Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
22.12.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0168/01/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0168/01/10

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0168/01/10

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

 

     Դատավորներ` Ե. Դարբինյան

                               Ա. Դանիելյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ մեղադրող

Ս. Մկրտչյանի

 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արարատ Վազգենի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ մեղադրող Ս. Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12125210 քրեական գործը` Միհրան Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2010 թվականի հուլիսի 22-ին Արարատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Ա. Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նոր մեղադրանք է առաջադրվել:

2010 թվականի դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի դատավճռով Ա. Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառմամբ` Ա. Բաղդասարյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ս. Մկրտչյանը:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար.

Ա. Բաղդասարյանի հոր` Վազգեն Սարգսյանի և վերջինիս քենակալ Միհրան Գրիգորյանի միջև 2010 թվականի հուլիսի 15-ին հեռախոսային խոսակցության ժամանակ տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով Ա. Բաղդասարյանի եղբայրը` Սերգեյ Բաղդասարյանը և Մ. Գրիգորյանը պայմանավորվել են հանդիպել Երևանի Նոր Արեշ 50 փողոցի 8-րդ տան դիմաց գտնվող «Սառնաղբյուր» սրճարան-գարեջրատան դիմաց: Պայմանավորվածության համաձայն` ժամը 23:30-ի սահմաններում Մ. Գրիգորյանն ու Ս. Բաղդասարյանն իրենց մեկական ընկերների հետ ավտոմեքենաներով գնացել են նշված վայր: Մ. Գրիգորյանն ու Ս. Բաղդասարյանը քննարկել են հիշյալ հեռախոսային խոսակցության հանգամանքները, հասկացել իրար և պայմանավորվել են գնալ Բաղդասարյանների տուն: Հեռանալով Ս. Բաղդասարյանից` Մ. Գրիգորյանը գնացել է դեպի «Սառը ջուր» ցայտաղբյուրը` ջուր խմելու:

Նույն հեռախոսային խոսակցության պատճառով, Մ. Գրիգորյանին սպանելու նպատակով, քննությամբ չպարզված ավտոմեքենայով «Սառնաղբյուր» սրճարան-գարեջրատան դիմացի հատված է գնացել նաև Ա. Բաղդասարյանը` իր հետ վերցնելով հրազենային գնդակով լիցքավորված, իրեն պատկանող «ТОЗ-34ЕР» տեսակի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը: Հասնելով դեպքի վայր և իջնելով ավտոմեքենայից` Ա. Բաղդասարյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այն է` մոտակայքում գտնվող բազմաթիվ մարդկանց կյանքի համար իրական վտանգի պայմաններում, Մ. Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրացանով շուրջ 4,5 մետր հեռավորությունից կրակել է նրա վրա` պատճառելով որովայնի աջ կեսի հրազենային թափանցող, միջանցիկ վիրավորման` հաստ աղու աղեգալարների բազմաթիվ վնասումներով, կոնքի ոսկրերի կոտրվածքների ձևով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Ա. Բաղդասարյանը սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, այն է` անմիջապես հավաքվել են մարդիկ, Ս. Բաղդասարյանը տուժողին անհապաղ տեղափոխել է հիվանդանոց, և բժշկական շտապ միջամտության շնորհիվ Մ. Գրիգորյանի կյանքը փրկվել է:

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Այսպիսով, դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում գտնում է, որ գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կհիմնավորեր ամբաստանյալ Արարատ Բաղդասարյանի կողմից տուժող Միհրան Գրիգորյանի նկատմամբ ուղղակի դիտավորությամբ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու փաստը: Գործի հանգամանքները և ձեռք բերված ապացույցները թույլ են տալիս դատարանին հանգել այն հետևության, որ 2010թ. հուլիսի 15-ին Միհրան Յուրիկի Գրիգորյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության պատճառով Արարատ Բաղդասարյանը, իմանալով, որ Միհրան Գրիգորյանն իր եղբորը հանդիպելու նպատակով գնացել է «Սառը ջրեր» կոչվող վայր, վերցրել է իրեն պատկանող «ТОЗ-34ЕР» տեսակի 12 տրամաչափի 28036 գործարանային համարի երկփողանի որսորդական լիցքավորված հրացանը և գնացել է այնտեղ, որտեղ էլ «Սառնաղբյուր» սրճարան-գարեջրատան մոտակայքում տեսնելով Միհրան Գրիգորյանին` հրացանով շուրջ 4,5մ հեռավորությունից դիտավորությամբ կրակել է նրա վրա` պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (…):

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ Արարատ Բաղդասարյանի գործողությունը պետք է որակել որպես տուժող Միհրան Գրիգորյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանցակազմով և նրա` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, որին համապատասխան էլ նրան պետք է ենթարկել քրեական պատասխանատվության (…)» (տե՛ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 76):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է. «(…) Քննության առնելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ քրեական գործով հաստատված հանգամանքների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ է կիրառել քրեական օրենքը, այդ փաստական հանգամանքները համապատասխանում են ամբաստանյալ Արարատ Բաղդասարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի հատկանիշներին (…)» (տե՛ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 148):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները ճիշտ չեն գնահատել դատաքննությամբ հետազոտված ապացույցները, սխալ են կիրառել քրեական օրենքը, թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում: Ըստ բողոքաբերի` ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի մեղադրանքը սպանության փորձից վերաորակելով ըստ հետևանքի` դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի խախտում:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը շարադրել և վերլուծել է սույն գործի փաստական հանգամանքները, Առաջին ատյանի դատարանի հետևությունները, այնուհետև եզրակացություն արել առ այն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված է Ա. Բաղդասարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքի կատարումը, ուստի նա պետք է դատապարտվեր ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար:

9. Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև հրազենը ներկայացնելու և առգրավելու մասին 2010 թվականի հուլիսի 16-ի արձանագրությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ փաստարկելով, որ դատարանի հետևություններն այս առումով նույնպես անհիմն են:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանություն) և 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) նախատեսված հանցակազմերի մեկնաբանման կապակցությամբ: Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քրեաիրավական վերլուծության ենթարկել վերոնշյալ հանցակազմերը` նպատակ ունենալով դրանցով արգելված արարքների համար քրեական պատասխանատվության ոլորտում ապահովել օրենքի միատեսակ կիրառություն:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի արարքում սպանության փորձի հատկանիշների բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպանության, այսինքն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու համար, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում:

14. Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններից հանրային առավել բարձր վտանգավորությամբ առանձնանում է սպանությունը: Սպանության օբյեկտ են հանդիսանում հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են մարդու կյանքի անվտանգության ապահովմանը: Այլ կերպ ասած` նշված հանցագործության անմիջական օբյեկտը յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ:

Օբյեկտիվ կողմից սպանությունը դրսևորվում է մեկ ուրիշին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու մեջ, որը կարող է կատարվել և՛ գործողությամբ, և՛ անգործությամբ: Գործողությամբ կատարվող սպանությունը կարող է տեղի ունենալ տուժողի վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ներգործության միջոցով: Անգործությամբ պատճառված մահվան համար կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ միայն այն ժամանակ, երբ հաստատվի, որ անձն անհրաժեշտ գործողություններով չի կանխել վրա հասնող մահը, թեև տվյալ կոնկրետ իրադրությունում ոչ միայն պարտավոր էր, այլև իրական հնարավորություն ուներ դա անելու:

Օբյեկտիվ կողմից սպանությունը բնութագրվում է նաև հանցավոր արարքի և առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապի պարտադիր առկայությամբ:

Քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Ուղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանում է տուժողին մահ պատճառել: Անուղղակի դիտավորության դեպքում անձը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը, չի ցանկանում, բայց գիտակցաբար թույլ է տալիս տուժողի մահվան առաջացումը կամ անտարբերություն է դրսևորում այդ հետևանքի առաջացման նկատմամբ:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Նշված հանցագործության անմիջական օբյեկտը մարդու առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

Օբյեկտիվ կողմից տվյալ արարքը բնութագրվում է այնպիսի գործողությամբ կամ անգործությամբ, որի արդյունքում մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառվում: Հանցավորի գործողություններն արտահայտվում են տուժողի վրա ֆիզիկական, հոգեկան, մեխանիկական և նմանատիպ այլ ազդեցության գործադրմամբ: Մարդու առողջությանն անգործությամբ ծանր վնաս պատճառելն առկա է, երբ հանցավորը չի կատարում որոշակի գործողություններ, որոնք նա պարտավոր էր և տվյալ իրադրությունում կարող էր կատարել` սպառնացող վնասի առաջացումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից ելնելով` կարելի է եզրահանգել, որ առողջությանը պատճառվող ծանր վնասը կարող է լինել երկու տեսակի` կյանքի համար վտանգավոր և կյանքի համար ոչ վտանգավոր՝ արտահայտված օրենքում հատուկ նշված հետևանքների առաջացմամբ:

Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Բացառություն է կազմում այնպիսի վնասի պատճառումը, որն առաջացրել է հանցավորի համար ակնհայտ տուժողի առողջության քայքայում` զուգորդված նրա մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով: Այս դեպքում, ինչպես հետևում է օրենսդրական ձևակերպումից, դիտավորությունը կարող է լինել միայն ուղղակի:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (օրինակ` սպանության փորձի ժամանակ տուժողը ոչ թե մահանում է, այլ ստանում է ծանր մարմնական վնասվածք): Ուստի, այն դեպքերում, երբ հանցագործության փորձի ժամանակ առաջանում են այնպիսի հետևանքներ, որոնք ոչ թե հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված, այլ մեկ ուրիշ ավարտված հանցագործության հատկանիշներ են, ապա դրանք կլանվում են հանցավորի դիտավորությամբ ընդգրկված հանցագործության փորձի մեջ և ինքնուրույն չեն որակվում:

Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ:

17. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության փորձը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուց սահմանազատելու համար առաջնային նշանակություն ունի վնասվածքներ հասցնելու պահին հանցավորի դիտավորության ուղղվածության բացահայտումը: Մասնավորապես, եթե սպանության փորձի ժամանակ հանցավորի դիտավորությունն ուղղված է տուժողին կյանքից զրկելուն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելիս դիտավորությունն ուղղված է տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելուն:

Ս. Հունիկյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը նշել է, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները (զենքը), մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն: Կատարված հանցանքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալու համար կարևոր նշանակություն ունի այնպիսի հատկանիշների բացահայտումը, ինչպիսիք են հանցանքի կատարման շարժառիթներն ու նպատակը (տե՛ս Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը):

Վերը նշված հանգամանքների համադրման և վերլուծության հիման վրա է հնարավոր միայն բացահայտել դիտավորության ուղղվածությունը և դրա տեսակները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կատարված արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալուն և տարբեր հանցակազմերը, մասնավորապես՝ սպանության փորձը տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուց սահմանազատելուն:

18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2010 թվականի հուլիսի 15-ին ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի հոր` Վ. Բաղդասարյանի և վերջինիս քենակալ, տուժող Մ. Գրիգորյանի միջև տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն` կապված բնակարանն իրենց զոքանչի կողմից անվանափոխելու հարցի հետ, որի ընթացքում Մ. Գրիգորյանը վիրավորական արտահայտություններ է արել Վ. Բաղդասարյանի հասցեին:

Նույն օրն ամբաստանյալ Ա. Բաղդասարյանը, տեղեկանալով վերոգրյալ հեռախոսային խոսակցության ժամանակ Մ. Գրիգորյանի կողմից հոր հասցեին արված վիրավորական արտահայտությունների մասին, ինչպես նաև, որ եղբայրը` Ս. Բաղդասարյանը Մ. Գրիգորյանի հետ պայմանավորվել է հանդիպել` տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցեր պարզաբանելու համար, մեկնել է դեպքի վայր` վերցնելով իրեն պատպանող «ТОЗ-34ЕР» տեսակի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը` լիցքավորված կապար պարունակող հրազենային գնդակով:

Հասնելով դեպքի վայր` Ա. Բաղդասարյանն անմիջապես, առանց որևէ պարզաբանում պահանջելու կամ որևէ բառ փոխանակելու, հիշատակված հրացանով շուրջ 4,5 մետր հեռավորությունից կրակել է Մ. Գրիգորյանի կենսականորեն կարևոր օրգանների շրջանին` որովայնին` պատճառելով հրազենային թափանցող, միջանցիկ վիրավորման` հաստ աղու աղեգալարների բազմաթիվ վնասումներով, կոնքի ոսկրերի կոտրվածքների ձևով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Կրակոցից հետո անմիջապես հավաքվել են մարդիկ, որոնց օգնությամբ Մ. Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց, և բժշկական շտապ միջամտության շնորհիվ վերջինիս կյանքը փրկվել է (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Ա. Բաղդասարյանի արարքն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ պատճառներով, մասնավորապես՝ տուժող Մ. Գրիգորյանի կյանքը փրկվել է այլ անձանց միջամտությամբ վերջինիս ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ:

19. Սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով 18-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները, և հաշվի առնելով, մասնավորապես, հանցանքի կատարման շարժառիթը, հանցավորի վարքագիծը հանցագործությանը նախորդող պահին, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող հրազենի տեսակը, ինչպես նաև հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության կատարման պահին ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի դիտավորությունն ուղղված է եղել տուժող Մ. Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելուն և ոչ թե վերջինիս առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն:

Հետևաբար ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի արարքում սպանության փորձի հատկանիշների բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը) անհիմն են և հերքվում են քրեական գործի նյութերով:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի արարքում սպանության փորձի հատկանիշների բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի արարքը սպանության փորձից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները: Արդյունքում՝ չի կիրառվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման և կիրառվել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

21. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը քննության չի առնում բողոքում բարձրացված նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ մյուս փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը), քանի որ դրանց հնարավոր է պատասխանել միայն գործի նոր քննության ընթացքում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արարատ Վազգենի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան