Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.49
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ1/0063/01/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԱՎԴ1/0063/01/09

ԱՎԴ1/0063/01/09

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

Դատավորներ`               Գ. Մելիք-Սարգսյան
                                      Մ. Պետրոսյան
         

                      

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի


մասնակցությամբ մեղադրող

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

                              տուժող

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

     տուժողի ներկայացուցիչ

Զ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 2010 թվականի դեկտեմբերի 23-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդան Միշիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ մեղադրող Հ.Հակոբյանի և տուժող Ն.Հովհաննիսյանի ու նրա ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 26108209 քրեական գործը` Վ.Պետրոսյանի կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2009 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Վ.Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը մեղադրյալ Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2009 թվականի նոյեմբերի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 20-ի դատավճռով Վ.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 400.000 ՀՀ դրամի չափով:

Ամբաստանյալ Վ.Պետրոսյանից հօգուտ տուժող Ն.Հովհաննիսյանի բռնագանձվել է 2.876.547,61 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալ Վ.Պետրոսյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության բռնագանձվել է 96.180 ՀՀ դրամ` որպես դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության համար վճարման ենթակա գումար:

3. Ամբաստանյալ Վ.Պետրոսյանի և տուժող Ն.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել տուժողի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի բողոքը մերժելու, ամբաստանյալ Վ.Պետրոսյանի բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 20-ի դատավճիռը բեկանելու մասին: Քրեական գործի վարույթը կարճվել է, և Վ.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Տուժող Ն.Հովհաննիսյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել մեղադրող Հ.Հակոբյանը (այսուհետ՝ նաև առաջին բողոքի հեղինակ) և տուժող Ն.Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ Զ.Հակոբյանը (այսուհետ՝ նաև երկրորդ բողոքի հեղինակներ):

2010 թվականի նոյեմբերի 2-ին վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Վ.Պետրոսյանը` խնդրելով մեղադրողի, տուժողի և նրա ներկայացուցչի վճռաբեկ բողոքները վերադարձնել, իսկ վարույթ ընդունելու դեպքում` մերժել:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելով և էական վնաս պատճառելով տուժողի իրավունքներին ու օրինական շահերին, կատարել է ինքնիրավչություն:

Մասնավորապես, 2008 թվականի հուլիս ամսին Նունե Հովհաննիսյանը Միշա Պետրոսյանից բանավոր համաձայնությամբ վարձակալել է վերջինիս պատկանող, Վեդի քաղաքի նախկին հանրախանութի առաջին հարկում գտնվող տարածքն ու զբաղվել ոչ պարենային ապրանքների առևտրով: Առևտրի ծավալներն ընդլայնելու նպատակով Ն.Հովհաննիսյանն ու նրա ամուսինը` Ս.Սարգսյանը, 2008 թվականի հոկտեմբերի 30-ին նոտարական կարգով կնքված փոխառության պայմանագրով մեկ տարի ժամկետով, 2009 թվականի հոկտեմբերի 30-ին գումարն ամբողջությամբ վերադարձնելու պայմանով Մ.Պետրոսյանի որդի Վ.Պետրոսյանից և նրա կին Ն.Պետրոսյանից պարտքով, անտոկոս վերցրել են 7.470.000 ՀՀ դրամին համարժեք 24.500 ԱՄՆ դոլար:

Քանի որ 2009 թվականի հունվար ամսին հաշվիչ դրամարկղային մեքենա տեղադրելու համար անհրաժեշտ է եղել հարկային տեսչություն ներկայացնել Ն.Հովհաննիսյանի կողմից տարածքը վարձակալելու վերաբերյալ պայմանագիրը, այդ պատճառով 2009 թվականի հունվարի 9-ին Ն.Հովհաննիսյանի և Մ.Պետրոսյանի միջև գրավոր համաձայնագիր է կնքվել այն մասին, որ Մ.Պետրոսյանն իրեն պատկանող առևտրի սրահը առևտուր կազմակերպելու նպատակով հինգ տարի ժամկետով ամսական 25.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել է Ն.Հովհաննիսյանին:

2009 թվականի հունիս ամսին Վ.Պետրոսյանը, պարզելով, որ Ն.Հովհաննիսյանը և Ս.Սարգսյանը խոշոր գումարներ են պարտք նաև «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ-Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը, Ալբերտ Պապոյանին և Արայիկ Օհանյանին, ու պարտքերը վերադարձնել չկարողանալու պատճառով Ս.Սարգսյանը 2009 թվականի հունիսի 6-ին ինքնասպանության փորձ է կատարել, ինչպես նաև ենթադրելով, որ նրանք չեն կարողանա պայմանագրում նշված ժամկետում վերադարձնել իրենից ու կնոջից փոխառությամբ վերցված գումարը, փոխառության պայմանագրում նշված ժամկետից` 2009 թվականի հոկտեմբերի 30-ից, շուրջ չորս ամիս առաջ, առանց օրենքով սահմանված կարգով փոխառության պայմանագիրն անվավեր ճանաչելու, Ն.Հովհաննիսյանից և Ս.Սարգսյանից պահանջել է վերադարձնել ամբողջ պարտք-գումարը, սակայն վերջիններս ասել են, որ գումարն ամբողջությամբ կարող են վերադարձնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առևտուր իրականացնելուց հետո:

Դրանից հետո Վ.Պետրոսյանը, ենթադրելով, որ Ս.Սարգսյանի մյուս պարտատերերը կարող են պարտքի դիմաց խանութի ապրանքը վերցնել, 2009 թվականի հունիսի 22-ին Ս.Սարգսյանի համաձայնությամբ, առանց Ն.Հովհաննիսյանի համաձայնության, խանութի դռանը փական է ավելացրել՝ պայմանով, որ ամեն օր առավոտյան միասին բացելու են խանութը, իսկ երեկոյան փակելու են այն:

2009 թվականի հունիսի 27-ին Վ.Պետրոսյանը չի բացել խանութի դռանն ավելացրած փականը` զրկելով Ն.Հովհաննիսյանին առևտուր կատարելու հնարավորությունից: 2009 թվականի հունիսի 29-ին Ս.Սարգսյանը փոխառությամբ վերցված գումարից 2.000 ԱՄՆ դոլար է վերադարձրել Վ.Պետրոսյանին, որից հետո միայն վերջինս բացել է խանութը: 2009 թվականի հուլիսի 5-ին` ժամը 19-ի սահմաններում, Վ.Պետրոսյանը զանգահարել է Ս.Սարգսյանին, պայմանավորվել են խանութի մոտ հանդիպել, որտեղ Վ.Պետրոսյանը Ս.Սարգսյանից 5.000 ԱՄՆ դոլար գումար է պահանջել, իսկ երբ վերջինս ասել է, որ այդքան գումար չունի, խանութում 26.374.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքների առկայության պայմաններում Վ.Պետրոսյանը կրկին փական ավելացնելու միջոցով մինչ օրս փակել է հոր` Մ.Պետրոսյանի կողմից վարձակալությամբ Ն.Հովհաննիսյանին տրված խանութը` որպես վերջինիս և նրա ամուսնու կողմից իրեն ու իր կնոջը պարտք եղած գումարը վերադարձնելու երաշխիք` զրկելով Ն.Հովհաննիսյանին առևտուր կատարելու հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին:

6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքի ինքնապաշտպանության իրավունք»:

Տվյալ դեպքում Վ.Պետրոսյանը, 2009թ. հուլիսի 5-ից 20-ը ինքնակամ փակելով խանութը, իրականացրել է օրենքով սահմանված իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունքը` որպես պարտատեր կատարելով փոխառության պայմանագրով պարտք տված գումարը հետ ստանալու նպատակով պարտապանի գույքի հնարավոր օտարումը կանխելուն ուղղված գործողություններ (…):

Բացի այդ, Վ.Պետրոսյանին ինքնիրավչության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ վերջինս իր գործողություններով էական վնաս պատճառած լինի տուժող Ն.Հովհաննիսյանի իրավունքներին և օրինական շահերին (…):

Տուժող Ն.Հովհաննիսյանի և ամբաստանյալի հոր` Միշա Պետրոսյանի (խանութի սեփականատիրոջ) միջև խանութի վարձակալության նոտարական վավերացված գրավոր պայմանագիր չի կնքվել, դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում: Հետևաբար, այդ գործարքն առոչինչ է, որն իրավական հետևանքներ չի առաջացնում, և այն անվավեր է ի սկզբանե:

Սրանից բխում է, որ տուժող Ն.Հովհաննիսյանն իր կողմից փաստացիորեն վարձակալած խանութի տարածքի նկատմամբ վարձակալի` օրենքով պաշտպանվող իրավունքներ չի ունեցել: Հետևաբար, չի կարող խախտվել մի իրավունք, որը գոյություն չունի և այլ իրավական պաշտպանության ենթակա չէ:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանի արարքում բացակայում են վերջինիս վերագրվող հանցագործության` ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները` իր իրավական իրավունքի ինքնակամ իրականացնելը օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաև անձանց` իրապես ունեցած իրավունքներին էական վնաս պատճառելը (…)» (տե´ս քրեական գործ, 378-383-րդ էջեր):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Մեղադրող Հ.Հակոբյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն արտահայտվել է նյութական իրավունքի նորմերի խախտման ձևով և ազդել է գործի ելքի վրա:

Իր բողոքում շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները` առաջին բողոքի հեղինակը եզրակացություն է արել այն մասին, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնազուրկ են:

Ըստ մեղադրողի` ամբաստանյալ Վ.Պետրոսյանը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները, կատարել է ինքնիրավչության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ, որպիսի հանգամանքը հաստատվել է Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված ապացույցներով:

8. Տուժող Ն.Հովհաննիսյանը և նրա ներկայացուցիչ Զ.Հակոբյանն իրենց բողոքում փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ: Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 17-րդ, 25-րդ, 126-րդ, 127-րդ, 358-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:

Երկրորդ բողոքի հեղինակները, վերլուծելով գործի փաստական հանգամանքները, հետևություն են արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործով հավաքված ապացույցները, ինչի արդյունքում անհիմն որոշում է կայացրել ամբաստանյալ Վ.Պետրոսյանին արդարացնելու մասին:

Ըստ երկրորդ բողոքի հեղինակների` քրեական գործում առկա ապացույցներով հաստատված է, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, այն է` ինքնակամ, առանց համապատասխան մարմինների կամ անձանց կողմից որևէ լիազորություն ունենալու, փակել է Ն.Հովհաննիսյանի խանութը, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է էական վնաս:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջին և երկրորդ բողոքների հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 20-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Վ.Պետրոսյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ինքնիրավչությունը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնել[ն] [է], որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին (…)»:

12. Ինքնիրավչությունը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես կառավարման սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործություն: Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ինքնիրավչության տեսակային օբյեկտ են պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև:

Ինքնիրավչության հիմնական անմիջական օբյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

13. Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն (դիմում, բողոք) ներկայացնելը` ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ:

Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որևէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թե ենթադրյալ իրավունքի իրականացմանը:

Ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շահերին` խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ:

Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ ինքնիրավ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:

14. Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, և ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:

Ինքնիրավչության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:

15. Քննության առարկա գործի նյութերով հաստատված է, որ Վ.Պետրոսյանը, 2009 թվականի հունիս ամսին պարզելով, որ Ն.Հովհաննիսյանն ու Ս.Սարգսյանն իրենից և կնոջից փոխառությամբ վերցրած 24.500 ԱՄՆ դոլար գումարից բացի խոշոր գումարներ են պարտք նաև այլ անձանց, ենթադրելով, որ նրանք չեն կարողանա պայմանագրում նշված ժամկետում վերադարձնել պարտքը, փոխառության պայմանագրում նշված ժամկետից շուրջ չորս ամիս առաջ Ն.Հովհաննիսյանից և Ս.Սարգսյանից պահանջել է վերադարձնել ամբողջ գումարը, իսկ այնուհետև Վ.Պետրոսյանն իր հորից Ն.Հովհաննիսյանի վարձակալած խանութի դռանն առանց վերջինիս համաձայնության փական է ավելացրել: Մի քանի օր անց Վ.Պետրոսյանը չի բացել խանութի դռանն իր կողմից ավելացրած փականը՝ զրկելով Ն.Հովհաննիսյանին առևտուր կատարելու հնարավորությունից: Փոխառությամբ տված գումարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ ստանալուց հետո միայն Վ.Պետրոսյանը բացել է խանութը: Մի քանի օր անց Վ.Պետրոսյանը Ս.Սարգսյանից պահանջել է ևս 5.000 ԱՄՆ դոլար վերադարձնել և մերժում ստանալով` կրկին փական է ավելացրել խանութին` որպես իրեն ու իր կնոջը պարտք եղած գումարը վերադարձնելու երաշխիք` զրկելով Ն.Հովհաննիսյանին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և օրինական եկամուտ ստանալու հնարավորությունից այն պայմաններում, երբ խանութում առկա էր 26.374.000 ՀՀ դրամի ոչ պարենային ապրանք (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

16. Ն.Հովհաննիսյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, և Վ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնիրավչություն կատարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վ.Պետրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել վերը նշված հոդվածով (տե´ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վ.Պետրոսյանի արարքում բացակայում են ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները` իր իրավունքի ինքնակամ իրականացնելն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաև անձանց` իրապես ունեցած իրավունքներին էական վնաս պատճառելը: Վերաքննիչ դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Վ.Պետրոսյանը, փակելով խանութը, իրականացրել է օրենքով սահմանված իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանություն` որպես պարտատեր կատարելով փոխառության պայմանագրով պարտք տված գումարը հետ ստանալու նպատակով պարտապանի գույքի հնարավոր օտարումը կանխելուն ուղղված գործողություններ: Բացի այդ, տուժող Ն.Հովհաննիսյանի և խանութի սեփականատիրոջ` Մ.Պետրոսյանի միջև խանութի վարձակալության վերաբերյալ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիր չի կնքվել, դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում, հետևաբար Ն.Հովհաննիսյանը խանութի տարածքի նկատմամբ վարձակալի` օրենքով պաշտպանվող իրավունքներ չի ունեցել, ուստի չի կարող խախտվել մի իրավունք, որը գոյություն չունի և իրավական պաշտպանության ենթակա չէ (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

17. Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ խանութի սեփականատեր հանդիսացող Մ.Պետրոսյանի և անհատ ձեռներեց Ն.Հովհաննիսյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր և չնայած նրան, որ նշված վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, այնուամենայնիվ, Ն.Հովհաննիսյանը նշված տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, գրանցված է եղել համապատասխան հարկային մարմնում, իսկ նշված խանութում առկա է եղել 26.374.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքներ:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանի դիտավորությունն ուղղված է եղել Ն.Հովհաննիսյանին զրկելու խանութում առկա գույքը տնօրինելու, տիրապետելու հնարավորությունից՝ նպատակ ունենալով այդ գույքն օգտագործել որպես տուժողի և նրա ամուսնու կողմից իրեն ու իր կնոջը պարտք եղած գումարը վերադարձնելու երաշխիք, ինչի արդյունքում Ն.Հովհաննիսյանը զրկվել է իր ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու և օրինական եկամուտ ստանալու հնարավորությունից:

18. Սույն որոշման 12-14-րդ կետերում առկա իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի՝ սույն որոշման 16-րդ կետում շարադրված հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանի հանցավոր ոտնձգությունն ուղղված է եղել ոչ թե տուժող Ն.Հովհաննիսյանի` որպես վարձակալի` օրենքով պաշտպանվող իրավունքների դեմ, այլ վարձակալած տարածքում գտնվող գույքի նկատմամբ վերջինիս իրավունքների, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և օրինական եկամուտ ստանալու իրավունքների դեմ: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Վ.Պետրոսյանի գործողության արդյունքում Ն.Հովհաննիսյանի իրապես ունեցած իրավունքներին էական վնաս չի պատճառվել, քանի որ վերջինս խանութի տարածքի նկատմամբ վարձակալի` օրենքով պաշտպանվող իրավունքներ չի ունեցել, հիմնազուրկ է:

19. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանություն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավանորմը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ Վ.Պետրոսյանն իր քաղաքացիական իրավունքի ինքնապաշտպանության իրավունքը փորձել է իրականացնել ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարելու եղանակով, ինչն անթույլատրելի է:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 12-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելով և էական վնաս պատճառելով տուժող Ն.Հովհաննիսյանի իրավունքներին ու օրինական շահերին, կատարել է ինքնիրավչություն, իսկ նրա արարքում ինքնիրավչության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են և հերքվում են քրեական գործի նյութերով:

21. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և Վ.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել սույն գործի փաստական հանգամանքները: Արդյունքում՝ չի կիրառվել քրեական օրենսգրքի հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչի հետևանքով թույլ է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված՝ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի խախտում:

22. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված ինքնիրավչության հանցակազմի պարտադիր հատկանիշների մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վարդան Միշիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ