Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.11
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.11.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0060/11/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0060/11/10

ԵԿԴ/0060/11/10

Նախագահող դատավոր՝  Ա. Հովհաննիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ


մասնակցությամբ
դատախազ

Ա. ԲՈՇՆԱՂՅԱՆԻ

դիմողի ներկայացուցիչ

Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻ

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ դատախազ Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Վարշամ Ղարիբյանի դիմումի հիման վրա 2009 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16121309 քրեական գործը՝ Վարուժան Մանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը ենթադրաբար կատարելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2010 թվականի մայիսի 18-ի որոշմամբ թիվ 16121309 քրեական գործը միացվել է թիվ 69100109 քրեական գործին, և գործի քննությունը շարունակվել է թիվ 69100109 համարով:

2. 2010 թվականի մայիսի 25-ին դիմող Վ.Մանուկյանը և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելու մասին 2009 թվականի օգոստոսի 13-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի որոշմամբ դիմող Վ.Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժվել է:

3. Դիմող Վ.Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, վերացրել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի որոշումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին` վերացնելու Վ.Մանուկյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցներ, դիմող Վ.Մանուկյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխաններ` հայտնելով, որ բողոքաբերը չի հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից որևէ մեկը:

Բողոքի պատասխանի հեղինակների պնդմամբ, քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինականությունն ըստ պատշաճի չի ստուգվել, և այն չի տրամադրվել Վ.Մանուկյանին, ինչի արդյունքում վերջինս զրկվել է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից: Բացի այդ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումը դատական կարգով բողոքարկել չթույլատրելու արդյունքում այդ որոշումը դուրս է մնում դատական վերահսկողության ոլորտից, և ստեղծվում է անօրինական հարուցված քրեական գործով հետագա քննչական գործողություններ կատարելու, այդ թվում նաև անձանց իրավունքների անհիմն սահմանափակման, դատավարական հարկադրանքի միջոցների անօրինական կիրառման իրական վտանգ:

Ըստ դիմող Վ.Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի` Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել Վճռաբեկ դատարանի` Վ.Գրիգորյանի վերաբերյալ որոշումը և քրեական գործ հարուցելու մասին 2009 թվականի օգոստոսի 13-ի որոշումը դիտել է անձի իրավունքները և օրինական շահերը խախտող որոշում:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա չի կարող լինել, քանի որ դատական կարգով այդպիսի որոշման բողոքարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված չէ» (տե´ս Նյութեր, էջ 18):

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) դատական բողոքարկման ենթակա են քրեական հետապնդման մարմինների անխտիր բոլոր գործողությունները և որոշումները` հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. Այդ որոշումները և գործողությունները խախտում են քրեական դատավարության ոլորտ ներգրավված (ներառյալ` այլ անձանց) անձանց իրավունքները և օրինական շահերը:

2. Այդ որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Թիվ 16121309 քրեական գործը հարուցվել է ոչ թե անհայտ անձի կողմից քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման փաստի առթիվ, այլ կոնկրետ անձի` Վ.Մանուկյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման փաստի առթիվ, հետևաբար այն առնչվում է կոնկրետ անձի շահերին, իրավունքներին, ազատություններին, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի այն պատճառաբանությունը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա չի կարող լինել, քանի որ դատական կարգով այդպիսի որոշման բողոքարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված չէ, անհիմն է (տե´ս Նյութեր, էջ 74):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չհիմնավորված, տարածական մեկնաբանություն է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմին և արդյունքում հանգել այն հետևության, որ դատական բողոքարկման ենթակա են քրեական հետապնդման մարմինների անխտիր բոլոր գործողությունները և որոշումները, եթե այդպիսիք խախտում են քրեական դատավարության ոլորտ ներգրավված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և այդ որոշումների ու գործողությունների դեմ բերված բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

8. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Վ.Գրիգորյանի վերաբերյալ որոշումը, դրանում արտահայտված իրավական դիրքորոշման առանձին դրույթներ մեկնաբանել է բոլորովին այլ` Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը հակասող լույսի ներքո: Ի հիմնավորումն իր փաստարկի, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի հիշատակել, թե քրեական գործ հարուցելու արդյունքում Վ.Մանուկյանի կոնկրետ ո´ր իրավունքներն ու ազատություններն են խախտվել, որոնք վերացնելու պահանջ է առաջադրվել վարույթն իրականացնող մարմնին:

Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, փորձելով հիմնավորել իր որոշումը, ակնհայտորեն անհիմն շեշտադրել է քրեական գործի վարույթը բացառող հանգամանքների` համաներման ակտի առկայության փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ քննության չի առնվում ստորադաս դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտ, քրեական գործը գտնվում է մինչդատական վարույթում, և այդ փուլում նշված հանգամանքը դատական վերանայման առարկա չի կարող հանդիսանալ:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` քրեական գործ հարուցելու մասին 2009 թվականի օգոստոսի 13-ի որոշումը առերևույթ խախտու՞մ է արդյոք Վ.Մանուկյանի իրավունքները և ըստ այդմ, Վ.Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման ներքո կարո՞ղ է արդյոք դատական վերահսկողության առարկա լինել:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

Վկայակոչված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Վ.Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ և հետևյալ իրավական դիրքորոշումն է ձևավորել. «(…) եթե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման:

(…)

ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի (արարքների) կապակցությամբ, այլ կերպ` փաստի առթիվ, և որևէ անձի համար քրեական դատավարությունում այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում, ուստիև` քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ քրեական դատավարությունում որևէ մեկի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում» (տե´ս Վալերի Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ և 14-րդ կետերը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ (տե´ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանը մերժել է դիմողի և նրա ներկայացուցչի բողոքն այն պատճառաբանությամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա չի կարող լինել, քանի որ դատական կարգով այդպիսի որոշման բողոքարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված չէ (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերացնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը առնչվում է կոնկրետ անձի շահերին, իրավունքներին, ազատություններին, հետևաբար անհիմն է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսողության առարկա չի կարող լինել (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

13. Վ.Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ առկա և համապատասխանաբար նաև սույն որոշման 11-րդ կետում ամրագրված դատողությունները համադրելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին 2009 թվականի օգոստոսի 13-ի որոշումը դատական վերահսկողության առարկա հանդիսանալ չի կարող, քանի որ այն կայացվել է փաստի առթիվ, ուստի դրանով Վ.Մանուկյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն անհամաձայնություն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն մոտեցմանը, որ որոշակի պայմանների առկայության դեպքում դատական բողոքարկման ենթակա են քրեական հետապնդման մարմինների անխտիր բոլոր գործողությունները և որոշումները (տե´ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի նման տարածական մեկնաբանությունը չի բխում իրավական պաշտպանության միջոցների համարժեքության սահմանադրական պահանջից, որը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի հիման վրա ամրագրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ (2009թ. դեկտեմբերի 7-ի Սահմանադրական դատարանի որոշման 8-րդ կետ):

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթում իրավական պաշտպանության միջոցների համարժեքությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական դատավարության ձևը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական վարույթի համար նախատեսված դատավարական ձևը, մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների՝ օրենքով որպես ապացույց համարվելը, մինչդատական վարույթի մանրամասն և համակողմանի օրենսդրական կանոնակարգումը, այդ թվում՝ նշված փուլում ապացույցների ձեռքբերման եղանակների և ընթացակարգի մանրակրկիտ կարգավորումը և այդ համատեքստում քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռումն ինքնին սահմանափակում են մինչդատական վարույթում քրեական հետապնդման մարմնի յուրաքանչյուր որոշման կամ գործողության դատական բողոքարկման շրջանակը:

16. Նախորդ կետում շարադրված հիմնավորումների լույսի ներքո զարգացնելով Վ.Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ սահմանված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

17. Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանական մասում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վարույթն իրականացնող մարմնին Վարուժան Մանուկյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դիմող Վարուժան Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ