Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.133
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
26.11.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔՐԴ/0033/01/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0033/01/08

ԵՔՐԴ/0033/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

Դատավորներ` Ս. Չիչոյան, Ա. Դանիելյան

                  


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

26 նոյեմբերի 2009 թվական

 ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Արմենի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 3-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 9-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, Արմեն Արմենի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Սպարտակի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 1-ին մասով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ քաղաքացիական պատասխանող Արմեն Սերյոժայի Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 62207706 քրեական գործը հարուցվել է 2006 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2. Նախաքննության մարմնի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Վարդան Արմենի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 3-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 9-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով:

3. Նախաքննության մարմնի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Արմեն Արմենի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

4. Նախաքննության մարմնի 2006 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ թիվ 62207706 քրեական գործի շրջանակներում Արմեն Սերյոժայի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների կատարման համար, իսկ 2006 թվականի նոյեմբերի 29-ի որոշումներով նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, որով էլ նա ներգրավվել է որպես մեղադրյալ:

5. Նախաքննության մարմնի 2006 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ թիվ 62207706 քրեական գործից Արմեն Սահակյանի վերաբերյալ մասն անջատվել է, անջատված մասին տրվել է թիվ 62212306 համարը, որով էլ նախաքննությունը շարունակվել է:

6. 2006 թվականի նոյեմբերի 29-ին թիվ 62207706 գործով Արմեն Սահակյանի և Նարինե Չոբանյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառով:

7. Թիվ 62212306 քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Սերյոժայի Սահակյանի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

8. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Արմեն Սերյոժայի Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով` զրկվելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` մեկ տարի ժամկետով:

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայատարարելու մասին» որոշման 1-ին կետի «ա» ենթակետի կիրառմամբ Ա.Սահակյանը ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:

Դատավճռով քաղաքացիական հայցի հարցը համարվել է լուծված` տուժողներ Հ.Երանոսյանին, Ա.Բարսեղյանին, Ս.Ղարամյանին, Վ.Սարգսյանին, Վ.Եսայանին, Ց.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին հանցագործությամբ պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնված լինելու հիմքով:

9. 2007 թվականի հունվարի 25-ին Վ.Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ տեղի է ունեցել դատաքննություն, սակայն գործի քննությունը չի ավարտվել, և այն փոխանցվել է Երևանի քրեական դատարան:

10. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 9-րդ կետերով, 117-րդ հոդվածով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-67 հոդվածների կանոններով նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 10 /տասը/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Ամբաստանյալ Ա.Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 8 /ութ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Տիգրան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Երևանի քրեական դատարանի վերոնշյալ դատավճռով նաև վճռվել է Վարդան Համբարձումյանի, Արմեն Համբարձումյանի, Արմեն Սահակյանի, Նարինե Չոբանյանի տնտեսություններից համապարտության կարգով բռնագանձել հօգուտ տուժողներ Սվետլանա Դավթյանի` 1.700.000 ՀՀ դրամ, Հակոբ Պապյանի` 3.138.000 ՀՀ դրամ, Նաիրա Բադալյանի` 259.000 ՀՀ դրամ, Սամվել Սուքիասյանի` 4.525.000 ՀՀ դրամ:

11. Ամբաստանյալ Վ.Համբարձումյանի պաշտպաններ Ս.Միրզոյանի և Ա.Ալվանդյանի, ամբաստանյալ Ա.Համբարձումյանի, մեղադրող Ժ.Կոտիկյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ վերջիններիս վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

Նախագահող դատավոր Ե.Դարբինյանի 2009 թվականի հունվարի 19-ի կարգադրությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ուղարկվել է կատարման:

12. Երևանի քրեական դատարանի դատավճռի դեմ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետո Արմեն Սահակյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

13. Ա.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է: Վ.Համբարձումյանի, Ա.Համբարձումյանի, Ա.Սահակյանի, Ն.Չոբանյանի տնտեսություններից հօգուտ տուժողներ Սվետլանա Դավթյանի` 1.700.000 ՀՀ դրամ, Հակոբ Պապյանի` 3.138.000 ՀՀ դրամ, Նաիրա Բադալյանի` 259.000 ՀՀ դրամ, Սամվել Սուքիասյանի` 4.525.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

14. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել քաղաքացիական պատասխանող Ա.Սահակյանը:

2009 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար» և «վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

15. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի արձանագրային որոշմամբ Արմեն Սահակյանը ճանաչվել է քաղաքացիական պատասխանող: Նշված որոշման վերաբերյալ Ա.Սահակյանը պատշաճ կարգով չի տեղեկացվել, բացի այդ, գործում բացակայում է ներկայացված հայցադիմումներն Ա.Սահակյանին ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:

16. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ 2007 թվականի մայիսի 22-ին Ա.Սահակյանը բերման է ենթարկվել դատարան և հարցաքննվել որպես վկա: Նշված հարցաքննության ընթացքում Ա.Սահակյանին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն բացատրվել քաղաքացիական պատասխանողի իրավունքներն ու պարտականությունները, նա իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ բացատրություն չի տվել:

17. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործի քննությունը չի ավարտվել, և այն փոխանցվել է Երևանի քրեական դատարան:

18. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռի պատճենը Ա.Սահակյանին պատշաճ կարգով չի ուղարկվել: Իր դեմ հարուցված և լուծված քաղաքացիական հայցի մասին նա տեղեկացել է միայն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ դրա հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվել է ՀՀ Արդարադաստության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

19. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 158-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները: Ըստ նրա, վերաքննիչ բողոքի քննությունը կատարել է թերի, ոչ օբյեկտիվ և միակողմանի:

20. Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասը՝ բողոքի հեղինակը պնդում է, որ քաղաքացիական հայցն իր դեմ հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին հակառակ: Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքաբերը նշում է, որ ինքը սույն գործով հանդես է եկել վկայի կարգավիճակով, ուստի իր դեմ չէր կարող քաղաքացիական հայց հարուցվել և իր վրա չէր կարող գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալների գործողությունների համար: Բացի այդ, ո՛չ Երևանի, ո՛չ ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններն իրենց դատական ակտերում որևէ կերպ չեն հիմնավորել վկայից գումար բռնագանձելու հանգամանքը՝ արդյունքում թույլ տալով դատական սխալ, որը կարող է իր համար առաջացնել ծանր հետևանքներ:

21. Հիմք ընդունելով իր կողմից վկայակոչված փաստարկները՝ բողոքաբերը խնդրել է իր մասով բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 17-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է այն հարցը, թե քրեական գործի քննությանը վկայի կարգավիճակով մասնակցած Ա.Սահակյանի վրա կարո՞ղ էր, արդյոք, դրվել քրեական դատավարության կարգով քննվող քաղաքացիական հայցի բավարարման պարտականություն այն դեպքում, երբ նա նշված հայցի վերաբերյալ պատշաճ կերպով չի ծանուցվել և չեն պահպանվել նրա՝ որպես քաղաքացիական պատասխանողի իրավունքները:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա oրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական oրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի տալ բացատրություններ իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ»:

24. Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել միայն կասկածյալի, մեղադրյալի կամ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, ում վրա օրենքով սահմանված կարգով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Մեղադրյալի գործողությունների համար պատասխանատու անձանց թվին են դասվում, մասնավորապես, ծնողները, որդեգրողները, խնամակալները, շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն իրականացնող անձինք, որոնք օրենքի ուժով պատասխանատու են մեղադրյալի գործողությունների համար: Բացի այդ, որպես քաղաքացիական պատասխանող ներգրավված անձն իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին և բացատրություններ տալ իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ:

Շարադրված նորմերի ուսումնասիրությունը թույլ է տալիս դատողություն անել նաև այն մասին, որ վկայի կարգավիճակ ունեցող անձը կարող է քրեական դատավարությունում հանդես գալ որպես քաղաքացիական պատասխանող, եթե նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հանդիսանում է մեղադրյալի գործողությունների համար պատասխանատու ֆիզիկական անձ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով ներգրավվել է որպես քաղաքացիական պատասխանող և ապահովվել են քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված նրա իրավունքները:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են Վ.Համբարձումյանը, Ա.Համբարձումյանը, Տ.Մկրտչյանը, սակայն նույն դատավճռով քաղաքացիական հայցի լուծման ժամանակ վճռվել է, ի թիվս այլոց, նաև Ա.Սահակյանի տնտեսությունից համապարտության կարգով հօգուտ տուժողների բռնագանձել համապատասխանաբար 1.700.000, 3.138.000, 259.000 և 4.525.000 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Քաղաքացիական հայցի հարցը լուծելիս Երևանի քրեական դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա.Սահակյանը քաղաքացիական պատասխանող է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ նրան չեն բացատրվել որպես քաղաքացիական պատասխանող նրա իրավունքները, նա պատշաճ կերպով չի ծանուցվել իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ, ինչպես նաև, ներկայացված հայցի կապակցությամբ չի հարցաքննվել ու դիրքորոշում չի հայտնել (տե՛ս սույն որոշման 15-րդ, 16-րդ կետերը):

26. Հիմք ընդունելով սույն որոշման 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի քննությանը վկայի կարգավիճակով մասնակցած Ա.Սահակյանի վրա չէր կարող դրվել քրեական դատավարության կարգով քննվող քաղաքացիական հայցի բավարարման պարտականություն, քանի որ նշված հայցի վերաբերյալ նա պատշաճ կերպով չի ծանուցվել և չեն պահպանվել նրա՝ որպես քաղաքացիական պատասխանողի իրավունքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Սահակյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը Երևանի քրեական դատարանի կողմից պետք է թողնվեր առանց քննության:

27. ՀՀ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դա հիմք է կայացված դատական ակտը բեկանելու համար:

28. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վարդան Արմենի Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ գործով Արմեն Սերյոժայի Սահակյանից հօգուտ տուժողների գումարներ բռնագանձելու մասին Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռի քաղաքացիական հայցի մասը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և այդ մասով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան