Համարը 
N 21
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.07.15/17(400)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.05.2011
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

___________________ Վ. Գաբրիելյան  

___________________ Գ. Խաչատրյան

 

 

17 մայիսի 2011 թ.

N 21

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 264-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` 1 ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք (բացառությամբ` նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի): Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի (բայց ոչ ավելի, քան 12-ապատիկի) չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկային գործակալը պահված (գանձված) եկամտահարկը պետական բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ 2009թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ` ԱՎՈՒՄ) հաշվարկման դեպքում` նույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

Նշված օրենքի 6-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի «ժդ» կետի, «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 12.12-րդ կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում (բացառությամբ` կորցված եկամտի փոխհատուցման): Այս դրույթի կիրառման առումով հաշվի է առնվում միայն իրական վնասի փոխհատուցումը, ինչպես նաև աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով փոխհատուցման գումարները:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պարտադիր սոցիալական վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման օբյեկտների թվին է դասվում ԱՎՈՒՄ-ը: ՀՀ կառավարության 08.06.1998թ. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով հաստատված և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ում բերված «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» ցանկի համաձայն` ԱՎՈՒՄ-ի մեջ չեն ներառվում օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարները:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե աշխատանքային վեճերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով գործատուին պարտադրվում է վարձու աշխատողին վճարել ԱՎՈՒՄ (այդ թվում` հարկադիր պարապուրդների դիմաց), ապա այդ դեպքում դատարանի վճռին համապատասխան գործատուի կողմից վարձու աշխատողին վճարվող ԱՎՈՒՄ-ից եկամտահարկի և սոցիալական վճարների գումարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ ձևով`

ա. վիճարկվող ողջ ժամանակահատվածի համար կատարվում է եկամտահարկի և սոցիալական վճարների վերահաշվարկ` յուրաքանչյուր ժամանակահատվածի համար գործող օրենսդրությանը համապատասխան (այսինքն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածների համար օրենքով սահմանված անձնական նվազեցման չափերը, եկամտահարկի դրույքաչափերը և հաշվարկման կարգը).

բ. վերահաշվարկման արդյունքում եկամտահարկի և սոցիալական վճարների լրացուցիչ գումարները հաշվարկվում են օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռում նշված` գործատուի կողմից վարձու աշխատողին վճարման ենթակա ԱՎՈՒՄ-ի վճարման ամսում և`

վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ի գումարների հետ միասին արտացոլվում են այդ ամիսը ներառող հաշվետու եռամսյակի հարկային գործակալի եկամտահարկի հաշվարկում և գործատուի սոցիալական վճարների հաշվետվությունում (այդ ամսվանը համապատասխանող սյունակում),

ՀՀ պետական բյուջե վճարվում (փոխանցվում) են այդ ամսվա` եկամտահարկի և սոցիալական վճարների համար օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում,

վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվում, եթե դատարանի վճռում այլ բան նախատեսված չէ: