Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.54
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.06.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0117/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԱՐԴ/0117/01/08

ԱՐԴ/0117/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Դատավորներ՝ Մ. Ռեհանյան

               Ա. Հովհաննիսյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ.Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

քարտուղարությամբ`

Կ. Աբրահամյանի

2 հունիսի 2009 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2008 թվականի հոկտեմբերի 28-ին հարուցվել է թիվ 58209708 քրեական գործը:

2. 2008 թվականի նոյեմբերի 3-ին Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Ռ.Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով:

4. Ամբաստանյալ Ռ.Հովակիմյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը մերժվել է:

5. Վճռաբեկ բողոքը բերվել է դատապարտյալ Ռ.Հովակիմյանի կողմից:

2009 թվականի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

6. Ռ. Հովակիմյանը դատապարտվել է այն բանի համար, որ 1989-90 թվականներին ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2008 թվականի հոկտեմբերի 27-ն իր սեփական տանը պահել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի «6868» համարի TO3-8 տեսակի ակոսափող հրացան, որոնք 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալներն ստուգելիս զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Նա նշում է, որ հաշվի չառնելով գործի փաստական հանգամանքները՝ մասնավորապես այն, որ 2007 թվականին ինքը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության, տառապում է շաքարախտով, նախկինում արատավորված չի եղել, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժման մարտերին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններն իր նկատմամբ նշանակել են անարդարացի` հանցագործության ծանրությանը և իր անձին չհամապատասխանող պատիժ՝ դրանով թույլ տալով նյութական իրավունքի խախտում, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել իր համար: Բողոքաբերի կարծիքով, դատարանները վերոնշյալ պայմաններում պետք է կիրառեին ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները, ուստի նա խնդրում է մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը, և իր նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդյոք պետք է Ռ.Հովակիմյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Վերոնշյալ հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտել, որ եթե դատարանը, կայացնելով մեղադրական դատավճիռ ամբաստանյալի նկատմամբ նշանակում է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում թվարկված պատժատեսակներից (կալանք, ազատազրկում, կարգապահական գումարտակում պահելը) որևէ մեկը՝ սահմանելով դրա չափը, այնուհետև համոզված լինելով, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու՝ որոշում է դատապարտյալի վրա որոշակի պարտականություններ դնելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տես Վճռաբեկ դատարանի Գ.Մարտիրոսյանի վերաբերյալ 2008 թվականի փետրվարի 1-ի ՎԲ-01/08 որոշումը):

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Այդ հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել: (Տե՛ս նաև Ս.Ներսիսյանի գործով 2007 թվականի հունիսի 12-ի Վճռաբեկ դատարանի ՎԲ-124/07 որոշումը):

9. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը՝ (…)

6. ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7. ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8. ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Նշված իրավադրույթից երևում է, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն՝ դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև՝ դրա տեսակը և չափը, որից հետո որոշում` ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ՝ հաշվի առնելով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության հանգամանքը:

Վերը հիշատակված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի մի շարք դրույթներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դրա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով՝ դրանք բնութագրում են ինչպես կատարած հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով պատժաչափը: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

10. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն: Պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Այլ կերպ՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը:

Սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

11. Գործի տվյալներով հիմնավորված է, որ Ռ.Հովակիմյանը նախկինում արատավորված չի եղել, բնութագրվել է դրական, 2007 թվականին տարել է սրտի բարդ վիրահատություն, տառապում է շաքարախտով, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժման մարտերին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առումով վերը նշված հանգամանքները ենթակա են գնահատման և դրանց գնահատված չլինելը հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

12. Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռ.Հովակիմյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում ընդունելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը, գործի քննության ընթացքում թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

 

 

Ա. Պողոսյան