Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.38
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
26.03.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
26.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԲ-04/10 ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ 520/07

ՎԲ-04/10

Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան

Դատավորներ՝ Մ. Սիմոնյան, 
                       Ա. Խաչատրյան

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ պաշտպան

Հ. Բաղդասարյանի

2010 թվականի մարտի 26-ին

 ք. Երևանում

 դռնբաց դատական նիստում, քննելով դատապարտյալ Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 12-ի որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Աղվան Հարությունյանի մահվան փաստի առթիվ 2006թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2006թ. մայիսի 20-ի որոշմամբ Ալիկ Մաթևոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

2006թ. հոկտեմբերի 16-ին Ա.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

2006թ. նոյեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007թ. օգոստոսի 29-ի դատավճռով Ա.Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 2/երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 8/ութ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանկված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Մաթևոսյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 9/ինը/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:

Նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ կետով 6/վեց/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել Ռաֆիկ Հարությունյանը:

3. Ամբաստանյալների, պաշտպանի, մեղադրողների և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007թ. դեկտեմբերի 3-ի դատավճռով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007թ. օգոստոսի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները` առանց բավարաման:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007թ. դեկտեմբերի 3-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազը:

4. 2008թ. հուլիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ զինվորական դատախազի բողոքը և, բեկանելով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007թ. դեկտեմբերի 3-ի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

5. 2008թ. նոյեմբերի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007թ. օգոստոսի 29-ի դատավճիռը, Ա.Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 15/տասնհինգ/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով Ռաֆիկ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 359-րդ հոդվածի 2-րդ կետով դատապարտվել է 13 /տասներեք/ տարի ժամկետով ազատազրկման:

6. 2009թ. փետրվարի 25-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 412-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ վերադարձրել է դատապարտյալ Ալիկ Մաթևոսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը:

2009թ. ապրիլի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 412-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ վերադարձրել է դատապարտյալ Ալիկ Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը:

2009թ. օգոստոսի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա առանց քննության է թողել դատապարտյալ Ալիկ Մաթևոսյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը:

7. 2009թ. օգոստոսի 25-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի որոշման համար Ա.Մաթևոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

2009թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն` քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` որոշման մեջ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

8. Վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ալիկ Մաթևոսյանի պաշտպանը:

Վճռաբեկ դատարանը 2010թ. փետրվարի 26-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

 

Գործի փաստական հանգամանքները.

 

9. Ալիկ Մաթևոսյանը և Ռաֆիկ Հարությունյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար.

Ալիկ Մաթևոսյանը ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 83117 զորամասի «Կրուգ-2» հենակետում որպես ավագ օպերատոր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ ռադիոլոկացիոն հանգույցում որպես վարորդ-էլեկտրամեխանիկ: Կոչումով նրանք եղել են շարքային:

2006 թվականի մարտ ամսին Ալիկ Մաթևոսյանը ռադիոլոկացիոն հանգույցի ժամկետային շարքային զինծառայող Աղվան Հարությունի Հարությունյանից ուզել է վերջինիս աուդիոձայնարկիչը՝ խոստանալով այն վերադարձնել սարքին վիճակում, և ի հավաստումն խոստումի՝ ինքն իր հասցեին տվել է հայհոյանք: Երկու-երեք օր անց Ալիկ Մաթևոսյանն Աղվան Հարությունյանին վերադարձրել է աուդիոձայնարկիչը խոտանված վիճակում, որի պատճառով հանգույցի բուժկետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ալիկ Մաթևոսյանը նույն հանգույցի ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ծեծել են Աղվան Հարությունյանին:

2006 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, անձնակազմի հրահանգավորման նպատակով հանգույց եկած ավտոծառայության պետ մայոր Սերգեյ Աբրահամյանը դիտողություն է արել չսափրված և համազգեստի խախտումով ներկայացած Ա.Հարությունյանին և դժգոհ մնալով նրա պահվածքից՝ հայհոյել է վերջինիս: Ա.Հարությունյանը նույնպես հայհոյել է մայոր Ս.Աբրահամյանին և կայանի ուղղությամբ դիմել է փախուստի: Քիչ անց Ա.Հարությունյանը վերադարձել է և Ս.Աբրահամյանի հրամանով շարված հանգույցի անձնակազմի առջև ներողություն խնդրել նրանից: Ժամը 16-ի սահմաններում Ա.Մաթևոսյանը ռադիոլոկացիոն հանգույցի ավագների սենյակում բացատրություն է պահանջել Ա.Հարությունյանից, թե ինչու է նա ներողություն խնդրել իրեն մայր հայհոյած մայոր Ս.Աբրահամյանից, այնուհետև նրան դիտողություն է արել իր հետ խոսելիս «արա» բառը գործածելու համար:

Այնուհետև իր անձի կարծեցյալ գերազանցությունը հաստատելու և համածառայողների շրջանում չհեղինակազրկվելու նպատակով Ալիկ Մաթևոսյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, ժամը 22-ին Ռաֆիկ Հարությունյանին կանչել է «Կրուգ-2» հենակետի և ռադիոլոկացիոն հանգույցի միջև ընկած «Խաչ» կոչվող վայրը, որտեղ նրան հայտնել է, որ ինքը Աղվան Հարությունյանին կախելու է կամ վերջինս պետք է ինքնուրույն կախվի: Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանին հարցրել է, թե որտեղից կարող են հայթայթել համապատասխան պարան և աթոռ, ինչին Ռաֆիկ Հարությունյանը պատասխանել է, որ դրանց տեղը գիտի: Միասին գնացել են ռադիլոկացիոն հանգույցի հենակետ, ՊՌՎ-18 մակնիշի կապի հատուկ ավտոմեքենայից վերցրել են կանաչ գույնի նստատեղով առանց հենակի աթոռ, իսկ ԱԴ-10 տեսակի դիզելային գեներատորի միջից՝ պարան և սպիտակ մեկուսիչով պատված մալուխ:

Այնուհետև անտառի խորքում գտնվող հաստաբուն ծառի մոտ Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանին է տվել լուսարձակով կրակայրիչը, բարձրացել է ծառի վրա, կանգնել գետնից 2,75 մետր բարձրության վրա գտնվող ճյուղին և դրան կապել պարանը, ինչը Ռաֆիկ Հարությունյանը կրակայրիչի միջոցով լուսավորել է:

Ճյուղին կապելով պարանը՝ Ալիկ Մաթևոսյանն իջել է ծառից, աթոռը դրել է պարանի տակ, բարձրացել դրա վրա, պարանի վրա կապելու միջոցով օղակ է արել, այն հարմարեցրել պարանոցին գցելու համար, որից հետո Ռաֆիկ Հարությունյանին ուղարկել է հանգույցի տարածք՝ Աղվան Հարությունյանին կանչելու համար:

Ռաֆիկ Հարությունյանը գնացել է հանգույց և ճաշարանից դեպի զորանոց տանող ճանապարհին հանդիպելով Աղվան Հարությունյանին՝ վերջինիս ասել է, որ Ալիկ Մաթևոսյանն իրեն կանչում է: Երկուսով գնացել են ծառի մոտ, որտեղ նրանց է սպասել Ալիկ Մաթևոսյանը: Տեսնելով Աղվան Հարությունյանին՝ Ալիկ Մաթևոսյանն ինքն իր հասցեին հայհոյանք է տվել և ասել է, որ կամ ինքն է Աղվանին կախելու, կամ էլ նա ինքը պետք է կախվի:

Չթողնելով, որ Աղվան Հարությունյանը պատասխանի, Ալիկ Մաթևոսյանը շարունակել է նվաստացնել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, շահարկելով մայոր Ս.Աբրահամյանի կողմից Աղվան Հարությունյանին մայր հայհոյելու հանգամանքը: Ալիկ Մաթևոսյանը փորձել է բռնել Աղվան Հարությունյանի ձեռքից՝ աթոռին բարձրացնելու նպատակով, սակայն վերջինս գտնվելով ընկճված և ճնշված վիճակում, հետ է հրել Ալիկ Մաթևոսյանի ձեռքը և հայհոյանք տալով ասել, որ ինքը թույլ չի տա իրեն կախել, այլ ինքնուրույն կկախվի: Այնուհետև բարձրացել է աթոռին, պարանի օղն անցկացրել է պարանոցին և իջեցրել ձեռքերը:

Ալիկ Մաթևոսյանն անմիջապես բռնել է նրա ձեռքերը, տարել մեջքի հետևը, Ռաֆիկ Հարությունյանին առաջարկել է կապել դրանք մալուխով, սակայն վերջինս հրաժարվել է այդ անել՝ պատճառաբանելով, որ իր մատնահետքերը կմնան մալուխի վրա:

Աղվան Հարությունյանին ինքն իրեն օգնելու հնարավորությունից զրկելու նպատակով Ալիկ Մաթևոսյանը նախապես բերված և կտրված մալուխով դաստակների շրջանում կապել է նրա ձեռքերը:

Տեսնելով, որ Ալիկ Մաթևոսյանը բռնել է աթոռի հենակի երկաթյա ձողերից, Ռաֆիկ Հարությունյանը շրջվել է և մի քանի մետր քայլել հանգույցի ուղղությամբ, որի ընթացքում Ալիկ Մաթևոսյանն իր անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթով Աղվան Հարությունյանին սպանելու դիտավորությամբ վերջինիս ոտքերի տակից հրել է աթոռը և Աղվան Հարությունյանին ապօրինաբար զրկել կյանքից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը նշել է, որ բողոք բերելու հիմք է դատական սխալը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդված):

Ըստ նրա, սույն գործով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և բողոքում նշված խախտումների արձանագրումը և դրանց նկարագրությունը հիմք են տալիս պնդելու, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ խախտվել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, Ա.Մաթևոսյանը դիտավորյալ սպանություն չի կատարել, սակայն եթե նույնիսկ նրա մեղադրանքի հիմքում դրված ապացույցները համարվեն թույլատրելի, ապա դրանց առկայության պայմաններում ևս Ա.Մաթևոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված` խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմը:

11. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ սույն գործով նախաքննության և դատական քննությունների ընթացքում խախտվել են Ա.Մաթևոսյանի իրավունքները և նա չի կարողացել իրավական պաշտպանություն ստանալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Մասնավորապես, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների հետևյալ հոդվածները.

ա) Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը պնդում է, որ Ա.Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները 2006թ. մայիսի 2-ից մինչև 20-ը իրականացրել են ծեծ ու խոշտանգում: Ցուցմունք կորզելու նպատակով ծեծել են նաև գործով դատապարտյալ Ռ.Հարությունյանին, ում քիթը ջարդվել է, սակայն ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ դատարաններն այս հանգամանքները հաշվի չեն առել:

բ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և 3-րդ կետը: Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը պնդում է, որ Ա.Մաթևոսյանը փաստացի անազատության մեջ է եղել 2006թ. մայիսի 1-ից (ռազմական ոստիկանությունում` 18 օր), սակայն կալանավորվել է (դատավորի մոտ է տարվել) միայն 2006թ. մայիսի 20-ին:

գ) Կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Ի հիմնավորումն նշված փաստարկի՝ բողոքաբերը պնդում է, որ ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ դատարանները հաշվի չեն առել Ա.Մաթևոսյանի օգտին առկա ապացույցները:

դ) Կոնվենցիայի 14-րդ հոդվածը և թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածը: Ի հիմնավորումն որի բողոքաբերը նշում է, որ փաստացի թե՛ նախաքննության մարմինը, թե՛ դատարանները ռազմական ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին «հավատացել են» և նրանց կողմից կատարված անօրինականություններին ընթացք չեն տրվել, իսկ նրանց ծեծի և խոշտանգումների արդյունքում ձեռք բերված «ապացույցները» համարել են օրինական և դրել մեղադրանքի հիմքում: Բողոքաբերի պնդմամբ, դատարանները հաշվի չեն առել մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, մասնավորապես Հարությունյանն ընդդեմ Հայաստանի 2007թ. հունիսի 28-ի թիվ 36549/03 որոշման մեջ առկա այն դիրքորոշումը, որ. «անկախ նրանից, թե ինչ ազդեցություն են ունեցել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները քրեական վարույթի արդյունքի վրա, նման ապացույցի օգտագործումը ամբողջ դատավարությունը դարձնում է անարդար: Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում»:

12. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` անձի անձեռնմխելիության (հոդված 11), գործի արդարացի քննության (հոդված 17), անմեղության կանխավարկածի (հոդված 18), կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի և դրա ապահովման (հոդված 19), ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու (հոդված 20), քրեական դատավարության ընթացքում մրցակցության (հոդված 23) և ապացույցների ազատ գնահատման (հոդված 25) սկզբունքները:

Ուստի, գտնելով, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 2006թ. դեկտեմբերի 22-ի ՎԲ-176/06 որոշմանը («Մատաղիսի գործ») և դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 12-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով կարճել քրեական գործի վարույթը և Ա.Մաթևոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանը նախ անդրադառնում է իր առջև բարձրացված հետևյալ հարցերին. արդյո՞ք հիմնավորված են բողոքաբերի պնդումներն այն մասին, որ Ա.Մաթևոսյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները կիրառել են բռնություններ, իսկ Ռ.Հարությունյանից ցուցմունք են կորզել ծեծի միջոցով, և արդյո՞ք մեղադրանքի հիմքում դրվել են ծեծի ու խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ:

14. Ի հիմնավորումն նախորդ կետում նշված պնդումների` բողոքաբերը որպես իրավական փաստարկ ներկայացրել է Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 2006թ. դեկտեմբերի 22-ի ՎԲ-176/06 որոշման մեջ («Մատաղիսի գործ»), համապատասխանաբար, Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

15. Ինչպես երևում է Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռից, Միշա Հարությունյանին դատապարտելու համար հիմք են հանդիսացել Մ.Հարությունյանի, ինչպես նաև գործով վկաներ Տ-ի և Ա-ի ցուցմունքները, որոնք ստացվել են խոշտանգումների միջոցով: Ընդ որում, նույն վճռի 29-րդ կետում նշված է, որ Միշա Հարությունյանի և նշված երկու վկաների նկատմամբ բռնություն գործադրած ռազմական ոստիկանության չորս աշխատակից Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2002թ. հոկտեմբերի 9-ի դատավճռով պաշտոնեական դիրքի չարաշահման համար դատապարտվել են երեքից մինչև երեք ու կես տարվա ազատազրկման: Ելնելով վերոգրյալներից` Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն են ունեցել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները դիմումատուի գործով քրեական վարույթի արդյունքի վրա, նման ապացույցի օգտագործումն ամբողջ դատավարությունը դարձնում է անարդար:

Ի տարբերություն Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործի փաստերի` սույն քրեական գործում եղած 2006թ. սեպտեմբերի 23-ի որոշումից երևում է, որ Ա.Մաթևոսյանին և Ռ.Հարությունյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Բացի այդ, 2007թ. հունիսի 27-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Ռաֆիկ Հարությունյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

16. Հիմք ընդունելով սույն որոշման 15-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հարությունյանի գործի և սույն գործի փաստական հանգամանքների քանակապես և որակապես տարբերվում են, ինչի արդյունքում Հարությունյանի գործով վճռի հիմնավորումներում պարունակվող ընդհանրական դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կիրառելիության հարցի մասին տե՛ս Սեյրան Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 22-28-րդ կետերը):

Նույն պատճառաբանությամբ սույն գործով կիրառելի չեն նաև Վճռաբեկ դատարանի 2006թ. դեկտեմբերի 22-ի ՎԲ-176/06 որոշման («Մատաղիսի գործ») հիմնավորումները:

17. Հետևաբար, անհիմն են բողոք բերած անձի պնդումներն այն մասին, որ Ա.Մաթևոսյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները կիրառել են բռնություններ, իսկ Ռ.Հարությունյանից ցուցմունք են կորզել ծեծի միջոցով, և ծեծի ու խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները դրվել են մեղադրանքի հիմքում:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Ա.Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներով նրա արարքում բացակայում է խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմը:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված` խուլիգանական դրդումներով սպանությունը կատարվում է հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, երբ հանցավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, շրջապատի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ:

Խուլիգանական դրդումներն իրենցից ներկայացնում են բովանդակությամբ բարդ շարժառիթ, որի մեջ միահյուսվում են անսահման եսամոլությունը, խեղաթյուրված պատկերացումներն անձնական ազատությունների սահմանների մասին, բիրտ ուժի պաշտամունքը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, «ինքնահաստատման» պահանջը, սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը, դաժանությունը, հանդգնությունը, վիրավորանքը, չնչին առիթով արված դիտողության համար վրեժ լուծելը և այլն: Նշված շարժառիթների ամբողջությունը բնորոշ է յուրաքանչյուր խուլիգանության, սակայն խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս դրանց միանում է նաև մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքն ընդհանրապես` անկախ տուժողի անձից:

Խուլիգանական դրդումներով սպանությունը հաճախ կատարվում է առանց տեսանելի առիթի կամ աննշան առիթն օգտագործվում է որպես պատրվակ սպանություն կատարելու համար: Որպես հանցագործության արտաքին պատճառ` առիթը սերտորեն կապված է հանցավորի ներքին դրդումների հետ: Ընդ որում, արարքը խուլիգանական դրդումներով սպանություն որակելու համար սպանության կատարման տեղը (վայրը) նշանակություն չունի: Այդպիսի սպանությունը կարող է կատարվել ոչ միայն հասարակական վայրում, պարտադիր չէ նաև մարդկանց ներկայությունը:

20. Սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Ալիկ Մաթևոսյանը և Ռաֆիկ Հարությունյանը զորամասում «հեղինակություն» են եղել, մյուս զինծառայողների համեմատ գտնվել են արտոնյալ վիճակում, փաստացի իշխանություն են ունեցել նրանց նկատմամբ: Զինվորների միջև առաջացած բոլոր վեճերը լուծվել, իսկ վիճելի հարցերը պարզաբանվել են Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի միջոցով, իրենց հուզող հարցերով և խնդիրներով զինծառայողները դիմել են նրանց: Ա.Մաթևոսյանն ու Ռ.Հարությունյանն ազատ տեղաշարժվել են զորամասի տարածքով: Ա.Մաթևոսյանը հաճախ առանց թույլտվության գնացել է ռադիոլոկացիոն հանգույց, իսկ Ռ.Հարությունյանը` «Կրուգ 2» հենակետ, նրանք քնել են ոչ թե ընդհանուր զորանոցում, այլ սպաների հանգստյան սենյակում: Նույնիսկ սպաները չեն փորձել հակադրվել նրանց:

Դեպքի օրը՝ 2006 թվականի ապրիլի 28-ին, Ա.Մաթևոսյանն ու Ռ.Հարությունյանը սպաների հանգստյան սենյակում, սպաների ներկայությամբ քննության առարկա են դարձրել զորամասի ճաշարանում շարքային Խաչատուր Բաբայանի և ռադիոլոկացիոն կայանի պետ, կոչումով ավագ Համլետ Ազիզյանի միջև տեղի ունեցած վիճաբանության հարցը, որի ընթացքում, Ա.Մաթևոսյանի ներկայությունից և աջակցությունից ոգևորված, շարքային Խ.Բաբայանը բռունցքով հարվածել է ավագ Հ.Ազիզյանին: Դրանից անմիջապես հետո վերջինիս Ալիկ Մաթևոսյանը հանձնարարել է իր մոտ կանչել Աղվան Հարությունյանին, որից բացատրություն է պահանջել մայոր Ս.Աբրահամյանից ներողություն խնդրելու համար և այդ ընթացքում դիտողություն է արել հաճախակի «արա» բառը գործածող Ա.Հարությունյանին՝ զգուշացնելով նրան իր հետ խոսելիս «արա» բառով չդիմել: Նույն օրը երեկոյան, որոշելով, որ կամ ինքն է կախելու Աղվան Հարությունյանին կամ Աղվանն ինքն է կախվելու, Ալիկ Մաթևոսյանը Ռաֆիկ Հարությունյանի օգնությամբ կախաղան է պատրաստել և կախել նրան՝ ապօրինաբար դիտավորությամբ զրկելով կյանքից: Այսինքն, Ա.Մաթևոսյանն է տնօրինել Աղվան Հարությունյանի կյանքը, որոշել նրա ապրել-չապրելու հարցը, գտել է, որ նա անպայման պետք է զրկվի կյանքից, այն էլ՝ կախվելու միջոցով, ինքն է Ռաֆիկի օգնությամբ իր ձեռքով պատրաստել կախաղան, այնտեղ է կանչել Աղվանին և հայհոյանք տալով, նրան հայտնել, որ կամ ինքն է կախելու Աղվանին կամ էլ նա ինքը պետք է կախվի: Այնուհետև, շարունակելով նվաստացնել կախաղանը տեսած, վախեցած, ընկճված և ճնշված վիճակում գտնվող Աղվան Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, շահարկելով մայոր Ս.Աբրահամյանի կողմից Աղվանին մայր հայհոյելու հանգամանքը, Ալիկ Մաթևոսյանը նրա ձեռքերը տարել է մեջքի հետևը, մալուխով կապել և կախել է տուժողին:

21. Սույն որոշման 19-րդ և 20-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, շարադրված հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում իրավացիորեն նշել է, որ Ալիկ Մաթևոսյանի գործողություններն իրենցից ներկայացնում են հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին նետված մարտահրավեր, իրեն շրջապատին և հասարակությանը հակադրելու և հակազդելու ցանկություն, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցք, ինքնահաստատման պահանջ, ցինիզմ և դաժանություն, աննշան առիթը սպանության պատրվակ օգտագործել, և արդյունքում դատարանը հանգել է ճիշտ հետևության, որ դատապարտյալը տուժող Աղվան Հարությունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է խուլիգանական դրդումներով: Այսինքն` նա կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Ա.Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների առկայության պայմաններում նրա արարքում բացակայում է խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմը:

22. Սույն որոշման 18-22-րդ կետերում քննության առնված իրավական հարցից ըստ էության բխում է բողոքաբերի հաջորդ պնդումը, որով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվում է հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք հիմնավորված է Ա.Մաթևոսյանի կողմից Ա.Հարությունյանի սպանությունը կատարելու փաստը:

23. Սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ 2006թ. մարտ ամսին ռադիոլոկացիոն հանգույցի բուժկետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ զինծառայող, կոչումով շարքային Ալիկ Մաթևոսյանը շարքային Ռաֆիկ Հարությունյանի հետ ծեծի են ենթարկել Աղվան Հարությունյանին: Այնուհետև Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղի անտառում Ա.Մաթևոսյանը խուլիգանական դրդումներով, կախելու միջոցով սպանել է Աղվան Հարությունյանին:

Նշված հանցագործության կատարման մեջ Ա.Մաթևոսյանի մեղավորությունն ապացուցված է գործով մյուս դատապարտյալ Ռ.Հարությունյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր օժանդակությամբ Ա.Մաթևոսյանի կողմից Ա.Հարությունյանին կախելու միջոցով սպանելու հանգամանքները: Նշված ցուցմունքը Ռ.Հարությունյանը պնդել է Ա.Մաթևոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Ա.Մաթևոսյանի հանցանքը հաստատված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված կարգով` գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով կատարված քննչական փորձարարությամբ և դրա մասին կազմված արձանագրությամբ: Կատարված հանցագործության մեջ Ա.Մաթևոսյանի մեղավորությունը հաստատված է նաև գործով տուժող Խաչատուր Բաբայանի, վկաներ Վահե Աբրահամյանի, Տիգրան Վարդանյանի, Վահե Դոխոյանի, Կարեն Կոստանյանի, Վահե Գրիգորյանի, Համազասպ Ալեքսանյանի, Արման Կարավարդյանի, Վահրամ Մելիքսեթյանի, Միհրան Դովլաթյանի, Ազատ Մարտիրոսյանի, Դավիթ Խաչատրյանի, Սարգիս Սեֆիլյանի, Արսեն Մանուչարյանի ցուցմունքներով, դատաբժշկական, դատահետքաբանական, դատահողագիտական փորձաքննությունների եզրակացություններով, տեղանքի զննում, առգրավում, դեպքի վայրի և դիակի զննություն կատարելու մասին արձանագրություններով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Մաթևոսյանի վերաբերյալ դատական ակտի հիմքում դրված վերը նշված ապացույցները, որոնք ձեռք են բերվել քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան, դատարանը հետազոտել է դատաքննության ժամանակ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիման վրա` դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգել է ճիշտ եզրակացության: Այս ապացույցների առկայության պայմաններում կատարված հանցագործության մեջ Ա.Մաթևոսյանի մեղավորության մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում բերված փաստարակները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել: Հետևաբար անհիմն է բողոք բերած անձի այն պնդումը, թե Ա.Մաթևոսյանի կողմից դիտավորյալ սպանություն չի կատարվել:

24. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը, նշելով, որ նախաքննության և դատական քննությունների ընթացքում խախտվել են Ա.Մաթևոսյանի իրավունքները և նա չի կարողացել իրավական պաշտպանություն ստանալ վերաքննիչ դատարանում, որևէ փաստարկ չի բերել հիմնավորելու, թե ինչում են արտահայտվել այդ խախտումները և վերաքննիչ դատարանում իրավական պաշտպանություն չստանալը: Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 14-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 23-րդ, 25-րդ, 129-րդ, 130-րդ հոդվածների պահանջների խախտմանը, ապա գործի նյութերից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձն իր բողոքում նշված հարցերը չի բարձրացրել, դրանք վերաքննիչ դատարանը քննության չի առել և դրանց վերաբերյալ որոշում չի կայացրել: Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի 2007թ. դեկտեմբերի 3-ի դատավճիռը բեկանելուց և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելուց հետո էլ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած Ա.Մաթևոսյանի պաշտպանը վճռաբեկ բողոքում նշված հարցերը վերաքննիչ դատարանում չի բարձրացրել: Գործի նյութերից երևում է, որ նա վերաքննիչ դատարանում միջնորդել է ունկնդրել գործով իրեղեն ապացույց ճանաչված քննչական փորձարարության, Ալիկ Մաթևոսյանի և վկա Վահե Դոխոյանի, Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի առերես հարցաքննությունների տեսաերիզները, սակայն վերաքննիչ դատարանը նշված միջնորդությունները մերժել է այն պատճառաբանությամբ, որ դրանք դատարանում ունկնդրվել են, բացի այդ, տեսաերիզների պատճենները տրվել են կողմերին: Պաշտպանության կողմը միջնորդություններ է հարուցել նաև վկա Վ.Դոխոյանին և դատաբժշկական փորձագետ Բիշարյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու, գործով դատալուսանկարչական և դատաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու, դեպքի վայրում քննչական փորձարարություն անցկացնելու մասին: Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված կարգով քննարկելով այդ միջնորդությունները, պատճառաբանված որոշմամբ մերժել է դրանք:

25. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից անտեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Հետևաբար վերաքննիչ դատարանում չբարձրացված վերը նշված հարցերը վճռաբեկ դատարանում քննության առարկա դառնալ չեն կարող:

Այստեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2009թ. դեկտեմբերի 22-ին Ալիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը` ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

26. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ առումով վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

27. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան