Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1389
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.10.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔԴ/0126/02/08  ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0126/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0126/02/08
2010թ.      

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
                       Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անելիք բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, Սամսոն Ղարիբյանի, Գայանե Օհանյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 3 գրանցման քննական բաժանմունքի (այսուհետ` Բաժանմունք)՝ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, ավտոմեքենայի ժամանակավոր հաշվառման վկայագիրն ավտոտրանսպորտային միջոցի թիվ SD 035794 գրանցման վկայագրով փոխարինելն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև 26.07.2006 թվականին կնքված Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի թիվ 2177 սեղանամատյանում գրանցված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, ավտոմեքենայի ժամանակավոր հաշվառման վկայագիրն ավտոտրանսպորտային միջոցի թիվ SD 035794 գրանցման վկայագրով փոխարինելը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ:

Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2009 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ, 275-րդ և 305-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես այն, որ 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր, ինչի դիմաց նույն օրը, ի ապահովում Բանկի հանդեպ ունեցած դրամական պարտավորության, Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր, որով Սամսոն Ղարիբյանին պատկանող Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի ավտոմեքենան գրավադրվել է Բանկին: Սամսոն Ղարիբյանը, կեղծելով գրավ դրված ավտոմեքենայի ժամանակավոր տեխանձնագիրը, ստացել է տրանսպորտային միջոցների գրանցման վկայագիր և նոտարական գրասենյակում տալով հայտարարություն այն մասին, որ ավտոմեքենան այլ անձի չի վաճառվել, գրավ չի դրվել, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, 26.07.2006 թվականի առուվաճառքի պայմանագրով գրավ դրված ավտոմեքենան առանց Բանկին տեղյակ պահելու վաճառել է Գայանե Օհանյանին: Հետագայում Երևանի քրեական դատարանի 10.04.2008 թվականի դատավճռով Սամսոն Ղարիբյանը տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև 26.07.2006 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը զուրկ է իրավական հիմքերից, քանի որ այն կնքվել է կեղծ փաստաթղթերի և նոտարական գրասենյակում արված սուտ հայտարարությունների հիման վրա, այսինքն` գրավ դրված ավտոմեքենան Գայանե Օհանյանը գնել է այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձ Սամսոն Ղարիբյանից, ինչը նշանակում է, որ 26.07.2006 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը որպես այդպիսին անվավեր է, քանի որ այն կնքվել է 09.08.2005 թվականի գրավի պայմանագրի էական պայմանների խախտումներով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 6):

2. 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 9):

3. 26.07.2006 թվականին Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև կնքվել է (գրավ դրված) ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 12):

4. Երևանի քրեական դատարանի 10.04.2008 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Սամսոն Ղարիբյանը տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է (հատոր 5-րդ, գ.թ. 135):

 

 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

 Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձնել հետևյալ հարցադրումը.

 1. Արդյո՞ք գրավատուի կողմից գրավի առարկայի օտարումը կարող է համարվել օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարք, եթե գրավ դրված գույքի օտարումը պայմանագրով արգելված է եղել:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն`գրավի իրավունքը (այսուհետ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

 Uույն գործի փաստերի համաձայն` Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է 4.732.000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր և որպես դրամական պարտավորության կատարման ապահովման միջոց 09.08.2005 թվականին Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքվել է գրավի պայմանագիր, որով Մերսեդես Բենց S-200 մակնիշի 01 ՏՕ 611 պետհամարանիշի ավտոմեքենան գրավադրվել է Բանկին, այսինքն` առաջացել է ակցեսոր պարտավորություն Բանկի հանդեպ հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

 Սամսոն Ղարիբյանը, կեղծելով գրավ դրված ավտոմեքենայի ժամանակավոր տեխանձնագիրը, ստացել է տրանսպորտային միջոցների գրանցման վկայագիր և 26.07.2006 թվականին նոտարական գրասենյակում տալով կեղծ հայտարարություններ այն մասին, որ ավտոմեքենան այլ անձի չի վաճառվել, գրավ չի դրվել, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, գրավ դրված ավտոմեքենան վաճառել է Գայանե Օհանյանին: Հետագայում Երևանի քրեական դատարանի 10.04.2008 թվականի դատավճռով Սամսոն Ղարիբյանը տրանսպորտային միջոցի ժամանակավոր տեխնիկական անձնագիրը կեղծելու և այն օգտագործելու համար դատապարտվել է:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության համաձայն` գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

 Տվյալ դեպքում Սամսոն Ղարիբյանի և Բանկի միջև կնքված 09.08.2005 թվականի գրավի պայմանագրի 3.14-րդ և 3.15-րդ կետերով Սամսոն Ղարիբյանին արգելվել է առանց Բանկի (գրավառու) գրավոր համաձայնության գրավի գույքը (ավտոմեքենան) օտարել, հանձնել վարձակալության, ենթավարձակալության, անհատույց օգտագործման կամ տնօրինել այլ կերպ, ինչպես նաև գրավառուն պարտավորվել է գրավի առարկա գույքի նկատմամբ որևէ փոփոխություն կատարելու դեպքում նախապես հայտնել Բանկին: Սամսոն Ղարիբյանը, խախտելով 09.08.2005 թվականին կնքված գրավի պայմանագրի 3.14-րդ և 3.15-րդ կետերը, առանց Բանկի գրավոր համաձայնության օտարել է գրավի առարկա ավտոմեքենան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում այլ հետևանքներ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամսոն Ղարիբյանի կողմից գրավ դրված ավտոմեքենայի օտարումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության խախտումով, քանի որ օտարվել է այն գույքը, որը ենթակա չէր օտարման առանց Բանկի գրավոր համաձայնության: Նշված հանգամանքը հիմնավորվել է նաև Երևանի քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.04.2008 թվականի դատավճռով:

  Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Բանկի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «առուվաճառքի պայմանագիրն օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելու հիմքով անվավեր ճանաչվել չի կարող, քանի որ առանց գրավառուի համաձայնության գրավ դրված գույքն օտարելու հետևանքները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240 հոդվածով և գրավի պայմանագրով»:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն` գրավի առարկայի փոխարինում թույլատրվում է գրավառուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 Այսպես, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել այն, քանի որ նշված հոդվածը վերաբերում է ոչ թե գրավ դրված գույքի օտարմանը, այլ այն դեպքերին, երբ գրավի առարկան փոխարինվել, ոչնչացվել, վնասվել կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, այնինչ տվյալ դեպքում տեղի է ունեցել ոչ թե գրավի առարկայի փոխարինում, ոչնչացում, վնասում կամ սեփականության իրավունքի դադարում, այլ առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավ դրված գույքն օտարվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Սամսոն Ղարիբյանը գրավի առարկան օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության համաձայն այն օտարելու իրավունք չի ունեցել:

 Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ 26.07.2006 թվականին Սամսոն Ղարիբյանի և Գայանե Օհանյանի միջև կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտումներով, ուստի այն պետք է անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանքներ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ