Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.06.23/38(841).1 Հոդ.914.8
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
24.02.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0008/11/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

գործ թիվ ԼԴ/0008/11/10

ԼԴ/0008/11/10

Նախագահող դատավոր՝  Ս. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

 2011 թվականի փետրվարի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վճռաբեկ բողոքը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի մայիսի 14-ին Է.Եղինյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին` Լոռու մարզի դատախազի տեղակալ Ա.Ասատրյանի և ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Ա.Գալստյանի կողմից իր նկատմամբ հանցավոր գործողություններ կատարելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Է.Եղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին հասցեագրված՝ 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումով Է.Եղինյանը բացարկ է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանին:

2010 թվականի օգոստոսի 10-ի գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը Է.Եղինյանին հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի հուլիսի 16-ի որոշումն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան:

2. 2010 թվականի օգոստոսի 23-ին Է.Եղինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Է.Եղինյանի բողոքը մերժվել է:

3. Է.Եղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Է.Եղինյանը:

2010 թվականի դեկտեմբեր 27-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Է.Եղինյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(…) բողոքաբերն առանց դատախազին բողոքարկելու դատարան բողոք է ներկայացրել ոչ թե քրեական վարույթն իրականացնող մարմնի, պաշտոնատար անձի անգործության դեմ, այլ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ, հետևաբար Է.Եղինյանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները» (տե՛ս Նյութեր, էջ 57):

6. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(…) Է.Եղինյանը ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանի 16.07.2010թ. որոշումը վերադաս դատախազին իրականում չի բողոքարկել, ինչով անտեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների դրույթները: (…) ՀՀ գլխավոր դատախազին 27.07.2010թ. հասցեագրված դիմումի բովանդակությունից հետևում է, որ Է.Եղինյանը ոչ թե քննիչի 16.07.2010թ. որոշումն է բողոքարկել, այլ ընդհակառակը, քննիչ Գ.Հովակիմյանի նկատմամբ բացարկ է հայտնել (…): Դեռ ավելին, Է.Եղինյանը նշված օրը չէր էլ կարող բողոքարկել քննիչի որոշումը, քանի որ նյութերում առկա տվյալների համաձայն, քննիչի 16.07.2010թ. որոշման մասին նա իմացել է 2010 թվականի օգոստոսի 18-ին, որից հետո 21.08.2010թ. դիմել է առաջին ատյանի դատարան: (…) Ինչ վերաբերում է Է.Եղինյանի 27.07.2010թ. դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 10.08.2010թ. գրությանը, որում նշված է, որ Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նրա հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը, այն օրինական է և վերացնելու հիմքեր չկան, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչ Գ.Հովակիմյանի 16.07.2010թ. որոշման օրինականությունը ստուգելու կապակցությամբ Է.Եղինյանը վերադաս դատախազին ընդհանրապես չի դիմել: (…)» (տե՛ս Նյութեր, էջ 133):

7. Ի պատասխան Է.Եղինյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին հասցեագրված 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումի` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10 գրությամբ Է.Եղինյանին հայտնել է, որ. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումի կապակցությամբ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ձեր հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը: Որոշումն օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան» (տե՛ս Նյութեր, էջ 100):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև՝ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

9. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, կայացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և քրեադատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի պահանջները` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի բողոքարկել վերադաս դատախազին, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել և քննության առարկա չի դարձրել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի թիվ 33-80-10 գրությունը, որով վերջինս հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը ստուգված է, այն վերացնելու հիմքեր չկան:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, մանրակրկիտ չքննելով գործի հանգամանքները և չառաջնորդվելով արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում ոտնահարվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ արդար դատական քննության իրավունքները:

11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը` այն դեպքում, երբ քննիչի նկատմամբ բացարկը քննելիս դատախազն ըստ էության անդրադարձել է քննիչի վիճարկվող որոշման օրինականությանը:

13. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (…) »:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև (…) հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (…) »:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր՝ գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում՝ հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Gօlder v. The United Kingdօm, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, 28 և 36 կետեր):

Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան ուղղված է նրան, որ երաշխավորի ոչ թե տեսական կամ պատրանքային իրավունքներ: Մասնավորապես դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Airey v. Ireland, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով, Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է [Եվրոպական] Դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Hirschhorn v. Romania, 2007թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

15. Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունք է:

16. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջոցով իրացվող դատական պաշտպանության իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ն.Միսակյանի գործով որոշման մեջ, որի համաձայն.

«Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:» (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

17. Հիմք ընդունելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այլ ոչ թե պատրանքային, այսինքն` անձն իր իրավունքների և ազատությունների, օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների շրջանակներում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Ընդ որում` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է բացառապես ձևական բնույթ ունենան, որպեսզի դիմողը հնարավորություն ունենա իրացնել Սահմանադրությամբ ամրագրված` հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Բացի այդ, դատարանի մատչելիության սահմանափակումը պետք է օրինական նպատակ հետապնդի, և գործադրված միջոցի (այսինքն` սահմանափակման) և սահմանափակմամբ հետապնդված նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ու որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բողոքը կարող է ներկայացվել (…) այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:

19. Նախորդ կետում նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենքով նախատեսված դեպքերում դատարանը լիազորված է քննել և լուծել քննիչի որոշումների և գործողությունների դեմ բողոքները, սակայն դատական պաշտպանության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է, որպեսզի բավարարվի օրենքով սահմանված «…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը: Ընդ որում` նշված որոշումների և գործողությունների դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան, եթե տեղեկություն է ստացվել դատախազի կողմից բողոքը մերժելու մասին, կամ եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է.Եղինյանի` իր նկատմամբ կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Ի պատասխան Է.Եղինյանի դիմումի, որով բացարկ էր հայտնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10 գրությամբ Է.Եղինյանին հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ բողոքաբերը քննիչի որոշումը չի բողոքարկել դատախազին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ Է.Եղինյանը ոչ թե քննիչի որոշումն է բողոքարկել, այլ ընդհակառակը` քննիչին բացարկ է հայտնել, և քննիչի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման օրինականությունը ստուգելու կապակցությամբ նա վերադաս դատախազին ընդհանրապես չի դիմել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10 գրության բովանդակությունը, որով Է.Եղինյանին հայտնվել է, որ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերջինիս հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը, այն օրինական է և վերացնելու հիմքեր չկան: Այսինքն, ստորադաս դատական ատյանները դիմող է.Եղինյանի բողոքը մերժել են, ըստ էության, բացառապես ձևական նկատառումներով:

21. Սույն որոշման 13-19-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն ստորադաս դատական ատյանների հետևություններն այն մասին, որ սույն գործով դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը: Անկախ Է.Եղինյանի դիմումի բովանդակությունից, դատախազի կողմից ըստ էության ստուգվել է քննիչի որոշման օրինականությունը, հետևաբար ստորադաս դատարանների պատճառաբանությունը` քննիչի որոշումը դատախազին չբողոքարկելու վերաբերյալ, բացառապես ձևական բնույթ ունի, քանի որ դատախազական հսկողության այն գործառույթը, որը պետք է իրականացվեր քննիչի որոշման բողոքարկման դեպքում, տվյալ պարագայում իրականացվել է բացարկ հայտնելու մասին Է.Եղինյանի դիմումի քննության արդյունքում:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատական ատյանները, բացառապես ձևական նկատառումներով մերժելով դիմող Է.Եղինյանի բողոքը, սահմանափակել են վերջինիս՝ արդար դատական քննության և դատարանի մատչելիության իրավունքները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից Է.Եղինյանի իրավունքների սահմանափակման ու այդ սահմանափակման նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն:

22. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատական ատյանները Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ կայացրել են չհիմնավորված որոշում՝ թույլ տալով դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որն ազդել է Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատական ատյանների որոշումները բեկանելու հիմք է հանդիսանում:

Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Է.Եղինյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ քննիչի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի բողոքը մերժելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ