Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.37
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.08.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0001/11/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի
ԼԴ/0001/11/10
որոշում

ԼԴ/0001/11/10

Նախագահող դատավոր՝  Ռ. Ազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

դ. աՎԵՏԻՍՅԱՆի

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆի

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆի

 Ս. ՕՀԱՆՅԱՆի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 2010 թվականի օգոստոսի 27-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010թ. մայիսի 12-ի որոշման դեմ դիմող Արթուր Սաքունցի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Ա.Սաքունցը 2010թ. փետրվարի 16-ին դիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), հայտնելով հետևյալը.

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամ Միքայել Արամյանի հետ 2009թ. նոյեմբերի 8-ին ինքն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում իրենք հանդիպել են Վլադիմիր Տոնոյանին և հացադուլ հայտարարած Արմեն Մելքոնյանին: Վերջինները տեղեկացրել են, որ իրենք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործով 2009թ. սեպտեմբերի 29-ին ձերբակալվել և ժամը 500-ից մինչև ժամը 1700-ը պահվել են ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում: Այնտեղ, ըստ Վլադիմիր Տոնոյանի, քաղաքացիական հագուստ կրող ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություններ` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Ըստ Վ.Տոնոյանի հայտարարության` ոստիկանության աշխատակիցները ռետինե մահակներով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նրանց կիրառած բռնության հետևանքով նա մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը: Ըստ Արմեն Մելքոնյանի հայտարարության` ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցները ռետինե մահակներով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: Արմեն Մելքոնյանի նկատմամբ կիրառված ծեծը փոքր ընդմիջումներով տևել է 4-5 ժամ: Ծեծի ընթացքում Արմեն Մելքոնյանը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է, որ իր գլուխը վիրահատված է, բայց ոստիկանության աշխատակիցները որևէ ուշադրություն չեն դարձրել դրան և շարունակել են ծեծը:

 Վլադիմիր Տոնոյանը «Վանաձոր» ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության, ուղարկվել է ռենտգեն հետազոտության, քանի որ նրա առողջական վիճակը անհանգստություն է առաջացրել ՁՊՎ-ի աշխատակիցների մոտ:

 2009թ. սեպտեմբերի 30-ին Արմեն Մելքոնյանը տեղափոխվել է «Վանաձոր» ՁՊՎ, որտեղ, ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նրա նկատմամբ կիրառված ծեծի արդյունքում, առողջական վիճակը վատացել է, ժամը 13:00-14:00-ի սահմաններում «Վանաձոր» ՁՊՎ-ից նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մարմնի վրա կոտրվածքներ ունենալու կասկածանքով իրականացվել է ռենտգեն հետազոտության, որի արդյունքում կոտրվածքներ չեն հայտնաբերվել: 2009թ. սեպտեմբերի 30-ի գիշերը Արմեն Մելքոնյանի առողջական վիճակը այնքան է վատացել, որ ոստիկանության աշխատակիցները նրա ցավերը մեղմելու նպատակով հանգստացնող կաթիլներ են տվել:

 2009թ. նոյեմբերի 11-ին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների կողմից Վլադիմիր Տոնոյանի և Արմեն Մելքոնյանի նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

 2009թ. նոյեմբերի 23-ին պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ վերը նշված հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզի դատախազության քննարկմանը:

2009թ. նոյեմբերի 25-ին Լոռու մարզի դատախազությունից ստացվել է թիվ 2/537-09 գրությունը, ըստ որի` ներկայացված հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին:

2010թ. հունվարի 25-ին դիմումատուն ստացել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Է.Կարապետյանի 2010թ. հունվարի 13-ի որոշումը, ըստ որի` Արմեն Մելքոնյանը և Վլադիմիր Տոնոյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրենց մարմնի վրա առկա վնասվածքները ստացել են սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:

 2. Ա.Սաքունցը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա դիմում ներկայացնելով Առաջին ատյանի դատարան, խնդրել է վերացնել Վլադիմիր Տոնոյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Է.Կարապետյանի կողմից 2010թ. հունվարի 13-ին կայացված որոշումը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 9-ի որոշմամբ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահի դիմումը բավարարվել է. Վլադիմիր Տոնոյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Է.Կարապետյանի 2010թ. հունվարի 13-ի որոշումը վերացվել է:

 3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել Լոռու մարզի դատախազության դատախազ Ս.Տոնոյանը: Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 9-ի որոշումը բեկանվել է, իսկ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Է.Կարապետյանի 2010թ. հունվարի 13-ի որոշումը վերացնելու վերաբերյալ Ա.Սաքունցի դիմումը` մերժվել:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Ա.Սաքունցը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010թ. հուլիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ա.Սաքունցի դիմումի քննության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ քննիչ Է.Կարապետյանն իր կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում հավաքել է մի շարք ապացույցներ Վլադիմիր Տոնոյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ, սակայն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիմնարար սկզբունքներն ու դրույթները, լրիվ և բազմակողմանի քննություն չի կատարել առկա հակասությունները պարզելու կապակցությամբ, ոստիկանների կողմից տրված ցուցմունքներին տվել է առավել նշանակություն, և նվազ նշանակություն է տվել մեղադրյալների տված ցուցմունքներին:

6. Վերաքննիչ դատարանը դատական ստուգման արդյունքում հանգել է այն հետևության, որ. «Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննելով «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցի դիմումը` ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Է.Կարապետյանի` 2010 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ, և բավարարելով այն` քննության առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Է.Կարապետյանի` 2010 թվականի հունվարի 13-ի վերոհիշյալ որոշումը չի բողոքարկվել վերադաս դատախազին, հանգել է սխալ հետևության: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը բողոքը ըստ էության չպետք է քններ, այլ այն պետք է մերժեր` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները չկատարելու պատճառաբանությամբ (...)»:

 

 Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի հետևանքով Արմեն Մելքոնյանը և Վլադիմիր Տոնոյանը զրկվել են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշում է, որ դատախազ Ս.Տոնոյանի կողմից «վերաքննիչ բողոք է բերվել նյութական իրավունքի խախտման կապակցությամբ ներկայացված փաստական հանգամանքները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես ապացույց գնահատելու կամ չգնահատելու մասով: (...) դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքում որևէ պահանջ չի ներկայացվել»: Ապա բողոք բերած անձը շեշտում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության ընթացքում նյութական իրավունքի խախտման փաստերին բացարձակապես չի անդրադարձել, այլ գործը քննել է բոլորովին այլ` դատավարական իրավունքի հիմքով:

Բողոքի հեղինակը փաստարկում է, որ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանի իշխանությունները պետք է իրականացնեն ոստիկանության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու և նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ փաստերի արդյունավետ քննություն: Մինչդեռ վատ վերաբերմունքի փաստերի առթիվ արդյունավետ քննություն իրականացնելու ընթացքը և հնարավորությունը ընդհատվել է, և դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից:

8. Բողոքաբերը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 844 որոշմանը: Ըստ բողոքի հեղինակի` ՀՀ սահմանադրական դատարանը նախաքննության մարմնի գործողությունները և անգործությունը դատարան բողոքարկելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում դրված արգելքը վերացրել է, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «վերակենդանացրել է» այդ արգելքը, որով էլ սահմանափակել է անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

Ի հիմնավորումն իր փաստարկի բողոքաբերը նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 844 որոշման վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած` «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթի կիրառումը սահմանափակում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արտահայտել է անհասկանալի այն միտքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես քննիչի կամ դատախազի անգործությանը: Ըստ բողոքաբերի, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, թե ինչու «քննչական ծառայության անգործությունը դատարան բողոքարկելու միջնորդավորված ընթացակարգը դատարանի մատչելիության խնդիր է առաջացնում, իսկ նույն մարմնի որոշումների և գործողությունների դատարան բողոքարկելու համար նախապայմանի իրավակարգավորված առկայությունը դատարանի մատչելիության խնդիր չի առաջացնում»:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 9-ի որոշմանը:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իր 2010թ. մայիսի 12-ի որոշումը հիմնավորելով վերաքննիչ բողոքում չներկայացված փաստարկմամբ, խախտե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

11. Այս իրավանորմից, inter alia, բխում է, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում:

Նպատակային մեկնաբանման ենթարկելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ:

12. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն իր բողոքում ընդհանրապես չի անդրադարձել և անգամ չի հիշատակել այն հանգամանքը, որ քննիչի կայացրած որոշումը Ա.Սաքունցը չի բողոքարկել դատախազին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մատնանշելով որոշումը վերադաս դատախազին բողոքարկված չլինելու հանգամանքը, որոշել է մասնակիորեն բավարարել դատախազի բողոքը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 9-ի որոշումը բեկանել, իսկ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Է.Կարապետյանի 2010թ. հունվարի 13-ի որոշումը վերացնելու վերաբերյալ Ա.Սաքունցի դիմումը` մերժել:

13. Սույն որոշման 12-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 11-րդ կետում սահմանված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումները պարունակում են էական փաստարկումներ, որոնք վերաքննիչ բողոքում ներկայացված չեն: Ուստի Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը:

14. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե´ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով 2006 թվականի հուլիսի 20-ի ՄԻԵԴ վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

15. Սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավական նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազ Ս.Տոնոյանի բողոքի քննության արդյունքում 2010թ. մայիսի 12-ի որոշումը կայացնելով` Վերաքննիչ դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

 

II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառությունը

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշումը հակասո՞ւմ է արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 844 որոշմանը:

17. ՍԴՈ-844 որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր է ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը՝ սահմանափակվել են մարդու՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները»:

Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «… և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող չի ճանաչվել «որոշումներին» և «գործողություններին» վերագրվող բովանդակության մասով, այլ ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել է Արևիկ Մողրովյանի վերաբերյալ 2010թ. փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշմամբ: Այդ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության կապակցությամբ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (տե´ս Արևիկ Մողրավյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010թ. փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 15-րդ կետը):

19. Հետևաբար, հիմք ընդունելով Ա.Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ հաստատված և սույն որոշմամբ վերահաստատված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոքաբերի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմանը, քանի որ Վերաքննիչ դատարանում բողոքարկված դատական ակտը վերաբերել է ոչ թե քրեական հետապնդման մարմնի անգործությանը, այլ որոշմանը:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 10-15-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ այն հիմք է դատական ակտը բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցի դիմումը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
 

Ս. Օհանյան