Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.32
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
26.03.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
26.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0097/01/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՇԴ/0097/01/09

ԵՇԴ/0097/01/09

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան

Դատավորներ՝ Ս. Ավետիսյան 
                       Մ. Սիմոնյան

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2010 թվականի մարտի 26-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Տիգրան Ռոլանդի Քամալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Է.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Տիգրան Ռոլանդի Քամալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. 2009 թվականի սեպտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով Տ. Քամալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 2 /երկու/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

3. Տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը:

 4. Վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Է.Բաղդասարյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

6. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով Տ.Քամալյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես-230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Մ.Գորկու փողոցի կողմից Արշակունյաց պողոտայով դեպի Գ.Նժդեհի փողոցի կողմն ընթանալիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` երթևեկության համար վտանգ առաջանալու պահից, ունենալով իր ընթացքի ուղղությամբ փողոցը հատող Աստղիկ Արշակյանին հայտնաբերելու հնարավորություն, արգելակել է ուշացած և, երթևեկության համար վտանգավոր կերպով դեպի ձախ մանևրելով, հնարավորություն չի տվել հետիոտնին դուրս գալ վտանգավոր գոտուց, այսինքն` ստեղծել է վթարային իրադրություն և վրաերթի է ենթարկել Ա.Արշակյանին: Դեպքից անմիջապես հետո Տ.Քամալյանի կինն ու կնոջ քույրն առաջին բուժօգնություն են ցույց տվել տուժողին և դեպքի վայր եկած շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ Ա.Արշակյանը, առանց գիտակցության գալու, մահացել է:

7. Տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանը չի մասնակցել առաջին ատյանի դատարանում գործի քննությանը, և սույն գործով Առաջին ատյանի դատարանն արագացված կարգի կիրառմամբ դատավճիռ է կայացրել նրա բացակայության պայմաններում:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

9. Բողոք բերած անձը, նշելով, որ մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելը չի մասնակցել քրեական գործի քննությանը, որպես տուժողի իրավահաջորդ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունեցել է միայն Վերաքննիչ դատարանում, փաստարկել է, որ սույն գործով չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Ըստ բողոքաբերի` քրեական գործի նյութերում բացակայում են դեպքին ականատես վկաների ցուցմունքները, ամբաստանյալ Տ.Քամալյանի սթափության վերաբերյալ ապացույցները (ապացույցներ, որոնք կբացառեին նրա կողմից թմրանյութեր, հոգեմետ միջոցներ, դեղեր օգտագործելը, նրա արյան մեջ ալկոհոլի առկայությունը), միջադեպի տեղանքի, ճանապարհի, արյան, անվադողերի հետքերի լուսանկարները: Բացի այդ, դատարանն առանց որևէ պատճառաբանության չի ընդունել բողոքաբերի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, հետևաբար դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, խախտել է կատարված արարքի և նշանակված պատժի համաչափության վերաբերյալ նյութական իրավունքի, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 3-11-րդ հոդվածների պահանջները:

10. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Բողոքաբերի պահանջների պայմանավորվածությունն Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը տուժողի իրավահաջորդի բացակայության փաստի հետ.

11. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել սույն որոշման 9-րդ կետում նշված նյութական և դատավարական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկների և սույն որոշման 7-րդ կետում արձանագրված փաստի միջև առկա կապի մասին:

Այսպես` բողոք բերած անձը, փաստարկելով, որ չի մասնակցել սույն քրեական գործի քննությանը և որպես տուժողի իրավահաջորդ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունեցել է միայն Վերաքննիչ դատարանում, պնդում է, որ գործով չի կատարվել բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն, առանց պատճառաբանության չի ընդունվել իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը հետևանք են այն բանի, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը քրեական գործի քննության արագացված կարգի կիրառմամբ դատավճիռ է կայացրել տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանի բացակայությամբ: Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել Առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ դատական ակտի կայացման հարցը:

 

II. Արդարացի դատական քննության` տուժողի իրավունքը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանում տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանի բացակայությամբ դատական քննության արագացված կարգ կիրառելը և դատավճիռ կայացնելը չի՞ սահմանափակել արդյոք հետագայում տուժողի իրավահաջորդ ճանաչված Է.Բաղդասարյանի՝ արդարացի դատական քննության իրավունքը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդել արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին, այն հանցագործություններով, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե` 1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և 2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և 3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռում բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը: Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածի 2-րդ մասի` «Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ և նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն և չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը»:

Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի` «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:

14. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում լիարժեքորեն երաշխավորված են ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պաշտպանության իրավունքի իրականացման բոլոր հնարավորությունները: Օրենսդիրն արագացված կարգի կիրառման դեպքում սահմանում է ամբաստանյալի արդարացի դատաքննության իրավունքի կենսագործման համար անհրաժեշտ իրավունքների բավական լայն շրջանակ, ինչպես նաև ամբաստանյալի համար նախատեսում է բարենպաստ իրավական հետևանքներ` մեղմ պատիժ նշանակելու, հայցի դեմ առարկելու դեպքում այն առանց քննության թողնելու, դատական ծախսերից ազատվելու և այլ ձևով:

15. Միևնույն ժամանակ, սույն որոշման 13-րդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կանոն կամ ընթացակարգ չի սահմանում, որն ամրագրեր տուժող կողմի (այդ թվում` տուժողի, տուժողի ներկայացուցչի և օրինական ներկայացուցչի, տուժողի իրավահաջորդի) ներգրավվածությունը արագացված կարգի կիրառման հարցում: Այլ կերպ` տուժող կողմի դիրքորոշումը հաշվի առնելու պահանջ ամրագրված չէ ո՛չ մեղադրողի համար` արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս, և ո՛չ էլ դատարանի համար` արագացված դատական քննության անցնելու մասին որոշում կայացնելիս:

16. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն»:

17. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը հռչակում և ամրագրում է արդարացի դատական քննության իրավունքը: Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (...) իր գործի հրապարակային քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած (…) տուժողի իրավունքները և պարտականությունները»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, (…)»:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար» սահմանադրական ձևակերպումը որոշակիորեն վերաբերելի է նաև քրեական գործով տուժողին (նաև տուժողի իրավահաջորդին), քանի որ տուժողն այն անձն է, որի իրավունքները հանցագործությամբ խախտվում են: Ընդ որում, տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է իրեն հասցված վնասի վերականգնումը, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքների լրիվ բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, իր նկատմամբ հանցանք կատարած անձի դատապարտումը և արդարացի պատժի նշանակումը: Այդ շահերի ապահովման երաշխիքներից է տուժողի իրավունքը, որպեսզի իր գործով դատական քննությունն ընթանա «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ»:

19. Տուժողի համար իր գործի «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» քննությունը, inter alia, ենթադրում է, որ

ա. Դատախազը (մեղադրողը) արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս, պետք է հաշվի առնի տուժողի դիրքորոշումը` որպես մեղադրանքի կողմի սուբյեկտի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 21-րդ կետ):

բ. Դատարանը չի կարող անցնել դատական քննության արագացված կարգի` առանց այդ հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու:

գ. Դատարանը կարող է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին մեղադրյալի միջնորդությունը մերժել, եթե դրա դեմ առարկում է տուժողը: Այդ դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում, որում պատճառաբանում է արագացված դատական քննության արդյունքում տուժողի օրինական շահերի վտանգման հանգամանքը:

20. Դատախազի (մեղադրողի) և դատարանի համար, սույն որոշման նախորդ կետի հիման վրա, համապատասխանաբար, դատական քննության արագացված կարգի դեմ առարկելու և ամբաստանյալի համապատասխան միջնորդությունը մերժելու հարցը լուծելիս տուժողի դիրքորոշումը պետք է վճռական նշանակություն ունենա մասնավորապես այն դեպքերում, երբ տուժողը`

ա. ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ,

բ. փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը կիրառել է դատական քննության արագացված կարգ, իսկ տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանը դատաքննությանը չի մասնակցել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), որի արդյունքում հնարավորություն չի ունեցել կարծիք արտահայտել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պատժի վերաբերյալ:

 

III. Տուժողի շահերի պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը.

22. Սույն որոշման 19-րդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը հիմնվում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության, այլ նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա:

23. Այսպես` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական … կյանքի … նկատմամբ հարգանքի իրավունք»: Համաձայն Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի 45-րդ կետի` «… անձնական կյանքի գաղափարը ներառում է նաև անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը: 8-րդ հոդվածի ներքո Պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգ»:

Այսպիսով, ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պետության համար առաջացնում է ոչ միայն նեգատիվ պարտականություններ (ձեռնպահ մնալու համապատասխան ազատություններին միջամտելուց), այլ նաև պոզիտիվ պարտականություններ (inter alia, սահմանելու տուժողների իրավունքների քրեադատավարական պաշտպանության համարժեք կառուցակարգեր):

Խորվաթիայի քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում էր տուժողի իրավունքների պաշտպանության մի շարք կառուցակարգեր, այդ թվում` սուբսիդիար մեղադրողի գործառույթ իրականացնելու իրավունքը (տե՛ս Յանկովիչի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի 25-րդ կետ): Այնուհանդերձ, Յանկովիչի գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը չի կատարել իր այդ պոզիտիվ պարտականությունը, քանի որ, inter alia, տուժողին իրական հնարավորություն չի տրվել իրականացնելու իր դեմ ոտնձգություն թույլ տված անձի քրեական հետապնդում (տե՛ս Յանկովիչի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի 57-րդ կետ): Դրա հիման վրա արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (տե՛ս Յանկովիչի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի 58-րդ կետ):

24. Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումը սույն գործի փաստերի վրա տարածելով (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը)` կարող ենք արձանագրել, որ ՀՀ քրեադատավարության օրենսդրությամբ նախատեսված արագացված դատական քննության կանոնակարգման պայմաններում, երբ դատական քննության արագացված կարգի անցնելու մասին որոշում կայացնելիս տուժողը հնարավորություն չունի արտահայտել իր դիրքորոշումը (տե՛ս սույն որոշման 14-15-րդ կետերը), տուժողին հնարավորություն չի տրվում իրականացնել իր շահերի արդյունավետ պաշտպանություն:

25. Հիմք ընդունելով սույն որոշման 14-24-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական քննությանը տուժողի իրավահաջորդի մասնակցությունը, ինչպես նաև արագացված դատաքննության անցնելիս նրա դիրքորոշումը հաշվի առնելն անհրաժեշտ էին արդարացի դատաքննության, ինչպես նաև անձի անձնական կյանքի հարգման հիմնարար իրավունքների ապահովման համար:

 

IV. Տուժողի շահերի պաշտպանության վերաբերյալ ուղղորդող նշանակություն ունեցող միջազգային-իրավական կարգադրագրերը.

25. Սույն գործով իրավական դիրքորոշում ձևավորելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առել նաև Մարդու իրավունքների միջազգային իրավունքում նկատվող իրավական զարգացման միտումները:

26. Այսպես` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործառումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան` քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

27. Քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտավորությունը սահմանված է նաև ՄԱԿ-ի հռչակագրում, որի 4-րդ կետի համաձայն` հանցագործությունից տուժողները ներպետական օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք: Հռչակագրի 6-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերը ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում`

ա) դատական քննության ընթացքում տուժողների դերի, դատավարության իրականացման կարգի, ժամկետների և արդյունքների մասին տուժողներին տեղեկատվություն տրամադրելու միջոցով,

բ) վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու և այդ կարծիքները քննարկելու եղանակով, հատկապես երբ տվյալ հարցը վերաբերում է տուժողին,

գ) ամբողջ դատավարության ընթացքում տուժողին անհրաժեշտ օգնություն տրամադրելու եղանակով, (...),

ե) գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին կայացված որոշումները կատարելու միջոցով:

 

V. Սույն գործով թույլ տված դատավարական օրենքի էական խախտումը.

28. Վերադառնալով քննության առարկա գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, տուժողի իրավահաջորդ Ա.Արշակյանի բացակայությամբ դատական քննության արագացված կարգ կիրառելով և դատավճիռ կայացնելով, սահմանափակել է հետագայում տուժողի իրավահաջորդ ճանաչված Է.Բաղդասարյանի՝ իր խախտված իրավունքները վերականգնելու սահմանադրորեն ամրագրված հնարավորությունը: Այլ կերպ` սույն գործով տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված՝ գործի արդարացի քննության սկզբունքի խախտում:

Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ դրանց արդյունքում սահմանափակվել է տուժողի իրավահաջորդի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործը քննած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

29. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված` նյութական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական օրենքի խախտումները վերացնելուց հետո:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

 31. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Տիգրան Ռոլանդի Քամալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան