Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1391
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.10.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/1424/02/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09
2010թ.      

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
                       Ա. Պետրոսյան

                             

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ «Սաղդայմոնդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և պատասխանողի գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 336.714.460,57 ՀՀ դրամ` որպես չմարված վարկային պարտավորության, հաշվարկված տոկոսների և տույժերի գումար, 6.740.000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար. բռնագանձումը տարածել Ընկերության վարկային պարտավորությունների ապահովման համար գրավադրված, «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքների, 21,0 քմ մակերեսով ավտոտնակի և 0,17139 հա մակերեսով հողի, ինչպես նաև Ընկերության այլ գույքի և դրամական միջոցների վրա։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ն։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և գտել է, որ Ընկերությունը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, քանի որ պետական գրանցման վկայականում, պայմանագրերում և կանոնադրության մեջ նշված վերջինիս հասցեն ունի տարիների վաղեմություն և հնարավոր է, որ այն փոխված լիներ, քանի որ կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերից երևում է, որ Ընկերությունը գտնվում է այլ հասցեում։ Սակայն Ընկերությունը պարտավոր էր ապացուցել ոչ թե այլ հասցեում իր այս կամ այն հետաքրքրությունները, այլ այն, որ նա որևէ առնչություն չունի «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեի հետ։ Միևնույն իրավաբանական անձը կարող է գործունեություն իրականացնել մի քանի հասցեներում, սակայն նրա իրավաբանական հասցեն համարվում է պետական ռեգիստրում նշված հասցեն։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.12.2009 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով էական նշանակություն ունի ոչ թե ծանուցագրերի` պետական գրանցման վկայականում նշված հասցեով ուղարկվելու հանգամանքը, այլ այն, թե արդյոք դրանք հասել են հասցեատիրոջը և արդյոք Ընկերությունը ծանուցվել է։ Նշվածի վերաբերյալ Դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ Ընկերության ծանուցված լինելու փաստը չի հաստատվում, քանի որ բոլոր ծանուցագրերն ուղարկվել են միևնույն հասցեով, որոնք ստորագրել և ստացել է մեկ անձ, մինչդեռ Ընկերության գտնվելու վայրի հասցեն է «ք. Երևան, Սուրենյան 7»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 24.02.2006 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքվել է թիվ 009 ՀԳ/Վ վարկային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որով Բանկը վարկառուին տրամադրել է 280.000.000 ՀՀ դրամ վարկ 5 ամիս մարման ժամկետով, տարեկան 18% դրույքաչափով։ Պայմանագրում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշվել է «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» (հատոր 1-ին, գ.թ. 18)։

2. Ի ապահովումն Պայմանագրի` մի կողմից Բանկի և մյուս կողմից «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի ու Ընկերության միջև 24.02.2006 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի մասին (հիփոթեք) թիվ 009 Հ/Գ պայմանագիր, որով գրավ է դրվել «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքները, 21,0 քմ մակերեսով ավտոտնակը և 0,17139 հա մակերեսով հողը (հատոր 1-ին, գ.թ. 21)։

3. Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշված է «375033, Երևան, Հակոբյան 3» (հատոր 1-ին, գ.թ. 26)։

4. «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին» որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկվել են միևնույն` «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 10, 11, 98, 101, 111, 114, 124, 125, 141, 142)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով)։

 Վերոգրյալը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տես՝ «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,30 ՀՀ դրամի պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշումը)։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` օրենքով նախատեսված այլ տեղեկություններ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման։ Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար։

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավաբանական անձի գտնվելու վայր է համարվում իրավաբանական անձի կանոնադրությամբ նշված և պետական գրանցման համար որպես պարտադիր տվյալ ներկայացված նրա մշտական գործող մարմնի հասցեն։

Սույն գործով Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին» որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկել է միևնույն` «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեով։

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Ընկերության հետ «ք. Երևան, Սուրենյան փողոց 7» հասցեում կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերը, գտել է, որ ծանուցագրերն ուղարկվել են սխալ հասցեով, քանի որ Ընկերությունը գտնվում է «ք. Երևան, Սուրենյան փողոց 7» հասցեում։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության գտնվելու վայրի հասցեն, Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում արված գրառման համաձայն, «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» է ։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ծանուցագրերը Ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված լինելու պայմաններում, Ընկերությունը համարվում է պատշաճ ծանուցված:

Բացի այդ, սույն գործով հաստատված փաստերից հետևում է, որ Ընկերության հասցեով դատարանի կողմից ուղարկվել է ծանուցագիր պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ։ Հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրվել է և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան։ Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը չի հիմնավորել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքը: Այս փաստի ապացուցման բեռը կրում է Ընկերությունը, քանի որ հետադարձ ծանուցման թերթիկի ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Ընկերության կողմից այս փաստի ապացուցումն էական նշանակություն ունի դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման փաստը հիմնավորելու համար։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ելել այն կանխավարկածից, որ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իր պայմանագրային և օրենքով նախատեսված պարտականությունները կատարվել են պատշաճ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում բարձացված նյութական իրավունքի նորմերի խախտման փաստարկներին` պատճառաբանելով, որ դրանք կհետազոտվեն Դատարանի կողմից գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ