Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.53
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0082/13/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

գործ թիվ ԼԴ/0082/13/09

 ԼԴ/0082/13/09

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

Դատավորներ`                Մ. Արղամանյան

                       Մ. Ռեհանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

23 դեկտեմբերի 2010 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Վոլոդյայի Դալլաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

 

1. 1998թ. դեկտեմբերի 25-ին Արմեն Վոլոդյայի Դալլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճվել է համաներման ակտով:

2. 2003թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից Ա.Դալլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար կիրառվել է համաներում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա մերժվել է քրեական գործի հարուցումը:

3. ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. մարտի 10-ի դատավճռով Արմեն Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Դալլաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

4. Ա.Դալլաքյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

2007թ. հոկտեմբերի 5-ին, առանց համապատասխան թույլտվության՝ ապօրինի, Տաշիր քաղաքի թիվ 14 թաղամասով անցնող ջրահեռացման խողովակաշարերից ապամոնտաժել և 2007թ. հոկտեմբերի 6-ին գողության եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ 1.530.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խողովակներ և նույն օրը 1.125.000 ՀՀ դրամով դրանք վաճառել Հրանտ Շահինյանին: Վերջինս, չիմանալով, որ խողովակները գողացված են, բեռնատար ավտոմեքենայով ցանկացել է դրանք տեղափոխել Իջևան քաղաք, սակայն ճանապարհին խողովակները հայտնաբերվել և առգրավվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

5. 2009թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման հիման վրա` Արմեն Դալլաքյանի նկատմամբ սահմանված փորձաշրջանը վերացնելու և նրան պատժից ազատելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշմամբ դատապարտյալ Արմեն Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, և նա ազատվել է պատժից:

6. Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշման դեմ 2009թ. նոյեմբերի 6-ին վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

7. Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

2010թ. մարտի 3-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ:

2010թ. հունիսի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին:

2010թ. հոկտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

2010թ. նոյեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 

8. Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշմամբ դատապարտյալ Արմեն Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը. ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. մարտի 10-ի դատավճռով Արմեն Դալլաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և սահմանված փորձաշրջանը վերացվել է, և նա ազատվել է պատժից:

9. 2009թ. նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել, որտեղ, հենվելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի վրա, նշել է, որ «ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Դալլաքյանի նկատմամբ անհիմն, առանց օբյեկտիվ հիմքերի կիրառել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունած «Համանարերում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը»:

10. Վերաքննիչ դատարանը 2009թ. դեկտեմբերի 3-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը դատարանի վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին:

11. Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

12. 2010թ. հունվարի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

13. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշումն անհիմն է և անօրինական:

Բողոքաբերը վկայակոչել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը, որի համաձայն` համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ 2003թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից Արմեն Դալլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար կիրառվել է համաներում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա մերժվել է քրեական գործի հարուցումը:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, կայացրել է ոչ ճիշտ որոշում, մասնավորապես` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը` սխալ է մեկնաբանել օրենքը: Արդյունքում, բողոքաբերի պնդմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված սկզբունքները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչի արդյունքում սույն գործով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

15. Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` բողոք բերած անձը խնդրել է «բեկանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը Արմեն Վոլոդյայի Դալլաքյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը կիրառելու մասին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի օգոստոսի 18-ի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու մասին»:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

I.Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործը վարույթ ընդունելը.

 

16. Սույն գործը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի կենսագործման գերակա իրավական անհրաժեշտությունից ելնելով` պայմանավորված սույն գործի փաստական հանգամանքներով և իրավական առանձնահատկությամբ:

Մասնավորապես, այդ գերակա իրավական անհրաժեշտությունը կազմող հանգամանքները երկուսն են.

ա. Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով կիրառման ենթակա նորմատիվ ակտի կապակցությամբ առերևույթ առկա է սահմանադրականության խնդիր, և ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով ստուգել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Այս հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2010թ. հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշմամբ (կետ 5) արձանագրել է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի մտահոգությունը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի առկա ձևակերպման, հատկապես բացառության մասին, առնչությամբ` հիմնավոր է, և նման ձևով այն կիրառելու պարագայում կարող է խտրական իրավիճակ ստեղծվել»: Միաժամանակ նշելով, որ քննության առարկա գործով խնդիրը վերաբերում է կոնկրետ քրեական գործերի լուծմանը և դրանց շրջանակներում կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ հարց առաջադրելուն, այս համատեքստում Սահմանադրական դատարանը գործի վարույթը կարճել է:

բ. Սույն գործով թե´ Առաջին ատյանի և թե´ Վերաքննիչ դատարանի որոշումների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա է համաներում կիրառելու վերաբերյալ դատական ակտերի իրավական բնույթի, դրանց բողոքարկման պայմանների կապակցությամբ միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու անհրաժեշտություն:

Նշված հանգամանքների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որոշել է վերականգնել սույն գործով բաց թողնված բողոքարկման 15-օրյա ժամկետը:

 

II. Սույն գործով դատական բողոքարկման ժամկետները.

 

17. Սույն գործի առնչությամբ Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցերին` համաներում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումն ի՞նչ ժամկետում կարող էր բողոքարկվել Վերաքննիչ դատարան, և այն ենթակա՞ էր արդյոք վերաքննիչ բողոքարկման` արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտման հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետ):

18. Դատավարական ժամկետներն ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխում: Դատավարական ժամկետը դատավարական գործողություններ կատարելու և դատավարական որոշումներ ընդունելու համար օրենքով սահմանված ժամանակահատվածն է: Դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և առանձին դատավարական գործողությունների օրինականության ապահովման տեսանկյունից ժամկետներն ունեն կարևոր նշանակություն: Դրանք ապահովում են դատավարական գործողությունների արագ և ժամանակին կատարումը, ինչն էլ իր հերթին նպաստում է քրեական գործի արագ և արդյունավետ քննությանը: Այսպիսով, դատավարական ժամկետների պահպանումը քրեական դատավարությունում օրինականության ապահովման կարևոր երաշխիքներից մեկն է:

Դատավարական ժամկետների պահպանումը կարևոր նշանակություն ունի նաև դատավարության տևողության ողջամտության ապահովման համար, իսկ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը Մարդու իրավունքների միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Այն ամրագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում (6-րդ հոդված) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (9-րդ հոդված):

Դատավարական ժամկետների պահպանումը կարևորվում է նաև իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավական որոշակիությունը ենթադրում է նաև, որ երբ համապատասխան ժամկետն անցնելուց հետո դատարանի կողմից որևէ հարցի տրված լուծումը դարձել է վերջնական, ապա այն այլևս չի կարող կասկածի տակ դրվել (տե´ս, օրինակ` Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով (Brumărescu v. Romania) Մեծ պալատի 1999թ. հոկտեմբերի 28-ի վճռի 61-րդ կետը, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի գործով (Ryabykh v. Russia) Պալատի 2003թ. հուլիսի 24-ի վճռի 51-րդ կետը, Զեհենտներն ընդդեմ Ավստրիայի գործով (Zehentner v. Austria) Պալատի 2009թ. հուլիսի 16-ի վճիռը):

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ (…) վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը իր վարույթում գտնվող գործով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(…)

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն են առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող հետևյալ դատական ակտերը. դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը:

Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի բովանդակությունից, համաներում կիրառելու մասին որոշումը նշված սպառիչ ցանկում ներառված չէ, ուստի այն գործն ըստ էության լուծող դատական ակտ չէ:

20. Վերը նշված դրույթների տառացի մեկնաբանությունից բխում է, որ հիմնարար խախտումների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման կառուցակարգը վերաբերում է միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Ուստի այս հարցի կապակցությամբ օրենսդրի կամքն այն է, որ վերաքննիչ բողոքարկման` օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո գործն ըստ էության չլուծող դատական ակտերը հիմնարար խախտումների հիմքով բողոքարկման ենթակա չլինեն:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի այս մոտեցումն իրավաչափ է և ողջամտորեն հիմնավորված, քանի որ նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմնարար, արդարադատության բուն էությունը խաթարող, սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը խաթարող բնույթ ունենալու չափանիշը խիստ բարձր է, և այն չի կարող բավարարվել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի պարագայում:

22. Հետևաբար, Համաներում կիրառելու մասին որոշման նկատմամբ գործում է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի կանոնը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): Միևնույն ժամանակ, այդ որոշումը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի կարգով:

Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` «ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում», վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և քննել (տե´ս սույն որոշման 9-11-րդ կետերը): Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշումը պետք է բեկանել և վերաքննիչ վարույթը կարճել:

 

III. Սույն որոշման իրավական արժեքը.

 

23. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմնավորումներին, քանի որ սույն գործով վերաքննիչ վերանայումն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավասու չէ էությանը վերաբերող հիմքերով բեկանել սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը: Իսկ խնդրո առարկա իրավանորմի միատեսակ կիրառության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը համաձայն է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-921 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը և գտնում է, որ այն բավարար է խնդրո առարկայի կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշման կայացումը պայմանավորված է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի` ընդհանրապես, և համաներում կիրառելու մասին որոշման` մասնավորապես, բողոքարկման իրավական ընթացակարգի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու անհրաժեշտությամբ:

24. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Արմեն Վոլոդյայի Դալլաքյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և վերաքննիչ վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ