Համարը 
N 289
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.06.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.06.2000
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
07.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.01.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՖԱՔՍԻՄԻԼԵՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
7 հունիսի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2000 թվականի N 289
քաղ. Երևան

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՖԱՔՍԻՄԻԼԵՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 ու «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգը (կցվում է).

բ) ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների ու անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 609 և 1998 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի N 609 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 320 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 7-ի N 289 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման

 

1. Սույն կարգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի համաձայն և կարգավորում է «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:

2. Իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանություններն իրենց ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (այսուհետև` Հայարտոնագիր) թույլտվությամբ:

Թույլտվությունը տրվում է ֆիրմային անվանման գրանցման հայտի կամ այդպիսի թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայարտոնագիրը, ֆիրմային անվանման գրանցման հայտը քննարկելիս, ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերի և (կամ) դրանց թարգմանությունների առկայության դեպքում թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը և գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համապատասխանում է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Սույն կետում նշված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ համապատասխան բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:

Հաջորդ տարիների համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվում է Հայարտոնագիր` վճարումից հետո 10-օրյա ժամկետում:

«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ եթե նշված բառերը ներառված չեն ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում:

3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ֆիրմային անվանումներում առանց թույլտվության կարող են օգտագործվել, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումն ունեցող իրավաբանական անձը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:

Եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումն իրավաբանական անձը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանման` տարբերակող նշանակության անուն, ապա անհրաժեշտ է ստանալ մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, «Երևան» բառն օգտագործելու համար` Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների անվանումների համար` համապատասխան թաղապետի, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ու գյուղերի անվանումների համար` համապատասխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը:

4. Հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ֆիրմային անվանման մեջ առանց թույլտվության կարող է օգտագործվել այն դեպքում, երբ այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 7-ի N 289 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների եվ ֆաքսիմիլեների օգտագործման

 

1. Սույն կարգը սահմանված է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն և կարգավորում է հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանուններն ու դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն իրենց ապրանքային նշանի մեջ կարող են օգտագործել միայն համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում, որը տալիս է տվյալ անձը, իսկ նրա մահվան դեպքում` տվյալ անձի ժառանգը:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանուններն ու դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեներն իրենց ապրանքային նշանների մեջ օգտագործելու համար թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր)` նշելով այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար պետք է օգտագործվի տվյալ ապրանքային նշանը:

4. Ապրանքային նշանի գրանցման դեպքում հայտին կից Հայարտոնագիր է ներկայացվում նաև հռչակավոր անձանց անունների, ազգանունների, կեղծանունների ու դրանց ածանցյալների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման համար այդ անձանց կամ նրանց ժառանգների տված թույլտվությունը, իսկ նրանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում Հայարտոնագիրը թույլտվություն տալու հարցը քննարկում է ապրանքային նշանի գրանցման հայտի հիման վրա` դրա քննարկման ընթացքում առանց թույլտվություն ստանալու մասին առանձին դիմում պահանջելու:

5. Հայարտոնագիրը հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեները, այդ անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ապրանքային նշանների մեջ օգտագործելու համար թույլտվություն ստանալու մասին դիմումներն ու այդպիսի ապրանքային նշանների գրանցումը մերժում է այն բոլոր դեպքերում, երբ այդ ապրանքային նշանների օգտագործումն անհարիր է տվյալ անձի հռչակին և կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա: