Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.13
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.11.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0085/01/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՍԴ/0085/01/10

ՍԴ/0085/01/10

Նախագահող դատավոր՝  Հ. Տեր-Ադամյան
              Դատավորներ`  Ռ. Ազարյան
                                       Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

 

Կ. Աբրահամյանի

 

քարտուղարությամբ 
             պաշտպան

Ս. ԱՍԼԱՆՅԱՆԻ

5 նոյեմբերի 2010 թվական

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Վոլոդյայի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Ս.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունվարի 13-ին հարուցվել է թիվ 41100210 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Ա.Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2010 թվականի ապրիլի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 20-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Արթուր Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 20-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Ս.Ասլանյանը:

2010 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Ս.Ասլանյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Լ.Հայրապետյանը՝ ըստ էության խնդրելով վճռաբեկ բողոքը բավարարել՝ ամբաստանյալ Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայամանականորեն չկիրառել՝ պատճառաբանելով, որ Ա.Ստեփանյանը, մնալով ազատության մեջ, կօգնի իր ընտանիքին, որով կվերականգնվի սոցիալական արդարությունը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Ստեփանյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար:

Աշխատելով Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, 2009 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, վարելով նույն ընկերության «ՄՈՒԱԶ» մակնիշի N1 ինքնաթափը, Շահումյանի անվան ստորերկրյա հանքում խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետի, այն է` «Վարորդին արգելվում է … լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը …» պահանջները, վայրէջքային տեղամասում բեռնատարը կանգնեցնելուց հետո, անիվները չի թեքել դեպի հանքուղու կողապատը, իսկ վարորդի տեղը թողնելուց առաջ ինքնաարգելակումը միացնելու համար կառավարման վահանակի վրայի հատուկ սեղմակով չի զրոյացրել հիդրավլիկ համակարգի ճնշումը, այսինքն` չի ապահովել կանգառի անվտանգությունն ու չի բացառել մեքենայի ինքնաբերաբար շարժումը, որի արդյունքում ինքնաթափն ինքնաբերաբար ընթացել է ցած, առաջամասով ընդհարվել այնտեղ կայանած «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ հրվելով վրաերթի է ենթարկել ապարաբարձիչ մեքենայի մեքենավար Արա Գարեգինի Պողոսյանին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2009 թվականի նոյեմբերի 16-ին մահացել է:

6. Առաջին ատյանի դատարանը Ա.Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, զղջացել է կատարածի համար, աշխատանքի վայրից և բնակության վայրի համատիրության կողմից տրված բնութագրերի համաձայն բնութագրվում է դրական:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ Ա.Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է նաև, որ «Ամբաստանյալի նկատմամբ պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Ստեփանյանը հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, կինը 3-րդ կարգի հաշմանդամ է, տուժողի իրավահաջորդ Լ.Հայրապետյանը դատարանին հայտնել է, որ պարտք ու պահանջ չունի, և խնդրել է որքան հնարավոր է մեղմ պատիժ նշանակել» (տե´ս քրեական գործ, հատոր 3, էջ 31):

7. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ա.Ստեփանյանի պատժի հարցը, հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է պատիժ, որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին և որ բողոքում մատնանշված փաստարկները նշանակված պատիժը մեղմացնելու հիմք չեն:

Անդրադառնալով Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին՝ Վերաքննիչ դատարանը, գործի կոնկրետ հանգամանքների մատնանշմամբ, հանգել է հետևության, որ ամբաստանյալը ենթակա է պատժի իր կատարած հանցանքի համար, նա պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը և, որ բացառվում է նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը (տե´ս քրեական գործ, հատոր 3, էջեր 78-80):

8. Ա.Ստեփանյանը գործի քննության ընթացքում տվել է ճշմարտացի, խոստովանական ցուցմունքներ, ընդունել է հանցանքը և զղջացել կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ընտանիքի միակ կերակրողն է, կինը 3-րդ կարգի հաշմանդամ է: Տուժողի իրավահաջորդ Լ.Հայրապետյանը ստորադաս դատարաններին հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի, և խնդրել է Ա.Ստեփանյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (տե´ս քրեական գործ, հատոր 2, էջեր 142-146, ինչպես նաև հատոր 3, էջեր 29, 59):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև՝ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Ա.Ստեփանյանի համար:

10. Բողոքի հեղինակը, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61- 63-րդ հոդվածների և գործի հանգամանքների վերլուծության համատեքստում նշել է, որ ստորադաս դատարանների կողմից Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է՝ ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում ամբաստանյալին վերագրվող հանցագործության ծանրությանն ու անձին:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ իր պաշտպանյալի արարքը դրսևորվել է անզգուշությամբ, առկա են նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ և բացակայում են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները և, գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես՝ ընտանիքի միակ կերակրողը լինելը, խնամքին 3-րդ կարգի հաշմանդամ կին ունենալը, կատարածի համար զղջալն ու պատճառված վնասը հարթելը, ինչպես նաև՝ տուժողի իրավահաջորդի խնդրանքը՝ ամբաստանյալի նկատմամբ հնարավոր մեղմ պատիժ նշանակելու մասին, անհասկանալիորեն եզրահանգել է, որ նման պայմաններում բացառվում է Ա.Ստեփանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:

Բողոքի հեղինակը Վճռաբեկ դատարանի նախադեպային ՎԲ-01/08, ԵԱՔԴ/0078/01/09 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշման և սույն գործի փաստական հանգամանքների համեմատական վերլուծության արդյունքում գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը կհամապատասխաներ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին և այն ամբողջությամբ կբխեր Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումների պահանջներից:

11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը, գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտումներն ազդել են իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցում ճիշտ որոշում կայացնելու վրա, խնդրել է մասնակիորեն՝ Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 20-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումը, փոփոխել այն՝ նշանակված պատիժը՝ 1 տարի ժամկետով ազատազրկումը, մեղմացնել, պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեաիրավական նորմերով ամրագրված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքների պահպանումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

14. Պատիժ նշանակելու և այն կրելու նպատակահարմարության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09 և այլ որոշումներում ու դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության վտանգավորության վրա` հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե´ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

«Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե´ս, Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը):

«Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե´ս, Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված օրենսդրական կարգավորումները և դրանց հիման վրա Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան՝ նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի արդյունքում մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանն անզգուշությամբ հասցվել է վնաս:

17. Ա.Սահակյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը հետևյալ իրավական դիրքորոշումն է արտահայտել. «ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: (…) Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրասնպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

(…)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումից հետո անձի դրսևորած վարքագծի գնահատումը:

Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցագործության կատարումից անմիջապես հետո հանցանք կատարած անձի վարքագիծը, ինչպես նաև նրա վարքագիծը հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի այն հանգամանքը, թե անմիջապես հանցագործության կատարումից հետո ամբաստանյալն արդյոք անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տուժողին, թե, թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի: Հետագա վարքագծի գնահատման համար դատարանը պետք է ուշադրության արժանացնի նաև այն, թե քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալն արդյոք ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, դեպքի վերաբերյալ տվել ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, արդյոք որոշակի քայլեր է ձեռնարկել տուժողի կամ նրա հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ կամ ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի բուժման կամ հուղարկավորության ծախսերը» (տե´ս Արամ Սահակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ և 22-րդ կետերը):

18. Քննության առարկա գործի նյութերով հիմնավորվել է, որ Ա.Ստեփանյանը, վարելով «ՄՈՒԱԶ» մակնիշի ինքնաթափ, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջները, որի արդյունքում ինքնաթափն ինքնաբերաբար ընթացել է ցած, առաջամասով ընդհարվել այնտեղ կայանած՝ «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենային, որն էլ առաջ հրվելով վրաերթի է ենթարկել ապարաբարձիչ մեքենայի մեքենավար Ա.Պողոսյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից 2009 թվականի նոյեմբերի 16-ին մահացել է (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն Ա.Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, զղջացել է կատարածի համար, աշխատանքի վայրից և բնակության վայրի համատիրության կողմից տրված բնութագրերի համաձայն բնութագրվում է դրական:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ Ա.Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև, որ ամբաստանյալ Ա.Ստեփանյանը ընտանիքի միակ կերակրողն է, կինը 3-րդ կարգի հաշմանդամ է, տուժողի իրավահաջորդ Լ.Հայրապետյանը դատարանին հայտնել է, որ պարտք ու պահանջ չունի և խնդրել է որքան հնարավոր է մեղմ պատիժ նշանակել (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու, այն պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգել է հետևության, որ վերաքննիչ բողոքում մատնանշված փաստարկները նշանակված պատիժը մեղմացնելու հիմք չեն և, որ բացառվում է ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը (տե´ս, սույն որոշման 7-րդ կետը):

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունն արդյոք համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու պատժի արդարացիության քրեաիրավական սկզբունքին:

19. Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, արարքի կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը գնահատելու տեսանկյունից չի անդրադարձել ամբաստանյալ Ա.Ստեփանյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ Ա.Ստեփանյանը կատարել է անզգույշ հանցագործություն, ընդունել է հանցանքը և զղջացել կատարածի համար, տվել է ճշմարտացի, խոստովանական ցուցմունքներ (տե´ս սույն որոշման 5-րդ և 9-րդ կետերը):

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել տուժողի իրավահաջորդի կողմից ամբաստանյալի հետ հաշտվելու և ամբաստանյալի կողմից հանցագործության հետևանքով պատճառված վնասները հարթելու հանգամանքներին, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայամանականորեն չկիրառելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի խնդրանքին, որը վերջինս ներկայացրել էր՝ հիմք ընդունելով այն, որ ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալը նյութապես կօժանդակի իր ընտանիքին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները ևս ենթակա են քննարկման Ա.Ստեփանյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման տեսանկյունից (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

20. Հիմք ընդունելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ստեփանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման ընթացքում Վերաքննիչ դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել սույն որոշման 18-19-րդ կետերում նշված հանգամանքները, ինչի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշում:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են ամբաստանյալ Ա.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Ա.Ստեփանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել, գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, ինչը պայմանավորված է վերոհիշյալ հանգամանքների պատշաճ քննարկման և գնահատման անհրաժեշտությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության ապահովման տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան