Համարը 
N 172-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.03.04/13(679) Հոդ.223
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.02.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2009 թվականի N 172-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու և նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երևանի քաղաքապետի կողմից` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից.

2) համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով` սույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթը Երևանի քաղաքապետն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակացարանային շենքը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնելուց հետո:

3. Բնակիչներին բնակարաններով ապահովելու և հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին, իսկ համակարգող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

4. Երևանի քաղաքապետին`

1) ընդունել համայնքների առաջարկությունները` համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանները Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության անունից համայնքների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` ապահովելով գործարքների նոտարական վավերացումը և պետության սեփականության իրավունքների գրանցումը.

2) Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու և այդ շենքերի քանդման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտ:      

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին (Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` առաջարկությամբ)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքերի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հարցման համաձայն վթարային հանրակացարանային շենքերում բնակվող փախստականների հաշվառման, նրանց ընտանիքներին բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր հատկացված լինելու, քաղաքացիների անձնագրային հաշվառման, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

7. Երևանի քաղաքապետին` քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին ստացված եզրակացությունները և տարեկան ծրագրերում ընդգրկված հանրակացարանային շենքերի բնակելի կացարանների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վթարային բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քաղաքացիների սեփականության իրավունքի դադարման և պետության գույքային իրավունքների պետական գրանցումներ իրականացնելու նպատակով:

8. Վթարային հանրակացարանային բնակելի շենքերը` բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, ենթակա են քանդման` մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

փետրվարի 5-ի N 172-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով բնակարաններով ապահովվում են հանրակացարանային բնակելի շենքերի կացարանների սեփականատերերը, կացարաններում փաստացի բնակվող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, կացարանի համար ձևակերպված օրդերներով, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումներով վարձակալ ճանաչված և փաստացի բնակվող բնակիչները, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հանրակացարանային շենքում անձնագրային հաշվառումով կամ առանց հաշվառման փաստացի երեք տարվանից ավելի բնակվող այն բնակիչները, ովքեր բնակարանի հատկացման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք` բացառությամբ ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տան կամ բնակարանի կամ այլ բնակելի տարածքի, որում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում 9.0 քառ. մետր մակերեսը և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները ) վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում չեն օտարել բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք:

(1-ին կետը լրաց. 14.01.10 N 15-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետով նշված անձանց բնակարանների հատկացումն իրականացվում է`

1) սեփականատերերին` բնակարանի հատկացում նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան: Ընդ որում, նախկինում զբաղեցրած սենյակների թիվն ընդհանուր մակերեսում հաշվարկելու անհրաժեշտության դեպքում որոշվում է` մինչև 50 քառ.մետր` մեկսենյականոց բնակարան, 50-70 քառ. մետր` երկուսենյականոց բնակարան, 70-100 քառ.մետր` երեքսենյականոց բնակարան, 100 և ավելի` չորսսենյականոց բնակարան.

2) փախստականներին, վարձակալներին և սույն կարգի 1-ին կետում նշված այլ փաստացի բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացում` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` սույն ենթակետով սահմանված նորմերով`

1) 1-2 անձից կազմված ընտանիքներին` մեկսենյականոց բնակարան.

2) 3-4 անձից կազմված ընտանիքներին` երկուսենյականոց բնակարան.

3) 5-6 անձից կազմված ընտանիքներին` երեքսենյականոց բնակարան.

4) յոթ և ավելի անձանցից կազմված ընտանիքներին` չորսսենյականոց բնակարան:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց բնակարանները հանձնվում են սեփականության իրավունքով:

4. Հանրակացարանային շենքերի վթարային կացարանները զբաղեցնող բնակիչների հետ Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են անշարժ գույքի փոխանակման կամ նվիրաբերության պայմանագրեր, որում սահմանվում են կողմերի հարաբերություններն ու բնակարանների հատկացման և զբաղեցրած վթարային բնակարանների ազատման հիմնական պայմանները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան