Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.56
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՄԴ/0086/01/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

գործ թիվ ԵՄԴ/0086/01/10

ԵՄԴ/0086/01/10

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

Դատավորներ` Ա. Դանիելյան
                             Մ. Արղամանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

 2010 թվականի դեկտեմբերի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Խորենի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 165-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ մեղադրող Գ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 17106310 քրեական գործը:

 Նախաքննության մարմնի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Արսեն Խորենի Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 Նախաքննության մարմնի 2010 թվականի ապրիլի 1-ի որոշումներով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ են ներգրավվել Սևակ Արսենի Ամիրխանյանը և Վարդան Յուրիի Մանուկյանը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 2010 թվականի ապրիլի 1-ի որոշումներով Զոհրաբ Կալինոսի Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ա.Ամիրխանյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով:

 2010 թվականի հունիսի 2-ի որոշմամբ թիվ 17106310 քրեական գործից անջատվել է Զ.Գալստյանի, Ս.Ամիրխանյանի և ինքնությունը չպարզված մյուս երկու անձանց վերաբերյալ մասը, և անջատված մասին տրվել է թիվ 171006310/1 համարը:

2010 թվականի հունիսի 24-ին Ա.Ամիրխանյանի և Վ.Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ամիրխանյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Վ.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալներ Ա.Ամիրխանյանի և Վ.Մանուկյանի պաշտպան Մ.Ղազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն. բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ա.Ամիրխանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում և այդ մասով նրան արդարացրել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Վ.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա.Ամիրխանյանը և մեղադրող Գ.Հովհաննիսյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մեղադրող Գ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ամիխանյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

Դատավարության մասնակից, ամբաստանյալ Ա.Ամիրխանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով թողնել անփոփոխ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` բեկանել ու փոփոխել և գործի վարույթը կարճել կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածների հիման վրա` սահմանել ավելի մեղմ պատիժ:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Ա.Ամիրխանյանը Վ.Մանուկյանի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի փողոցի 5 շենքի թիվ 50 բնակարանի բնակիչ, տուժող Հովհաննես Շանոյի Վիրաբյանի հետ, որը ցանկացել է ավտոմեքենա գնել:

2009 թվականի նոյեմբեր ամսին Ա.Ամիրխանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի 55 ՍՕ 800 պետհամարանիշի ավտոմեքենան բանավոր պայմանավորվածությամբ 6000 ԱՄՆ դոլարով վաճառել է Հ.Վիրաբյանին: Պայմանավորվածության համաձայն Հ.Վիրաբյանը 1000 ԱՄՆ դոլար պետք է վճարեր 2009 թվականի նոյեմբերի 15-ին, 500 ԱՄՆ դոլար` 2009 թվականի նոյեմբերի վերջին, իսկ մնացած` 4500 ԱՄՆ դոլարը` 1000 ԱՄՆ դոլարով յուրաքանչյուր ամսվա վերջին` մինչև 2010 թվականի ապրիլ ամիսը:

2009 թվականի նոյեմբերի 15-ին Հ.Վիրաբյանն Ա.Ամիրխանյանին տվել է 500 ԱՄՆ դոլար, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 5-ին նշված ավտոմեքենան վթարի է ենթարկել, կորցրել է աշխատանքը, ինչի մասին նա տեղյակ է պահել Ա.Ամիրխանյանին: Վերջինս, տեղեկանալով, որ Հ.Վիրաբյանը նշված ավտոմեքենան վթարի է ենթարկել և ի վիճակի չէ պայմանավորված գումարը վճարել, որոշել է նրան առևանգել ու այդ միջոցով ստիպել, որպեսզի գումարը վճարի: Այդ նպատակով Ա.Ամիրխանյանը վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը հետ ստանալու շահադիտական ձգտումներ առաջացնելու եղանակով որդուն` 1992 թվականի օգոստոսի 1-ին ծնված անչափահաս Ս.Ամիրխանյանին, ներգրավել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ: Ա.Ամիրխանյանը որդու և ընկերոջ` Վ.Մանուկյանի հետ նախապես` մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

2009 թվականի դեկտեմբերի կեսերին` ժամը 08:30-ի սահմաններում, Ա.Ամիրխանյանը, Վ.Մանուկյանը և Ս.Ամիրխանյանը նախնական համաձայնությամբ Ա.Ամիրխանյանի կողմից վարվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Հ.Վիրաբյանի տուն` Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի փողոցի 5 շենքի թիվ 50 բնակարան: Հ.Վիրաբյանի ընտանիքի անդամների ներկայությամբ Ս.Ամիրխանյանը հոր` Ա.Ամիրխանյանի հանձնարարությամբ թափանցիկ, կպչուն ժապավենով թիկունքի կողմից կապել է Հ.Վիրաբյանի ձեռքերը, որից հետո, տուժողի կամքին հակառակ, երեքով ստիպողաբար նրան նստեցրել են նշված ավտոմեքենան և Հ.Վիրաբյանին բացահայտ առևանգելով` նրա բնակավայրից տեղափոխել են Ա.Ամիրխանյանի` Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 33 տուն: Այնտեղ նրանք արձակել են Հ.Վիրաբյանի ձեռքերը, սակայն զրույցի ընթացքում համոզվելով, որ նա ի վիճակի չէ ավտոմեքենայի արժեքը վճարել` Ս.Ամիրխանյանը թափանցիկ, կպչուն ժապավենով վերստին կապել է Հ.Վիրաբյանի ձեռքերն ու ոտքերը, Վ.Մանուկյանի հետ նրան բռնությամբ տեղափոխել են հյուրասենյակ, որտեղ էլ Ա.Ամիրխանյանն իրենց միացած հարևանի` Զոհրաբ Գալստյանի հետ ծեծի են ենթարկել Հ.Վիրաբյանին: Իսկ այն բանից հետո, երբ Հ.Վիրաբյանի առաջարկով այնտեղ է ժամանել իրեն գումարային պարտք ունեցող ընկերը` Աշխարհազոր Ռազմիկի Բաբայանը և իրավիճակը տեսնելով` խոստացել է տուժողին պարտք եղած 3000 ԱՄՆ դոլարը հանձնել Ա.Ամիրխանյանին, Ա.Ամիրխանյանը և մյուսները Հ.Վիրաբյանին շուրջ վեց ժամ պահելուց հետո ազատ են արձակել:

Հետագայում Հ.Վիրաբյանը, հասկանալով, որ հնարավորություն չունի պարտքն ամբողջությամբ վերադարձնել և Ա.Ամիրխանյանից խուսափելով, անջատել է իր բջջային հեռախոսը: Կռահելով նրա մտադրության մասին` Ա.Ամիրխանյանն այս անգամ նախնական հանցավոր համաձայնության է եկել Վ.Մանուկյանի, Զ.Գալստյանի, քննությամբ չպարզված «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր ոմն Գոռի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ և 2010 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նախապես տեղեկանալով, որ Հ.Վիրաբյանը գտնվում է Աբովյան քաղաքում, նշված ավտոմեքենայով ուղևորվել են այնտեղ: Նույն քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/7 հասցեին հարող տարածքում, նկատելով իրենցից փախչող Հ.Վիրաբյանին, Ա.Ամիրխանյանն ու վերոնշյալ անձինք հետապնդել են նրան, բռնելուց հետո հինգ հոգով ծեծի ենթարկել և բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, Հ.Վիրաբյանին կրկին առևանգելով` տեղափոխել են Ա.Ամիրխանյանի` Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 33 տուն, որտեղ նրան պահել են Ա.Ամիրխանյանի ննջասենյակին կից` առանց պատուհանների, մութ 1,5-2 քմ մակերեսով թաքստոցում:

Շուրջ երկու օր անազատության մեջ պահելով` Ա.Ամիրխանյանը, Զ.Գալստյանը և Վ.Մանուկյանը տարբեր օրերի և ժամերի պարբերաբար թաքստոցից դուրս են բերել Հ.Վիրաբյանին, ծեծի ենթարկել ու նորից պահել այնտեղ: Վերջում Ա.Ամիրխանյանը Հ.Վիրաբյանից գրավոր պարտավորագիր է վերցրել այն մասին, որ վերջինս իրեն 6000 ԱՄՆ դոլար է պարտք, որից հետո 2010 թվականի փետրվարի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Հ.Վիրաբյանն ազատ է արձակվել (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջեր 63-65):

6. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալ Ա.Ամիրխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մեղադրանքում բացակայում են հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի հատկանիշները, թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Ա.Ամիրխանյանի կողմից անչափահաս որդուն հանցագործության մեջ ներգրավելը: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվող հանցագործության որպես օբյեկտիվ հատկանիշ նշված` վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը հետ ստանալու շահադիտական ձգտումներ առաջացնելու և հանցանքը համատեղ կատարելու պայմանավորվածությունը` որպես հանցակազմի տարր, բացակայում է, հետևաբար բացակայում է Արսեն Ամիրխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված հանցագործությունը» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 142):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

 Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերը փաստարկել է, որ նախաքննության ընթացքում Ա.Ամիրխանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ դատաքննության ընթացքում, պատասխանատվությունից խուսափելու նպատակով տեղի ունեցած դեպքի հանգամանքների կապակցությամբ տվել է ոչ ճիշտ ցուցմունքներ` ժխտելով ինչպես Հ.Վիրաբյանին առևանգելու, այնպես էլ որևէ անձի հետ նախնական համաձայնությամբ հանցագործություն կատարելու փաստը:

8. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ տուժող Հ.Վիրաբյանը, վերջինիս կինը` Գայանե Հարությունյանն ու նրա մայրը` Հոռոմսիմ Թադևոսյանը, իրենց ցուցմունքներում մանրամասն նկարագրել են, թե ինչպես Ա.Ամիրխանյանը, նրա անչափահաս որդին և Վ.Մանուկյանը եկել են իրենց բնակարան, Ա.Ամիրխանյանի հանձնարարությամբ վերջինիս անչափահաս որդին, բերելով թափանցիկ կպչուն ժապավենը, կապել է տուժող Հ.Վիրաբյանի ձեռքերը և մյուսների հետ միասին տուժողին դուրս բերել տնից:

9. Անդրադառնալով անչափահասին հանցագործության կատարմանը ներգրավելուն, բողոք բերած անձը փաստարկել է, որ Ա.Ամիրխանյանի կողմից իր որդուն հանցագործության կատարման մեջ ներգրավելը տեղի է ունեցել վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը հետ ստանալու շահադիտական ձգտումներ, տուժողի անձի նկատմամբ ատելություն առաջացնելու միջոցով: Բացի այդ, Ա.Ամիրխանյանը գիտակցել է, որ անչափահաս որդուն ներգրավում է ծանր հանցագործության կատարման մեջ:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Ա.Ամիրխանյանի արարքում առկա են հանցագործության թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ կողմերը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, Ա.Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով արդարացման դատավճիռ կայացնելով, թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, չի կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման և կիրառել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:

10. Հիմք ընդունելով իր վերոշարադրյալ փաստարկները` բողոք բերած անձը խնդրել է Ա.Ամիրխանյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 23-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Ամիրխանյանի արարքում բացակայում են անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի պարտադիր հատկանիշները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն`

«1. Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը պատժվում է [համապատասխան պատժով]:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն, պատժվում է [համապատասխան պատժով]:

(…)

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ (…) մասով նախատեսված արարքները՝ զուգորդված՝ անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով, պատժվում են [համապատասխան պատժով]:

13. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ակտիվ գործողություններով, որոնք ուղղված են անչափահասի մոտ մեկ կամ մի քանի հանցագործություն կատարելու կամ դրա(նց) կատարմանը մասնակից լինելու ցանկություն առաջացնելուն: Այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ անչափահասին ներգրավում է հանցագործությանը և ցանկանում է դա:

Վերոնշյալ ակտիվ գործողությունները կարող են դրսևորվել տարբեր եղանակներով: Մասնավորապես,

ա) խոստումներ տալով (օրինակ` վարձատրելու, նվերներ տալու, զվարճանքներով ապահովելու և այլն).

բ) խաբեությամբ, երբ ներգրավողի քողարկված խնդրանքը կամ հանձնարարությունը կատարելով` անչափահասը հայտնվում է մոլորության մեջ և չի գիտակցում կատարվելիք արարքի հանցավոր բնույթը.

գ) այլ եղանակով, որը ենթադրում է բռնության հետ չկապված տարաբնույթ դիտավորյալ հոգեբանական ազդեցություն՝ ուղղված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն, այդ թվում` նյութական վնաս պատճառելու, հասակակիցների կամ ընկերների ներկայությամբ նվաստացնելու և նման այլ սպառնալիքներ, համոզում, կաշառում, հանցագործության կատարման մասին անչափահասի հետ նպատակաուղղված զրույցների վարում, որոշակի անձանց նկատմամբ թշնամանքի, ատելության, նախանձի ձևավորում, դաժանության սերմանում, շահադիտական ձգտումների առաջացում, շողոքորթում և այլն:

Վերը նշված գործողությունների նկատմամբ ներգրավողը պետք է դրսևորի ուղղակի դիտավորություն: Այսինքն` պետք է գիտակցի խոստումներ տալով, խաբեությամբ կամ այլ եղանակով անչափահասին հանցանքի կատարմանը նեգրավելու հանրային վտանգավորությունը և ցանկանում է վերը նշված որևէ միջոցով անչափահասին ներգրավել հանցանքի կատարմանը:

14. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անչափահասին հանցանքի կատարմանը ներգրվելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, մասնավորապես` (ա) այն, թե ինչ նպատակներ է հետապնդում անձն անչափահասին հանցանքի կատարման մեջ ենթադրաբար ներգրավելով, (բ) ներգրավող չափահասի և ներգրավված անչափահասի անձի առանձնահատկությունները, (գ) ներգրավող չափահասի և ներգրավված անչափահասի փոխհարաբերությունների բնույթը, (դ) ներգրավող անձի կողմից անչափահասի նկատմամբ ակտիվ ֆիզիկական կամ հոգեկան ներգործության առկայությունը կամ բացակայությունը և այդ ներգործության կոնկրետ դրսևորումը, (ե) անչափահասի մոտ տվյալ հանցագործության կապակցությամբ սեփական շահի առկայությունը կամ բացակայությունը:

15. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցագործությունն ավարտված է անչափահասին հանցագործությանը ներգրավելու պահից` անկախ նրա կողմից տվյալ հանցանքը կամ որևէ հանցանք կատարելու հանգամանքից: Այլ կերպ` եթե համապատասխան ներգործության արդյունքում անչափահասի մոտ հանցանք կատարելու դիտավորություն է առաջանում, ներգրավումն ավարտված է:

16. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի՝ սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն փաստը, որ կատարված հանցագործությանը մասնակից է եղել նաև անչափահասը, ինքնին բավարար չէ եզրահանգելու, որ առկա է անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմը:

Բացի այդ, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի առկայությունը հիմնավորելու համար բավարար չէ ներգրավման այս կամ այն եղանակի կամ եղանակների շարադրումը. անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների միջոցով հիմնավորել ներգրավման տվյալ եղանակի կամ եղանակների առկայությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Ա.Ամիրխանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան բանավոր պայմանավորվածությամբ 6000 ԱՄՆ դոլարով վաճառել է Հ.Վիրաբյանին, վերջինս պարտավորվել է մինչև 2010 թվականի ապրիլ ամիսը վճարել ողջ գումարը: 2009 թվականի դեկտեմբերի 5-ին Հ.Վիրաբյանը նշված ավտոմեքենան վթարի է ենթարկել, կորցրել է աշխատանքը և ի վիճակի չի եղել պայմանավորված գումարը վճարել: Հ.Վիրաբյանին վերոնշյալ գումարը վճարելուն հարկադրելու նպատակով Ա.Ամիրխանյանն առևանգել է վերջինիս: Բացի այդ, Ա.Ամիրխանյանը, վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը հետ ստանալու շահադիտական ձգտումներ առաջացնելու եղանակով որդուն` 1992 թվականի օգոստոսի 1-ին ծնված անչափահաս Ս.Ամիրխանյանին, ներգրավել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով (տե´ս սույն որոշման 2-րդ կետը):

Բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ ամբաստանյալ Ա.Ամիրխանյանի արարքում բացակայում են անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, քանի որ չի հիմնավորվել, որ Ա.Ամիրխանյանն իր անչափահաս որդուն ներգրավել է հանցագործության կատարման մեջ:

Իր այս դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նրանով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ նշված` վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը հետ ստանալու շահադիտական ձգտումներ առաջացնելու և հանցանքը համատեղ կատարելու պայմանավորվածությունը բացակայում է, հետևաբար Ա.Ամիրխանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված հանցագործությունը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

18. Հիմք ընդունելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված հիմնավորումները և դրանք համադրելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ամիրխանյանի արարքում անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի պարտադիր հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված է:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը հիմնված է հետևյալ հանգամանքի վրա. ճիշտ է, անչափահասին հանցանքի կատարման ներգրավելը կարող է արտահայտվել նաև անչափահասի մոտ շահադիտական շարժառիթներ առաջացնելով (տե´ս սույն որոշման 13-րդ կետը), սակայն Ա.Ամիրխանյանի դիտավորությունը հիմնված չի եղել շահադիտական շարժառիթի վրա, իսկ անչափահաս Ս.Ամիրխանյանը հանցանքի կատարմանը մասնակցել է իրենց վաճառված ավտոմեքենայի չվճարված գումարը ստանալու նպատակով, այսինքն` որևէ այլ նյութական արժեքներ ձեռք բերելու կամ որևէ այլ նյութական օգուտ քաղելու ձգտում չի հետապնդվել: Մինչդեռ շահադիտական շարժառիթը ենթադրում է շահ ստանալու, որոշակի նյութական արժեքներ ձեռք բերելու կամ որևէ այլ նյութական օգուտ քաղելու ձգտում: Հետևաբար, անհիմն է բողոքաբերի այն պնդումը, որ Ա.Ամիրխանյանն իր անչափահաս որդուն հանցանքի կատարմանը ներգրավել է շահադիտական ձգտումներ առաջացնելով:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 11-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերով սույն գործով նյութական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

20. Բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշների մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արսեն Խորենի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ