Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.05.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔԴ/0595/04/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0595/04/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0595/04/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Մկրտչյան
                   Դատավորներ` Ն. Հովսեփյան
                                             Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լանդրաս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) նախկին տնօրեն Արթուր Հովհաննիսյանի (այսուհետ` Տնօրեն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է ճանաչել Ընկերությանը սնանկ:

Երևանի քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Տնօրենը Բանկի ներկայացրած գումարային պահանջի չափի դեմ ներկայացրել է առարկություններ:

Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին Երևանի քաղաքացիական դատարանի 23.09.2008 թվականի որոշմամբ Տնօրենի ներկայացրած առարկությունները մերժվել են, և հաստատվել է Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակն ըստ հետևյալ առաջնահերթության.

«1. Բանկ` 374.132,68 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 34.875.030,80 ՀՀ դրամ` ապահովված «ա» հերթ,

2. Բանկ (դատական ծախսեր)` 500.000 ՀՀ դրամ` չապահովված «դ» հերթ,

3. ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արաբկիրի-1 հարկային տեսչություն` 220.465 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի քաղաքացիական դատարանի 23.09.2008 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման` Ընկերության նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների մասին Բանկի պահանջը վերջնական ցուցակում հաստատելու մասը, և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2009 թվականի որոշմամբ Բանկի պահանջը` Ընկերության նկատմամբ 89.496,3 ԱՄՆ դոլարի և 7.875.030,8 ՀՀ դրամի չափով տուժանքները, համարվել են ոչ օրինական, և դրանց գրանցումը մերժվել է, իսկ Բանկի պահանջն Ընկերության նկատմամբ օրինական է ճանաչվել 284.636,38 ԱՄՆ դոլարի և 27.000.000 ՀՀ դրամի չափով` գրանցելով այն որպես ապահովված պահանջ:

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է գրանցել Ընկերության նկատմամբ 4.406.115,10 ՀՀ դրամի և 54.451,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տոկոսագումարի ապահովված պահանջը, ինչպես նաև չապահովված պահանջը` նախապես վճարված պետական տուրքի 500.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2009 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ տոկոսագումարների գծով Բանկի պահանջը ճանաչվել է օրինական 31.499,30 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 3.178.405,71 ՀՀ դրամի չափով` գրանցելով այն որպես ապահովված պահանջ, իսկ մնացած մասով պահանջի գրանցումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2010 թվականի որոշմամբ Տնօրենի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2009 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տնօրենը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին, փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի ավարտից հետո պայմանագրով նախատեսված տոկոսների հաշվարկումը համարել է օրինաչափ` հիմք ընդունելով նույն օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված տոկոսներն առանց որևէ նախապայմանի դադարել են օրենքի ուժով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի հետ կնքված վարկային պայմանագրերով սահմանված է, որ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի (Ընկերության) կողմից խախտելու դեպքում տոկոսները դադարում են, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ` տարեկան զգալի տոկոսադրույքով: Այսինքն` տվյալ դեպքում վարկը վերադարձնելու ժամկետի խախտման պահից վարկի տոկոսները դադարել են պայմանագրերի ուժով, իսկ դրանցով նախատեսված ավելի մեծ տոկոսադրույքով սահմանված «տոկոսը» ոչ այլ ինչ է, քան պատասխանատվության միջոց, որը չի կարող կիրառվել, քանի որ առկա է անհաղթահարելի ուժ, ինչը հաստատվել է Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2010 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետը հղում է կատարում նույն օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին, որը դիսպոզիտիվ նորմ է և թույլ է տալիս պայմանագրով կողմերի համաձայնությամբ սահմանել տոկոսի չափ: Տվյալ դեպքում Ընկերության հետ կնքված վարկային պայմանագրերով նախատեսված է տոկոսի այլ չափ, հետևաբար սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգը կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ պայմանագրերով նախատեսված «տոկոսը» ոչ այլ ինչ է, քան պատասխանատվության միջոց, որը չի կարող կիրառվել, քանի որ առկա է անհաղթահարելի ուժ, ապա նշված փաստարկն իրավաչափ չէ, քանի որ անհաղթահարելի ուժի հետևանքով Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից, այլ ոչ թե իր պայմանագրային` վարկի գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող սկզբնական տոկոսները վճարելու պարտավորությունից, որը չի կարող համարվել պատասխանատվության միջոց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

Սույն գործով Վճռաբեկ դատարանը 17.04.2009 թվականի որոշմամբ հաստատված է համարել հետևյալ հանգամանքները.

1) 22.12.2004 թվականին, 24.12.2004 թվականին, 29.09.2006 թվականին և 28.03.2007 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքվել են համապատասխանաբար թիվ 129, թիվ 131, թիվ 78-06, թիվ 11-07 և թիվ 11-07ա գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային պայմանագրերը, որոնց համաձայն` Բանկն Ընկերությանը տրամադրել է վարկ համապատասխանաբար 80.000 ԱՄՆ դոլար` 12,5 տոկոս դրույքաչափով չորս տարի մարման ժամկետով, 20.000 ԱՄՆ դոլար` 12,5 տոկոս դրույքաչափով չորս տարի մարման ժամկետով, 200.000 ԱՄՆ դոլար` 18 տոկոս դրույքաչափով երեք տարի մարման ժամկետով, 75.000 ԱՄՆ դոլար` 17 տոկոս դրույքաչափով երեք տարի մարման ժամկետով, 27.000.000 ՀՀ դրամ` 17 տոկոս դրույքաչափով երեք տարի մարման ժամկետով:

Թիվ 129 և թիվ 131 վարկային պայմանագրերի 4-րդ բաժինների (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 14-րդ կետերով կողմերը սահմանել են, որ Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և նույն պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն): Պայմանագրերի 15-րդ կետերի համաձայն` տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարկառուն Բանկի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)` չվճարված տոկոսի 0,1 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար: Պայմանագրերի 16-րդ կետերի համաձայն` վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 28,8 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 16x1,8 գործակցի արտադրյալին:

Թիվ 78-06 վարկային պայմանագրի 4-րդ բաժնի (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 17-րդ կետով կողմերը սահմանել են, որ Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և նույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն): Պայմանագրի 18-րդ կետի համաձայն` տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարկառուն Բանկի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)` չվճարված տոկոսի 0,5 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար: Պայմանագրի 19-րդ կետի համաձայն` վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 42 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 14x3 գործակցի արտադրյալին:

Թիվ 11-07 և թիվ 11-07ա վարկային պայմանագրերի 4-րդ բաժինների (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 17-րդ կետերով կողմերը սահմանել են, որ Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և նույն պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն): Պայմանագրերի 18-րդ կետերի համաձայն` տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարկառուն Բանկի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)` չվճարված տոկոսի 0,5 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար: Պայմանագրերի 19-րդ կետերի համաձայն` վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 39 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 13x3 գործակցի արտադրյալին (հատոր 4, գ.թ. 120-122):

2) Ի ապահովումն նշված վարկային պայմանագրերի` կողմերի միջև կնքվել են համապատասխան գրավի պայմանագրեր:

3) 08.01.2008 թվականին Բանկին հասցեագրված գրությամբ Ընկերությունը, հայտնելով, որ 2007 թվականի նոյեմբերին աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով Ընկերությունում ոչնչացվել են ավելի քան 3.000 գլուխ խոզեր, խնդրել է դադարեցնել տոկոսադրույքների հաշվարկումը մինչև համապատասխան մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը:

4) Ի պատասխան նշված գրության` Բանկը 16.01.2008 թվականի թիվ 08/1-0039 գրությամբ Ընկերությանը հայտնել է, որ տոկոսների հաշվարկի դադարեցումը վարկային պայմանագրով նախատեսված չէ, հետևաբար Բանկը չի կարող տոկոսների հաշվարկը դադարեցնել:

5) 08.08.2008 թվականին Բանկը Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացրել պահանջ, որով խնդրել է գրանցել Բանկի պահանջը` 500.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև 374.132,80 ԱՄՆ դոլար և 34.875.030,80 ՀՀ դրամ չկատարված վարկային պարտավորության գումարների չափերով, որից թիվ 129 պայմանագրով` 43.177,79 ԱՄՆ դոլար, այդ թվում` 36.800 ԱՄՆ դոլար` վարկի մնացորդ, 5.903,26 ԱՄՆ դոլար` տույժ, 474,53 ԱՄՆ դոլար` տուգանք, թիվ 131 պայմանագրով` 10.794,43 ԱՄՆ դոլար, այդ թվում` 9.200 ԱՄՆ դոլար` վարկի մնացորդ, 1.475,81 ԱՄՆ դոլար` տույժ, 118,62 ԱՄՆ դոլար` տուգանք, թիվ 78-06 պայմանագրով` 216.673,73 ԱՄՆ դոլար, այդ թվում` 163.636 ԱՄՆ դոլար` վարկի մնացորդ, 36.233,63 ԱՄՆ դոլար` տույժ, 16.803,14 ԱՄՆ դոլար` տուգանք, թիվ 11-07 պայմանագրով` 103.487,31 ԱՄՆ դոլար, այդ թվում` 75.000 ԱՄՆ դոլար` վարկի մնացորդ, 23.093,32 ԱՄՆ դոլար` տույժ, 5.393,99 ԱՄՆ դոլար` տուգանք, թիվ 11-07ա պայմանագրով` 34.875.030,80 ՀՀ դրամ, այդ թվում` 27.000.000 ՀՀ դրամ` վարկի մնացորդ, 5.298.000,30 ՀՀ դրամ` տույժ, 2.577.030,50 ՀՀ դրամ` տուգանք:

6) ՀՀ Կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշման համաձայն` ՀՀ Կառավարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու անհրաժեշտությունը, որոշել է նշված սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը:

7) ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրության համաձայն` Ընկերությանը հայտնվել է, որ Հայաստանի Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից անկած և հարկադիր սպանդի ենթարկված խոզերի սեփականատերերին (որոնց կրած վնասի դիմաց դեռևս օժանդակություն չի տրամադրվել), այդ թվում` Ընկերությանն օժանդակություն տրամադրելու հարցը ՀՀ գյուղատնտեսության նախարարի 20.06.2008 թվականի թիվ 04-ԱԳ-14-1687 գրություն-առաջարկությամբ ներկայացվել է անասնահամաճարակների հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի քննարկմանը:

8) 10.08.2009 թվականին Բանկը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել նոր պահանջ, որով խնդրել է գրանցել Բանկի ապահովված պահանջը` 4.406.115,10 ՀՀ դրամ և 54.451,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ տոկոսագումարի չափով, ինչպես նաև չապահովված պահանջը` նախապես վճարված պետական տուրքի 500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 6, գ.թ. 79-82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պարտատերն իրավունք չունի պահանջել վճարելու տուժանք, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը 17.04.2009 թվականի որոշմամբ արդեն իսկ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման, սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը: Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև կնքվել են վարկային պայմանագրեր, որոնցով սահմանվել է, որ «Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն)», սակայն նշված պայմանագրերով կողմերը չեն սահմանել անհաղթահարելի ուժի պարագայում պատասխանատվություն չկրելու հանգամանքը բացառող դրույթներ»:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ «պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու իրավիճակում անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ենթակա չէ պատասխանատվության»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից վարկային պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, այն է` 2007 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետևանքով Ընկերության 3.000 գլուխ խոզերի ոչնչացման պատճառով: Վերոնշյալ հանգամանքները հաստատվում են ՀՀ Կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշմամբ, Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանին հասցեագրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրությամբ, Բանկին հասցեագրված Ընկերության 08.01.2008 թվականի գրությամբ»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չեն դարձվել Բանկի և Ընկերության միջև 22.12.2004 թվականին, 24.12.2004 թվականին, 29.09.2006 թվականին և 28.03.2007 թվականին կնքված համապատասխանաբար թիվ 129, 131, 78-06, 11-07 և 11-07ա գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային պայմանագրերը (մասնավորապես` դրանց 4-րդ բաժինները), ՀՀ Կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշումը, Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանին հասցեագրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրությունը, Բանկին հասցեագրված Ընկերության 08.01.2008 թվականի գրությունը, որոնց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման դեպքում Վերաքննիչ դատարանը կհանգեր հետևության այն մասին, որ Ընկերության կողմից վարկային պարտավորությունների պատշաճ կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, որպիսի պարագայում Ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել, ուստի և պարտատիրոջը վճարել վարկային պայմանագրի հիմքով հաշվարկված տուժանքները»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն նույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

Նշված իրավանորմերից հետևում է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` փոխառությանը վերաբերող 46-րդ գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե կողմերն այլ կանոններ են սահմանել վարկային պայմանագրով, և որոնք չեն հակասում վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջներին: Ընդ որում, օրենսդիրը, ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով (ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի հայցի ընդդեմ Արթուր Սարգսյանի, Արտակ Հարությունյանի և երրորդ անձինք Արտաշ Արտաշյանի, Սուսաննա Ստեփանյանի և Նելլի Արտաշյանի` 2.417.218,7 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 48.400 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ4/0145/02/08 որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումները, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության ուժով նույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված կարգը կիրառելի չէ, այլ կիրառելի են կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված տոկոսադրույքները, անհաղթահարելի ուժի հետևանքով Ընկերությունն ազատված է պատասխանատվությունից և ոչ թե իր պայմանագրային` վարկի գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող սկզբնական տոկոսները վճարելու պարտավորությունից, որը նշված օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` չի կարող պատասխանատվության միջոց համարվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ սույն գործով կիրառելի են կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված տոկոսադրույքները:

Միաժամանակ, ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ անհաղթահարելի ուժի հետևանքով Ընկերությունն ազատված է պատասխանատվությունից և ոչ թե իր պայմանագրային` վարկի գումարը և դրա նկատմամբ հաշվեգրվող սկզբնական տոկոսները վճարելու պարտավորությունից, որը նշված օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` չի կարող պատասխանատվության միջոց համարվել, զուրկ է որևէ իրավական հիմնավորումից հետևյալ պատճառաբանությամբ.

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետը կարգավորում է դրամական պարտավորությունները չկատարելու դեպքում առաջացող պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները, իսկ նույն հոդվածի նույն կետի 2-րդ պարբերությունը վերաբերում է այն դեպքերին, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսվում է վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ (նույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված չափից տարբերվող), որը նույնպես պատասխանատվության միջոց է: Այսինքն` տվյալ դեպքում տուժանքի տեսքով լրացուցիչ պարտավորությունը ծագել է հիմնական պարտավորության չկատարման հետևանքով, և իրենից ներկայացնում է պատասխանատվության միջոց անկախ այն հանգամանքից, թե այն նախատեսված է օրենքով, թե պայմանագրով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը հենց իրենց միջև կնքված վարկային պայմանագրերով վարկը վերադարձնելու ժամկետը խախտելու համար «պայմանագրի պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն» բաժնում նախատեսել են պատասխանատվության միջոց տոկոսների ձևով: Այսպես, թիվ 129 և թիվ 131 վարկային պայմանագրերի 16-րդ կետերով սահմանվել է, որ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, և որպես պատասխանատվության միջոց ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 28,8 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 16x1,8 գործակցի արտադրյալին, թիվ 78-06 վարկային պայմանագրի 19-րդ կետով սահմանվել է, որ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, և որպես պատասխանատվության միջոց ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 42 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 14x3 գործակցի արտադրյալին, իսկ թիվ 11-07 և թիվ 11-07ա վարկային պայմանագրերի 19-րդ կետերով սահմանվել է, որ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, և որպես պատասխանատվության միջոց ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)` տարեկան 39 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 13x3 գործակցի արտադրյալին:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան