Թամրազյանի կողմից է տիրապետվել: Այսինքն՝ այդ հողամասը տիրապետելու իրավունքի վերաբերյալ վեճ է ծագել:

Միաժամանակ գործում առկա է համայնքի ավագանու որոշումը՝ համայնքի վարչական տարածքում գտնվող ապօրինի զավթած հողամասերի և ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին, որը փաստում է սեփականատիրոջ կողմից իր գույքին հավակնելու և սեփականության իրավունքը պահպանելու մտադրությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2008 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հրաչիկ Թամրազյանը Նատալյա Թամրազյանի ամուսնու՝ Ռադիկ Թամրազյանի, հայրն է:

2) Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի 13.08.2007 թվականի տեղեկանքի համաձայն` համայնքի վարչական տարածքում գտնվող 004-003 ծածկագրով 0,0853 հա հողամասը կիսակառույց շինությամբ որևէ անձի անվամբ հաշվառված չէ և համարվում է ինքնակամ զբաղեցված:

3) Սույն քաղաքացիական գործով Հրաչիկ Թամրազյանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:

(Տես «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է վեճ սեփականության իրավունքով նշված հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի մասին: Հետևաբար, սույն գործի դատական քննության ժամանակ առկա էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի՝ դիմումը բավարարելու մասը և այն թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան