Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.9
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
22.12.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0042/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0042/01/11

գործ թիվ ԵԿԴ/0042/01/11

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

 

     Դատավորներ` Մ. Պետրոսյան

                               Ս. Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ մեղադրող

Կ. Բատիկյանի

 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Գևորգի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրողի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Անհայտ անձի կողմից Ազատ Մկրտչյանի և Արամ Մնացականյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ 2010 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցել է թիվ 13142210 քրեական գործը:

2010 թվականի օգոստոսի 25-ին Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է:

2010 թվականի օգոստոսի 28-ին Ն.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Ն.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. 2011 թվականի մարտի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ն. Սարգսյանի պաշտպանը:

Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, Ն.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբեր 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրողը:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունվել:

5. 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Ն.Սարգսյանի պաշտպանը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել՝ խնդրելով ամբողջությամբ մերժել մեղադրողի վճռաբեկ բողոքը: Բողոքի պատասխանում նշվում է, որ մեղադրողի վճռաբեկ բողոքն անհիմն է, չի բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, իսկ Ն.Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատժաչափ սահմանելը չի հակասում Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներին:

 

Գործի փաստական հանգամանքները.

6. Ամբաստանյալ Նարեկ Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 22-ի սահմաններում, Երևանի Գ.Քոչար փողոցի 21 հասցեում տեղակայված «Առլեկինո» կարաոկե ակումբի դիմաց վիճաբանել է Ազատ Մկրտչյանի և Արամ Մնացականյանի հետ, որի ընթացքում կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, իր մոտ պահվող սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջիններիս, մասնավորապես Ն.Սարգսյանը հինգ հարված է հասցրել Ազատ Մկրտչյանին, որին պատճառել է վնասվածքներ` որովայնի ծակած-կտրած թափանցող վերքի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքի՝ ձախ թոքի ստորին բլթի և ստոծանու մասնակի վնասումով, աջ նախաբազկի կտրած-ծակած վերքի՝ ծղիկային զարկերակի և ջլերի վնասումով, ձախ բազկի կտրած-ծակած վերքի ձևով, իսկ Արամ Մնացականյանին հասցրել է մեկ հարված` պատճառելով վնասվածք որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորման՝ լեղապարկի, բարակ և հաստ աղիների վնասումների ձևով (տե՛ս Քրեական գործ, հատոր 3, 154-155 էջեր):

7. Ն.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ. «(…) ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս պատժի չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության բարձր աստիճանը և նրա անձը: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում, որ նա առաջին անգամ է դատապարտվում, բնութագրվում է դրական, ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասները հատուցվել են: Դատաքննությամբ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրվեցին: (…)» (տե՛ս Քրեական գործ, հատոր 3, 157 էջ):

8. Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ն.Սարգսյանին դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման, արձանագրել է. «(…) Ընդհանուր իրավասության դատարանը, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից ելնելով, չի պատճառաբանել, թե պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նշված հանգամանքների առկայության պայմաններում ինչու չի նշանակում մեղսագրվող հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը, որը կոնկրետ գործով կհամապատասխանի պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, ամբաստանյալի ուղղմանը և սոցիալական արդարության վերականգնմանը, ուստի վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը` հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, երիտասարդ տարիքը, տարած առողջական հիվանդագին վիճակը` ասթենիկ խանգարման ձևով, արարքի կատարման շարժառիթները, տուժողների նախահարձակ լինելու հանգամանքը և նրանց դիրքորոշումը, որ նրանց պատճառված նյութական վնասները հարթված լինելու պայմաններում նրանք հաշտվել են ամբաստանյալի հետ և խնդրել են նրա նկատմամբ նշանակել ամենամեղմ պատիժը: (…)» (տե՛ս Քրեական գործ, հատոր 3, 236 էջ):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները և Ն.Սարգսյանի նկատմամբ նշանակել է անարդարացի, ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին, բնույթին, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներին և բավարար չէ պատժի նպատակներն ապահովելու համար:

10. Վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն, ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության հանգամանքները վկայում են նրա արարքի և անձի՝ հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին: Մասնավորապես, քրեական գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալը գրպանում մշտապես պահել է դանակ, որն օգտագործելով` տուժողների առողջությանը ծանր վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ վեց անգամ հարվածել է վերջիններիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կենսականորեն կարևոր օրգաններին: Ընդ որում, հարվածներից երկուսը տեղակայված են եղել տուժող Ա.Մկրտչյանի կրծքավանդակի հետին մակերեսին, այսինքն` ամբաստանյալը տուժողին վնասվածք է պատճառել, երբ վերջինս գտնվել է մեջքով դեպի իրեն: Տուժողներին վնասվածք պատճառելուց հետո նա դեպքի վայրից դիմել է փախուստի, չի զղջացել կատարած արարքի համար, տուժողներից ներողություն չի խնդրել:

11. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը և ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժաչափը փոփոխելու՝ վերաքննիչ դատարանի իրավազորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է Առաջին ատյանի դատարանի կողմից Ն.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխել բացառապես այն դեպքում, երբ վերջինս ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ է: Վերոնշյալ դրույթի վերլուծությունից երևում է նաև, որ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելիս վերաքննիչ դատարանը ևս ղեկավարվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

14. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ամրագրված են ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում, որի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`

ա) օրինականությունը,

բ) արդարությունը,

գ) պատժի անհատականացումը,

դ) մարդասիրությունը:

Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս: Նշված սկզբունքներից յուրաքանչյուրը՝ որպես առանձին բաղադրամաս, ունի ինքնուրույն նշանակություն և պարտադիր հաշվի է առնվում քրեական պատիժ նշանակելիս: Սկզբունքների ինքնուրույնությունը, սակայն, չի նշանակում, որ դրանք մեկուսացված են մեկը մյուսից, քանի որ միայն համակցության մեջ այդ սկզբունքները կարող են ապահովել օրինական, արդար, անհատականացված և մարդասիրական պատժի նշանակումը:

15. Պատժի նշանակման օրինականության սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Աբրահամյանի վերաբերյալ 2007 թվականի ապրիլի 6-ի թիվ ՎԲ-63/07, Ռ.Խատոյանի վերաբերյալ 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07, Հ.Հաբեշյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-145/07 և մի շարք այլ որոշումներում:

Զարգացնելով վերոնշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինականության սկզբունքի իմաստով՝ պատիժ նշանակելու հիմնական և առաջին պայմանը հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունն է: Պատժի կիրառումը միայն հանցանք կատարած անձանց նկատմամբ մի կողմից բացառում է անհիմն և անօրինական դատապարտումը, մյուս կողմից հանգեցնում է հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց մեկուսացմանը հասարակությունից, կանխում է նրանց կողմից նոր հանցագործությունների կատարումը, որով էլ ապահովվում է անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ պատժի նշանակման օրինականության սկզբունքի իմաստով հանցանք կատարած անձի նկատմամբ կարող են կիրառվել պատժի միայն այն տեսակները, որոնք անմիջականորեն նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով: Պատժի տեսակների սպառիչ ցանկի օրենսդրական սահմանումը նշանակում է, որ դատարանը հանցագործություն կատարած անձի նկատմամբ չի կարող նշանակել այդ ցանկով չնախատեսված պատիժ:

16. Պատժի նշանակման արդարության սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Կ.Հարությունյանի վերաբերյալ 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-201/07, Դ.Հովհաննիսյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09, Գ.Ավետիսյանի և Ա.Հովակիմյանի վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0164/01/09 և մի շարք այլ որոշումներում:

Զարգացնելով վերոնշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդարության՝ որպես պատիժ նշանակելու սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է դատապարտյալի, տուժողի և հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ: Ուստի, պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, առավել ևս, որ դրանք ձևավորվում են այն նույն հանգամանքների հիման վրա, որոնք դատարանը հաշվի է առնում պատիժ նշանակելիս (հանցագործության հանրորեն վտանգավորությունը, հանցավորի անձը և այլն): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատժի նշանակման արդարության սկզբունքը դատարանը պետք է կիրառի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների համատեքստում:

17. Պատժի անհատականացման սկզբունքի իմաստով դատարանի խնդիրն է հանցանք կատարած անձի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի սահմաններում նշանակել կոնկրետ պատիժ: Կոնկրետ պատժի նշանակումը դատարանի համար խիստ կարևոր և պատասխանատու խնդիր է, որի լուծման համար մեծ նշանակություն ունի պատժի անհատականացման կարգի և չափանիշների հարցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացումն անհրաժեշտ է դիտարկել երկու տեսանկյունից:

1) պատժի անհատականացում օրենքում: Վերջինս ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի նորմերում արտահայտված ընդհանուր դրույթների առկայությունը, որոնք դատարանը պարտավոր է հաշվի առնել հանցանք կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակելիս:

2) պատժի անհատականացում դատարանում: Վերջինս ենթադրում է կոնկրետ անձի նկատմամբ պատիժ սահմանելիս ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերի դրույթների կիրառում՝ հաշվի առնելով հանցավորի անձի առանձնահատկությունները, հանցագործության կատարման հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգիրքը չի բովանդակում բոլոր այն հանգամանքների սպառիչ ցանկը, որոնք պետք է հաշվի առնվեն դատարանի կողմից կոնկրետ հանցագործության համար պատիժ նշանակելիս: Օրենսգիրքը, սակայն, դատարանին տալիս է պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներ, որոնց հիման վրա դատարանը կարող է նշանակել արդարության պահանջներին համապատասխանող պատիժ: Նշված չափանիշներն են`

ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատարման հանգամանքների տեսանկյունից մասնավորապես,

բ) հանցավորի անձը,

գ) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

18. Պատժի անհատականացման չափանիշներից առաջինին՝ հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանին ու բնույթին, Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը, կետ 14):

19. Սույն որոշման նախորդ կետում նշված և, համապատասխանաբար, Գ.Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ վերլուծված՝ արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը սերտորեն կապված են պատժի անհատականացման երկրորդ չափանիշի՝ հանցավորի անձի հետ: Հ.Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեա-իրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):

Զարգացնելով մեջբերված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի («Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Այս կապակացությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շատ դեպքերում պատժի տեսակի և չափի վրա ազդում են հանցավորի սեռը, տարիքը, առողջական վիճակը:

20. Պատժի անհատականացման երրորդ չափանիշը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներն են: Վերջիններիս Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Հարությունյանի վերաբերյալ 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ռ.Խատոյանի վերաբերյալ 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07, Պ.Բայրամյանի վերաբերյալ 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07, Դ.Հովհաննիսյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 և մի շարք այլ որոշումներում:

21. Պատժի նշանակման մարդասիրության սկզբունքն ունի երկու կողմ, այն է՝

1) մարդասիրություն հասարակության նկատմամբ, որի էությունը տուժողի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունն է:

2) մարդասիրություն հանցանք կատարած անձի նկատմամբ. դա նշանակում է մարդկային վերաբերմունք նրա անձի նկատմամբ, պատվի և արժանապատվության հարգում, ֆիզիկական և բարոյական տանջանքների բացառում:

Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի մարդասիրության սկզբունքի վերոնշյալ երկու կողմերը:

22. Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված, ինչպես նաև սույն որոշման 14-21-րդ կետերում շարադրված և զարգացված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի նշանակման իրավական շրջանակները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, վերոնշյալ օրենքը դատարանին հնարավորություն է տվել որոշակի սկզբունքների (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը) պահպանմամբ, իր ներքին համոզմանը և իրավագիտակցությանը համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերով նախատեսված սահմաններում որոշել պատժի տեսակն ու չափը: Այլ կերպ՝ ուրվագծելով կոնկրետ հանցանքի համար նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանները՝ ՀՀ քրեական օրենքը դատարանին տվել է այդ շրջանակում հայեցողություն դրսևորելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի գրեթե բոլոր հոդվածների սանկցիաներում ամրագրված վերոնշյալ մոտեցումը պայմանավորված է այն տրամաբանությամբ, որ քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Ուստի կոնկրետ արարքի և անձի նկատմամբ համընդհանուր քրեական օրենքով նախատեսված սանկցիան կիրառելիս դատարանը պետք է որոշակի հայեցողություն դրսևորի:

Վերոգրյալից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առանց դատարանի հայեցողության պատժի անհատականացումն անհնար է:

23. Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների հայեցողական և ոչ երբեք կամային գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:

24. Ինչպես նշվել է սույն որոշման 13-րդ կետում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա վերաքննիչ դատարանը կարող է փոփոխել առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը, եթե այն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով:

Սույն որոշման 12-24-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած՝ պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը:

 25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ն.Սարգսյանին դատապարտել է 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման՝ հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև նրա անձը: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա առաջին անգամ է դատապարտվում, բնութագրվում է դրական, ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, ինչպես նաև այն, որ հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասները հատուցվել են (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքի վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իր հայեցողության շրջանակներում ղեավարվելով պատժի նշանակման օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատիժը մեղմացնող հանգամանքները, ամբաստանյալին դատապարտել է 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման:

Փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ն.Սարգսյանին դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նշված հանգամանքների առկայության պայմաններում ինչու չի նշանակում մեղսագրվող հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը, որը կոնկրետ գործով կհամապատասխանի պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, ամբաստանյալի ուղղմանը և սոցիալական արդարության վերականգնմանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը՝ առանց անդրադառնալու դրա անարդար, այսինքն՝ ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հարցին:

26. Սույն որոշման 12-24-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակելով հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 11-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված որոշման կայացման:

27. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշման բեկանման հիմք են:

28. Միաժամանակ գործի նյութերից երևում է, որ առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալին դատապարտելով ազատազրկման 6 տարի ժամկետով, ղեկավարվել է օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, հաշվի է առել հանցագործության ծանրությունը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատիժը մեղմացնող հանգամանքները և օրենքով նախատեսված հայցողության շրջանակներում տվյալ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակել արդարացի պատիժ:

29. Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված` Ն.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելու փաստարկները, և հաստատվում է պատիժ նշանակելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Գևորգի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ղուկասյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան