Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.628
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
17.02.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱԴ/0021/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

գործ թիվ ԱՐԱԴ/0021/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԱՐԱԴ/0021/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

            Դատավորներ` Մ. Արղամանյան,

 

              Մ. Ռեհանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ս. Օհանյանի

 

Ե. Դանիելյանի

2009թ. փետրվարի 17-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2007թ. սեպտեմբերի 15-ին Ռուբիկ Համբարձումի Արշալույսյանի կողմից Տիգրան Տիգրանյանին դիտավորությամբ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերք պատճառելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 54102207 քրեական գործը:

2007թ. սեպտեմբերի 17-ին որոշում է կայացվել Ռ.Արշալույսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

2008թ. ապրիլի 2-ին որոշում է կայացվել մեղադրյալ Ռ. Արշալույսյանին 2007թ. սեպտեմբերի 17-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

2008թ. մայիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացության մեջ դատախազն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ:

2. 2008թ. մայիսի 22-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ:

2008թ. մայիսի 22-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացրել է գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն` պատճառաբանելով, որ Ռուբիկ Համբարձումի Արշալույսյանի արարքի իրավաբանական որակումը չի բխում գործում առկա ապացույցներից:

Արագածոտնի մարզի դատախազը 2008թ. հունիսի 3-ին միջնորդել է թիվ 54102207 քրեական գործը վերադարձնել մեղադրողին` քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ, 293-րդ և 296-րդ հոդվածներով, 2008թ. հունիսի 4-ին որոշում է կայացրել քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին` առկա թերությունները վերացնելու համար սահմանելով 5-օրյա ժամկետ:

3. 2008թ. հունիսի 10-ին քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2008թ. հունիսի 13-ին որոշում է կայացրել 2008թ. հունիսի 26-ին դատական քննություն նշանակելու մասին: Որոշման մեջ նշվել է նաև, որ գործը մեղադրողին վերադարձնելու հիմքեր չկան:

Ռ.Արշալույսյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստում միջնորդել է արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին: Դատական քննության ընթացքում մեղադրողը փոխել է իր դիրքորոշումը և չի առարկել նշված միջնորդության դեմ:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճռով դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Ռ.Արշալույսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով և դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով:

4. Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ բողոք է բերել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նշված դատավճռի դեմ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

2009թ. փետրվարի 16-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

6. Ռ.Արշալույսյանի դուստր Մարի Արշալույսյանը ամուսնացած է եղել Թալին քաղաքի բնակիչ Տիգրան Տիգրանյանի հետ: Տ.Տիգրանյանը հաճախակի չարաշահել է ալկոհոլային խմիչքների օգտագործումն ու յուրաքանչյուր նման դեպքից հետո տանը ստեղծել է անախորժ մթնոլորտ, ծեծի է ենթարկել Մ.Արշալույսյանին:

7. 2007թ. սեպտեմբերի 14-ին Տիգրան Տիգրանյանը, հերթական անգամ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, հեռախոսային զրույցի ընթացքում սպառնացել է իր կնոջը, որ տուն գալուն պես նրա հետ հաշվեհարդար կտեսնի: Մ.Արշալույսյանը, վախենալով ծեծից, իր մանկահասակ երեխաների հետ միասին գնացել է հայրական տուն` Թալին քաղաքի Խանջյան փողոցի 15 շենքի բնակարան:

8. Տիգրան Տիգրանյանը, տեղեկանալով, որ իր կինն ու երեխաները գտնվում են Ռ.Արշալույսյանի տանը, գնացել է այնտեղ, ոտքով հարվածել, կոտրել է բնակարանի մուտքի դուռը և ներխուժել բնակարան, հարվածել և մի կողմ է շպրտել նախ Ռ.Արշալույսյանին, ապա նրա կնոջը` Հ.Ազոյանին, փորձել է հարձակվել Մ.Արշալույսյանի վրա: Այդ ժամանակ Ռ.Արշալույսյանը, նախասրահի սեղանին` սկուտեղի վրա դրված ձմերուկ կտրելու խոհանոցային դանակը վերցնելով, հարձակվել է Տ.Տիգրանյանի վրա:

9. Տուժող Տ.Տիգրանյանը եղել է ֆիզիկապես շատ ուժեղ, իսկ մեղադրյալ Ռ.Արշալույսյանը` թույլ և տկար (բացակայում է նրա աջ դաստակը): Հ.Ազոյանն ու Մ.Արշալույսյանը փորձել են Ռ.Արշալույսյանին հարվածող Տ.Տիգրանյանին հեռացնել: Քաշքշուկի ընթացքում Ռ.Արշալույսյանը, ճիշտ չընկալելով իրադրությունը, իր և իր ընտանիքի անդամներին Տ.Տիգրանյանի ոտնձգությունից պաշտպանելու նպատակով և հաշվի չառնելով ոտնձգության բնույթն ու վտանգավորության աստիճանը, անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով, դանակով հարվածել է Տ.Տիգրանյանի կրծքավանդակի առջևի ձախ կեսին և պատճառել ծակած-կտրած թափանցող (սրտի վնասումով) վնասվածք:

10. Վնասվածք ստանալուց հետո Տ.Տիգրանյանը բնակարանից դուրս է եկել ու հեռացել: Ոստիկանության բաժնին հարող փողոցում նրա վիճակը վատթարացել է, և նա իր բջջային հեռախոսով զանգահարել է իր հորեղբոր տղային: Վերջինս նրան տեղափոխել է Թալինի հիվանդանոց, որտեղ վիրահատվելուց հետո Տ.Տիգրանյանը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այնտեղ, առանց գիտակցության գալու, 2007թ. սեպտեմբերի 29-ին Տ.Տիգրանյանը մահացել է:

11. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` գործը դատական քննության նշանակելու մասին 2008թ. հունիսի 13-ի որոշման մեջ ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ «(…) Քրեական գործի վարույթը կարճելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու, գործը մեղադրողին վերադարձնելու, ինչպես նաև ինքնաբացարկի հիմքեր չկան (…)» (հատոր 2, գ/թ 324):

12. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Ռուբիկ Համբարձումի Արշալույսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Մեղադրողը չառարկեց արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ:

Դատարանը, պարզելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ և 375.2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով (…)» (հատոր 2, գ/թ. 372):

13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշման մեջ նշվում է` «(…) մինչդեռ ընդհանուր իրավասության դատարանի դատական քննություն նշանակելու մասին որոշման շարադրանքից հետևում է, որ դատարանը ծանոթ է եղել գործի նյութերին, սակայն կիրառել է դատական քննության արագացված կարգ, որը տվյալ դեպքում կիրառելի համարվել չէր կարող, և ինչը տվյալ դեպքում հանգեցրել է քրեադատավարական օրենքի էական խախտման, որը կարող է ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, որպիսի հանգամանքը հիմք է դատական ակտը բեկանելու և նոր դատաքննություն կատարելու համար գործը նույն դատարան ուղարկելու համար» (հատոր 3, գ/թ. 63):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Բողոքաբերի պնդմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ Ռ.Արշալույսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճիռը բեկանելով և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելով թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն արտահայտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375.1-րդ, 395-րդ և 398-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա` ամբաստանյալին անհիմն զրկելով դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքից: Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, վերլուծության ենթարկելով քրեական գործում առկա ապացույցները, ոչ թե միանշանակ սխալ է համարել ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը, այլ դատաքննությամբ այն հստակեցնելու անհրաժեշտություն տեսնելով` քրեադատավարական օրենքի էական խախտում է համարել ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատական քննության արագացված կարգի կիրառումը և պարտադիր համարել գործով դատաքննության իրականացումը այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Բողոքաբերն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածը վերաբերում է ամբաստանյալի արարքի իրավաբանական միանշանակ սխալ գնահատականին, այլ ոչ թե դատաքննությամբ հետագայում դա պարզելուն:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հանգում է նրան, որ սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով արարքի որակման հարցում հիմնավոր հետևության հանգելու համար անհրաժեշտ է կատարել դատաքննություն, որի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել` ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ է, թե ոչ, և ըստ անհրաժեշտության` հնարավոր կլինի լուծել գլխավոր դատախազին կամ տեղակալին գործով մեղադրական եզրակացությունը վերահաստատելու առաջարկության հարցը:

Վերոնշյալ դեպքում, բողոքաբերի կարծիքով, ավելորդ են դառնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական քննության արագացված կարգի կիրառման դրույթները:

15. Բողոքաբերը նշում է, որ բովանդակային առումով վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հանգում է դատական ակտի բեկանման մեկ այլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքին` քրեական օրենքի սխալ կիրառմանը: Նշված հիմքը, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից չէր կարող նշվել, քանի որ վերաքննիչ բողոքը բերվել է քրեադատավարական օրենքի էական խախտման հիմքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտի բեկանման հիմք է համարել ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախում թույլ տալը, սակայն չի մատնանշել, թե դատական քննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված քրեադատավարական օրենքի որ սկզբունքները կամ այլ ընդհանուր դրույթներն են խախտվել:

Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ սույն քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը չի համապատասխանում ոչ միայն քրեադատավարական օրենքով սահմանված դատական քննության արագացված կարգի կիրառման կոնկրետ դրույթներին, այլ նաև այդ ինստիտուտի բուն էությանն ու նշանակությանը:

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին` իրավաչափ էր արդյոք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից քննության առարկա դարձնել Ռ.Արշալույսյանին մեղսագրվող արարքի իրավաբանական որակման ճիշտ լինելը` ելնելով արարքի որակման հիմքում դրված ապացույցների գնահատումից, այն դեպքում, երբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը չի մերժել Ռ.Արշալույսյանի արարքի որակումը ճիշտ չլինելու հիմքով:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:

Գործի նյութերից (տե՜ս սույն որոշման 12-րդ կետը) երևում է, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառել է ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, ամբաստանյալի նկատմամբ արագացված դատական քննություն կիրառելու` օրենքով նախատեսված պահանջների առկայության և ամբաստանյալի միջնորդությունը մերժելու պայմանների բացակայության հիման վրա:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(…) Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն oրենսգրքի 309.1 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը»:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը, (…) հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 oրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

1) դատական քննություն նշանակելու մասին (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն oրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից»:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ և 375.1-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց պահանջները հանգում են հետևյալին.

1) դատական քննություն նշանակելու փուլում գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշումը, ի թիվս այլոց, կայացվում է այն դեպքերում, երբ դատարանն ակնհայտ անհամապատասխանություն է հայտնաբերում ապացույցների և արարքի նկարագրության միջև կամ արարքի նկարագրության և արարքի իրավաբանական որակման միջև:

2) դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդություն հարուցվելու դեպքում դատարանն իրավասու է մերժել միջնորդությունը, ի թիվս այլոց, այն դեպքում, երբ հայտնաբերում է անհամապատասխանություն արարքի նկարագրության և արարքի որակման միջև:

Այսպիսով, դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը քննելիս առաջին ատյանի դատարանը չի կարող անդրադառնալ արարքի նկարագրության և դրա հիմքում դրված ապացույցների համապատասխանության հարցին: Ուստի վերաքննիչ դատարանը ևս իրավասու չէր անդրադառնալու այդ հարցին, քանի որ վերաքննիչ դատարանը, որպես վերանայող ատյան, գործի էության վերաբերյալ չի կարող ավելի լայն լիազորություններ ունենալ, քան առաջին ատյանի դատարանը:

22. Հետևաբար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու չէր քննության առարկա դարձնել Ռ.Արշալույսյանին մեղսագրվող արարքի իրավաբանական որակման ճիշտ լինելը:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

24. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության արագացված կարգի կիրառումը քրեադատավարական օրենքի էական խախտում դիտելը չի բխում ինչպես գործի նյութերից, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից: Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն գործով ընդհանուր կարգով դատաքննության իրականացումը պարտադիր համարելը:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացնելիս խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ, 395-րդ և 398-րդ հոդվածները, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճռին:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Ռուբիկ Համբարձումի Արշալույսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 26-ի դատավճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

 

Ս. Օհանյան