Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.53
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.06.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0100/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

քրեական գործ թիվ ԱՎԴ/0100/01/08

ԱՎԴ/0100/01/08

 

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ՝ Ռ. Ազարյան

               Ժ. Հովսեփյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

քարտուղարությամբ`

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ` ամբաստանյալ

Տ. Բուդաղյանի

պաշտպան`

Ֆ. Խալաթյանի

դատախազ`

Վ. Հովսեփյանի

2 հունիսի 2009 թվական ք.Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Տիրան Վոլոդյայի Բուդաղյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Տիրան Բուդաղյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 27109308 քրեական գործը:

2. 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Տիրան Բուդաղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

3. 2008 թվականի հոկտեմբերի 23-ին Տիրան Բուդաղյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

4. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2008 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով Տիրան Բուդաղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Կարեն Բարսեղյանը, Մարատ Հարությունյանը և Տիգրան Հարությունյանը:

5. Ամբաստանյալներ Տ.Բուդաղյանի և Տ.Հարությունյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 6-ի որոշմամբ ամբաստանյալների վերաքննիչ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը:

6. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Տ.Բուդաղյանը վճռաբեկ բողոք է բերել:

2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով (Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

7. Տիրան Բուդաղյանը 2008 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետազատ գյուղի գերեզմանոցի տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա, խաղողի այգիների հարևանությամբ գտնվող առվի եզրին աճած կանեփի բույսից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի, գործածելու նպատակով իր մոտ պահել է խոշոր չափի՝ 72,6 գրամ քաշով, չչորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

8. Տ.Բուդաղյանը 2-րդ խմբի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար: Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո` 2008 թվականի դեկտեմբերի 8-ին, մահացել է հայրը` Վոլոդյա Բուդաղյանը: Մայրը` Ջուլիետա Բուդաղյանը, վատառողջ է և ունի խնամքի կարիք: Ամբաստանյալ Տ.Բուդաղյանը հանդիսանում է նրան խնամող միակ անձնավորությունը (եղբայրը` Արմեն Բուդաղյանը, մահացել է դեռևս 2001 թվականին):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի, որը սահմանում է պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձանց պատժից ազատելու հիմք կարող է հանդիսանալ դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար ծանր հետևանքների առաջացման վտանգը, որը կարող է կանխել դատապարտյալը՝ պատժից ազատվելու դեպքում: Ընդ որում, օրենքը ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, ի թիվս այլոց, կապում է նաև ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդության կամ մահվան հետ:

Ըստ բողոք բերած անձի՝ ինքը Վերաքննիչ դատարան է ներկայացրել բժշկական տեղեկանք այն մասին, որ մայրը կաթվածահար է եղել և գտնվում է անկողնային ծանր վիճակում, հարևանների հայտարարությունը՝ հաստատված համատիրության կառավարչի կողմից այն մասին, որ իր ընտանիքի միակ անդամը՝ մայրը, գտնվում է իր խնամքի ներքո, ինչպես նաև եղբոր և հոր մահվան վկայականները, որոնք բավարար հիմք են առ այն, որ Առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժն իր կողմից կրելու դեպքում իր ընտանիքի համար կարող են առաջանալ ծայրահեղ ծանր հետևանքներ և խնդրել, որպեսզի Վերաքննիչ դատարանը, վերոգրյալը հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածում ամրագրված մարդասիրական սկզբունքներով, իրեն ազատի պատժի կրումից:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքում մատնանշված ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջի կիրառումը քննարկելու փոխարեն, քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը և գտնելով, որ նշված հոդվածով նախատեսված մեղմացնող հանգամանքները հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից՝ կայացված դատավճիռը թողել է անփոփոխ: Վերոգրյալից բողոքաբերը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը և իրեն ազատել Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով սահմանված պատժի կրումից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին. կիրառելի՞ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածը դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատավճռով նշանակված պատժի նկատմամբ և իրավասո՞ւ էր արդյոք Վերաքննիչ դատարանը վերոնշյալ հոդվածի հիմքով Տ.Բուդաղյանին ազատել Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը կրելուց:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` «Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների»:

Նշված հոդվածի վերլուծությունից երևում է, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձի կողմից պատժի հետագա կրումը որոշ հանգամանքների (հրդեհ, տեխնոլոգիական կամ տարերային աղետ, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդություն կամ մահ, կամ այլ հանգամանքներ) առկայության դեպքում կարող է համարվել աննպատակահարմար, քանի որ այն կարող է հանգեցնել ծանր հետևանքների դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար: Նշանակված և դատապարտյալի կողմից փաստացի կրվող պատժից ազատելը նպատակ է հետապնդում կանխել վերոնշյալ ծանր հետևանքների առաջացումը:

13. Պատիժը կրելուց ազատելու հետ կապված քրեադատավարական կարգավորումները տրված են «Դատական որոշումների կատարումը» վերտառությունը կրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում:

Նշված գլխում զետեղված 429-րդ, 431-433-րդ հոդվածներով կարգավորվող իրավահարաբերությունների սուբյեկտ է դատապարտյալը, ով իր իրավունքներն իրավասու է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծող դատարանների իրավասությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածով, իսկ դատական որոշման հետ կապված հարցերի լուծման կարգը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մեղադրյալը, որի վերաբերյալ կա oրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մաuնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ (…)»:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածում օրենսդրի տրված ձևակերպումները («պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների»), կիրառելի են միայն օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի հիման վրա պատժի որոշ մասը կրած դատապարտյալի նկատմամբ:

Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված հիմքերով անձին պատժի հետագա կրումից ազատելու քրեաիրավական ինստիտուտի կիրառումը հնարավոր է մեղադրական դատավճռի կատարման փուլում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի արտակարգ հանգամանքներ, որոնք նրա կողմից պատժի հետագա կրումը դարձնում են աննպատակահարմար կամ անհնարին:

14. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված` ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված հիմքով պատժից ազատելու մասին բողոք բերած անձի խնդրանքը կարող է քննարկման առարկա դարձվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պայմաններում` դատապարտյալի կողմից արդեն փաստացի կրվող պատժի կապակցությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխի նորմերով սահմանված ընթացակարգով:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարան բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի կիրառման անհնարինության հիմքով ՀՀ վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը հիմնավորված է, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի հիմքով Տ.Բուդաղյանին ազատել Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը կրելուց, և այս առումով որոշումը բեկանելու հիմքեր չկան:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավորված դատական ակտ, որը համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար,

7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ,

8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Նշված իրավադրույթից երևում է, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն՝ դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի՝ պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև՝ դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը` հաշվի առնելով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավորությունը:

Նշված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով ամրագրված` արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնի ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):

17. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժ կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է ինչպես վերոնշյալ՝ ՎԲ-192/07, այնպես էլ ԱՎԴ2/0059/01/08 որոշման մեջ: Վերջինիս 24-րդ կետում Վճռաբեկ դատարանը նշել է. « (...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը, կետ 24):

18. Ինչպես երևում է գործի նյութերից, Առաջին ատյանի դատարանը Տ.Բուդաղյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա խոստովանել և զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, 2-րդ խմբի հաշմանդամ է: Նշված հանգամանքների գնահատմամբ դատարանը գտել է, որ նրա ուղղումը հնարավոր է միայն հասարակությունից մեկուսացնելով:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգել է այն հետևության, որ Տ.Բուդաղյանի վերաքննիչ բողոքում բերված փաստարկներն արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից` պատժի տեսակը և չափը որոշելիս, և գործով բավարար հիմքեր չկան նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կիրառելու համար:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Տ.Բուդաղյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունն արդյոք համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու արդարացի պատժի քրեաիրավական սկզբունքին:

Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ամբաստանյալ Տ.Բուդաղյանի վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկներին, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո մահացել է հայրը, իսկ մայրը, որը, գործում եղած էպիկրիզի և համատիրության կողմից հաստատված փաստաթղթային ապացույցների համաձայն` տարել է իշեմիկ ինսուլտ, գտնվում է անկողնային վիճակում և ունի խնամքի կարիք և ամբաստանյալ Տ.Բուդաղյանը նրան խնամող միակ անձնավորությունն է, քանի որ եղբայրը մահացել է դեռևս 2001 թվականին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Ամբաստանյալ Տ.Բուդաղյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման ընթացքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այս հանգամանքները, ինչի արդյունքում էլ հանգել է չհիմնավորված հետևության:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները ենթակա են գնահատման` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության հարցը որոշելու առումով, և դրանց գնահատված չլինելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Տ.Բուդաղյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցը քննարկելիս և որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում չգնահատելով վերոհիշյալ հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված` պատժի նպատակների իրացվելիության հնարավորության հարցում հանգել է չհիմնավորված հետևության, որի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է նաև օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

20. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Տիրան Վոլոդյայի Բուդաղյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

 

 

Ա. Պողոսյան