Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.34
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.08.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ1/0003/01/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ1/0003/01/10

ԳԴ1/0003/01/10

Նախագահող դատավոր՝  Ս. Չիչոյան
Դատավորներ` Ե. Դարբինյան 
                           Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ


Մ. Պետրոսյանի

2010 թվականի օգոստոսի 27-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արամ Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ մեղադրող Վ.Լազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2009 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 40106609 քրեական գործը` անհայտ անձի կողմից Գավառ քաղաքի բնակիչ Մհեր Իսրայելյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Արամ Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նույն օրը մեղադրյալ Ա.Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2010 թվականի փետրվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 22-ի դատավճռով Ա.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով և դատապարտվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 2 տարի ժամկետով, 244-րդ հոդվածով` ազատազրկման 6 ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Առաջին ատյանի դատարանը Ա.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ զրկելով նրան տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 3 տարի ժամկետով:

Ա.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի մայիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 22-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Վ.Լազարյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

5. Ա.Սահակյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի նոյեմբերի 26-ին` 20:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցով երթևեկելիս, չհասած «Արեգակ» վարկային կազմակերպության գրասենյակին, նկատելով իր ընթացքի ուղղությամբ, ճանապարհի աջ եզրով, մայթեզրից մոտ 1.5 մետր դեպի ձախ հեռավորությամբ իր ավտոմեքենայի ընթացքին համընթաց քայլող Մհեր Իսրայելյանին, Հակոբ Դվոյանին և Գևորգ Օհանյանին, ցուցաբերելով հանցավոր անզգուշություն և հույս ունենալով անվտանգ անցնել նրանց կողքով, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` 61.7 մետր հեռավորությունից նկատելով իր երթևեկությանը համընթաց ուղղությամբ, երթևեկելի ուղեմասով իր ավտոմեքենայի առջևում գտնվող օբյեկտներին, իսկ 43.7 մետր հեռավորությունից տեսնելով, որ դրանք մարդիկ են, անվտանգ մանևրումով նրանց շրջանցելու կամ ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու փոխարեն շարունակել է ընթացքը և մոտենալով նրանց` վրաերթի է ենթարկել Մ.Իսրայելյանին` նրան պատճառելով մահ և թողնելով դեպքի վայրը` դիմել է փախուստի:

6. Դատաքիմիական փորձագետի 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1115 եզրակացության համաձայն` «Հետազոտման պահին 27.11.2009թ. ներկայացված [Ա.Սահակյանի] արյան փորձանմուշում ալկոհոլի` էթիլ սպիրտի պարունակությունը կազմեց 1.77 գր/լ» (տե´ս քրեական գործ, էջ 70):

7. Դեպքին նախորդած պահին Ա.Սահակյանի հետ հանդիպած Սուսաննա Մակվեցյանի ցուցմունքի համաձայն` Ա.Սահակյանն այն աստիճան հարբած էր, որ անիմաստ մտքեր էր արտահայտում (տե´ս քրեական գործ, 14-15 էջեր):

8. Վրաերթից անմիջապես հետո դիմելով փախուստի` Ա.Սահակյանն ավտոմեքենան թողել է Գավառ-Նորադուս ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հարևանությամբ և հեռացել: Ավտոմեքենան հայտնաբերվել և տուգանային հրապարակ է տեղափոխվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև ոստիկանության աշխատակիցների կողմից տարված պրոֆիլակտիկ և բացատրական աշխատանքների շնորհիվ Ա.Սահակյանը 2009 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 00:15-ին, ներկայացել է ՀՀ ոստիկանության Գավառի բաժին (տե´ս քրեական գործ, 12-13 էջեր):

9. Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա.Սահակյանը մի քանի անգամ տվել է տարբեր բովանդակություն ունեցող ցուցմունքներ, ինչպես նաև առերես հարցաքննվել է տուժող Մ.Իսրայելյանի հետ դեպքի վայրում եղած վկաներ Հ.Դվոյանի և Գ.Օհանյանի հետ (տե´ս քրեական գործ, 16-17, 35-37, 38-40, 46-48, 49-50, 83, 97-98 էջեր):

10. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Ուսումնասիրելով ամբաստանյալ Արամ Սերյոժայի Սահակյանի անձը բնութագրող տվյալները, պարզելով նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը, դատարանը որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ: Դատարանը միաժամանակ որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նաև այն, որ նա կատարած հանցագործությունից հետո զղջացել է կատարածի համար, հաշտվել տուժողի հարազատների հետ և կամովին հատուցել է հանցագործությամբ նրանց պատճառված նյութական վնասը, և տուժողի իրավահաջորդը դիմել է դատարանին` նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու խնդրանքով: Իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում այն, որ նա հանցագործությունը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում: (…)

Ամբաստանյալ Արամ Սերյոժայի Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս դատարանը միաժամանակ հանգելով այն հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, հետևաբար գտնում է, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառվի և պետք է սահմանվի փորձաշրջան: (…)» (տե´ս քրեական գործ, էջ 216):

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը վերլուծելով և գնահատելով գործում առկա մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանք` հանցագործությունը ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը, հաշվի առնելով նրա անձը բնութագրող հատկանիշներն իրենց համակցության մեջ, մասնավորապես այն, որ նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, հոգացել է հանգուցյալի հուղարկավորության ծախսերը, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, նախկինում դատված չի եղել, խնամքին են երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրական` հանգում է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից: (…)» (տե´ս քրեական գործ, էջ 247):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջների խախտում:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն արժանի գնահատական չի տվել ամբաստանյալ Ա.Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքին` հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելուն:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ դեպքից անմիջապես հետո Ա.Սահակյանը դիմել է փախուստի՝ որևէ օգնություն չցուցաբերելով տուժողին: Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Ա.Սահակյանը, թեև իրեն մեղավոր է ճանաչել կատարած հանցանքների համար, սակայն տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Վերոգրյալ հանգամանքների գնահատմամբ` բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած՝ Ա.Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 31-ի որոշումը և Ա.Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակել առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի և չափի որոշման ժամանակ հաշվի առնվող հանգամանքների հետ կապված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե´ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

17. Անձի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 և այլ որոշումներում:

Մասնավորապես, Դ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե´ս Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը):

Թ.Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

(…) նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե´ս, Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):

18. Հիմք ընդունելով սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված օրենսդրական կարգավորումները և դրանց հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս դատարանն ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան և այլն) պետք է հաշվի առնի ամբաստանյալի կողմից հանցագործության կատարման եղանակը: Վճռաբեկ դատարանը կրկնում է նաև, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարված հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան՝ նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի արդյունքում մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանն անզգուշությամբ հասցվել է վնաս:

Վերոնշյալ հանցակազմի սուբյեկտիվ կողմի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ հանցանք կատարող անձը հասկանում է, որ իր գործողությունների (անգործության) արդյունքում կարող է հանրության համար վտանգավոր հետևանքներ առաջանան, այսինքն՝ նա գիտակցում է, որ իր կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում հնարավոր է տեղի ունենա վթար և մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանը հասցվի վնաս, սակայն, ցուցաբերելով հանցավոր անզգուշություն, այնուամենայնիվ, թույլ է տալիս նշված խախտումը՝ հույս ունենալով խուսափել հնարավոր ծանր հետևանքների առաջացումից:

Օբյեկտիվ կողմից նշված արարքը դրսևորվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, որոնցից առավել կոպիտ խախտումներն ամրագրված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

20. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշման 18-րդ և 19-րդ կետերում առկա հիմնավորումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: Նշված հանգամանքի կարևորումը պայմանավորված է նրանով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտումները (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն) վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրասնպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

 21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Սահակյանն իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարել է՝ գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում (տե´ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Շարադրված փաստական տվյալները հնարավորություն են տալիս եզրահանգելու, որ Ա.Սահակյանի ալկոհոլային հարբածության վիճակը հանդիսացել է նրա կողմից հանցանքը կատարելուն նպաստող պայման, սակայն ստորադաս դատարանները, արձանագրելով, որ ալկոհոլային հարբածության առկայությունը հաշվի են առնում որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք (տե´ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը), այնուամենայնիվ, նշված հանգամանքը պատշաճ գնահատականի չեն արժանացրել:

22. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումից հետո անձի դրսևորած վարքագծի գնահատումը:

Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցագործության կատարումից անմիջապես հետո հանցանք կատարած անձի վարքագիծը, ինչպես նաև նրա վարքագիծը հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի այն հանգամանքը, թե հանցագործության կատարումից անմիջապես հետո ամբաստանյալն արդյոք անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տուժողին, թե, թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի: Հետագա վարքագծի գնահատման համար դատարանը պետք է ուշադրության արժանացնի նաև այն, թե քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալն արդյոք ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, դեպքի վերաբերյալ տվել ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, արդյոք որոշակի քայլեր է ձեռնարկել տուժողի կամ նրա հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ կամ ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի բուժման կամ հուղարկավորության ծախսերը:

23. Քննության առարկա գործի նյութերով հիմնավորվել է, որ ամբաստանյալ Ա.Սահակյանը, վրաերթի ենթարկելով Մ.Իսրայելյանին, դեպքի վայրից դիմել է փախուստի՝ որևէ օգնություն չցուցաբերելով տուժողին: Դրանից հետո Ա.Սահակյանը, թողնելով ավտոմեքենան, հեռացել է և միայն ոստիկանության աշխատակիցների կողմից նրա ավտոմեքենան հայտնաբերելուց, հանցավորի անձը պարզելուց և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո, ներկայացել է ոստիկանության բաժին (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Ա.Սահակյանը բազմիցս հարցաքննվել է և յուրաքանչյուր դեպքում տվել հակասական, իրարամերժ ցուցմունքներ, մի դեպքում նշելով, թե իբր չի նկատել, որ վրաերթ է կատարել, մյուս դեպքում` որ ճանապարհի նշված հատվածը սառցապատ էր, երրորդ դեպքում` որ հանդիպակաց ավտոմեքենան իր հեռահար լույսերով կուրացրել է իրեն: Ա.Սահակյանի ցուցմունքներում առկա հակասությունները պարզելու նպատակով վերջինս առերես հարցաքննվել է դեպքին ականատես այլ վկաների հետ (տե´ս սույն որոշման 9-րդ կետը), որի արդյունքում, ինչպես նաև քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով Ա.Սահակյանի տված բոլոր ցուցմունքները հերքվել են:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշված է, որ Ա.Սահակյանը դեպքի վերաբերյալ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

24. Հիմք ընդունելով սույն որոշման 15-23-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված՝ Ա.Սահակյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքերը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Ա.Սահակյանի կատարած հանցագործություններին: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և Ա.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Այսինքն՝ կիրառվել է քրեական օրենսգրքի հոդված, որը ենթակա չէր կիրառման, դրա արդյունքում թույլ է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Այսպիսով, ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Սահակյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով, սխալ են կիրառել քրեական օրենքը:

25. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի նշված ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտերի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արամ Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 22-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան