Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.8
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.11.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0009/12/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0009/12/10

ԵԷԴ/0009/12/10

Նախագահող դատավոր՝   Ե. Դարբինյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

 

մասնակցությամբ` դատախազ

Ա. Ստեփանյանի

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը Գերագույն դատարանի 1994 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 12 (տասներկու) տարի ժամկետով:

2. 1999 թվականի մայիսի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի պատիժը պակասեցրել է և թողել կրելու ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով: Մ.Հակոբյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է:

3. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-89-րդ հոդվածի 2-րդ մասով Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով: Նույն դատարանի 2003 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ Մ.Հակոբյանի արարքները համապատասխանեցվել են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: Նա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է:

4. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատավճռով Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիման վրա նա վերջնական դատապարտվել է ազատազրկման 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

5. 2010 թվականի մարտի 17-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Մ.Հակոբյանին հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատելու մասին:

6. Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրափակիչ ախտորոշման համաձայն` դատապարտյալ Մ.Հակոբյանը տառապում է «Ձախ երիկամի քաղցկեղ, ձախ երիկամային երակի ուռուցքային թրոմբ, մակրոհեմատուրիա անեմիա վիճակ ձախակողմյան նեֆրէկտոմիայից հետո: Ռեցիդիվ ներաճով ձախ գոտկային մկան, մետաստազ հետորովայնամզային ավշահանգուցներ: T4N2Mx (4-րդ փուլ): Վենտրալ և աջ աճուկային ճողվածք: Ողնաշարի օստրիոխոնդրոզ»: Նշված ախտորոշմամբ հիվանդությունը ներառված է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2 հավելվածում տեղ գտած ծանր հիվանդությունների ցանկում, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն:

7. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի` դատապարտյալ Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը:

8. Դատապարտյալ Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի հունիսի 28-ի որոշմամբ բեկանել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշումը և դատապարտյալ Մ.Հակոբյանին ազատել է Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից:

9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազը` խնդրելով ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

 Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

10. Դատապարտյալ Մյասնիկ Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի դատական նիստին որպես կողմ մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը (տե´ս Նյութեր, էջ 7):

11. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին 2010 թվականի հունիսի 28-ի որոշումից երևում է, որ դատական նիստին կանչվել են դատախազը և «Վարդաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստին դատախազի մասնակցությունն ապահովելու համար ծանուցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Ավետիսյանին, սակայն ծանուցումն ուղարկվել է բոլորովին այլ գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատապարտյալ Ի.Սայադյանի վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցելու համար (տե´ս Նյութեր, էջ 19):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Ըստ բողոք բերած անձի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 23-րդ, 52-րդ, 54-րդ և 438-րդ հոդվածների պահանջները, դատախազին մասնակից չի դարձրել դատական նիստին: Դատական նիստին մասնակից չի դարձվել նաև դատապարտյալ Մ.Հակոբյանը, ում մասնակցությունը դատական նիստին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն, պարտադիր է:

Բողոքաբերի պնդմամբ դատարանի կողմից չի ապահովվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ հիվանդության պատճառով դատապարտյալին ազատելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է նաև եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:

13. Բողոքաբերը նշել է նաև, որ դատական ակտ կայացնելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի և 406-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ինչպես նաև օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց` մասնավորապես դատախազին, օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

14. Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած` Արայիկ Հմայակի Սիմոնյանի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 22-ի ՎԲ-329/06 որոշմանը՝ բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թո՞ւյլ են տրվել արդյոք ՀՀ քրեական դատավարության սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնք դատախազին օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության կարգն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Դատական նիստին պարտադիր մասնակցում է դատախազը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում՝ դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը»:

Վկայակոչված և շարադրված իրավական դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանի կողմից քրեական գործերը, ինչպես նաև դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս պետք է պարտադիր ապահովվի դատախազի մասնակցությունը: Այս կանոնից միակ բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ դատարանում իրականացվում է բողոքի քննություն` վճռաբեկության կանոններով: Ինչպես երևում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին որոշումից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը վճռաբեկության կանոններով չի կատարել:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի դատական նիստին որպես կողմ մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ա.Ստեփանյանը (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին 2010 թվականի հունիսի 28-ի որոշումից երևում է, որ դատական նիստին կանչվել են դատախազը և «Վարդաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչը:

Գործի նյութերից երևում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստին դատախազի մասնակցությունն ապահովելու համար ծանուցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Ավետիսյանին, սակայն ծանուցումն ուղարկվել է բոլորովին այլ գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատապարտյալ Ի.Սայադյանի վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցելու համար (տե´ս սույն որոշման 11-րդ կետը): Նշված պատճառով դատախազը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստին չի մասնակցել:

18. Վերը շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական քննության ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 23-րդ հոդվածներ), որոնք գործին մասնակցող անձանց` տվյալ պարագայում դատախազին, օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Այդ խախտումները քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

19. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարվի մասնակիորեն, քանի որ վճռաբեկ բողոքում բարձրացված են դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր, սակայն բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի ըստ էության որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ.Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանին պատիժը հետագայում կրելուց ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ