Համարը 
N 31
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.02.01/3(386)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
22.12.2010
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական 

   

ֆինանսների նախարար

 

__________________ Վ. Գաբրիելյան

եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

30 դեկտեմբերի 2010 թ.

             

 22 դեկտեմբերի 2010 թ.

 N 31

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2011 թվականի հունվարի 1-ից բենզինի Եվ (կամ) դիզելային վառելիքի արտադրանքի հարկման որոշ հարցերի վերաբերյալ

 

«Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7.10.2010թ, ՀՕ-130-Ն) համաձայն 2011 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` 2011 թվականի հունվարի 1-ից բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց՝ օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ավելացվող գումարը բաղկացած է երկու մասից` ակցիզային հարկի գումար և դրա նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումար:

Օրինակ.

Կազմակերպության ներմուծած բենզինի 1 տոննայի մաքսային արժեքը կազմել է 320000 դրամ: Ներմուծված բենզինի 1 տոննայի համար ակցիզային հարկի դրույքաչափը օրենքով սահմանված է 25000 դրամ: Հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը կկազմի 69000 դրամ [(320000+25000)x20%], իսկ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարը` 94000 դրամ (69000+25000): Քանի որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ներմուծվող բենզինի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը չպետք է պակաս լինի 112000 դրամից, կազմակերպության կողմից պետք է վճարվի նաև 18000 դրամ (112000-94000), որում ակցիզային հարկի մեծությունը կազմում է 15000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկի մեծությունը` 3000 դրամ (վերջինս կարող է հաշվարկվել կամ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափի (16.67%) կիրառմամբ (18000x16.67%), կամ որպես լրացուցիչ վճարվող գումարի 1/6 մաս): Տվյալ դեպքում ներմուծվող բենզինի 1 տոննայի համար կազմակերպությունը պետք է վճարի ակցիզային հարկ` 40000 դրամ, իսկ ԱԱՀ` 72000 դրամ:

2. Քանի որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (7.10.2010թ. ՀՕ-126-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (7.10.2010թ. ՀՕ-129-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի արտադրանքի ավելացված արժեքի հարկով և ակցիզային հարկով հարկմանը վերաբերող օրենքների դրույթները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և իրացվող բենզինի և(կամ) դիզելային վառելիքի արտադրանքների նկատմամբ:

3. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ներմուծողների մոտ առկա բենզինի և(կամ) դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների իրացման գործարքների մասով հարկային պարտավորությունները հաշվարկվում են մինչև 2011 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Ապրանքային մնացորդների օտարման մասով ներմուծողները վճարում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճար` «Բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով, իսկ նրանց կողմից բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի մասով` նաև հաստատագրված վճար` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

4. Հարկ վճարողների (այդ թվում` ներմուծողների) մոտ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա բենզինի և(կամ) դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների իրացման գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:

5. 2011 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը (այդ թվում` ներմուծող չհանդիսացող անձանց կողմից) ազատվում է ավելացված արժեքի հարկից: Դիզելային վառելիքի իրացման գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:

6. 2011 թվականի հունվարի 1-ից հետո բենզինի իրացումների դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներ դուրս են գրվում.

 1) բենզին ներմուծողների կողմից` 2011թ. հունվարի 1-ից հետո ներմուծված բենզինի օտարման` օրենքով ԱԱՀ-ի 20 (հաշվարկային` 16.67%) դրույքաչափով հարկվող գործարքների մասով, բացառությամբ` բենզինի և (կամ) դիզելային վառելիք մանրածախ առևտրի կետերի միջոցով (հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով) իրացման գործարքների,

 2) բենզինի ներմուծող չհանդիսացող անձանց կողմից` հարկային հաշիվներով ձեռքբերված բենզինի օտարման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 20 տոկոս (կամ հաշվարկային` 16.67%) դրույքաչափով հարկման:

 7. 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա «Բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվանցումներ (նվազեցումներ) չեն կատարվում (2011 թվականի հունվարի 1-ից հետո «Բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը չի կիրառվում):

8. 2011 թվականի հունվարի 1-ից հետո բենզինի գծով ձեռքբերումների մասով ԱԱՀ վճարողները ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումներ կարող են կատարվել միայն հարկային հաշվի առկայության դեպքում:

9. 2011 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն բենզին և(կամ) դիզելային վառելիք ներկրող` ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողները հաշվանցման իրավունք են ձեռքբերում ԱԱՀ-ով հարկվող գործարքների (այդ թվում` բենզինի իրացման ԱԱՀ-ով հարկվող գործարքների) մասով: