Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1447
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
16.10.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-93(ՎԴ) ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-443

Քաղաքացիական գործ թիվ 3-93(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ա. Մկրտչյան

               Վ. Ավանեսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Բալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Սվետլանա Բալյանի հայցի ընդդեմ առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Անժելա Ամալյանի, Աիդա Գուլոյանի, Կարինե Մկրտչյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների նոտար Գոհար Մովսիսյանի` տան և հողամասի ժառանգության վկայագիրը, առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սվետլանա Բալյանը պահանջել է անվավեր ճանաչել Անժելա Ամալյանի անվամբ Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 04.12.1997 թվականին տրված ժառանգության վկայագիրը, ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից 01.06.1998 թվականին Անժելա Ամալյանի անվամբ տրված թիվ 002564 սեփականության վկայականը, 02.06.1998 թվականի Երևանի Լոմոնոսովի փողոցի 21 տան առուվաճառքի պայմանագիրը, Աիդա Գուլոյանի անվամբ 09.06.1998 թվականին տրված թիվ 006009 սեփականության վկայականը, 17.12.2003 թվականի Երևանի Լոմոնոսովի փողոցի 21 տան առուվաճառքի պայմանագիրը, Կարինե Մկրտչյանի անվամբ 30.12.2003 թվականին տրված թիվ 1647891 սեփականության վկայականը և իրեն ճանաչել մոր՝ Սոնյա Բալյանի օրինական ժառանգ, ինչպես նաև պարտավորեցնել Կարինե Մկրտչյանին վերականգնելու տան նախնական վիճակը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2004 թվականի վճռով Սվետլանա Բալյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 07.09.2004 թվականի վճիռը մասնակիորեն՝ «ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագիրն անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու մասերով, բեկանվել և փոփոխվել է. անվավեր է ճանաչվել 04.12.1997 թվականի «ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագիրը: Սվետլանա Բալյանը ճանաչվել է Երևանի Լոմոնոսովի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող գույքի նկատմամբ փաստացի տիրապետող ժառանգ: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Բալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով ժառանգության իրավունքի վկայագիրը, չի կիրառել անվավեր գործարքների հետևանքները` պատճառաբանելով, որ ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա կնքված գործարքներն անվավեր ճանաչելը կհանգեցնի պատասխանողների իրավունքների խախտման: Մինչդեռ, վերաքննիչ դատարանը չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ըստ որի` սեփականատերն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել, երբ գույքը հափշտակվել է, կամ նրա տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով, անկախ նրա կամքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 30.12.2008 թվականի որոշումը. կիրառել անվավեր գործարքի հետևանքները՝ անվավեր ճանաչել Անժելա Ամալյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Անժելա Ամալյանի և Աիդա Գուլոյանի միջև 02.06.1998 թվականին կնքված Երևանի Լոմոնոսովի փողոցի 21 տան վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը, Աիդա Գուլոյանի անվամբ պետական գրանցումը, Աիդա Գուլոյանի և Կարինե Մկրտչյանի միջև կնքված նույն գույքի առուվաճառքի պայմանագիրը և Կարինե Մկրտչյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ 009609 սեփականության վկայագրի համաձայն՝ Լոմոնոսովի փողոցի 21 տունը սեփականության իրավունքով պատկանել է Սոնյա Բալյանին (հատոր 1-ին, գ.թ. 14):

2. Նոտարի կողմից 05.04.1981 թվականին վավերացված կտակի համաձայն՝ Սոնյա Բալյանը Երևանի Լոմոնոսովի փողոցի թիվ 21 տան երկու սենյակը (10,5 քմ, 13,0 քմ բնակելի մակերեսով և 8,9 քմ օժանդակ ընդհանուր օգտագործման) կտակել է Անժելա Ամալյանին (հատոր 1-ին, գ.թ. 70):

3. Սոնյա Բալյանը մահացել է 08.11.1981 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):

4. 01.06.1998 թվականին տրված թիվ 002564 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Անժելա Ամալյանը Սոնյա Բալյանի 05.04.1981 թվականի կտակում նշված գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 60):

5. Անժելա Ամալյանը 02.06.1998 թվականին վեճի առարկա բնակելի տունը վաճառել է Աիդա Գուլոյանին: 09.06.1998 թվականի թիվ 006009 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ նշված գույքի նկատմամբ գրանցվել է Աիդա Գուլոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 15, 62):

6. Աիդա Գուլոյանը 17.12.2003 թվականին վերոնշյալ գույքը վաճառել է Կարինե Մկրտչյանին: 30.12.2003 թվականի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ նշված գույքի նկատմամբ գրանցվել է Կարինե Մկրտչյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 16, 64):

7. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.11.2007 թվականի վճիռը, որի համաձայն` անվավեր է ճանաչվել Անժելա Ամալյանի անվամբ 05.04.1981 թվականին կազմված կտակը (հատոր 2-րդ, գ.թ. 3-6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,

2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,

3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից (իրավական հիմնավորումները տես՝ ըստ հայցի Լաուրա Ամիրյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.11.2007 թվականի վճիռը, որի համաձայն` անվավեր է ճանաչվել Անժելա Ամալյանի անվամբ 05.04.1981 թվականին կազմված կտակը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2008 թվականի որոշումը, որպես անվավեր ճանաչված կտակի հետևանք` անվավեր է ճանաչել նաև դրա հիման վրա տրված 04.12.1997 թվականի «ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագիրը, սակայն չի կիրառել հայցապահանջի հիմքում ընկած անվավերության այլ հետևանքները, այն է` անվավեր չի ճանաչել առուվաճառքի պայմանագրերը և դրանցից բխող իրավունքների պետական գրանցումները: Վերաքննիչ դատարանն իր այս դիրքորոշումը պատճառաբանել է նրանով, որ վերոնշյալ գործարքները կնքվել են պայմանագրերի կնքման պահին գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ և որ գույքը հատուցմամբ ձեռքբերողները պայմանագրերի կնքման ժամանակ համոզված են եղել, որ այն ձեռք են բերել այդ գույքն օտարելու իրավունք ունեցող անձից, հետևաբար, նրանք համարվում են բարեխիղճ ձեռքբերողներ, ուստի սույն իրավահարաբերության նկատմամբ վերը նշված առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անժելա Ամալյանը թեև վիճելի գույքն օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված իրավունք, սակայն վիճելի գույքը փաստացի տիրապետելու ուժով դրա նկատմամբ Սվետլանա Բալյանը ձեռք է բերել սեփականության իրավունք: Հետևաբար, Սվետլանա Բալյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինս, որպես գույքը փաստացի տիրապետող ժառանգ, իրավունք ունի այն հետ պահանջելու ցանկացած բարեխիղճ տիրապետողից:

Բացի այդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված սեփականության անձեռնմխելիության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2008 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան