Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.56
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.06.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0107/11/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0107/11/08

ԵԿԴ/0107/11/08

 

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

2009թ. հունիսի 2-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ԴՓԲԸ) ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրինության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2008 թվականի օգոստոսի 16-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

2. 2008թ. հոկտեմբերի 10-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Նախաքննության մարմնի 2008թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:

4. 2008թ. հոկտեմբերի 14-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

5. 2008թ. նոյեմբերի 28-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ գույքի վրա կալանք դնելու մասին 2008թ. հոկտեմբերի 14-ի որոշումը վերացնելու խնդրանքով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

6. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թ. փետրվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:

7. Վճռաբեկ դատարանը 2009թ. ապրիլի 10-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով /բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար/:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

8. Վերաքննիչ դատարանը 2009թ. հունվարի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և նշանակել դռնբաց դատական նիստում քննության 2009թ. հունվարի 27-ին՝ ժամը 11-ին, պատշաճ կարգով ծանուցելով դատավարության մասնակիցներին՝ այդ թվում նաև բողոքաբեր Հասմիկ Ռաֆայելյանին:

9. Հասմիկ Ռաֆայելյանը դատարանին անհայտ պատճառով դատական նիստին չի ներկայացել, որի պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև 2009թ. փետրվարի 11-ը՝ ժամը 11-ը: Դատարանը կրկին ծանուցել է «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցչին դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն վերջինս դատարանին անհայտ պատճառով կրկին չի ներկայացել:

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անհարգելի է համարել վերաքննիչ դատարանի դատական նիստերին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցչի չներկայանալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ 2009թ. փետրվարի 11-ի որոշմամբ «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթը կարճել է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Գտնելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի դրույթների միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ և բողոք բերող անձը զրկվել է իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքից /արդարադատության մատչելիության իրավունք/, բողոքաբերը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. փետրվարի 11-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչի 2008թ. հոկտեմբերի 14-ի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը:

12. Բողոք բերած անձը նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ, 19-րդ հոդվածների պահանջները, կիրառել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի նորմերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոքում նշվում է, որ բողոք ներկայացրած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը կարո՞ղ է որակվել որպես նշված հոդվածով սահմանված վերաքննիչ բողոքը հետ վերցնելու դատավարական իրավունքի իրացում, թե՞ ոչ և նման մեկնաբանությամբ արդյո՞ք չի խեղաթյուրվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նորմի իմաստը:

Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով Եվրոպական Կոնվենցիայի 37-րդ հոդվածը, կատարել է այնպիսի գործողություն, որի համար լիազորված չի եղել ոչ ՀՀ Սահմանադրությամբ և ոչ էլ ՀՀ օրենքներով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին` իրավաչա՞փ էր արդյոք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի կիրառումը, այն դեպքում, երբ բողոք բերող անձը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, անհարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստին:

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվելը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից երևում է, որ բողոքը հետ վերցնելն անձի իրավունքն է, և դրանով կարգավորվում են սուբյեկտների կողմից բողոքները հետ վերցնելու իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններ: Իրավունքն անձի հնարավոր թույլատրելի վարքագիծն է՝ կատարելու այս կամ այն արարքը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից: Հետևաբար վերաքննիչ բողոք բերելը կամ այն հետ վերցնելը անձի իրավունքն է, որն արտահայտվում է անձի ազատ կամքի դրսևորմամբ:

16. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ փաստի հաստատման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար դատարանը պետք է ունենա բավարար հիմքեր, մասնավորապես այդպիսին կարող է հանդիսանալ բողոք բերած անձի՝ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարան բերված դիմումը: Բողոքաբերի կողմից բողոքը հետ վերցնելը պետք է կատարվի ակտիվ վարքագիծ դրսևորելով, այսինքն՝ անձը պետք է իր կամքն արտահայտի բողոքը հետ վերցնելու կապակցությամբ:

Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ բողոք բերող անձը վերաքննիչ դատարանում մինչև դատական նիստը սկսվելը իր բողոքը հետ չի վերցրել, հետևաբար վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներից:

17. Այս պայմաններում, վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթները, դատական նիստին չներկայանալը հավասարեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթներին, այն է՝ երբ դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին կամ բողոքին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որոշում է կայացրել վերաքննիչ վարույթը կարճելու մասին:

Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթը կանոնակարգող ընթացակարգային կանոնները որևէ պարագայում չեն կարող կարգավորել նաև ՀՀ դատարաններում վարույթը:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է: Գործի նյութերից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը որակելով որպես վերաքննիչ բողոքից հրաժարում և այդ հիմքով կարճելով վերաքննիչ վարույթը՝ վերաքննիչ դատարանն ըստ էության հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է վերաքննիչ դատարանի՝ սույն գործով կայացված դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

20. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ չի կարող բավարարվել գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքի պահանջը, քանի որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքն ըստ էության չի քննել և որոշում չի կայացրել, այլ կարճել է վերաքննիչ վարույթը, որի դեմ էլ բերվել է վճռաբեկ բողոքը: Ուստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, այն է՝ բեկանել վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի բողոքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. փետրվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան