Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.11.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ /0115/01/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՏԴ/0115/01/09

ՏԴ/0115/01/09

Նախագահող դատավոր՝  Մ. Սիմոնյան
              Դատավորներ`  Ս. Ավետիսյան
                                       Ա. Խաչատրյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

 

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ
մեղադրող Ս. Անտոնյանի
պաշտպան Կ. Աղաջանյանի
տուժողի ներկայացուցիչ  Ռ. Բեջանյանի

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արկադի Պատվականի Պապյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանի և տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2005 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել է թիվ 47200405 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2005 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Արկադի Պապյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2005 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Ա.Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2005 թվականի օգոստոսի 9-ին մեղադրյալ Ա.Պապյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2005 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ քրեական գործի նախաքննությունը կասեցվել է՝ մինչև մեղադրյալ Ա.Պապյանի գտնվելու վայրը պարզելը:

2009 թվականի փետրվարի 21-ին Ա.Պապյանը հայտնաբերվել և կալանավորվել է:

2009 թվականի փետրվարի 22-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

2. 2009 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ա.Պապյանի կողմից ապօրինի զենք պահելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 09104109 քրեական գործը:

2009 թվականի մարտի 23-ի որոշմամբ թիվ 47200405 և թիվ 09104109 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

2009 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ա.Պապյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թվականի օգոստոսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

3. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճռով Ա.Պապյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Պապյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով:

4. Ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանի և տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը:

5. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանը (այսուհետ նաև` Առաջին բողոքաբեր) և տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը (այսուհետ նաև` Երկրորդ բողոքաբեր):

2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանի և տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:

Պաշտպան Կ.Աղաջանյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ պատասխան է ներկայացրել տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը՝ նշելով, որ ամբաստանյալի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերաբերում է ոչ թե Վերաքննիչ դատարանի որոշմանը, այլ ստորադաս դատարանի կողմից կայացված դատավճռին և դրա կայացման ժամանակ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածներին: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը նշել է, որ բողոքի հեղինակը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդված 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6.1-րդ կետերի պահանջները:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ա.Պապյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

2005 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 1930 -ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի կենտրոնական հրապարակում իր համագյուղացի Բորիս Հակոբյանին սպանելու նպատակով իր կողմից վարվող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԿՄ-1797» տեսակի ատրճանակը` հինգ անգամ դիտավորությամբ կրակել է Բ.Հակոբյանի վրա` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բացի այդ, Ա.Պապյանն ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող մեկ հատ «Պիետրո Բերետա» տեսակի 2003 թվականի արտադրության ատրճանակ` իր խլացուցիչով, 1 պահունակով և 7 հատ փամփուշտներով, 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ` իր խլացուցիչով, 1 պահունակով և 30 հատ փամփուշտներով, որոնք հայտնաբերվել են 2009 թվականի փետրվարի 21-ին` ժամը 1030 -ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 26/1 հասցեում գտնվող «Էրզրում» հյուրանոցային համալիրում` Ա.Պապյանի վարձակալած համարում:

Բացի այդ, ամբաստանյալ Ա.Պապյանն իր լուսանկարի տեղադրմամբ օգտագործել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ Մանվել Նազարյանի անվամբ տրված անձնագիրը:

7. 2005 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Ա.Պապյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշված է. «Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի նախկին բնակիչ, ներկայումս ՌԴ քաղաքացի Արկադի Պատվականի Պապյանը 2005թ. օգոստոսի 6-ին ժամը 1930 -ի սահմաններում, նախկին համագյուղացի, ներկայումս դարձյալ ՌԴ քաղաքացի Բորիս Իլյայի Հակոբյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Ոսկեպար գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ շուրջ 20 րոպե սպասել է վերջինիս և, երբ Հակոբյանը հրապարակ է եկել, Պապյանը ավտոմեքենայից հանելով ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող ատրճանակը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 4 անգամ կրակել է նրա վրա և պատճառել մարմնական վնասվածքներ» (տե´ս Քրեական գործ, 1-ին հատոր, էջ 66):

8. 2009 թվականի ապրիլի 22-ին քննիչը որոշում է կայացրել Ա.Պապյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և լրացնելու, Ա.Պապյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Պապյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշված է. «Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Արկադի Պատվականի Պապյանը 2005թ. օգոստոսի 6-ին ժամը 19-30-ի սահմաններում համագյուղացի Բորիս Իլյայի Հակոբյանին սպանելու դիտավորությամբ գնացել է գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայից հանելով ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազեն հանդիսացող ատրճանակը, մի քանի անգամ կրակել է Բ.Հակոբյանի վրա՝ վերջինիս պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: (…)» (տե՛ս Քրեական գործ, 2-րդ հատոր, 150-152 էջեր):

9. 2009 թվականի օգոստոսի 25-ին հաստատված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նշված է. Ա.Պապյանը «մեղադրվում է նրանում, որ նա 2005թ. օգոստոսի 6-ին ժամը 19-30-ի սահմաններում, համագյուղացի Բորիս Իլյայի Հակոբյանին սպանելու դիտավորությամբ գնացել է գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայից հանելով ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող «KM-1797» տեսակի ատրճանակը, 5 (հինգ) անգամ դիտավորությամբ կրակել է Բորիս Հակոբյանի վրա՝ վերջինիս պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: (…)» (տե´ս Քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 294):

Ա.Պապյանի արարքի նույնական նկարագրություն է տրվել նաև մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում (տե՛ս Քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 280):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Ի հիմնավորումն իր փաստարկի` Առաջին բողոքաբերը նշել է, որ շատերի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը կամ սպանության փորձը դրսևորվում է նրանով, որ հանցագործությունը կատարվում է հանրության համար վտանգավոր ձևով: Այսինքն՝ հանցագործության կատարման եղանակն իր բնույթով վտանգավոր է շատերի համար, ընդ որում, հանցագործություն կատարող անձը պետք է գիտակցի, որ սպանությունը կատարում է այնպիսի եղանակով, որը վտանգավոր է շրջապատում գտնվող անձանց համար: Մինչդեռ, ըստ Առաջին բողոքաբերի, սույն քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության նկարագրական և եզրափակիչ մասերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ չնայած Ա.Պապյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2005 թվականի օգոստոսի 6-ին` ժամը 1930-ի սահմաններում, Ոսկեպար գյուղի կենտրոնական հրապարակում 2-3 մետր հեռավորությունից կրակել է իր համագյուղացի Բ.Հակոբյանի վրա և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, սակայն Ա.Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Դատարաններն էլ մեղադրանքի նույն ձևակերպմամբ կայացրել են դատական ակտեր:

Վերոգրյալից Առաջին բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Ա.Պապյանին առաջադրված մեղադրանքում բացակայում է շատերի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշը, բացի այդ՝ քրեական գործում չկան այդ հանգամանքը հիմնավորող ապացույցներ: Հետևաբար, Ա.Պապյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն՝ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

Անդրադառնալով Ա.Պապյանի անձը բնութագրող տվյալներին և նրա նկատմամբ նշանակված պատժին՝ Առաջին բողոքաբերը գտել է, որ արարքի սխալ որակման արդյունքում Ա.Պապյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:

11. Վերոգրյալի հիման վրա՝ ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանը խնդրել է բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 8-ի որոշումը կամ նշված դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

12. Տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունած որոշումներին:

Ի հիմնավորումն իր փաստարկի` Երկրորդ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի և 393-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որի հետևանքով սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:

Ըստ Երկրորդ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը չի ստուգել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի կիրառման ճշտությունը և հաշվի չի առել, որ ստորադաս դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է նշել այնպիսի հանգամանքներ, որոնք ոչ միայն նախատեսված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով, այլև դրանց մի մասը չի համապատասխանում իրականությանը:

Երկրորդ բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով արձանագրել է, որ Ա.Պապյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, Վերաքննիչ դատարանն էլ անտեսել է այդ, մինչդեռ պարտավոր էր կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, որի համաձայն՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը: Վերլուծելով գործի փաստական տվյալները՝ Երկրորդ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, «հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը» նույնացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ «սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» կատարելու հետ, թույլ են տվել կոպիտ խախտում: Ի հիմանավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` Երկրորդ բողոքաբերը պնդում է, որ քանի որ նշված հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշ չէ, հետևաբար Առաջին ատյանի դատարանն իրավունք չուներ ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով:

Երկրորդ բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, առանց ստուգելու գործով հավաքված ապացույցները, գտել է, որ Ա.Պապյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը համաչափ է: Մինչդեռ, ըստ Երկրորդ բողոքաբերի, Ա.Պապյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով պետք է նշանակվեր առավելագույն պատժաչափը:

13. Վերոգրյալի հիման վրա տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 8-ի որոշումը, Ա.Պապյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակել 11 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 տարի ժամկետով ազատազրկում, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Ա.Պապյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 15 տարի ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ա.Պապյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ստորադաս դատարանները պահպանե՞լ են արդյոք դատական քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

15. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին: (…)»։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

(…)»:

16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝

«Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ) բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

(…)»:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

 2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

(…) »:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

(…)

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են (…), մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: (…) »:

ՀՀ քրեական դատավարության 270-րդ հոդվածի համաձայն՝

«1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները (…):

3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը»:

(…) »:

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

(…)»:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 270-րդ հոդվածների վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը երկու դեպքում էլ օգտագործել է «մեղադրանքի ձևակերպում» եզրույթը, որի կառուցվածքն իրենից ներկայացնում է.

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

 բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:

Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն:

19. Վճռաբեկ դատարանի կողմից մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Ավելին, մեղադրական եզրակացության մեջ շարադրվող առանձին հարցեր (արարքի փաստական նկարագրության հիմքում դրված ապացույցների շրջանակը, դրանց տրված գնահատականը, դատակոչի ենթակա անձանց շրջանակը և այլն) էական նշանակություն ունեն անձի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման համար:

20. Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրական եզրակացության նշանակության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Նալբանդյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմնավորվում են քննիչի ենթադրությունները՝ մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանակությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներում» (տե´ս Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական մեղադրանքի փոփոխման դեպքում մեղադրանքի վերջնական և ամբողջական ձևակերպումը պարունակող փաստաթղթի՝ մեղադրական եզրակացության կազմումը կվերացնի անփոփոխ թողնված մեղադրանքից և փոփոխված մեղադրանքից պաշտպանվող անձանց միջև առկա անհավասար իրավական վիճակը:

21. Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրանքի ձևակերպման կարևորության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Կամասինսկիի վերաբերյալ գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները թելադրում են շահագրգռված անձին «մեղադրանքի» մասին տեղեկացնելու հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշավոր մոտեցում: Մեղադրական եզրակացությունը վճռորոշ դեր է խաղում քրեական հետապնդման մեջ. դրա հանձնման պահից մեղադրվող անձը համարվում է իրեն ներկայացված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին պաշտոնապես և գրավոր ձևով տեղեկացված (տե´ս Kamasinski v. Austria, 1989 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 79):

Վերոգրյալից բացի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաև այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին (տե´ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 51):

Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ` ներկայացված մեղադրանքի, հետևաբար՝ դատարանի կողմից դրա հնարավոր իրավական որակման մասին մեղադրյալի ճշգրիտ և լրիվ տեղեկացումը քրեական դատավարությունում արդար դատաքննության էական նախապայման է (տե´ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 52): Եվ ի վերջո, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («բ») ենթակետի մասով բերված բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է, որ («ա») և («բ») ենթակետերը կապված են միմյանց հետ, և որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո (տե´ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 54):

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

Դատական քննության սահմանների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սերոբյանի վերաբերյալ որոշման մեջ և իրավական դիրքորոշում հայտնել այն մասին, որ «(…) Թե´ առաջին ատյանի դատարանը, թե´ վերաքննիչ դատարանը և թե´ վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

Մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող վերացական լինել:

Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Արտիկոյի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (Artico v. Italy, 13.05.1980թ., կետ 33):

Այսպիսով, դատարանը գտնում է, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (…)» (տե´ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը):

23. Վերոգրյալ օրենսդրական կարգավորումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներում արտահայտած իրավական դիքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր այն մոտեցումը, որ գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է, մի կողմից, մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից, այն հանգամանքով, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք՝ փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: Ընդ որում, դատական քննության սահմաններն ընդգծելու և մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: Դրա հետ մեկտեղ, մեղադրանքի բովանդակությունը կազմող փաստական և իրավական հիմքերը պետք է լինեն հստակ և համաձայնեցված, չհակասեն միմյանց:

24. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար: Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը բնութագրվում է կատարման այնպիսի եղանակով, որի հետևանքով որոշակի անձի կյանքից զրկելով՝ հանցավորը միաժամանակ գիտակցաբար իրական վտանգի տակ է դնում նաև այլ անձանց կյանքը: Այսինքն՝ արարքը որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն որակելու համար անհրաժեշտ է, որ արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած լինեն որոշակի փաստական հանգամանքներ, որոնք կվկայեն հանցավորի գործողությունների կամ անգործության՝ այլ անձանց կյանքն իրական վտանգի տակ դնելու մասին:

25. Քննության առարկա գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2005 թվականի օգոստոսի 8-ի՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ Ա.Պապյանին մեղսագրվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

Ըստ Ա.Պապյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և լրացնելու մասին որոշման, ինչպես նաև Ա.Պապյանի նկատմամբ հաստատված և դատարան ուղարկված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերի՝ «Ա.Պապյանը (…) համագյուղացի Բ.Հակոբյանին սպանելու դիտավորությամբ գնացել է գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայից հանելով ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող «KM-1797» տեսակի ատրճանակը, հինգ անգամ դիտավորությամբ կրակել է Բ.Հակոբյանի վրա (…)» (տե´ս սույն որոշման 8-րդ, 9-րդ կետերը):

Այսինքն՝ Ա.Պապյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և լրացնելու արդյունքում, չնայած նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի համար), սակայն նրան մեղսագրվել է միայն ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող ատրճանակից սպանելու դիտավորությամբ Բ.Հակոբյանի վրա հինգ անգամ կրակելու հանգամանքը: «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի» հատկանիշը բնութագրող և այդ հատկանիշի առկայությունը հաստատող որևէ փաստական տվյալ Ա.Պապյանին առաջադրված մեղադրանքում չի նկարագրվել, հետևապես և Ա.Պապյանին չի մեղսագրվել:

Մինչդեռ Ա.Պապյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որակելու համար տվյալ հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող` «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի» հատկանիշը պետք է մեղսագրվեր նրան և հաստատվեր արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած որոշակի փաստերով:

26. Հիմք ընդունելով սույն որոշման 18-24-րդ կետերում շարադրված հիմնավորումները և սույն որոշման 25-րդ կետում շարադրված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ա.Պապյանին «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի» հատկանիշը չմեղսագրելու պայմաններում Ա.Պապյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ստորադաս դատարանները դուրս են եկել նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից, ինչի արդյունքում խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Դատարանների կողմից թույլ տրված սխալի հետևանքով խախտվել է նաև ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

27. Քննարկման առարկա գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցը պաշտպան Կ.Աղաջանյանը բարձրացրել է նաև վերաքննիչ բողոքում, սակայն Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջները, նշված հարցին չի անդրադարձել, որի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

28. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է և ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (…) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

29. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի վճռաբեկ բողոքում բարձրացված՝ պատիժ նշանակելու հարցում նյութական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկները՝ բավարարելով միայն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու վերաբերյալ վերջինիս խնդրանքը: Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև Կ.Աղաջանյանի բողոքում բարձրացված` գործում առկա ապացույցները չգնահատելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի հարցերին. նշված հարցերին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված պաշտպանության իրավունքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Պաշտպան Կ.Աղաջանյանի և տուժողի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արկադի Պատվականի Պապյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 15-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան