Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.34
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.12.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ/0085/06/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԱԴԴ/0085/06/09

ԵԱԴԴ/0085/06/09

 

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 2009 թվականի դեկտեմբերի 18-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Գագիկ Գառնիկի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ Գ. Միքայելյանի պաշտպան Ի. Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Քրեական գործը հարուցվել է 2009թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

2. 2009թ. սեպտեմբերի 11-ի որոշմամբ Գագիկ Գառնիկի Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

3. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. սեպտեմբերի 11-ի որոշմամբ բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Գ.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը` 2 ամիս ժամկետով:

4. Գ.Միքայելյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ.Միքայելյանի պաշտպան Ի.Պետրոսյանը:

5. Վճռաբեկ դատարանը 2009թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

6. Գ.Միքայելյանն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հոկտեմբերի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

7. 2009թ. սեպտեմբերի 11-ին Գ.Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն արարքի համար, որ նա ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2009թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 15/2 շենքի 12-րդ հարկում գտնվող վերելակի մեքենայական սրահի մուտքի դռան կախովի փականը կոտրելու միջոցով, ապօրինի մուտք է գործել սրահ և փորձել է այնտեղից գողանալ զգալի չափի արժեք ունեցող՝ վերելակի արգելակման կոճը, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ բռնվել է շենքի բնակիչների կողմից:

8. Գ.Միքայելյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերի 3-ի դատավճռով սահմանված մեկ տարի ժամկետով փորձաշրջանի հաշվարկումը սկսվել է 2009թ. փետրվարի 17-ից, ուստի Գ.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել փորձաշրջանի ընթացքում՝ 2009թ. սեպտեմբերի 8-ին, կատարած գողության համար:

9. Գ.Միքայելյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 2009թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 03.05-ին: Գ.Միքայելյանին ձերբակալելու մասին արձանագրությունը կազմվել է 2009թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 23.30-ին: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել 2009թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 19-ի սահմաններում:

Դատարանը Գ.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին որոշումը կայացրել է 2009թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 21-ի սահմաններում:

10. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր որոշման մեջ նշել է, որ «Գ.Միքայելյանը բերման ենթարկվելուց հետո գտնվել է անգիտակից վիճակում, և նրան այդ վիճակում ոստիկանությունում պահելը չի կարող դիտվել որպես նրա իրավունքների և ազատությունների սահմանափակում»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 11-րդ, 130-րդ, 131-րդ, 131.1-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի միատեսակ կիրառության համար:

12. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ, 130-րդ, 131.1-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները:

13. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Գ.Միքայելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է այն պարագայում, երբ արդեն իսկ լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 72 ժամը, բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Գ.Միքայելյանն անգիտակից վիճակում չի եղել, ավելին, 2009 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 14.00-ի սահմաններում` բերման ենթարկվելուց շուրջ 11 ժամ անց, անձամբ գրավոր հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և Գ.Միքայելյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու իրավական կառուցակարգերը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում գտնվելու ընթացքում` նախքան ձերբակալման արձանագրությունը հայտարարելը, Գ.Միքայելյանն ունե՞ր արդյոք դատավարական կարգավիճակ:

15. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով»: Այնուհետև թվարկվում է անձին ազատությունից զրկելու իրավաչափ դեպքերի սպառիչ ցանկը, որոնց թվում է «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը» (4-րդ կետ):

Հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության կարգը, ներառյալ` այդ ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցները սահմանող ճյուղային կոդիֆիկացված օրենքը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն է, որի 5-րդ բաժնում («Դատավարական հարկադրանքի միջոցները») ամրագրված են ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու երկու ինքնուրույն միջոցներ` ձերբակալումը (17-րդ գլուխ` 128-133-րդ հոդվածներ) և խափանման միջոց կալանավորումը (18-րդ գլխի 137-142-րդ հոդվածներ):

16. Ձերբակալման և կալանավորման հարաբերակցության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-827 որոշման մեջ հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտների` օրենսդրությամբ սահմանված նպատակների և հիմքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ ինստիտուտներն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման միմյանցից էապես տարբերվող հիմքեր: Դրանցից յուրաքանչյուրն օրենսդիրն ընտրել է որպես ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասով մատնանշված առանձին նպատակների հասնելու ինքնուրույն դատավարական միջոց, և կիրառվում է տարբեր հիմքերի առկայությամբ: Հետևաբար, դրանցից յուրաքանչյուրը, առանց որևէ փոխպայմանավորվածության, փոխկապակցվածության և հաջորդականության, ինքնուրույնաբար կարող է կիրառվել, երբ առկա են դրանով հետապնդվող նպատակները և դրա կիրառման համար անհրաժեշտ հիմքերը: (...)»: (6-րդ կետի 4-րդ պարբերություն):

17. Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշմամբ, միաժամանակ ընդգծում է, որ ձերբակալումը և կալանավորումն ունեն էական ընդհանրություն ևս, այն է` երկուսն էլ հնարավորություն են տալիս հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի պարագայում դատավարական կարգավիճակ (կասկածյալի կամ մեղադրյալի) ունեցող անձին զրկել ազատությունից (պահել անազատության մեջ): Ընդ որում` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բավարար աստիճանը ձերբակալման դեպքում ավելի ցածր է, քան կալանավորման դեպքում:

Այդուհանդերձ, ձերբակալման ընթացակարգի յուրահատկությունը հաշվի առնելով` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածով անձին ազատությունից զրկելու կառուցակարգը կարող է ընդգրկել որոշակի տևողությամբ սկզբնական փուլ, որի ընթացքում անձը կարող է որևէ դատավարական կարգավիճակ չունենալ` պայմանավորված գործող քրեադատավարական օրենսդրության անբավարար որոշակիությամբ:

18. Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:

Այս բնորոշումից երևում է, որ ձերբակալման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող չորս գործողություններից` (1) անձին ազատությունից փաստացի զրկելը, (2) նրան իրավասու մարմին բերելը, (3) ձերբակալման արձանագրություն կազմելը և (4) այդ մասին նրան հայտարարելը: Ուստի անձը կարող է ձերբակալվածի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից:

Նախքան դա` անձը, փաստացի արգելանքի վերցվելով և քրեական հետապնդման մարմին բերվելով, դեռևս ձերբակալվածի կարգավիճակ չի կարող ունենալ, մինչդեռ նրան արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմին բերելու հիմքը հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածն է` զուգորդված նրա փախուստը կանխելու նպատակով: Ընդ որում, այստեղ կասկածի հիմնավորվածության աստիճանն է՛լ ավելի ցածր է, քան ձերբակալման դեպքում:

19. Եթե բերված անձի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը շարունակում և ավարտին է հասցնում ձերբակալման գործընթացը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ նախադասության ուժով ձերբակալման ժամկետի հաշվարկը սկսվում է արգելանքի վերցնելու պահից, սակայն դա կատարվում է հետադարձ կարգով: Ուստի արգելանքի վերցված ու վարույթն իրականացնող մարմին բերված անձը, նախքան ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելը, չի կարող բավարար որոշակիությամբ գիտակցել իր կարգավիճակը: Ավելին, քանի դեռ արձանագրությունը կազմված չէ, նա կարող է ազատ արձակվել` այդպես էլ չստանալով ձերբակալվածի կարգավիճակ:

20. Սույն որոշման 15-19-րդ կետերում արված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ազատությունից զրկելու քրեադատավարական կառուցակարգերը չեն սահմանափակվում «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտներով, այլ ներառում են նաև արգելանքի վերցվելու և վարույթն իրականացնող մարմին բերվելու կառուցակարգը: Համապատասխանաբար, մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական վիճակ, որը պայմանականորեն կարելի է անվանել «բերվածի» կարգավիճակ:

Բերմանը հարաբերական ինքնուրույնություն տալու օրենսդրի մոտեցման մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախքան քրեական գործի հարուցումը թույլատրելի գործողությունների շարքում ամրագրում է նաև «հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ... բերման ... ենթարկվել[ը]»:

21. Չնայած բերվածի կարգավիճակի կարճատևությանը` բերվածը պետք է օժտված լինի Սահմանադրական և Կոնվենցիոն համապատասխան երաշխիքներով:

Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) արդարացի (...) դատաքննության իրավունք: (...)»: 6-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է հանցագործություն կատարելու մեջ յուրաքանչյուր մեղադրվողի նվազագույն իրավունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62,Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98): Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով (Շաբելնիկն ընդդեմ Ուկրաինայի (Shabelnik v. Ukraine) գործով վճիռ, 2009թ. փետրվարի 19, գանգատ թիվ 16404/03, կետ 52):

22. Նախորդ կետում շարադրված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բերվածի իրավական վիճակը համապատասխանում է «քրեական մեղադրանքի» ներկայացման Կոնվենցիոն պահանջին` Եվրոպական դատարանի բովանդակային մեկնաբանմամբ: Ուստի բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով.

ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բխում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունից, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(ա) ենթակետից),

(բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին (բխում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունից),

(գ) հրավիրելու իր փաստաբանին (բխում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասից),

(դ) լռելու (բխում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին մասից):

Համապատասխանաբար, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ապահովել բերվածի իրավունքների իրականացումը` բերվածի իրավունքները գրավոր պարզաբանելու, նրան առնվազն մեկ զանգի հնարավորություն ընձեռելու, բերվածի փաստաբանի մուտքը չխոչընդոտելու եղանակներով:

Այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis), սույն կետում ամրագրված նվազագույն իրավունքներով և երաշխիքներով օժտված են նաև ոստիկանությունում կամ քրեական հետապնդման այլ մարմնում գտնվող, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող այն անձինք, որոնք կարող են ողջամտորեն ենթադրել, որ (1) իրենց ազատությունը սահմանափակված է կամ իրենք ազատությունից զրկված են, և, միաժամանակ, որ (2) իրենք կասկածվում են հանցագործության մեջ:

23. Սույն որոշման 20-22-րդ կետերում սահմանված չափանիշները քննության առարկա գործի նկատմամբ կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում գտնվելու ընթացքում` նախքան ձերբակալման արձանագրության մասին իրեն հայտարարելը, Գ.Միքայելյանն ուներ բերվածի կարգավիճակ:

 

II. Մինչդատական վարույթում ազատությունից զրկված անձի սահմանադրական իրավունքները.

 

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Գ.Միքայելյանի ազատության իրավունքը սահմանափակելիս մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվե՞լ են արդյոք ՀՀ Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխիքները:

25. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝

«(…) Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե (…) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել»:

26. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ անձի ազատության իրավունքի սահմանափակումը ենթադրում է ժամկետային տևողության և փաստաթղթային արձանագրման ուղղակի պահանջներ, որոնց թվին է դասվում ազատությունից զրկված անձին քրեական հետապնդման մարմին բերելուց առավելագույնը երեք ժամ հետո ձերբակալման արձանագրություն կազմելը:

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածից բխում է, որ անձի ձերբակալման գործընթացն ավարտված է համարվում անձին արգելանքի վերցնելուց, նրան վարույթն իրականացնող մարմին բերելուց և ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո կազմված արձանագրության մասին ազատությունից զրկված անձին հայտարարելու պարագայում (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը): Այսինքն` սույն հոդվածի իմաստով անձն օրենքով սահմանված կարգով ձերբակալված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ նրան ազատությունից զրկելը պատշաճ կերպով արձանագրվել է և ինքը ծանոթացվել է կազմված արձանագրությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1311-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանության արդյունքում պարզվում է, որ օրենսդիրը ժամանակային սահմանափակման (առավելագույնը 3 ժամ) ենթարկել է միայն անձին ձերբակալելու մասին արձանագրության կազմումը, իսկ այդ մասին նրան հայտարարելու համար որևէ ժամկետ չի սահմանել: Այսինքն` վերոնշյալ հոդվածների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը մինչդատական վարույթն իրականացնող մարմին բերվելուց անգամ երեք ժամ հետո կարող է ձերբակալվածի կարգավիճակ ձեռք չբերել և, հետևաբար, զրկվել այդ կարգավիճակից բխող իրավական երաշխիքներից, եթե վարույթն իրականացնող մարմինը նրան չհայտարարի կազմված ձերբակալման արձանագրության մասին:

28. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը պետք է մեկնաբանել 1311-րդ հոդվածի լույսի ներքո և ամրագրել, որ այն բանից հետո, երբ անձին քրեական հետապնդման մարմին բերելու պահից երեք ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կկազմի կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, այդ մարմինը պարտավոր է անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավելագույնը մեկ ժամվա ընթացքում դրա մասին հայտարարել ազատությունից զրկված անձին: Նման ժամկետային սահմանափակումը ողջամիտ է և բխում է ազատությունից զրկված անձի սահմանադրական իրավունքների ապահովման անհրաժեշտությունից: Նշված ժամկետային սահմանափակումից միակ իրավաչափ բացառությունը կարող է վերաբերել այն դեպքերին, երբ բերվածի ֆիզիոլոգիական վիճակը` ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ լինելը կամ այլ համարժեք վիճակը, քրեական հետապնդման մարմնին օբյեկտիվորեն զրկում է ձերբակալման արձանագրությունը բերվածին հայտարարելու հնարավորությունից:

Այսպիսով, եթե քրեական հետապնդման մարմին բերելուց չորս ժամ հետո ազատությունից զրկված անձին ձերբակալման արձանագրությունը չի հայտարարվի, ապա անձն օրենքի ուժով պետք է համարվի ձերբակալված և իրավունք ունենա օգտվել ձերբակալվածի համար օրենքով սահմանված երաշխիքներից, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված՝ 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չկալանավորվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու իրավունքից:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Գ.Միքայելյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 2009 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 03.05-ին, նրան ձերբակալելու մասին արձանագրությունը կազմվել է 2009 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.30-ին: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել 2009 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է ժամը 21-ի սահմաններում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերոգրյալից երևում է, որ Գ.Միքայելյանը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարան չի տարվել և ոչ էլ ազատ է արձակվել, այսինքն՝ մինչդատական վարույթում ավելի քան 16 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Միքայելյանի ազատության իրավունքը սահմանափակելիս մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ապահովվել օրենքով նախատեսված իրավական երաշխիքները, մասնավորապես, խախտվել է 72 ժամվա ընթացքում դատարան տարվելու կամ ազատ արձակվելու նրա իրավունքը:

 

III. Ձերբակալման առավելագույն տևողության խախտման պայմաններում անձին կալանավորելու հնարավորությունը.

 

30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. Գ.Միքայելյանի ձերբակալման 72-ժամյա օրինական տևողությունը լրանալուց հետո դատարան ներկայացված` նրան կալանավորելու միջնորդությունը կարո՞ղ էր բավարարվել, եթե դատարանը գտնում էր, որ նրան կալանավորելու հիմքերն առկա են:

31. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝

«(...) Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն (...) հետևյալ դեպքերում`

(…)

3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, (...)»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի` խափանման միջոց (այդ թվում` կալանավորումը) կարող է կիրառվել «միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

32. Նախորդ կետում շարադրված իրավանորմերից բխում է, որ անձին կալանավորելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրած քրեական հետապնդման մարմնին հաջողվի դատարանի համար համոզիչ հիմնավորել.

ա) անձին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունը (տվյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը) և

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը:

Այսպիսով, կալանավորման միջնորդությանը նախորդած ձերբակալման ընթացակարգի (ներառյալ` ժամկետի վերաբերյալ պահանջի) խախտումը կալանավորման միջնորդությունը մերժելու հիմք չէ, եթե հանցագործությանը մեղադրյալի առնչությունը և կալանավորման հիմքերի առկայությունը դատարանը համարում է հիմնավորված:

Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտների միջև փոխպայմանավորվածության բացակայության և դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույնության մասին Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

33. Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման»:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

34. Նախորդ կետում շարադրված մարդու հիմնարար իրավունքները, որպես անմիջականորեն գործող իրավունք, կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձերբակալման օրինականությունը չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության շրջանակից, և հարկադրանքի այդ միջոցի կիրառման ընթացքում թույլ տրված խախտումները պետք է արժանանան համարժեք իրավական գնահատականի և հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների: Հակառակ դեպքում կխախտվի ձերբակալվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Ուստի կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ: Ձերբակալման առավելագույն ժամկետի խախտման պարագայում այդ միջոցները պետք է հանգեն հետևյալին.

ա) 72-ժամյա ժամկետի խախտման փաստի արձանագրում,

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1 հոդվածի հիման վրա լրացուցիչ որոշման կայացում, կամ, խախտումն ակնհայտ և կոպիտ լինելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմում,

գ) անօրինական ձերբակալման համար փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու ընթացակարգի պարզաբանում:

35. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի`

«1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն (...) հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063 հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:

(...)»:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի`

«Քաղաքացուն (...) պետական մարմինների, (...) կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` (...) պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը (...)»:

36. Սույն որոշման 33-րդ կետի «գ» ենթակետի արդյունավետ կենսագործումն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձերբակալման ընթացակարգի խախտման հիմքով հայցի քննությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի հիման վրա: Այլ կերպ` անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով` անկախ համապատասխան հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից: Հակառակ դեպքում, փոխհատուցման իրավունքը կարող է վերածվել պատրանքային և վերացական իրավունքի, քանի որ անօրինական ձերբակալման զոհի վրա անարդարացիորեն կդրվի ապացուցման լրացուցիչ բեռ:

Միևնույն ժամանակ, այդ հայցի քննությունը և լուծումը պետք է համապատասխանի ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությանը, այնպես էլ ՀՀ միջազգային պայմանագրերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշմանը:

37. Նախորդ կետում շարադրված հիմնավորումները պայմանավորված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված այն դիրքորոշմամբ, որ ազատությունից անօրինական զրկված անձի փոխհատուցման իրավունքը պետք է ապահովված լինի որոշակիության բավարար աստիճանով (Սաքըքը և Ուրիշներն ընդդեմ Թուրքիայի (Sakik and Others v. Turkey) գործով վճիռ, 1997թ. նոյեմբերի 27, գանգատներ թիվ 23878/94 և այլն, կետ 60, Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի (N.C. v. Italy) գործով վճիռ, 2002թ. դեկտեմբերի 18, գանգատ թիվ 24952/94, կետ 52, Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի (Rehbock v. Slovenia) գործով վճիռ, 2000թ. նոյեմբերի 11, գանգատ թիվ 29462/95, կետ 92):

38. Սույն որոշման 32-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Գ.Միքայելյանին անհապաղ ազատ արձակելու մասին բողոքաբերի փաստարկումը այն հիմքով, որ Գ.Միքայելյանին կալանավորելու մասին որոշում կայացնելու պահին նրա ձերբակալման ժամկետը լրացած է եղել (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Ավելին, գործի փաստական հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ հիմնավորված են եղել թե՛ իրեն մեղսագրվող հանցագործությանը Գ.Միքայելյանի առնչությունը և թե՛ կալանավորման հիմքերը: Մասնավորապես, որպես մեղադրյալի առնչությունը հիմնավորող ծանրակշիռ փաստարկ՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հաշվի են առել այն, որ առերևույթ գողություն կատարելիս Գ.Միքայելյանը բռնվել է ենթադրյալ գողության վայրի բնակիչների կողմից: Իսկ որպես կալանավորման հիմք՝ ստորադաս դատարանները հաշվի են առել այն, որ Գ.Միքայելյանը ենթադրյալ հանցանքը կատարել է փորձաշրջանի ընթացքում (տե՛ս սույն որոշման 6-րդ և 8-րդ կետերը), ինչը ծանրակշիռ փաստարկ է նոր հանցանք կատարելու հնարավորության մասին ողջամիտ ենթադրություն կատարելու համար:

Հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

39. Միևնույն ժամանակ, սույն որոշման 34-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանը (ա) ճանաչում է Գ.Միքայելյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը` նրան, առանց իրավական հիմքի, 72 ժամից շուրջ 16 ժամով ավելի երկար անազատության մեջ պահելու մասով (տե՛ս սույն որոշման 29-րդ կետը), (բ) նշված խախտման փաստով կայացնում է լրացուցիչ որոշում՝ այն ուղարկելով իրավասու մարմիններին, ինչպես նաև (գ) արձանագրում է, որ Գ.Միքայելյանն ունի ձերբակալման ընթացակարգի խախտման համար քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իրավունք` հաշվի առնելով սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Գագիկ Գառնիկի Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ մեղադրյալ Գ.Միքայելյանի պաշտպան Ի.Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան