Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.63
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
16.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔՐԴ/0295/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0295/01/08

ԵՔՐԴ/0295/01/08

 

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ` Մ. Պետրոսյան

                   Ս. Համբարձումյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

 

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

մասնակցությամբ պաշտպան

Ի. Պետրոսյանի

16 սեպտեմբերի 2009 թվական

ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Սարգսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, 2008 թվականի մարտի 2-ին` թիվ 62202608 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:

Արմեն Սարգսյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 3-ին:

2008 թվականի մարտի 6-ին Ա.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի հունիսի 11-ին Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի հունիսի 12-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը:

2008 թվականի հունիսի 17-ին Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ` Քրեական դատարան):

2. Քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճռով Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Սարգսյանի և պաշտպան Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ի.Պետրոսյանը:

2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը պաշտպան Ի.Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ա.Սարգսյանը մեղադրվել է այն բանի համար, որ անմիջականորեն մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 23-ից 24-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի, Գր.Լուսավորիչ և Պարոնյան փողոցների խաչմերուկում հայհոյանքներ է տվել ու բռնություն գործադրել նշված վայրում ծառայություն իրականացնող` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողների նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել է քարեր, փայտի կտորներ և այլ առարկաներ:

6. 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զանգվածային անկարգությունների վայրում Ա.Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում ստացել է թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով: 2008 թվականի մարտի 2-ին` ժամը 2:10 րոպեին, Արմեն Սարգսյանը ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` «ձախ ոտնաթաթի միջային մակերեսի վնասվածք» նախնական ախտորոշմամբ, սակայն ինքնակամ, առանց բժշկական անձնակազմին տեղյակ պահելու, հագին եղած բաճկոնը թողնելով հիվանդանոցում` հեռացել է այնտեղից և վերադառնալով վերոհիշյալ զանգվածային անկարգությունների վայր` բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

7. Նախաքննության մարմնի կողմից մեղադրական եզրակացության հիմքում դրվել են.

ա) Վկաներ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայողներ Անտոն Ասրյանի և Տիգրան Խաչատրյանի ճանաչմանը մեղադրյալ Ա.Սարգսյանին ներկայացնելու մասին 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրությունները, որոնց համաձայն` ճանաչմանը ներկայացված անձանց մեջ նշված վկաները ճանաչել են Ա.Սարգսյանին` որպես զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ հայհոյանքներ տվող և նրանց ուղղությամբ քարեր, փայտեր և այլ առարկաներ նետող անձի:

բ) Նույն ոստիկանների ցուցմունքները, որտեղ վերջիններս նկարագրել են մեղադրյալ Ա.Սարգսյանի գործողությունները` զանգվածային անկարգությունների ժամանակ (հայհոյանքներ տալը, իրենց ուղղությամբ քարեր, փայտեր և այլ առարկաներ նետելը):

գ) Նույն վկաների և Ա.Սարգսյանի առերես հարցաքննության արձանագրությունները, որի ընթացքում վերջինը հրաժարվել է վկաների հետ առերես հարցաքննվելուց:

դ) Վկաներ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի թիվ 1035 զորամասի զինծառայողներ Ռազմիկ Այվազյանի, Սարգիս Խանջյանի, Էմին Բալայանի և Սամվել Պետրոսյանի նույնաբովանդակ ցուցմունքները, որոնց համաձայն` 2008 թվականի մարտի 2-ին` ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ բերման են ենթարկել և իրենց հանձնել թվով 16 քաղաքացիների` որպես զանգվածային անկարգությունների կատարմանը առավել ակտիվ մասնակցություն ունեցած անձանց:

ե) Վկա, Ա.Սարգսյանի հայր Սեյրան Սարգսյանի ցուցմունքը, որով հաստատված է համարվել Արմեն Սարգսյանի կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանում կազմակերպված հրապարակային միջոցառումներին մասնակցելու հանգամանքը:

զ) Վկա Գագիկ Գինոսյանի ցուցմունքը, որով ժխտված է համարվել Ա.Սարգսյանի այն պատճառաբանությունը, որ նա զանգվածային անկարգությունների կատարման վայր է գնացել աշխատավայրից:

է) «Էրեբունի» բժշկական կենտրոնից առգրավված անհետաձգելի բուժօգնության քարտի գրանցումները, որոնցով հաստատված է համարվել Ա.Սարգսյանի կողմից նշված հիվանդանոցում բուժօգնություն ստանալու և առանց տեղյակ պահելու հեռանալու փաստը:

ը) «Էրեբունի» բժշկական կենտրոնից առգրավված Ա.Սարգսյանի բաճկոնը, որով հաստատված է համարվել զանգվածային անկարգությունների կատարման վայր վերադառնալու նրա շտապողականությունը:

Մեղադրանքի հիմքում դրվել են նաև դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձագիտական եզրակացությունները, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, Երևանի քաղաքապետի գրությունները, որոնք վերաբերում են տեղի ունեցած զանգվածային անկարգություններին և դրանց արդյունքում պատճառված վնասներին:

Ամբաստանյալ Ա.Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ին եղել է նշված վայրերում, սակայն զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու (դիմադրություն ցույց տալու, բռնություն գործադրելու) հանգամանքը ժխտել է:

8. Քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճռով ճանաչման ներկայացնելու մասին 2008 թվականի հունիսի 6-ի երկու արձանագրությունները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույցներ: Քրեական դատարանը հաստատված է համարել, որ մեղադրյալ Ա.Սարգսյանին վկաներ Ա.Ասրյանի ու Տ.Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու ընթացքում թույլ են տրվել նշված քննչական գործողության կատարման կարգի և մեղադրյալի պաշտպանական իրավունքի էական խախտումներ, մասնավորապես, 2008 թվականի հունիսի 6-ին անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ընթացքում Ա.Սարգսյանը վկա Անտոն Ասրյանի ճանաչմանն է ներկայացվել ձախ ձեռքին կրելով ձեռնաշղթա: Քրեական դատարանը գտել է, որ անձին ձեռնաշղթայով ճանաչման ներկայացնելը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին (ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ): Նշված հանգամանքը գնահատելով որպես տվյալ քննչական գործողության կատարման կարգի էական խախտում և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով (քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ), Քրեական դատարանը հաստատել է Ա.Սարգսյանին վկա Ա.Ասրյանի ճանաչմանը ներկայացնելու 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրության` որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը:

Քրեական դատարանն արձանագրել է նաև, որ վկա Ա.Ասրյանի ճանաչմանը ներկայացվելուց անմիջապես հետո Ա.Սարգսյանը ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան, ինչը հաստատվել է նաև վկա Ա.Ասրյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքով: Սակայն նախաքննության մարմինը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի պահանջները (քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ այդպիսի ցանկություն է հայտնել մեղադրյալը` ցանկություն հայտնելու պահից), առանց Ա.Սարգսյանին պաշտպանով ապահովելու, մեղադրյալի մասնակցությամբ կատարել է քննչական գործողություն` նրան ներկայացրել է վկա Տ.Խաչատրյանի ճանաչմանը:

Քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտմամբ), հաստատել է նաև մեղադրյալ Ա.Սարգսյանին վկա Տ.Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրության` որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը` տվյալ քննչական գործողությունը մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտմամբ կատարված լինելու պատճառաբանությամբ:

9. Քրեական դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրել է լրացուցիչ որոշում, որում, բացի նախորդ կետում թվարկված էական խախտումներից, արձանագրել է նաև քրեական գործով մինչդատական վարույթում թույլ տրված և դատական քննության ընթացքում ի հայտ եկած հետևյալ խախտումները.

Ա.Սարգսյանի ձերբակալումը տևել է օրենքով նախատեսված 72 ժամից ավելի, քանի որ նա ձերբակալվել է բերման ենթարկվելուց հետո ոչ թե երեք ժամվա ընթացքում, այլ 39 ժամ անց (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ և 1311-րդ հոդվածների պահանջների էական խախտումներ), քննիչի կողմից կայացված դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ փորձագետներին պարզաբանման համար հարցեր են առաջադրվել «տուժող Արմեն Սարգսյանի» մարմնական վնասվածքների վերաբերյալ, սակայն քրեական գործով վերջինս տուժող չի ճանաչվել:

10. Քրեական և Վերաքննիչ դատարանները Ա.Սարգսյանի կատարած հանցանքը և նրա մեղքը հաստատված են համարել ճանաչման ներկայացնելու քննչական գործողությանը մասնակցած վկաներ Ա.Ասրյանի և Տ.Խաչատրյանի ցուցմունքներով և նրանց ու Ա.Սարգսյանի առերես հարցաքննության արձանագրություններով, վկաներ Ռ.Այվազյանի, Ս.Խանջյանի, Է.Բալայանի, Ս.Պետրոսյանի ցուցմունքներով, առգրավման, դեպքի վայրի զննության արձանագրություններով, փորձագիտական եզրակացություններով, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, Երևանի քաղաքապետի գրություններով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով դատական ակտի կայացումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ ճանաչման ներկայացնելու 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պայմաններում օրինական ուժի մեջ է թողել Քրեական դատարանի դատավճիռը:

Ըստ բողոքաբերի՝ եթե անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունը կատարվում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, ապա դրանից բխող բոլոր գործողությունները չեն կարող դիտվել որպես ապացույց: Սակայն Քրեական դատարանը, անթույլատրելի ճանաչելով ճանաչման ներկայացնելու արձանագրությունները, որպես իր պաշտպանյալի մեղքը հիմնավորող ապացույց է դիտել Ա.Սարգսյանին ճանաչելու ներկայացած վկաներ Ա.Ասրյանի և Տ.Խաչատրյանի ցուցմունքները և նրանց ու Ա.Սարգսյանի առերես հարցաքննության արձանագրությունները, որոնց իր պաշտպանյալը հրաժարվել է մասնակցել: Բողոքաբերի պնդմամբ, թեև Քրեական դատարանն իր կայացրած լրացուցիչ որոշման մեջ արձանագրել է նախաքննական մարմնի խախտումները, սակայն լուրջ հետևություն չի կատարել, իսկ Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ փաստելով և ընդունելով քրեադատավարական օրենքի էական խախտումների առկայությունը, իր պաշտպանյալին արդարացնելու փոխարեն օրինական ուժի մեջ է թողել անհիմն ու անօրինական դատական ակտը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ մեղսագրված արարքում Ա.Սարգսյանի մեղքը: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված հարցին՝ կապված վկաներ Ռ.Այվազյանի, Ս.Խանջյանի, Է.Բալայանի և Ս.Պետրոսյանի ցուցմունքների հետ: Ըստ մեղադրանքի կողմի՝ նշված վկաները Ա.Սարգսյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոն բաժին, մինչդեռ վերոնշյալ վկաները հայտնել են, որ Ա.Սարգսյանին չեն տեսել և նրան բերման չեն ենթարկել: Այդ փաստը հաստատվել է նաև Քրեական դատարանում հրապարակված և հետազոտված` անձանց ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին արձանագրությամբ: Ա.Սարգսյանի մեղքը հերքվում է նաև Քրեական դատարանում հրապարակված և հետազոտված դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննությունների եզրակացություններով:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը, գտնելով, որ գործով հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, խնդրել է Արմեն Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել և Ա.Սարգսյանի վերաբերյալ կայացնել արդարացնող դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանն ըստ էության պետք է պատասխանի այն հարցին, թե իրավաչա՞փ էր արդյոք Ա.Սարգսյանին երկու վկաների ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի հիմքով որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պայմաններում նույն վկաների` Ա.Սարգսյանին որպես զանգվածային անկարգությունների անմիջական մասնակցի մատնացույց անելու մասին ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և մեղադրանքի հիմքում դնելու դատարանների որոշումը:

14. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…) »:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ «1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

(…)

2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի (….) էական խախտմամբ.

(…)

5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:

15. Նշված իրավադրույթներից հետևում է, որ որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

16. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը մեղադրական եզրակացության մեջ որպես Արմեն Սարգսյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ նշել է վկաներ Ա. Ասրյանի և Տ. Խաչատրյանի ճանաչմանը մեղադրյալ Ա. Սարգսյանին ներկայացնելու մասին 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրությունները, նույն վկաների ցուցմունքները, նրանց և Ա. Սարգսյանի առերես հարցաքննության արձանագրությունները, վկաներ Ռ. Այվազյանի, Ս. Խանջյանի, Է. Բալայանի, Ս. Պետրոսյանի, Ս. Սարգսյանի և Գ. Գինոսյանի ցուցմունքները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից առգրավված անհետաձգելի բուժօգնության քարտի գրանցումները և Ա. Սարգսյանի բաճկոնը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրական դատավճիռ կայացնելով` Քրեական դատարանը նույն դատավճռով հաստատված է համարել, որ մեղադրյալ Ա. Սարգսյանին վկաներ Ա. Ասրյանի ու Տ. Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու քննչական գործողությունների ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել դրանց կատարման կարգի և մեղադրյալի պաշտպանական իրավունքի էական խախտումներ, որի հիման վրա այդ արձանագրությունները ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Քրեական գործով մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների վերաբերյալ Քրեական դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրել է լրացուցիչ որոշում, որում արձանագրել է քրեական գործով մինչդատական վարույթում թույլ տրված և դատական քննության ընթացքում ի հայտ եկած նաև այլ խախտումներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

17. Վերոգրյալից հետևում է, որ Քրեական դատարանը, Ա. Սարգսյանին երկու վկաների ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունները ճանաչելով որպես անթույլատրելի ապացույց և դրանք հանելով ապացուցողական զանգվածից, ամբաստանյալի մեղավորությունը ապացուցված է համարել ճանաչման ներկայացնելուց հետո վկաների տված ցուցմունքներով այն մասին, որ իրենց կողմից ճանաչված Ա. Սարգսյանը հանդիսացել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակից: Այսինքն` սույն գործով Քրեական դատարանն անձի դատապարտման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա. Սարգսյանին վկաներ Ա. Ասրյանի և Տ. Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու երկու արձանագրությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պարագայում ճանաչման ներկայացնելուց հետո այդ նույն վկաների տված ցուցմունքները չէին կարող որպես ապացույց օգտագործվել և դրվել Ա. Սարգսյանի մեղադրանքի հիմքում: Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:

Հետևաբար, սույն գործով իրավաչափ չի եղել Ա. Սարգսյանին երկու վկաների ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի հիմքով որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պայմաններում նույն վկաների` Ա. Սարգսյանին որպես զանգվածային անկարգությունների անմիջական մասնակցի մատնացույց անելու մասին ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և մեղադրանքի հիմքում դնելու դատարանների որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ինչպես Քրեական դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, ճանաչման ներկայացնելու մասին 2008 թվականի հունիսի 6-ի արձանագրությունները որպես քրեադատավարական օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ և Ա. Սարգսյանի պաշտպանության իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ անթույլատրելի ճանաչելու հետ մեկտեղ ամբաստանյալ Ա. Սարգսյանի մեղադրանքի հիմքում դնելով ճանաչման գործընթացի մասնակիցներ, վկաներ Ա. Ասրյանի և Տ. Խաչատրյանի՝ ճանաչման ներկայացնելուց հետո տրված ցուցմունքները, թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ, 358-րդ, 360-րդ, 365-րդ, իսկ Վերաքննիչ դատարանը` նաև 398-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք հանգեցրել են Ա. Սարգսյանի իրավունքների էական խախտման: Արդյունքում խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` Ա. Սարգսյանի արդարացի դատաքննության իրավունքը:

18. Վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ ամբաստանյալի ցուցմունքները, մինչև ճանաչման ներկայացնելը վկաներ Ա. Ասրյանի և Տ. Խաչատրյանի ցուցմունքները, մյուս վկաների ցուցմունքները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից առգրավված Ա. Սարգսյանի բաճկոնը, դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձագիտական եզրակացությունները, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, Երևանի քաղաքապետի գրությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին Ա. Սարգսյանի անմիջական մասնակցությունը հիմնավորող փաստական տվյալներ չեն պարունակում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունը դասվում է այն դատավարական գործողությունների շարքին, որն իր բնույթով կրկնակի կատարման հնարավորություն չի ընձեռում: Կրկնակի ճանաչման դեպքում դրա արդյունքների վերաբերյալ կարող են հարուցվել քրեադատավարական օրենքի իմաստով փարատման ոչ ենթակա կասկածներ, քանի որ ճանաչողն արդեն տիրապետում է նրա ցուցմունքների օբյեկտիվությունը բացառող տեղեկությունների:

Հետևաբար, սույն գործով սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

19. Հիմք ընդունելով վերը շարադրված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Սարգսյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը ենթական են բեկանման, քրեական հետապնդումը՝ դադարեցման, քանի որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատված և կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված համարելու համար, և սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է անթույլատրելի ճանաչված ապացույցներից անմիջականորեն բխող այլ ապացույցների անթույլատրելիության հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել, Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

2. Արմեն Սեյրանի Սարգսյանին անհապաղ ազատել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան