Համարը 
N 2
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1
Ընդունման վայրը 
Գյումրի
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.01.2012
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Համաձայնեցված է

 ՀՀ ֆինանսների նախարար

 __________________ Վ. Գաբրիելյան

 2 փետրվարի 2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի ժ/պ

____________________ Ա. Աֆրիկյան

12 հունվարի 2012 թ.

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 87-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապահովագրական գործակալի գործունեություն կարող է իրականացնել միայն ՀՀ կենտրոնական բանկի` նշված օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդների ռեգիստրում որպես ապահովագրական գործակալ հաշվառված անձը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. N 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի 103-րդ կետը սահմանում է ապահովագրական գործակալի հաշվառման հայտի ներկայացման 3 դեպք` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուների դեպքերը: Կանոնակարգի 103-րդ կետի 2.1-րդ ենթակետի «դ» պարբերության համաձայն ֆիզիկական անձ հայտատուի համար՝ ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար անձը կամ ապահովագրական գործակալը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում ապահովագրական ընկերության հետ գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում պետք է նշված լինեն, թե Օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված գործակալին, որ ապահովագրության դասի գծով, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում` նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման՝ ապահովագրական ընկերության կողմից թույլատրված չափերը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տուգանքները կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված (չհաշվառված) կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքերում (ապօրինի գործունեություն): «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքը կիրառվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն):

Հարկային և սոցիալական վճարների օրենսդրության կիրառման առումով ապահովագրական գործակալի գործունեությունը ճիշտ բնութագրելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը նախքան որպես ապահովագրական գործակալ հաշվառվելը կամ գործունեության սկսումը կնքում է աշխատանքային պայմանագրեր ապահովագրական ընկերությունների հետ (որն էլ ապահովագրական գործակալին հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկում և վճարում է եկամտահարկը` որպես հարկային գործակալ, և սոցիալական վճարները` որպես գործատու) ապահովագրական գործակալի գործունեությունը հարկային և սոցիալական վճարների օրենսդրության կիրառման առումով չի կարող դիտվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

2. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը նախքան որպես ապահովագրական գործակալ հաշվառվելը կամ գործունեության սկսումը կնքում է ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագիր (պայմանագրեր) մեկ ապահովագրական ընկերության հետ (որն էլ այդ պայմանագրի (պայմանագրերի) շրջանակներում ապահովագրական գործակալին վճարված եկամուտներից հաշվարկում և վճարում է եկամտահարկը` որպես հարկային գործակալ, և հաշվարկված եկամուտներից հաշվարկում և վճարում է սոցիալական վճարները` որպես գործատու) ապահովագրական գործակալի գործունեությունը հարկային և սոցիալական վճարների օրենսդրության կիրառման առումով չի կարող դիտվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

3. Ապահովագրական ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրին համապատասխան, որպես ապահովագրական ընկերության ապահովագրական գործակալ հաշվառված ֆիզիկական անձի կողմից իրականացվող գործունեությունը, ՀՀ օրենսդրության պահանջների (սահմանումների) համաձայն, դիտվում է որպես ձեռնարկատիրական գործունեություն, եթե տվյալ ֆիզիկական անձի կողմից վերոնշյալ գործունեությունն իրականացվում է պարբերաբար` մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ կնքված ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում: Հետևաբար` որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձ հանդիսացող ապահովագրական գործակալի կողմից մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ կնքված ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը հարկային և սոցիալական վճարների օրենսդրության կիրառման առումով դիտվում է որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: