Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.25
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.03.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0093/11/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0093/11/11

Գործ թիվ ԵԿԴ/0093/11/11

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

   

Հ. Ղուկասյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     

մասնակցությամբ
           դատախազ


Ա. Սեփոյանի

  դիմողի ներկայացուցիչ

 Ա. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 30-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Լուսինե Բաբայանի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանի բողոքը բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ա.Սեփոյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Մ.Մուրադյանը 2011 թվականի ապրիլի 12-ին կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Վերը նշված որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, այն ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազին և 2011 թվականի մայիսի 30-ին Երևան քաղաքի դատախազի տեղակալ Ս.Խաչատրյանը դիմողի ներկայացուցչին գրավոր պատասխանել է, որ բողոքարկված որոշումն օրինական է և հաստատվել է Երևան քաղաքի դատախազության կողմից:

Դիմողի ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանը վերը նշված որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ դիմող Լ.Բաբայանի ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանի բողոքը մերժվել է:

Վերոնշյալ դատական ակտի դեմ դիմողի ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանը բերել է վերաքննիչ բողոք:

3. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը վերացնելու, «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 2011 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ թույլ տրված` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտավորություն սահմանելու մասին:

Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ա.Սեփոյանը բերել է վճռաբեկ բողոք:

4. Դատախազի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Մ.Մուրադյանի 2011 թվականի ապրիլի 12-ի որոշման համաձայն` «2011թ. մարտի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, Վլադիմիր Կարապետի Հովսեփյանը Դայմլեր-Կրայսլեր (Մերսեդես) մակնիշի 82 TT 888 պ/հ ավտոմեքենայով ընդհարվել է Լուսինե Սասունի Բաբայանի վարած Մազդա մակնիշի 25 LL 806 պ/հ ավտոմեքենային, որից հետո վերջինս ընդհարվել է Հարություն Ժիրիկի Ստեփանյանի` արդեն իսկ կանգնած վիճակում գտնվող, ՎԱԶ-21074 մակնիշի Լ 08-73 պ/հ ավտոմեքենային, որի հետևանքով Մազդա մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մարիամ Արթուրի Ղուկասյանը և Նարինե Վաչիկի Խաչատրյանն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց» բ/կ, ստացել են բուժօգնություն և գնացել» (տե՛ս Նյութեր, էջ 17-20):

6. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բողոքը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(…) նկատի ունենալով, որ թիվ 297 նյութերով ձեռք բերված դատաբժշկական փորձաքննությունների թիվ 610, 611 և 612 եզրակացությունների համաձայն Մ.Ղուկասյանի, Ն.Խաչատրյանի և Լ.Բաբայանի ստացած մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, այսինքն` տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում վթարի մասնակից մարդկանց առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս չի պատճառվել, այսինքն` առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, դատարանը գտնում է, որ «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 12.04.2011թ. որոշումը ենթակա չէ վերացման, նկատի ունենալով նաև, որ այն վերացնելու դեպքում պարտադիր է դառնում դատախազի կողմից գործի հարուցումը, ինչը բացառվում է օրենսդրությամբ:

Հետևաբար, դատարանը գտնում է, որ դիմողի ներկայացուցչի բողոքը պետք է մերժվի։

Միաժամանակ, նկատի ունենալով, որ դիմողը, դատարան բողոք ներկայացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ և խնդրելով վերացնել վիճարկվող որոշումը, ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջներով, դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի` 13.07.2011թ. թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտնում է, որ դիմողի բողոքի քննության և լուծման համար կիրառելի է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը, այլ դրա համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը» (տե՛ս Նյութեր, էջ 48-49):

7. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բողոքը բավարարել է՝ պատճառաբանելով, որ քրեական հետապնդման մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության պահանջները չկատարելը և նշված հանգամանքները Առաջին ատյանի դատարանի կողմից համապատասխան իրավական գնահատականի չարժանացնելը սահմանափակել են Լ.Բաբայանի` իր շահերին առնչվող գործի արդարացի քննության իրավունքը, և բացի այդ, ըստ ընդհանուր իրավասության դատարան հասցեագրված բողոքի` ավագ քննիչ Մ. Մուրադյանը բացատրություն չի վերցրել երկու ականատես վկա քաղաքացիներից, որոնց տվյալները քննիչին հայտնել է Լ.Բաբայանը, սակայն քննիչը նրանց չի կանչել և չի հարցաքննել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը վերը նշված հանգամանքներին իրավական գնահատական չի տվել, բավարար ուշադրություն չի դարձրել նյութերով ձեռք բերված բացատրությունների միջև եղած հակասություններին, այլ «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ գտել է, որ առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումներ, որոնք էլ հանգեցրել են անհիմն, չպատճառաբանված որոշման կայացման:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր քննությամբ նախաքննության մարմինը պետք է վերացնի նշված խախտումները և արդյունքներով գա համապատասխան եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ որոշումը կայացնում է` ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, 376-1, 385-րդ, 386-րդ, 390-րդ, 391-րդ, 393-րդ հոդվածներով, 394-րդ հոդվածի 2-րդ մասով, 402-րդ հոդվածով (տե՛ս Նյութեր, էջ 110-115):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը, նշել է, որ քննարկվող ավտովթարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավտովթարի արդյունքում ավտովարորդ Լ.Բաբայանի, ուղևորներ Մ.Ղուկասյանի և Ն.Խաչատրյանի առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները բացակայում են, ուստի վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը` հիմնավոր են:

Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեր տվյալ իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմով, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով, այլ ոչ թե նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով` արդյունքում կայացնելով դատական ակտ, որն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմանը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշմանը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացվե՞լ է արդյոք Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշմանը հակասող որոշում:

11. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

(…)

2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին,

(…)»:

Վերոշարադրյալ դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ: Այս ընդհանուր կանոնից բացառություն են այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ Վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերլուծությունից երևում է, որ ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է բողոքարկվող դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին հակասելու հանգամանքը: Նշված հիմքով բողոքը վարույթ ընդունելու պարագայում Վճռաբեկ դատարանը, ընդհանուր կանոնի համաձայն, բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներին հակասելու հիմքով ստորադաս դատարանի դատական ակտի վերանայումը ոչ բոլոր դեպքերում է հանգեցնում դատական ակտի բեկանման: Բացառիկ դեպքերում, երբ առկա է իրավական տարբերակման կամ դիրքորոշման փոփոխության արդարացված և օբյեկտիվ անհրաժեշտություն, Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողնում ստորադաս դատարանի դատական ակտը՝ փոփոխելով իր նախկին դիրքորոշումները:

13. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկին որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների փոփոխությունը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի կողմից oրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման անհրաժեշտությամբ և յուրաքանչյուր դեպքում պետք է բխի օրենքի միատեսակ կիրառության ապահովման բովանդակությունից: Մասնավորապես, օրենքի միատեսակ կիրառությունն օրենքի իմաստի բացահայտումն է մեկնաբանման տարբեր հնարքների միջոցով, հետևաբար, օրենքի յուրաքանչյուր փոփոխություն, որը հանգեցնում է օրենքի իմաստի փոփոխության, ենթադրում է նաև օրենքի միատեսակ կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխություն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների փոփոխության հիմք կարող են հանդիսանալ իրավունքի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր միջազգային-իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության պահանջների ներդրումը իրավակիրառ պրակտիկա, դրանց նորմերի և սկզբունքների անմիջական գործողությունն ապահովելը և այլն:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմողի ներկայացուցչի բողոքը մերժել է՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը վերացրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ բավարարելով դիմողի ներկայացուցչի բողոքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները մեկնաբանելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերացնելով Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը համապատասխանող՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ չի հիմնավորել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված՝ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշմանը:

 

II. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը.

16. Վճռաբեկ բողոքում բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու դեպքում կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (…):

2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով (…)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները և ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:

(...) ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:

(...) շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, կետեր 20-21-րդ):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դիմողի բողոքի քննության և լուծման համար կիրառելի է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը, այլ դրա համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի որոշման վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանը դիմողի ներկայացուցչի բողոքը բավարարել է և Առաջին ատյանի դատարանի որոշումը վերացրել՝ ի թիվս այլոց ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

19. Սույն որոշման 17-րդ կետում և համապատասխանաբար նաև Հ.Հարությունյանի գործով կայացված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը չի պահպանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը: Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակից, ինչի արդյունքում թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 92-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածների խախտումներ:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 10-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, վերացնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ անտեսել է Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման հիմնավորումները՝ առանց ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորելու, որ դրանք կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեր տվյալ իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմով, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով, այլ ոչ թե նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով, և որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառման արդյունքում կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշմանը:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ հիմնավոր է բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ սույն գործով քննարկվող ավտովթարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավտովթարի արդյունքում ավտովարորդ Լ.Բաբայանին, ուղևորներ Մ.Ղուկասյանին և Ն.Խաչատրյանին պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները բացակայում են, ուստի վարույթն իրականացնող մարմինը իրավացիորեն է որոշում կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ Առաջին ատյանի դատարանն էլ իրավացիորեն մերժել է այդ որոշման դեմ բերված բողոքը:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:

Հիմք ընդունելով սույն որոշման 10-21 կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Լուսինե Բաբայանի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանի բողոքը բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Հ. Ղուկասյան