Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.27
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.03.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ/0088/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0088/01/11

գործ թիվ ՏԴ/0088/01/11

 
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան  
                 Դատավորներ` Ա. Հովհաննիսյան  

                  Ս. Չիչոյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     

մասնակցությամբ 
          պաշտպան


Կ. Ղալումյանի

 

2012 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ղազարյանի և նրա պաշտպան Կ.Ղալումյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մարտի 11-ին հարուցվել է թիվ 38101444 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2011 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Գարիկ Նորիկի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի մայիսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Գարիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Վերոնշյալ դատավճռով Գ.Ղազարյանը զրկվել է նաև որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ նշանակված պատժին լրիվ գումարվել է նախորդ` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, և Գ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Գ.Ղազարյանը զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով դատապարտվել են նաև Դ.Մնացականյանը, Ա.Ենգիբարյանը, Թ.Մնացականյանը:

Դատավճռով որոշվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, և ամբաստանյալներ Դ.Մնացականյանից, Ա.Ենգիբարյանից, Թ.Մնացականյանից և Գ.Ղազարյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

3. Ամբաստանյալներ Գ.Ղազարյանի և Ա.Ենգիբարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Գ.Ղազարյանը և նրա պաշտպան Կ.Ղալումյանը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Գ.Ղազարյանի և նրա պաշտպան Կ.Ղալումյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. 2011 թվականի մարտի 5-ին ապօրինի որս կատարելու նպատակով Գարիկ Ղազարյանը, նախնական համաձայնության գալով Իջևան քաղաքի բնակիչներ Դ.Մնացականյանի, Թ.Մնացականյանի, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Ա.Ենգիբարյանի հետ, գնացել է Իջևան քաղաքի «Գոշավան» երկաթգծի կայարանի հարակից տարածքի «Պոպոքնուտ» կոչվող անտառամաս, կազմակերպել շուրջկալ, իսկ Դ.Մնացականյանն իր մոտ պահվող, համապատասխան թույլտվությամբ տրված «ՄՌ-27» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի օգտագործմամբ սպանել և որսացել է որսն ամբողջովին արգելված երկու հատ վայրի այծյամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 131):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է, որ «Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով 19.01.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 (մեկ միլիոն իննսունութ հազար) ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջ 110):

7. Վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) կիրառումը՝ պատճառաբանելով, որ «Գործի նյութերից երևում է, որ Գարիկ Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով 19.01.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Ղազարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելի չէ, քանի որ նրա կողմից չի հատուցվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջեր 166-167):

8. Գործում առկա է թիվ 111010048985020 անդորրագիրը, որի համաձայն` 2011 թվականի հոկտեմբերի 10-ին Գարիկ Ղազարյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկի Իջևանի մասնաճյուղում Կենտրոնական գանձապետարանի թիվ 900005024063 հաշվեհամարին վճարել է 1.098.000 ՀՀ դրամ գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 138):

9. Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ նախորդ կետում նշված անդորրագիրն ամբաստանյալ Գ.Ղազարյանը Վերաքննիչ դատարան է ներկայացրել 2011 թվականի հոկտեմբերի 12-ին, որն ուսումնասիրվել է դատական նիստի ընթացքում (տե՛ս դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչը` քրեական գործ, հատոր 2, էջ 163):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

11. Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է և անհիմն, կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` բողոքաբերը պնդել է, որ Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ ինքն Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասը հատուցելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ վճարման անդորրագրի բնօրինակ է ներկայացրել: Այդ փաստն արտացոլվել է դատական նիստի արձանագրության մեջ, ինչի հիման վրա մեղադրողը միջնորդել է իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը: Վերաքննիչ դատարանը, սակայն, առանց վերոնշյալ ապացույցը հետազոտելու և գնահատելու, իր վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ 2011 թվականի հունվարի 19-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասը դեռևս հատուցված չէ:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող բավարար ապացույցի` վնասի հատուցումը հավաստող անդորրագրի առկայության, ինչպես նաև իր նկատմամբ Համաներման ակտը կիրառելու իրավական խոչընդոտների բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը շարունակել է քրեական գործի վարույթը` անտեսելով Համաներման ակտի պահանջը:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել, իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը և իր մասով գործի վարույթը կարճել:

13. Բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Կ.Ղալումյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

14. Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական:

Իր վերոնշյալ պնդումը բողոքաբերը հիմնավորել է Առաջին ատյանի դատարանի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամ նյութական վնասը հատուցված լինելու վերաբերյալ ամբաստանյալ Գ.Ղազարյանի կողմից ներկայացված փաստարկների հետ համընկնող փաստարկներով (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերոգրյալից բացի, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը` 2011 թվականի մայիսի 25-ից հետո գործող խմբագրությամբ, որը չպետք է կիրառեր, քանի որ ամբաստանյալ Գ.Ղազարյանը սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2011 թվականի մայիսի 10-ին: Ըստ բողոք բերած անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի նոր խմբագրությամբ քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը կախվածության մեջ է դնում պատճառված վնասի հատուցումից, հետևաբար վերացնում է ամբաստանյալ Գ.Ղազարյանի` այդ դրույթի նախկին խմբագրությամբ երաշխավորված իրավունքը՝ զրկելով նրան իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից և պատժից խուսափելու իրական հնարավորությունից, ինչպես նաև էապես վատթարացնում է նրա դրությունը:

15. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Կ.Ղալումյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել, ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտը և նրա մասով գործի վարույթը կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Համաներման ակտի կիրառելիությունը

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցված չլինելու պատճառաբանությամբ:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պատժից ենթակա են ազատման առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը:

18. Համաներման ակտին` որպես ինքնավար ինստիտուտի, ինչպես նաև համաներման ակտի կիրառելիության հետ կապված որոշ հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(…)

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշումը, կետ 16):

19. Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի վերլուծությունից բխում է, որ Համաներման ակտն անձի նկատմամբ կիրառելի չէ բոլոր այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով այդ անձի վրա դրված է նյութական վնասը հատուցելու պարտականություն, և այդ պարտականությունը վերջինիս կողմից չի կատարվում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված սահմանափակման նպատակն է հանցագործությամբ նյութական վնաս պատճառած անձանց շահագրգռել հատուցելու վերոնշյալ վնասը:

Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետից բխում է նաև, որ պատճառված վնասը հատուցելուց հետո Համաներման ակտի կիրառման սահմանափակումը վերանում է: Այլ կերպ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու հանգամանքը վերացնում է Համաներման ակտի կիրառման արգելքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հանցագործությամբ պատճառված նյութական վնասը հատուցվել է, սակայն Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի վկայակոչմամբ վերոնշյալ ակտը չի կիրառվել, ապա դա հանգեցնում է անձի իրավունքների խախտման:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է, որ Գ.Ղազարյանի վերաբերյալ 2011 թվականի հունվարի 19-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 (մեկ միլիոն իննսունութ հազար) ՀՀ դրամի նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով ամբաստանյալ Գ.Ղազարյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանքի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Գ.Ղազարյանը զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը՝ պատճառաբանելով, որ Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Գ.Ղազարյանը 2011 թվականի հոկտեմբերի 12-ի դատական նիստի ընթացքում ներկայացրել է անդորրագիր՝ հայտնելով, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամը վճարել է: Այդ փաստաթուղթն ուսումնասիրվել է դատական նիստում և կցվել է քրեական գործին, սակայն Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբեի 31-ի որոշմամբ չի վերլուծվել և չի գնահատվել (տե՛ս սույն որոշման 7-9-րդ կետերը):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է»:

Ապացուցման գործընթացի ինքնուրույն բաղադրատարրի՝ ապացույցների գնահատման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Գնահատման ենթակա են ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները: Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով` հիմնավորելով, թե ինչու որոշ ապացույցներ դրվել են որոշման հիմքում, իսկ մյուսները մերժվել են` ճանաչվելով ոչ հավաստի: (…)» (տե՛ս mutatis mutandis Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):

22. Սույն որոշման 17-19-րդ կետերում և համապատասխանաբար նաև Վ.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ, ինչպես նաև սույն որոշման 21-րդ կետում և համապատասխանաբար նաև Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով և չգնահատելով ամբաստանյալ Գ.Ղազարյանի ներկայացրած անդորրագիրը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի խախտում:

Վերոնշյալ խախտման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է չհիմնավորված հետևության օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը Գ.Ղազարյանի կողմից հատուցված չլինելու հարցում և մերժել է Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցված չլինելու պատճառաբանությամբ:

 

II. Քրեադատավարական նորմի հետադարձ ուժը

 

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառելի՞ էր արդյոք 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-145-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը:

Վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ հարցի քննարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման՝ ժամանակի մեջ գործողության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բարձրացված հարցի կապակցությամբ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրառման պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

25. 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարվել է լրացում, համաձայն որի՝ «Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով [ընդունվել է համաներման ակտ] գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:

2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ ամրագրել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (…):

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական նորմի գործողությանը, ապա այն տարածվում է այն դեպքերի վրա, երբ իրավահարաբերությունն առաջանալուց հետո օրենքը փոխվում է ի վնաս դատավարության մասնակիցների (…)» (տե՛ս Աշոտ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը):

26. Զարգացնելով Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամանակի մեջ քրեադատավարական իրավունքի նորմերի գործողության առանձնահատկությունն այն է, որ գործի քննության կոնկրետ փուլում կիրառման ենթակա են տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի դրույթները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեադատավարական օրենք է գործել հանցանքը կատարելու պահին:

Ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի գործողության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կանոնից միակ բացառությունը նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեադատավարական օրենքի հետադարձ ուժի արգելքին: Նշված արգելքի իմաստով սկսված վարույթի ընթացքում կիրառման ենթակա չէ դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը: Այլ կերպ՝ սկսված վարույթը շարունակվում է քրեադատավարական հին օրենքին համապատասխան, եթե նոր օրենքով վերացվում, սահմանափակվում են դատավարության մասնակցի իրավունքները կամ այլ կերպ վատթարացվում է նրա վիճակը:

27. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված բացառության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի իրավունքները և կարգավիճակը կապված են քրեական դատավարության կոնկրետ փուլում որոշակի իրավահարաբերությունների առկայության հետ: Նշված իրավահարաբերությունների առկայությամբ պայմանավորված՝ քրեական գործով վարույթի ընթացքում դատավարության մասնակիցը ձեռք է բերում տվյալ փուլին բնորոշ կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ: Ուստի, քրեադատավարական օրենքի փոփոխության հետևանքով անձի իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման մասին դատողություններ անելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե նախքան քրեադատավարական օրենքում փոփոխություն կատարելը անձն արդյոք օժտված է եղել որոշակի իրավունքով, որը սահմանափակվել է, կամ ունեցել է որոշակի կարգավիճակ, որը վատթարացել է օրենքի փոփոխության հետևանքով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա` այդ պահին ունեցած կարգավիճակը:

28. Սույն գործով քննարկման առարկա հանդիսացող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծությունից երևում է, որ այն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելք: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը փոխկապակցված է համաներման կոնկրետ ակտի հետ և առանց դրա կիրառվել չի կարող:

29. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է 2011 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 25-ին:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 26-ին:

Մեջբերված ժամկետների հետ համադրելով սույն որոշման 27-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է, և դրանից բխող իրավահարաբերությունները ծագել են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Այլ կերպ` այն պահին, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում համաներման կիրառման համար սահմանվել է լրացուցիչ արգելք, Համաներման ակտը դեռևս ընդունված չի եղել, և դրա հետ կապված որևէ իրավահարաբերություն գոյություն չի ունեցել:

30. Հիմք ընդունելով սույն որոշման 25-29-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումն ամբաստանյալ Գ.Ղազարյանի որևէ իրավունք չի սահմանափակել, ուստև անհիմն է նրա պաշտպանի բողոքի այն փաստարկը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), որ 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-145-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառվել չէր կարող:

 31. Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառմամբ սույն գործի վարույթը կարճելու մասին պաշտպանի պնդմանը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քրեական գործերը ենթակա են կարճման, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն, որի համար նախատեսված է ազատազրկում` առավելագույնը չորս տարի ժամկետով: Հետևաբար, անկախ նյութական վնասը հատուցված լինելու կամ չլինելու հանգամանքից, Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը տվյալ դեպքում կիրառելի չէ:

32. Սույն որոշման 16-23-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` ամբաստանյալ Գ.Ղազարյանի` օրենքով երաշխավորված իրավունքից զրկելու ճանապարհով: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքները պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Գ.Ղազարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան